RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ԷՅՖՈՐԻԱ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2874, Տպվել է` 443, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԴԴԵՄ 10 ՄԻԼԻՈՆԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Արդեն 20 օր համայն հայությունը սեփական պատմությունն է կերտում ՙոչ սովորական, առօրեական պատմություն, այլ դարակազմիկ, հեղափոխական, բեկումնային պատմություն: Այս իրադարձությունները կամրագրվեն դասագրքերում ու մեր ազգային արխիվում: 1988-ից ի վերՙ 30 տարի մեր ժողովրդի պայքարի ոգին հետընթաց է ապրել. իշխանությունները նպատակադրված հասել էին նրան, որ մեր ժողովուրդը վերածվի անդեմ միավորի եւ մեկընդմիշտ իր համար պարզ դարձնիՙ ինքը հավաքական առումով ձայնազուրկ, կամազուրկ, իրավազուրկ ընտրազանգված է: Ընդամենը: Իսկ քաղաքական վերնախավը ինչքան ուզի, այնքան էլ կխփի, մթնոլորտն ինչքան ուզի, այնքան ավելի գաղջ կդարձնի, սոցիալական, բարոյահոգեբանական ճնշումներն ավելի անտանելի կդարձնի: 3 տասնամյակ շարունակ Հայաստանի բոլոր ղեկավարները ժողովրդին բառացիորեն վախեցրել ենՙ լռեք ու համակերպվեք, թե չէ Ադրբեջանը հրե՜ն զորքերը շարել էՙ պատրաստ պատերազմի: Իսկը Թումանյանի «Չարի վերջը»ՙ թե չէ, կացինս հրեն սրած, գնամ-բերեմ, ծառը կտրեմ:

1988-ից 30 տարի անց: Ազատության հրապարակը փոքր է, նեղ է, քիչ է: Հանրապետության հրապարակ: Արդեն 200 հազար ցուցարար: Հեռուստաէկրանը, ուղիղ եթերները չեն կարող լիարժեք փոխանցել այն մթնոլորտը, շունչը, ուժն ու էներգիան, որ հորդում են ցուցարարների հոծ բազմությունից: Երեք տասնամյակ անընդմեջ տապալվել են ժողովրդական բոլոր շարժումներն ու բողոքի ցույցերը, ջլատվել են, ճնշվել, տրորվել, վարկաբեկվել, արհամարհվել ու դավաճանվել: Երեք տասնամյակ անընդմեջ իշխանությունն իր հերթին, ընդդիմություննՙ իր, սերմանել են, որ միեւնույն է, ընդվզման ոչ մի ալիք տեղ չի հասնելու, դրական վերջնարդյունք չի ունենալու: Ու ամեն անգամ ժողովուրդը տեսել է ոչ լեգիտիմ իշխանություններ ու բովանդակությամբ բացակա ընդդիմություն: Համենայն դեպս, ընդդիմությունն է իր վարքագծով ու քաղաքական կամազուրկ կեցվածքով դա ապացուցել: Իսկ վերջին 10 տարում Սերժ Սարգսյանի հատուկ մարտավարությունըՙ հեղինակազրկել թե՛ դիմությանը, թե՛ ընդդիմությանը, իրեն շրջապատել թույլ, հեշտ կառավարվող ու օգտագործվող ֆիգուրներով, մեկ գերագույն նպատակ է ունեցելՙ այդ գորշության մեջ երեւալ դոմինանտ, անփոխարինելի ու ամենախելացի: Այս իրողությանը հայ ժողովուրդը վարժվել էր, համակերպվել, հաշտվել: Համենայն դեպս, այդպես համոզված էր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Ժողովուրդն ասում էՙ մարմանդ գետից վախեցիր: Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն ու կանխատեսումները ճիշտ դուրս եկան: Նա բոլորից լավ էր զգացել, որ մարմանդ գետը շատ արագ ջրվեժի կվերածվի, եթե նրան ճիշտ ուղղորդես ու ճիշտ ուղերձներ հղես, եթե նրան անպարտելի ոգի ներարկես ու վերականգնես վստահությունը: Նիկոլի առավելությունն այն էր, որ նա ճանաչում էր ժողովրդին, ձեռքը դրել էր նրա զարկերակի վրա, մինչեւ հիմա եղած ընդդիմադիրները դա չէին հասկացել ու չէին կարեւորել: Եվ Նիկոլը հենվեց ժողովրդի վրա, ժողովուրդն ինքնակամ թույլ տվեց, որ Նիկոլն իր վրա հենվի: Ու քանի որ ժողովրդի ներսում 30 տարի կուտակվել էր ցասում, բողոք ու ատելություն, ու վարչապետ Սերժ Սարգսանի պաշտոնավարումը խոստանում էր այդ բացասական տրամադրվածությունն ավելի խորացնել, ուրեմն ընդունենք, որ Նիկոլը հայտնվել էր ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին: Մի քանի օրում ընտրազանգվածը վերածվեց ժողովրդի, մարդիկ վերագտան կորցրած ինքնավստահությունը, իրենց կարեւորված զգացին, իրենք իրենց ներշնչեցին, որ ուժեղ են, կարող են իրավիճակ փոխել ու ներքեւից վերեւներին իրենց կամքը թելադրել:

Թվում է աննշան, բայց ամեն ինչ սկսվեց փողոցներ փակելու հաջողությունից: Մինչ այդ բոլոր տեսակների թանկացումներին, անպատժելիության, անարդարությունների նկատմամբ զսպված ու լուռ արձագանքներից հետո ընտրազանգվածը հանկարծ ի վիճակի է լինում փողոց փակել: Վերագտած ինքնավստահության առաջին քայլին հաջորդեցին հանրահավաքները, դասադուլները: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը, մյուս կուսակցությունների ժողովրդամետ վարքագիծը հասցրեց նրան, որ Նիկոլը հռչակվեց ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու: Այս գործընթացին հակառակված միակ կուսակցությունըՙ ՀՀԿ-ն, տարօրինակ կերպով աշխատեց իր դեմ ու հօգուտ Նիկոլի: Իշխող կուսակցությունն ամբողջությամբՙ ԱԺ-ի հատուկ նիստով, հարցուպատասխանով հանդերձ, ժամ առ ժամ ավելի ու ավելի գցեց իր վարկանիշըՙ փոխարենը բարձրացնելով Նիկոլինը:

Ի վերջո ՀՀԿ-ն հասավ նրան, որ համաժողովրդական ալիքը վերաճեց պայքարիՙ հանուն մեկ անձի: Հանրապետականները չքվեարկեցին Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուի օգտնին, իսկ ժողովուրդն այդ մերժումն ընկալեց որպես հերթական արհամարհանք ու ժխտում իր նկատմամբ: Եթե ՀՀԿ-ն մերժում է Նիկոլին, ուրեմն մերժում է ժողովրդին, ու դրանով իսկ նորից ու կրկին հաստատում է, որ ժողովրդի կարծիքն ու ցանկությունն իր համար արժեք չունեն: Ու ժողովրդի հավաքական կամքն արտահայտող Նիկոլը ԱԺ-ի տապալված քվեարկությունից մեկ վայրկյան հետո վերածվեց անփոխարինելի լիդերի, բառացիորեն հերոսի ու կուռքի: ԱԺ-ի մայիսմեկյան հատուկ նիստին Հանրապետության հրապարակից հետեւող հարյուր հազարավոր ցուցարարների առանց այն էլ խանդավառ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասավ պիկին:

Նարեկ Բարսեղյան (ուսանող) - Նիկոլի ցավը տանեմ, ինքն ապացուցեց, որ երիտասարդությունն ուժ է, անպարտելի ուժ: Ես երբեք ինձ այսքան ուժեղ ու վստահ չեմ զգացել: Մենք չենք պարտվել, մենք հաղթել ենք, որովհետեւ իրենք ընդամենը 55 հոգի են, իսկ մենքՙ 10 միլիոն: Նիկոլը մեզ համախմբեց, մեզ արթնացրեց: Մի ժամ առաջ տղերքով փող ենք հավաքել, բուլկի ու ջուր առել ու հրապարակում կանգնածներին բաժանել: Գիտե՞ք քանի հոգու եմ տեսել, որ առավոտից ուտելիք է բաժանում ժողովրդին: Էս միասնականությունը երբեք չի եղել, համենայն դեպս, ես նման բան չեմ տեսել:

Հասմիկ Հակոբյան (տնային տնտեսուհի) - Ամուսինս Ռուսաստանում աշխատում է, ես երեխաներիս հետ ամեն օր ցույցի եմ: Գետնին են նստել, հոգնել են: Ասում եմՙ գնանք տուն, ասում ենՙ չէ, մամ, կարող է հանրապետականները փոշմանեն, նորից քվեարկեն: Ես ինքս ուզում եմ, որ երեխաներս սեփական աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, որ այս ոգին զգան ու միշտ պայքարող լինեն: Մենք թույլ ենք գտնվել, համակերպվել ենք բոլոր իրավիճակների հետ, թող իրենք մեզ նման չլինեն: Հանրապետականները ստիպեցին, որ մենք հարյուր հազարներից դառնանք միլիոններ: Նրանք վատ բան չարեցին, ընդհակառակըՙ ավելի համախմբեցին մեզ:

Համլետ Կարախանյան - Թոշակառու մարդ եմ, ես էսպիսի բան դեռ չեմ տեսել: Սեփական իշխանություններն այս աստիճան ատեն սեփական ժողովրդին. որ ձեռքները ճար լինի, Ստալինի պես Սիբիրներ կաքսորեն մեզ: Մեկ էլ ղարաբաղյան շարժման ժամանակ եմ էսպիսի ժողովուրդ տեսել: Թող մեր իշխանավորները տեսնեն ու վախենան: Վատ եմ զգում, որ էսպես եմ ասում, բայց իրենք են մեղավոր: Էս ժողովուրդը միշտ էլ ներել է նրանց, մտածել է, որ խելքի կգան, կփոշմանեն: Բայց չէ՜, սրանք փոխվողը չեն, մազութի պես կպել են իրենց աթոռներից: Ասաՙ ջահել տղա է, թողեք հիմա էլ ինքը ղեկավարի էլի: Ես որ իրենց տեղը լինեի, մանդատ-մունդուտ կգցեի ու կգայի ժողովրդի կողքին կկանգնեի: Ամոթ, պատիվ ունե՞ն, որ էդքանը հասկանան:

Վիրաբ Մովսիսյան (հողագործ) - Ես Արտաշատից եմ եկել, որ պետք լինի, գիշերն էլ կմնամ փողոցում: Իմ վարչապետը Նիկոլն է ու վերջ: Իր համար մինչեւ վերջ կգնամ, ԱԺ չէ, նախագահական էլ կգնամ: Կուզեմ, որ էդ ՀՀԿ-ականները գան-շարվեն առաջս: Ոչ մի վատ խոսք չեմ ասի, մենակ կասեմՙ եկեք մի ժամ կանգնեք ձեր ժողովրդի հետ ու կտեսնեք, թե ինչքան վատ եք ղեկավարել էս երկիրը: Ես բան չեմ ասի, իրենք կհասկանան, որ էս թառլան ժողովուրդն ափսոս է, մեղք է: Կհասկանան, որ ժողովրդի կարծիքը պիտի հարգեն: Կյանքներում գոնե մի անգամ թող իրենց աթոռներից պոկվեն, իրենց պադավատներից դուրս գան, ժողովրդի մեջ քայլեն, զրուցեն, մեզ լսեն: Նիկոլի մի մազի հետ չեմ փոխի ամբողջ ԱԺ-ը, տո կառավարությունն ու նախագահիդ էլ հետը:

Ալվարդ Նիկողոսյան (գործավար-հաշվապահ) - Առաջին օրերին ես մասնակցում էի ցույցերին, որովհետեւ ժողովրդի արդար ձայնը նաեւ իմ ձայնն է: Սկզբում պայքարում էի, որ ոստիկանները հասկանանՙ մենք մի ժողովուրդ ենք, ոչ թե առանձին հատվածներ, պայքարում էի, որ մի բան փոխվի մեր երկրում: Ճշմարիտ է, ժողովուրդը Նիկոլի հետեւից էր գնումՙ նրան ընդունելով, հավատալով, վստահելով: Բայց Նիկոլն ընդամենը նրանց գիտակցությունն էր արթնացրել, ներշնչել, որ հայ մարդը կարող է սարեր շուռ տալ, կարող է իր երկրի տերը դառնալ, կարող է իշխանափոխություն անել: Հիմա, երբ հանրապետականները պարզ ասացին, որ թքած ունեն մեզ վրա, կոնկրետ ինձ համար պատվի հարց է. մինչեւ վերջ պիտի գնամ, թող բանտ տանեն, կրակեն վրաս: Գոնե մի անգամ իշխանությունները պե՞տք է հաշվի նստեն ժողովրդի հետ: Վաղվանից ես փողոց եմ դուրս գալու ոչ միայն Նիկոլի համար, մեր արժանապատվությունը վերականգնելու համար, այլեւ ՀՀԿ-ին մինչեւ վերջին խազը մերժելու եւ ամոթանք տալու համար: Այո, մեր իշխանությունները մեր ամոթն ու խարանն են: Դա ՀՀԿ-ն վերջնականապես ապացուցեց:

Մարիետա Սահակյան (բժիշկՙ հաղորդում է skype-ով) - ՀՀԿ-ն ո՞նց չի ուզում հասկանալ, որ սա ընդդիմադիր շարժում չէ, սա ալիք չէ, այլ հորձանք, համազգային հեղափոխություն, որին միացել է ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը: 55 ձայնՙ ընդդեմ համայն հայության: Ամբողջ Գլենդելը հետեւել է ԱԺ-ի նիստին, համոզված եմՙ նաեւ ամբողջ Սփյուռքը: Մի կարծեք, թե հուսահատվել ենք, որ Նիկոլը չանցավ: ՀՀԿ-ն մեզ ավելի ուժեղ, հաստատակամ ու անպարտելի դարձրեց: ՀՀԿ-ն իր ազգադավ քայլով ստիպեց, որ մենք ավելի միասնական դառնանք: Նրանց պատճառով ենք օտարության մեջ ապրում: Նրանք շանս ունեինՙ հասկանալու իրենց սխալը - ուղղվելու, բայց այդքան համարձակություն չունեցան վեր կանգնելու իրենց աթոռից ու իշխանությունից: Նրանք ապացուցեցին, որ երբեք չեն սիրել իրենց ժողովրդին ու հայրենիքը: Նրանք իրենց գերեզմանը փորեցին:

Սամվել - Աշխատում եմ Լֆիկ Սամոյի սուպերմարկետում: Ով մասնակցում է ցույցերին, մասնակցում է թաքուն, որովհետեւ շեֆն արգելել է: Ասել էՙ եթե միտինգի գնաք, գործից կհանեմ: Առավոտյան 5:30 է կանչում աշխատանքի, որ չպատճառաբանենք, թե փողոցները փակ էին, դրա համար չենք կարողացել գալ: Վախի մթնոլորտն ուզում է խորացնել, ահաբեկել, բայց չի ստացվի: Իրեն էլ կտապալենք:

Լիլիթ Գալյան (տնտեսագետ) - Երեւանի թիվ 171 դպրոցն արդեն 2 շաբաթ դասադուլ է անում, մեր դասարանըՙ նույնպես: Հայ մարդու համար կրթությունը միշտ եղել եւ մնում է առաջնային: Իրենց երեխաներին կրթություն տալու համար մարդիկ վարկերի տակ են ընկնում: Իրենց ձայնը լսելի դարձնելու համար ստիպված գնում են այս ծայրեհեղ քայլերին: ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները ճիշտ ենՙ այսքան մարդու հենց իշխանություններն են իրենց ապազգային կառավարման հետեւանքով հավաքել, դուրս բերել փողոց: Արտագաղթ, աղքատություն, կաշառակերություն, անարդարություն. մարդիկ արդարացիորեն պայքարում են այս արատավոր երեւույթների դեմ: Նիկոլ Փաշինյանը կարողացավ նույնիսկ ամենահուսալքված մարդկանց հույս ներշնչել. մենք իրավունք ունենք ապրել ազատ, արդար, հզոր հայրենիքում:

Աշոտ Բլեյան («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն) - Թե՛ սովորողների, թե՛ ծնողների ճնշող մեծամասնությունը հրապարակում է. այդպես էլ պետք է լիներ: Մենք առաջադիմող ու հեռանկար ունեցող բաց հասարակության կրթական պատվերն ենք կատարում: Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքացիական կրթության առումով, կարեւոր լաբորատորիա է, իրական ուսուցում այս շրջանի համար: Փողոցը նույնպես ուսումնական ենք համարում: Մենք այժմ գործում ենք բաց դպրոցում, ուղղակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ձեւերն են փոխված: Այս փուլի համար այս դասընթացները դառնում են ավելի կարեւոր ու պահանջված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ