RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3722, Տպվել է` 464, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ՈՉՆՉԱՑԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ծավալվող ցույցերը եւ անհնազանդության գործողությունները մեկ անգամ եւս ապացուցում են այն պարզ ճշմարտությունը, որ տարիներով կուտակվող խնդիրներինՙ թե քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական, լուծում չտալը վաղ թե ուշ հանգեցնում է զանգվածային գործողությունների: Դժգոհությունը այս անգամ, սակայն, ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ եւ պայմանավորված էր սկզբում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացման փորձի հետ, իսկ այժմ նպատակ է հետապնդում հեռացնել իշխանական բուրգից Հանրապետական կուսակցությանը, որը արդեն 20 տարի է, ինչ միանձնյա իշխում է Հայաստանում:

ՀՀԿ-ի կողմից երկարատեւ կառավարումը հանգեցրել է նրան, որ այդ կուսակցության գերնպատակը ընտրությունից-ընտրություն դարձել է մեկըՙ ինչպես պահպանել եւ երկարացնել սեփական իշխանությունը: Անընդհատ վերարտադրման այս փորձը այսօր դարձել է Հայաստանում քաղաքական օրակարգ թելադրող հիմնական գործոնը, հետեւաբար օրակարգի հաջորդ հարցն էլ դարձել է, թե ինչպես հեռացնել նույն այդ ՀՀԿ-ին իշխանությունից:

Հանրապետականի անընդհատ վերարտադրման փորձը եւ դրա դեմ պայքարող քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների գործողությունները նեղացնում են քաղաքական օրակարգը` ստիպելով ուշադրության կենտրոնում պահել խնդիրներ, որոնք Հայաստան պետության զարգացման ու նրա անվտանգության խնդիրների հետ ուղղակի առնչություն չունեն: Այս իրավիճակը շեղում է քաղաքական ուժերի ուշադրությունը ներքին եւ արտաքին մարտահրավերներից դեպի ներքաղաքական չընդհատվող պայքարը, ինչը ջլատում է պետության ռեսուրսները, ստեղծում է ներքաղաքական անտանելի մթոլորտ, պայքարի անիմաստություն ու անհուսություն ներշնչում բնակչության մի ստվար հատվածի մոտ, ինչն էլ իր հերթին արտագաղթի պատճառ է դառնում:

Սակայն սրանք խնդիրների միայն մի մասն են, ագրեսիվ թշնամական շրջապատում գտնվող Հայաստանի համար նման իրավիճակը թույլ չի տալիս ավելի լուրջ եւ հիմնավոր ուշադրություն կենտրոնացնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են անվտանգությունը ու հատկապես դրա պաշտպանական բաղադրիչը: Թերեւս առերեւույթ պաշտպանական խնդիրների մասին շատ էր խոսվում, սակայն 2016 թ. ապրիլը ցույց տվեց բոլոր այն թերությունները, որոնք կուտակվել են բանակում տարեցտարի ու այդպես էլ լուծում չեն ստացել:

Այստեղ թերեւս արժե նշել, որ մեկ կուսակցության մենիշխանությունը փաստորեն հանգեցրել է նրան, որ նեղացել է պետության զարգացման քաղաքական օրակարգը, չկա ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների լայն քննարկում: Նմանատիպ դիսկուրսի բացակայությունը հանգեցնում է նրան, որ մենատեր կուսակցությունը ընդունում է միանձնյա որոշումներ առանց քաղաքական ու նույնիսկ մասնագիտական քննարկումների: Սեփական անսխալականության նկատմամբ հավատն էլ հանգեցում է այն կարծիքին, որ այդ կուսակցության ներկայացուցիչները սկսում են հավատալ ու «համոզվում» են իրենց անսովոր ու իրենց պատկերացմամբ պետության հզորացման միայն իրենց բացառիկ առաքելության մասին:

Այս իրավիճակն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ նման կուսակցությունները դադարում են այդպիսինՙ այսինքն դասական իմաստով կուսակցություններ լինելուց եւ վերածվում աղանդավորական շարժման, որտեղ հավաքվում են քաղաքական կարիերա կառուցելու միտված անձինք, որոնց համար կուսակցական-գաղափարական բաղադրիչը դառնում է ընդամենը արտաքին շղարշ սեփական եսասիրությունը ու պետական-կոռումպացված համակարգում տեղ զբաղեցնելու ցածրոգի ցանկությունը ծածկելու համար:

Սա արդեն վտագավոր միտում է, ինչը հղի է նրանով, որ այդՙ քաղաքական մենաշնորհ ունեցող կազմակերպությունները սկսում են հավատալ, որ այն, ինչը սպառնում է իրենց, սպառնում է նաեւ իրենց պետությանը: Սեփական եսը պետության հետ շաղկապելու մոլորությունը իրականում այլ դասավորությամբ պետք է դիտարկել, այսինքն իրենց քաղաքական կառավարման մենաշնորհը պաշտպանելու համար նրանք պատրաստ են գնալու որեւէ քայլի, ընդհուպ մինչեւ քաղաքական անկայունության հրահրման, որպեսզի իրենց ներկայացնեն, որ քաղաքական ներքին ու արտաքին սպառնալիքների պայմաններում միայն իրենք, ելնելով իրենց փորձից ու «բացառիկ» գիտելիքներից, կարող են կառավարել պետությունը այդ խնդիրերի լուծման համար:

Նմանատիպ պետությունները հայտնվում են զարգացման մի ծուղակում, որը կա՛մ կոչվում է անցումային, օրինակ Հայաստանը, կա՛մ անվտանգային, օրինակՙ մինչպատերազմյան Սիրիան եւ այլն: Այս իրավիճակները որպես կանոն կարող են ձգվել «հավերժ», քանի որ այդ «փորձառու» կառավարիչները այն լուծել չեն կարող, սակայն իբրեւ թե գտնվում են անընդհատ որոնումների կամ բանակցությունների մեջ: Այս իրավիճակով են նրանք բացատրում իշխանությանը մնալու իրենց անընդհատ ձգտումըՙ «միայն մենք կարող ենք լուծումներ գտնել այս իրավիճակից»: Առաջ քաշվող այս թեզը դառնում է այն արդարացումը, որը նրանք ներկայացնում են հիմնավորելու համար իշխանությունից չհեռանալու իրենց պատճառները:

Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի գաղափարախոսները հենց այս թեզերն էին առաջ քաշում պնդելով, որ անցումային շրջանում գտնվող, ղարաբաղյան հիմնահարց ունեցող, ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի համար հարկավոր է փորձառու վարչապետ, իսկ այդպիսին կարող է լինել միայն այդ կուսակցության կազմից: Մեկ կուսակցության երկարատեւ իշխանությունը ստեղծում է պատրանքներ, որ միայն իրենք կարող են լուծել առկա խնդիրները, սակայն իրականում նրանք ոչ միայն պատրաստ չեն այն լուծելու, այլ նաեւ շահագրգռված են դրանց շարունակականությամբ, քանի որ այդպիսով արդարացնում են իրենց իշխանության վրա մնալու անհրաժեշտությունը:

Ստեղծված նման իրավիճակները բազմաթիվ անգամ կրկնվել են` հանգեցնելով նմանատիպ պետությունների կործանմանՙ սկսած ԽՍՀՄ-ից մինչեւ Սիրիա եւայլն: Փաստացի միակուսակցական համակարգը հանգեցում է նրան, որ այդ կուսակցությունը միանձնյա կերպով իշխում է երկրում, սերտաճելով պետական եւ, որ ամենավտանգավորն է, նրա անվտանգությունը ապահովող կառույցների հետ, շատ դեպքերում իրենց վրա վերցնելով նրանց գործառույթները:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը մեկ կուսակցության իշխանությունն է, ինչը հանգեցրել է նրան, որ ժողովրդավարության հայտի սկզբունքըՙ ընտրության միջոցով իշխանափոխությունը, չի գործում: Սա էլ իր հերթին պատճառ է հադիսանում անվստահությանՙ գործող իշխանության նկատմամբ, իսկ միջագային կառույցներին հնարավորություն է տալիս հարցականի տակ դնել գործող իշխանությունների լեգիտիմությունը:

Այս իրավիճակը խոցելի է դարձնում նմանատիպ պետություններին թե՛ արտաքին եւ թե ներքին ճնշումների պայմաններում: Ստեղծված միակուսակցական կարծր համակարգը չունի բավարար ճկունություն ներքին խնդիրներըՙ անհնազանդությունները լուծելու, ընդդիմադիր կուսակցության հետ երկխոսելու համար: Միաժամանակ նմանատիպ պետությունները շատ խոցելի են արտաքին ճնշումների նկատմամբ, քանի որ կասկածի տակ է դրվում թե՛ գործող իշխանության լեգիտիմությունը եւ թե նրա գործողությունները ընդդեմ ցուցարարների:

Հայաստանյան ճգնաժամի հիմքում ՀՀԿ-ի երկարատեւ իշխանությունն է եւ դրա արդյունքում ստեղծված ներքին ու արտաքին քաղաքական հիմնախնդիրները, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, որը սակայն հնարավոր է իրականացնել միայն իրական ժողովրդավարության հաստատման եւ թափանցիկ ընտրություններով իշխանափոխության միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ