RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2236, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՔԱՅԼ ԱՐԱ»

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Թվում էրՙ հուսալքվել ենք, չկանք ու կոտրված ենք անվերադարձ, սակայն մի կայծ, եւ բոցը չուշացավ: Հերթական անգամ հայ մարդը ապացուցում է, որ ինքը վաստակել է արժանապատիվ ապրելու իրավունքը: Ազգը ազգ չէ, եթե իր մեջ չի կրում հավաքական քանքար ու չի հպարտանում իր արժանապատվությամբ, իսկ երկիրը երկիր չէ, եթե չի խրախուսում (իշխանավորների ականջը խուլ) այդ քանքարը կերտողներին ու չի փայփայում իրեն ավանդված արժեքները: Հո չե՞նք անտեսում հայ մտքի նվաճումները, ինչ է թե դրանք ստեղծվել են նախորդ դարերում: Չէ՞ որ տներից ոչ ոք դուրս չթափեց խորհրդային արտադրության սառնարաններն ու հեռուստացույցները: Մինչդեռ հայի ստեղծած ու նորանկախ երկրին այնքան անհրաժեշտ շատ արժեքներ մեր երկրի ղեկավարողների թեթեւ ձեռքերով ավերվեցին ու անմիջապես թալանվեցին: Եվ, արդեն որերորդ անգամ, հայը ստիպված եղավ ամեն ինչ նորից սկսել զրոյից:

Հայոց համազգային շարժման բուռն ալիքից մինչեւ պատերազմական տարիների նվազագույն պայմաններում ապրելը բոլորս պայքարեցինք մի շնչով: Տոկացինք, որովհետեւ ընկրկել չէր կարելի: Որովհետեւ հայրենիքն էր վտանգված: Որովհետեւ երկիր էինք կառուցում: Դիմացանք, որովհետեւ լի էինք մարդկային լույսով, ջերմությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ, ապագայի հանդեպ խոր հավատով, մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու եւ մեր երեխաներին մեր երազած պետությունն ավանդելու անխորտակելի կամքով: Սակայն ինչքան բարձր ճախրեցինք մեր երազանքներում, այնքան մեծ եղավ մեր հիասթափությունը, քանզի ղեկավարումից հանելով պատասխանատվության կրումը եւ կառավարումը համարելով հնարավորինս իշխում` ԽՍՀՄ-ի ծանր վարագույրները բացվելիս ճանապարհին մամլվեց դարեդարյա արարչականը, եւ կուլիսներից բեմառաջ խուժեց ախտակիրը: Խաղացանկում` ջլատիչ ու պառակտիչ բարձրամբիոն ներկայացումներ ու ստորին ռեգիստրներում երգվող անմաքուր երգեցողություն: Աչքներս` էլի դեպի դուրս (որ սեռ ու հոգի փոխել տան), վզներսՙ էլի ուրիշի առաջ ծռած, որ փող տա (թեկուզ դեմքներիս թքի կամ գոտկատեղից ներքեւ զարկի)...

Անհնար է ասել, թե երբ էր ավելի դժվարՙ պատերազմի՞ օրերին, թե՞ հետո, երբ արդեն էլեկտրականություն կար, իսկ լավ կյանքի լույսը գնալով մարում էր: Նախկին արդարամարտիկները կարծում էին, թե կյանքն իրենք իրենց պատկերացրածով են փոխելու, բայց բոլորը չէ, որ հասկանում էին, թե ամեն զինվոր գեներալ չի դառնում, կամ որ կռիվը սպանություն չէ, պայքարըՙ ծեծ, իսկ փողն ու իշխանությունը չեն ազատում պատասխանատվությունից ու չեն ծնում ամենակարողություն: Բարոյական արժեքները փոխել տվեցին, չափորոշիչները անկում ապրեցին, ամենաթողությունն ու անպատժելիությունը հայոց աղբյուրները ցամաքեցրին, մարդիկ էլ բռնեցին գաղթի ճամփան, երբեմնՙ ստիպված: Ու դժվար է ասել, թե ում համար է ավելի ծանրՙ գնացողի՞, թե՞ մնացողի: Նրա՞նց, ովքեր բարձրագույն կրթությամբ սկսեցին վարորդ աշխատել, նրա՞նց, ովքեր լեզվի մաղձը հանդարտեցնելու ճար չեն գտնում, թե՞ նրանց, ովքեր ոչինչ չեն անում, բայց աշխատողից լավ են ապրում: Պատերազմից հետո սկզբի մի քանի տարին իներցիայի ուժով ապրեցինք` աչքներս լույս ունեցող շենքերին, հետոՙ գովազդներին: Խաբկանքը չընկալելով` քիչ-քիչ ընտելացանք գլխներիս կախված ահռելի վահանակներին ու մինչեւ հիմա գլխի չենք, որ ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: Այսքան տարի մեզ քարշ տվեց միայն այն զգացողությունը, որ աշխատանք ունենք: Ու թաթախվեցինք հնարավորինս ճահճաբար:

Կշտացանք, այլեւս: Ժամանակն է նորից որոմը հնդրելու, թացը չորից զանազանելու, կողմնակի ազդեցություններից ձերբազատված ընտրելու, պետքականը աշխատեցնելու, ամեն ինչ երկրի ու ազգի շահերին ծառայեցնելու, հատկապեսՙ տնտեսության մեջ: Իսկ ինչը որ անհրաժեշտ է տալ, հարկ է, որ ինքներս տանք, ոչ թե խփեն գլխներիս, վերցնեն, մանավանդ այն, ինչը պետք չէ, որ մեզնից, ազգից կամ երկրից դուրս գա: Շատ ենք տառապել, շատ ենք կոտրվել, բայց երեւում է դեռ լրիվ չենք հանձնվել, թեեւ այս տարիներին ինչ ստեղծեցինք, գրեթե արցունքաթաթախ ստեղծեցինք: Նախՙ Հայոց բանակ (ծնողների ամենամսյա տուլիկները վկա): Ապաՙ Արցախը, որը Նախիջեւանի ճակատագիրը չունեցավ, աշխարհի հետ ինքնուրույն հարաբերվեցինք (էլի լացելու վիճակ է), օտարալեզու դպրոցների հաղթարշավը կասեցվեց (տա աստված, որ հայերենի վիճակը բարելավվի), մայրենի լեզուն պարտադիր դարձավ պետականորեն (մնաց պետականությունը մայրենի դառնա), մեր ազգի պատմությունն սկսեցինք ուսուցանել (կեղծումներով), որ մեր կյանքով ապրենք վերջապես (կեղծավորաբար): Մե՛ր սերիալները ծնվեցին (որակը թելադրվող բան է, այստեղ արցունքների միջից ավելի հեշտ կլինի ծիծաղելը), շատ հարցեր իրենց բնականոն զարգացումը պարտադրեցին (լավից վատ), ամենակարեւոր խնդիրներին բանի տեղ դնող չեղավ (այդ պատճառով են հիմա դրանք փողոցներում աղաղակվում): Ինչքան զարգացանք, այնքան մարդավայել գոյատեւելու պահանջով մեր սոցիալական կյանքի լացը խեղդեց, խլացրեց աղետների, պատերազմի ու եղեռնի ողբերը: Պայքարի ու պատերազմի ծանր պայմաններում արյուն-քրտինքով, առողջությամբ, չվայելած մանկությամբ, պատանեկությամբ կամ երիտասարդությամբ նվաճած, մեր իսկ սնած, բայց չտեսած «անկախությունը» պահպանելը այդ նույն անկախության սերնդիՙ այսօրվա երիտասարդության համար առավել թանկ է եւ վեր է ամեն ինչից: Հատկապես նրանց համար, ում գլխին իջավ նաեւ պատերազմի իրողությունը եւ ուսերին ծանրացավ հաղթանակի հարցը: Մարդիկ այլեւս սրբություններ զոհաբերելու տեղ չունեն, չեն ուզում հայոց կարկաչահոս աղբյուրների քարատաշ պատերը հերթական անգամ տեսնել գորշ սվաղով ծածկված, հրաժարվում են ամենուր թմբկահարվող հաշիշից, թե իբր ոչինչ հնարավոր չէ փոխել: Ում բռունցքն ասես իջել է մեր գլխին, իսկ հայրական հոգատար մատը չի եղել, որն ամեն մեկին իր տեղը ցույց կտար, մարդկանց գործ, արժանի գնահատական կամ պատիժ կհասցներ: Այլապես, շնորհաշատ հայի քանքարը հիմա վաղուց էր հրաշքներ գործել:

Աշխարհը հերթական ապրիլին է ականատես լինում, որ արհավիրքի օրերին հայը պատնեշի նման կանգնում է չար հեղեղի առաջ: Հպարտանանք եւ այլեւս թույլ չտանք, որ սա էլ ուրիշն իր շահերին ծառայեցնի: Հայոց, շատ բան տեսած սարերն անթեղել են ազգի բոլոր իրադարձությունները, եւ ապառաժներն անգամ տեսել են, որ պատմության քառուղիներում հայը չի կորչում: Կոտորում են, կոտորվում է, ճնշում են, ճնշվում է, պակասում է, հարմարվում է, բայց եւ մի օր ընդվզում է, պայքարի ելնում ու ազատագրվում է: Ուրեմն, ժամանակն է, որ մեր իշխողները առաջին հերթին իրենց անհագուրդ կրքերը չափավորեն, թույլ տան, որ ժողովուրդը աշխարհի հետ իր տալիք-առնելիքը նժարավորի, իր ուժերն ու ռեսուրսները ճիշտ բաշխի, ավերվածն ու ապականվածը կարգավորի, որպեսզի ի վերջո կարողանանք մեր բնօրրանում մեր տքնաջան աշխատանքով ամեն մեկս մեր վար ու ցանքն անել ու հնարավորություն ստանանք մեր արդար քրտինքով մեր հո՛ղը ջրել, ոչ թե իշխողի գրպանը: Որպեսզի երկրին պետքական բերք ստանանք: Որպեսզի այլեւս մեր կյանքը եւ երկիրը կարգավորե՛նք, մեր ճակատագիրը մենք ուղղորդենք: Մենք ազգ ենք, մենք երկիր ունենք: Օրենքներ ու օրենսդիրներ ունենք (անօրինությունները վկա), կառույց ենք, միջազգային հարթակում մեր տեղն ունենք, մնում է աշխատենք, ոչ թե ձեւացնենք, թե գործ ենք անում (այսօր անունը կա, ամանումը չկա): Մենք ներուժ ունենք մեր երկիրը շենացնելու համար: Մենք արարող զարմ ենք, բայց օտար ափերում ենք բախտ որոնում: Նույնիսկ ռեպրեսիաներից հետո եւ հատկապես օտարի լծի տակ մեր հզոր գործիչներն ամենուր հայոց մշակույթը զարգացրել են, գիտական նվաճումներ ունեցել ու տնտեսություն են առաջ մղել: Եվ ուրիշները հաշվի են նստել մեզ հետ: Ուրեմն ինչո՞ւ դա չենք կարող անել «անկախ» կարգավիճակ ունեցող երկրում: Այլեւս պետք է, որ հայոց կյանքի անիվը «Գեղ կանգնի, գերան կկոտրի» սկզբունքով տնտեսությունը առա՛ջ մղի, ոչ թե քանդի: 25-27 տարին քիչ չէր երկիր շենացնելու համար, բայց պատասխանատուները թքած ունեցան, գնալովՙ ավելի քամահրաբար:

Եվ դրա տրամաբանական արձագանքն էր այս համաժողովրդական ընդվզումը (անկախ հանրահավաքների ու ակցիաների մասնակիցների թվաքանակից): Այն ինչ կատարվում էր, հայության արդարացի պահանջն էր, որը ազգաբնակչությունը իրականացրեց օրինավոր ու զանցանքներ թույլ չտալու հորդորներով: Եվ ամեն մարդ, լինի քաղաքացի, թե ոստիկան, իշխող, թե իշխվող (մարդկային, թե անմարդկային), ամեն մեկը, ինչի որ ինքն է ընդունակ, իրեն արժանի քայլն արեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ