RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2058, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԹԻԿՈՒՆՔԸՙ ԽՈՐԱՑՆԵԼՈՎ ԿԱՊԵՐԸ ՌԴ-Ի ՈՒ ՉԺՀ-Ի ՀԵՏ

Պ.Ք.

Նավթային գործարքներում դոլարը կփոխարինվի եվրոյով

Իրանի բանակի հրամանատար Մուսավին օրերս հայտարարեց, որ «բանակը կշարունակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ աշխարում չի փլուզվել գերիշխանական համակարգը եւ չի ոչնչացել սիոնիստական վարչակարգը: Այդ վարչակարգի ոչնչացումը, անկասկած, տեղի կունենա ամենաուշը քսանհինգ տարի հետո»: Նրա խոսքերով, ԻՀՊԿ-ն պատասխանատվություն է կրում 1979 թ. Իսլամական հեղափոխության պաշտպանության համար:

Տվյալ հայտարարությունն անչափ կարեւոր է, եթե նկատի ունենանք իրանյան իրողությունները եւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը իրենց մեղադրանքների նշանակալի մասը հասցեագրել են հենց ԻՀՊԿ-ին: Նույնիսկ ձմռանը ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իսրայելի բարձրաստիճան ղեկավարների հայտարարություններում ակնհայտորեն երեւում էր, որ Իրանի հավանական հակառակորդները ԻՀՊԿ-ի նկատմամբ իրանական հասարակության մեջ անվստահություն սերմանելու հույսեր են փայփայում:

Արեւմուտքի հույսերի զգալի մասը կապված էր այն բանի հետ, որ պառակտում ու թշնամանք ստեղծվի ԻՀՊԿ-ի եւ բանակի փոխհարաբերություններում: Ճիշտ է, անցյալում բանակի եւ ԻՀՊԿ-ի միջեւ եղել են վեճեր, բայց ոչ հակամարտություններ: Խոսքը հիմնականում այն մասին էր, թե ով է ավելի մեծ դեր խաղացել Սադդամ Հուսեյնի դեմ մղված պատերազմում եւ Իրանի 1979 թ. Իսլամական հեղափոխության մեջ: Այդ վեճերը հարթելու նպատակով այաթոլլահ Խամենեին ստեղծեց երկրի բոլոր զինված ուժերի եւ ԻՀՊԿ-ի հրամանատարի պաշտոն:

Իր ապրիլյան հայտարարության մեջ Մուսավին փաստորեն հասկացրեց, որ բանակի եւ ԻՀՊԿ-ի միջեւ հակամարտություն չի լինելու առաջիկա 25 տարումՙ մինչեւ սիոնիստական վարչակարգի ոչնչացումը: Մուսավիի հայտարարության երկրորդ նպատակըՙ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանական նկրտումների խափանումը, ժամկետներով սահմանափակված չէ:

Իրանում դեպքերի վերջին զարգացումների առնչությամբ հարկ է նշել, որ երկրի պետական բոլոր լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, երկրի իշխանություները ապրիլի 18-ից բոլոր պետական մարմիններին արգելել են հաղորդակցության համար օգտագործել արտասահմանյան հավելվածներ: Դրանց մեջ գլխավորը Telegram-ն է, որը շուրջ 40 հազար իրանցիներ օգտագործում են ինչպես շփումների, այնպես էլ առեւտրի եւ քաղաքական արշավների համար: Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին ապրիլի 18-ից դադարեցրել է Telegram-ի օգտագործումը հանուն ազգային շահերի եւ ի նշան հայրենական տարբերակների պաշտպանության:

Անշուշտ, Իրանի իշխանությունների գործողությունները կապված են այն բանի հետ, որ, ավելի վաղ, Ռուսաստանում արգելվել էր վերոհիշյալ հավելվածի օգտագործումը, քանի որ դրա ղեկավարները հրաժարվել էին իշխանություններին փոխանցել ծածկագրման տվյալները:

Ս.թ. մարտին Թեհրանի իշխանությունները հայտարարել էին Telegram-ն արգելելու մտադրության մասին, քանի որ «քայքայիչ տարրերը» անցյալ տարեվերջից մինչեւ օրս հաղորդակցման այդ միջոցն օգտագործել էին բողոքի ելույթների ժամանակ: Երկրի իշխանությունները կարող են Telegram-ը փոխարինել սեփական տարբերակով, իսկ արտասահմանյան կապի միջոցներին երկրում գործելու թույլտվություն տալ լոկ այն դեպքում, եթե դրանք իշխանություններին փոխանցեն իրենց տվյալների բազան:

Իրանի Մեջլիսի միջուկային հարցերի հանձնաժողովի նախագահ Մոջաբ Զոնուրին օրերս միջուկային հարցերին նվիրված իրանա-չինական համատեղ կոնֆերանսում հայտարարեց. «Թեհրանը եւ Պեկինը բանակցեցին Իրանում փոքր ատոմակայանի կառուցման շուրջ»: Չինաստանի կազմակերպած կոնֆերանսին մասնակցում էին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի մասնակից «Մեծ վեցյակի» երկրները: Նա հայտարարեց, որ Իրանի պատվիրակության Չինաստան կատարած այցը եղել է արգասավոր եւ որ Չինաստանը ողջունում է Իրանում ատոմակայան կառուցելու գաղափարը:

Եթե ՉԺՀ-ի հայտարարած ատոմակայանի շինարարությունը սկսվի, ապա դա կդառնի այն բանի ապացույցը, որ չին-իրանական հարաբերությունները իրոք ռազմավարական բնույթ ու նշանակություն ունեն: Տվյալ հանգամանքը պետք է նկատի ունենան Իրանի ոչ միայն հակառակորդները, այլեւ բարեկամները, այդ թվումՙ նաեւ Անդրկովկասում:

Ինչ վերաբերում է իրանա-ռուսական հարաբերություններին, ապա հարկ է նշել հետեւյալ տեղեկությունը: Իրանի կրթության նախարար Սեյեդ Մահդի Բաթային հայտարարել է, որ երկրի կառավարությունն ուզում է վերջ դնել որպես երկրորդ օտար լեզու անգլերենի մենատիրությանը եւ ուսումնական ծրագրերում ընդգրկել նաեւ ուրիշ լեզուներ, ներառյալ ռուսերենը: Իր հերթին, Ռուսաստանը նախատեսում է դասավանդվող օտար լեզուների ցանկում ընդգրկել ֆարսի լեզուն:

Դեռ ապրիլի սկզբներին Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել էր, որ երկու երկրները որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ համաձայնության են եկել արտոնյալ սակագների շուրջ եւ պատրաստ են ամենամոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել: Նրա խոսքերով, Եվրասիական տնտեսական միությանը Իրանի անդամակցությունը թույլ կտա դյուրացնել առեւտրափոխանակությունը մաքսատուրքերի նվազեցման միջոցով: Ըստ դեսպանի, ամենայն հավանականությամբ Իրանը կանդամակցի առեւտրատնտեսական միությանը. այդ մասին խոսվել է մարտին կայացած փորձագիտական հանդիպման ժամանակ:

Ի դեպ, նավթի վաճառքի միջազգային գործառնություներում իրանցիներն այսուհետեւ կհրաժարվեն ամերիկյան դոլարից եւ այն կփոխարինեն եվրոյով: Մի շարք այլ երկրների հետ մեկտեղ Թեհրանը վաղուց առաջ է քաշել դոլարից հրաժարվելու գաղափարը:

Իրանի միջուկային ծրագրին նվիրված 2015 թ. վեցակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ն շարունակում է խոսել հակաիրանական պատժամիջոցների անհրաժեշտության մասին եւ մինչեւ օրս ամբողջովին չի վերացրել դրանք: Սակայն պատժամիջոցների իրական պատճառն այն է, որ իրանցիները Մերձավոր Արեւելքում վարում են ԱՄՆ-ին անհաճո քաղաքականություն եւ մասնավորապես աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում կազմում է հակաիրանական զանազան կոալիցիաներ, հայտարարում Իրանի միջուկային ծրագրին նվիրված համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին, չի թաքցնում Թեհրանում վաշինգտոնամետ քաղաքական ուժերին իշխանության բերելու միտքը:

2018 թ. ապրիլին Իրանի կենտրոնական բանկը սահմանեց քաղաքացիների առձեռն արտարժույթի պահպանման առավելագույն քանակությունը, որը կազմում է 10 հազար եվրո: Սակայն ինտրիգն ուրիշ բանում է. միջազգային հաշվարկներ կատարելիս Իրանն ինչո՞ւ է դոլարից անցնում եվրոյի, այլ ոչ թե չինական յուանի, եթե նկատի ունենանք, որ Պեկինը երկկողմ գործարքներ կնքելիս լայնորեն օգտագործում է ազգային արժույթը եւ ձգտում է հասնել համաշխարհային ֆինանսական համակարգի փոփոխմանը: Հիշեցնենք, որ դեռ 2012 թվականին Չինաստանի հետ կատարվող առեւտրում Թեհրանն անցել էր յուանի օգտագործմանը: Այն տպավորությունն էր ստեղծվում, թե Թեհրանն աստիճանաբար շարժվում է Պեկինի ուղղությամբ, որն իրանական նավթի խոշորագույն գնորդն էր:

Բացի դրանից, Պեկինը վերջերս հայտարարեց, որ ստեղծվում է չին-ռուսական առեւտրում յուանով եւ ռուբլով վճարումների իրականացման միջբանկային համակարգ: Ըստ չինացիներիՙ դրա նպատակը դոլարից այլ արժույթների անցնելն է:

Իրանցիների դիրքորոշման բացատրությունը ակնհայտ է թվում: Բանն այն է, որ Եվրոմիությունը հանդես է գալիս իրանական միջուկային ծրագրին նվիրված վեցակողմ համաձայնագրի պահպանման օգտին: Թեհրանը ձգտում է այս առումով ստանալ Բրյուսելի աջակցությունը: Սաուդյան Արաբիայից հետո Իրանը եվրոպացիների հետ կատարվող առեւտրում զիջում արեց սեփական էներգակիրների վաճառքի հարցում, սակայն բարձրացրեց գները ասիական ընկերությունների հետ կատարվող առեւտրում: Եվրոյին անցնելը տեղծում է հաշվարկների զուգահեռ համակարգ: Միեւնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ Թեհրանը հեռանկարում Պեկինին չի համարում իր էներգակիրների գլխավոր գնորդ:

Սրա արդյունքում Իրանն ու Ռուսաստանը էներգակիրների վաճառքի հարցում կկիսեն Եվրոպայի շուկան, իսկ Ռուսաստանը իր ավելցուկները կառաքի Ասիա: Թեհրանում կարծում են, որ նավթային գործարքներում եվրոյին անցնելը առանձնակի բարդություններ չի առաջացնի, քանի որ Իրանի արտաքին առեւտրական գործառնությունների մի փոքր մասը շարունակում է իրականացվել դոլարով:

Հարկ կլինի, որ Իրանի հարեւան երկրների իշխանությունները եւ ընդդիմությունը իրենց արտաքին քաղաքական գործողություններում սեփական քայլերը համապատասխանեցնեին Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր ձգտումների հետ, կարծում է «Ռեգնում» գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ