RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4180, Տպվել է` 498, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ՄՈՄ ԿՎԱՌԵՄ ՔՈ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եղբայրդՙ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ

Հիշում եմ. 1964 թվական, Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում բանասիրական ֆակուլտետը կազմակերպել էր ցերեկույթ: Բեմ բարձրացավ սփյուռքահայ մի ուսանող, առինքնող կեցվածքով կանգնեց բեմի կենտրոնում ու երգեց «Թոմբը լա նեժը» Ադամոյի սիրված երգը: Դահլիճը լուռ ունկնդրում էրՙ հմայված թե երգով, թե կատարող երիտասարդով...

Ես, ժուռնալիստիկայի բաժնի ուսանողս, որ արդեն այդ տարիներին թղթակցում էի «Ավանգարդ» թերթին, ցերեկույթի ավարտից հետո մոտեցա նրան եւ ցանկություն հայտնեցի գրել նրա մասին... Հոդվածը տպագրվեց (ցավում եմ, որ իմ արխիվում չի պահպանվել), եւ սկսվեց մեր մտերմությունը:

Այնպես ստացվեց, որ մենք մեր ուսանողական հետագա տարիներին ապրեցինք համալսարանի նույն հանրակացարանում սփյուռքահայ ուսանողների հետ: Նրանք էինՙ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Հրայր Տեր- Ղազարյանը, Պարույր Աղբաշյանը, Հակոբ Ավետիքյանը, Օհան Բոդրումյանը եւ այլք: Մեր շփումները, հաճախակի հավաքները գնալով խորացնում էին մեր մտերմությունը, որն աստիճանաբար սերտաճեց եղբայրության:

Ինչպիսին էր Հրայր Տեր-Ղազարյանը մեր շրջապատում. Միշտ զվարթ, միշտ մեր հավաքների նախաձեռնողն ու ոգին: Նա ուներ ստեղծագործելու շնորհք, գրում էր եւ երբեք չկտրվեց հայ գիր ու գրականությունից: Համալսարանն ավարտելուց հետո, ընտանիքներ կազմելուց հետո էլ շարունակվեցին մեր հանդիպումներըՙ արդեն մեր ընտանիքներով եւ այդ հանդիպումները վաղուց արդեն դարձել էին բարեկամական, հարազատների հարաբերություններ: Վիեննայում ապրած տարիներին նա հիմնադրեց տպարան. տպագրեց հայկական գրքեր, բառարաններ: Իսկ երբ վերադարձավ Բեյրութ, 2008 թ.ին սկսեց խմբագրել հանրաճանանչ «Զարթօնք» օրաթերթը, շարունակելով խմբագրատան լավագույն ավանդույթները:

Ընտանեկան հարաբերությունների բերումով նա նորից վերադարձավ Վիեննաՙ շարունակելով իր գրահրատարակչական գործունեությունը: Եվ ահա այդ տեղից մեզ հասավ գույժը. մեր սիրելի Հրայրը այլեւս մեզ հետ չէ:

Հայի տիպիկ ճակատագիր...

Ծնվել էր օտար հողումՙ իր հայրենիքից հեռու, Հալեպում, իսկ մահկանացուն կնքեց մեկ այլ օտար հողումՙ Ավստրիայի աննման մայրաքաղաքում...

Հրայր, սիրելիս, դու հեռացար այս կյանքիցՙ թողնելով բարի համբավ քո սերըՙ առ հայրենիք, առ հայ ժողովուրդ... Դու հոգատար, զգայուն ամուսին էիր, դուՙ սիրված ու պաշտելի հայր անչափ բարի ու կարոտակեզ սրտի ու ջերմ ոգու տեր որդու, լուսապայծառ դուստրերի...

Վիեննայի հողում իրենց վերջին հանգրվանը գտել են բազմաթիվ հայեր, մեր ազգի արժանի զավակներ... Դու էլ գնացիր նրանց կողքին ննջելու. ննջիր խաղաղությամբ: Ես կգնամ Վանաձոր, կայցելեմ քո ծնողներին եւ քո հոգու խաղաղության համար մոմ կվառեմ...

«Ազգ»ի խմբագրությունը միանում է ցավակցություններին: Արժե Հրայր Տեր-Ղազարյանի (Կարապետյան) հոդվածներն ու գրությունները, ներառյալՙ «բուրջ-համուդերեն» նրա երգիծական նյութերը ամփոփել ու հրատարակել մեկ հատորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ