RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4157, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ԱՌՅՈՒԾԸ ԽՈՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մայիսի 1-ի ճակատագրական փուլին առաջնորդող վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական իրավիճակը կարելի է լավագույնս բնութագրել որպես անվաչմուշկի վրա ծավալվող դեպքերի շարանՙ իր ամենօրյա դինամիկ փոփոխություններով եւ ամենժամյա զարգացումներով: «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական շարժման առաջնրոդ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ոտքի հանել Հայաստանի երիտասարդ սերնդինՙ իր երեքշաբաթյա քայլարշավով եւ հավաքներով, որպեսզի տապալեր նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին եւ ցնցեր իշխող Հանրապետական կուսակցությունը:

Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո տպավորությունն այնպիսին էր, որ կառավարությունը փլուզվել է եւ քաղաքական վակուումը պետք է լրացվի անհապաղ «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս իր քաղաքական քայլերը շատ թափանցիկ էր իրականացնումՙ ի գոհունակություն իր հետեւորդների: Նրա «Մարիոթ» հյուրանոցում կայացած Սերժ Սարգսյանի հետ երեք րոպե տեւողությամբ անհաջող հանդիպումից հետո, վերջինս հրաժարական տվեց: Փաշինյանը նույն մարտավարությամբ հանդիպում նշանակեց նաեւ Սարգսյանին հաջորդող, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, դարձյալ «Մարիոթ» հյուրանոցում, դարձյալ լրագրողների ներկայությամբ:

Հայաստանի սահմանադրության դրույթների համաձայնՙ իշխող վարչապետի հրաժարականի պարագայում խորհրդարանը պարտավոր է յոթ օրերի ընթացքում ընտրել նոր վարչապետ: Կարապետյանը, գիտակցելով որ դեռեւս իր ձեռքերում է իրավական գործոնըՙ մի քանի օրով հետաձգելու ընտրությունը, չներկայացավ հանդիպմանը: Մյուս կողմից, սակայն, Փաշինյանը հասկացավ, որ իր ժողովրդական մանդատը պետք է վավերական դարձներ սահմանադրական ուղիներով, այսինքն պետք է ներկա լիներ խորհրդարանական նիստին, որպեսզի ստանար անհրաժեշտ քվեների քանակը:

Այդ մի քանի օրերը հարմար ժամանակ տվեցին Հանրապետական կուսակցությանը վերակազմավորվելու: Մտահոգվելով, որ իր կուսակցության իշխանության հանձնումը կարող էր ցնցել իր ողջ ընտրազանգվածին, Սերժ Սարգսյանը վերադարձավ իր կուսակցության նախագահի պաշտոնին եւ բառացիորեն փորձեց վերակենդանացնել կուսակցությունը:

Վարչապետ ընտրվելու համար Փաշինյանը կարիք ուներ 53 ձայնի: Ծառուկյանի (31), Ելքի (9) եւ ՀՅԴ (7) խմբավորումների միասնական քվեների քանակը 47-ն էին, ընդամենը 6 քվե պակաս անհրաժեշտ քանակից: Փաշինյանը այլ ելք չուներ, բացի այդ մի քանի քվեները ձեռք բերելու Հանրապետական կուսակցությունից:

Նա ռիսկ արեց դեմ առ դեմ հանդիպելու Հանրապետականի առաջնորդների հետ եւ մասնակցեց կուսակցության լիագումար նիստի լսումներին: Նա հանդգնեց մտնել առյուծի որջը, որտեղ կուսակցության պատգամավորները զինված էին ամենատարբեր բնույթի բազմաթիվ հարցերով: Նա ներկայացավ ամբողջովին փոխված արտաքինով, բայց մանավանդ նաեւ խոսելու, արտահայտվելու տոնի փոփոխությամբ: Հանրահավաքային հռետորաբանությունը ամբողջովին տեղի էր տվել բարեկիրթ, հստակ ու հավասարակշռված դիվանագետին բնորոշ լեզվին: Նա համագործակցության մոտեցում ցուցաբերեց իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանելիս: Այդ հարցերը հիմնականում առնչվում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին, որովհետեւ որպես ընդդիմադիր առաջնորդ խորհրդարանում նա դեմ էր քվեարկել ժամանակին ԵԱՏՄ-ին եւ դեմ էր ռուսական զինվորական բազայի ներկայությանը Հայաստանում: Հանդիպման ամբողջ ենթատեքստը պարզելն էր, թե ինչքանո՞վ կայուն կմնան ռուս-հայկական հարաբերությունները Փաշինյանի վարչակարգի օրոք:

Հիմնականում նա տվեց ընդհանուր պատասխաններՙ խուսանավելու տեղ թողնելով: Նա շարունակ ընդգծում էր «թավշյա հեղափոխության» խաղաղ բնույթը, որն ի վերջո չէր հանգելու հաղթողների եւ պարտվողների, այլ վստահություն եւ համագործակցություն էր նախատեսում բոլոր կուսակցությունների միջեւ:

Ինչքան էլ Փաշինյանը վստահեցնի հանրությանը, թե «թավշյա հեղափոխությունը» ներքին կուտակված հարցերի կիզակետին հասած դրդապատճառներով է կատարվում, եւ ունի զուտ հայկական բնույթ, գերտերություններն, այնուամենայնիվ, ունեն իրենց սեփական տեսլականը եւ գնահատականը:

Նրանց համար Հայաստանը լոկ մի ֆիգուրա է համաշխարհային քաղաքականության շախմատի տախտակի վրա, եւ նրան վերաբերում են որպես այդպիսին: Այդ էր պատճառը, որ Մոսկվան այդքան մտահոգված էր շարժման վերջնական ելքից: Չնայած Կրեմլը խիստ չեզոք դիրքորոշում պահպանեց, նրան կողմնակից լրատվամիջոցները սակայն խիստ քննադատական մոտեցում ցուցաբերեցին ժողովրդական շարժման նկատմամբ: Մոսկվայից խորհրդարանական պատվիրակություններ ժամանեցին Երեւան: Առաջին պատվիրակությունը վրդովեցնող էր, բայց երկրորդըՙ շատ ավելի պատրաստակամ եւ ըմբռնող: Ոչ միայն Մոսկվան էր մտահոգված: «Արեւմտյան մամուլի արձագանքները ցույց են տալիս, որ շարժումը առաջացրել էր միջազգային քաղաքական հնչերանգներ: «Ամերիկյան կայսրությունը բացահայտված է» խորագրով իր գրության մեջ Ջոակիմ (Հովակիմ) Հակոբյանը գրում է. «Առաջին հայացքից թվում է, թե քաղաքացիական հասարակությունը եւ ժողովրդավարությունը գերակայորեն հաղթանակել են Հայաստանում տիրող բռնապետական հովանավորչությանն ու կոռուպցիային, բայց ավելի խորը վերլուծությունը կարող է կատարվող իրադարձությունները բնորոշել որպես տեղեկատվության աշխարհաքաղաքական պատերազմ, որը թաքուն մղվում է համաշխարհային շախմատի տախտակի վրա արեւմտյան եւ արեւելյան ուժերի միջեւ»:

Մեկ այլ մեկնաբանՙ Պիետրո Ա. Շաքարյանը «Nation» պարբերականում գրում է. «Հայաստանից դուրս գտնվող վերլուծաբանները փորձում են հասկանալ այս ապրիլյան հեղափոխության էությունը: Այն «գունավոր հեղափոխությո՞ւն» էր, թե՞ ուկրաինական ոճով «մայդան»: Այն «հարվա՞ծ էր Պուտինին», ինչպես առաջարկում էր «Վաշինգտոն փոստը», թե՞ ոչ: Ապստամբությունը վստահորեն ուներ «գունավոր հեղափոխություններին» հատուկ տարրեր, ինչպես օրինակ փողոցային ցույցերը, երիտասարդների մասնակցությունը եւ այլն»:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Փաշինյանը պարտավորվել է շարունակել միեւնույն կուրսը: Ներկայի զարգացումների ընթացքում, Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կուլիսների ետեւում կոնստրուկտիվ դերակատարություն ունեցավ հանգուցալուծման մեջ, անշուշտ սամհանադրականորեն իրեն ընձեռնված սահմանափակ շրջանակներում: Նա նպաստեց ընդդիմադիր կողմերին մերձենալ, միշտ առավել վեր դասելով պետության կայունության խնդիրը ընթացիկ քաղաքականությունից: Նրան նույնիսկ հաջողվեց Ամենայն հայոց կաթողիկոսին ներգրավել գործընթացին, հակառակ այն փաստին, որ վերջինս ընդդիմադիրների կողմից ընկալվում է որպես իշխող հիերարխիայի կողմնակիցը:

Ինչ էլ վերապահի ապագան, փաստ է, որ Հայաստանում քաղաքական ներկապնակը փոխվել է: Երիտասարդությունը զգացել է իր ուժի արդյունքը եւ արդեն իսկ ձեռնամուխ է լինում փոփոխություններ իրականացնելու:

Մայիսի 1-ի վճռական պահը եկավ ու անցավ: Խորհրդարանում կայացած երկար ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Փաշինյանը ստացավ 45 կողմ եւ 55 դեմ քվեներ, որն ստիպեց Փաշինյանին դարձյալ փողոց դուրս գալ:

Սահմանադրությունը երկրորդ հնարավորությունն է տալիս յոթ օր հետո նոր քվեարկություն անցկացնելու: Եթե դա էլ ձախողվի, ապա խորհրդարանը ինքնաբերաբար պետք է լուծարվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն: Ժամանակն աշխատում է ո՛չ Փաշինյանի օգտին, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության, որն արդեն կորցրել է իր հեղինակությունը, եւ դա Փաշինյանի համար փառավոր հաղթանակ է:

Առայժմ նա առյուծ է կանգնած խորհրդարանի շեմին եւ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան քաղաքավարի կշարունակի մնալ իր քաղաքացիական անհնազանդության շարժումը:

Հազարավոր ցուցարար երիտասարդներ անհամբեր սպասում են, որ անմիջական դիվիդենտներ ձեռք կբերեն: Մինչ գերտերությունների մայրաքաղաքներում արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները փակ դռների ետեւում քվեներ են հաշվում եւ ռազմավարություններ համեմատում:

Առայժմ, քաղաքական զուսպ մթնոլորտը շարունակվում է: Հեռանկարում տագնապի հանգուցալուծումն է Փաշինյանին վարչապետ դարձնելու հավանական ելքով:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ