RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3096, Տպվել է` 419, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՇԱՁՈՂԸՙ 10.000 ԴՈԼԱՐ. ԻՆՉ Է ԱՅՆ, ԿԱՄՙ ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ բարձրագույն իշխանությունը որեւէ հիմնավոր բացատրություն չգտնելով այն հարցին, թե ինչու տնտեսական աճի պայմաններում երկրի քաղաքացին այն իր առօրյայում չի զգում, շաբաթներ առաջ հայտարարեց, թե մեր քաղաքացիների կյանքը կբարեփոխվի, երբ երկրների համար որոշիչ համարվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 1 բնակչի հաշվով կազմի 10.000 ամերիկյան դոլար: Ամիսներ առաջ էլ դրամով 7-անիշ թվով աշխատավարձ ստացող Հայաստանի զարգացման հիմնադրամիՙ ԱՄՆ-ի հռչակավոր Հարվարդ համալսարանի շրջանավարտ տնօրենն էր սույն հարցի կապակցությամբ թիվ հռչակել: Հանրայինի լրագրողուհու հարցին ի պատասխան նա հայտարարեց, որ հայաստանցին լավ կապրի, երբ նրա հաշվով երկրի ՀՆԱ-ն կազմի 7.000 դոլար: Չգիտեմ ՀՀ վերնախավից ով ինչ այլ թիվ է ներկայացրել, ուստի առաջնորդվեմ բարձրագույն իշխանության սահմանած նշաձողովՙ 10.000 դոլարով. ի՞նչ է այն:

Մերօրյա Հայաստանի շարքային քաղաքացին, ով մտահոգ է երկրի տնտեսության անմխիթար վիճակով եւ դրա կայացման գործընթացում է տեսնում իր վաղվա օրն ու ընտանիքի ապագան, հաճախ է այսօրինակ հարցեր հնչեցնում: Չէ՞ որ ամենատարբեր միջոցներով տեղեկացված է, որ ասենք վերջին 20-25-ամյակում Երկիր մոլորակի շատ պետություններում են անկայուն քաղաքական, ֆինանսա-տնտեսական, տարերային իրադարձություններ արձանագրվել, սակայն դրանք ինչ-որ ձեւով հաղթահարվել են, մարդկանց հուսալքվածությունը կանխվել է: Իսկ ահա մեզանում արձանագրվող արտագաղթը հաստատում է, որ երբեմնի դրախտավայր հռչակված հայոցս բնօրրանն այն տարածքը չէ, ուր հարկավոր է ապրել, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, կարճ ասածՙ Աստծո տված իրեն բաժին ժամանակից հաճույք ու բավականություն ստանալ: Այսօրինակ պարագայում հնչող ինչո՞ւ հարցը բնական համարելով, փորձենք հերթական անգամ պատասխան ստանալ, թող որ սիրողական մակարդակով, սակայն համաշխարհային վիճակագրությունից վերցված թվերի ու փաստերի օգնությամբ, որը հիմնականում տեղ է գտել ԱՄՆ-ում տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2018» տեղեկատուում:

Թերթում եմ այբբենական կարգով առաջին իսկ երկրների մասին ներկայացվող էջերը. 2017-ին Ալբանիաՙ 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 12.000 դոլար, Ալժիրՙ 15.000 դոլար: Մի փոքր անց հանդիպում եմ վերջիններիս հարեւան Եգիպտոսինՙ 12.100 դոլար, Խորվաթիայինՙ 22.100 դոլար: Բայց չէ՞ որ այս երկրներում անկայուն վիճակներն անվերջ են, ռազմական ծախսերն զգալի, կառավարությունները հաճախ են փոփոխվում: Այսուհանդերձ ստացվում է, որ մերոնց նախանշած 10.000 դոլար ցուցանիշը մի այնպիսի անհասանելի նշաձող չէ, որ հարկ է անորոշ ժամանակի համար նպատակ հռչակել եւ խնդիրները գիտենք ասելով սեփական քաղաքացիներին անվերջ հանգստացնել: Անշուշտ իրենց մոտեցումն է, միայն թե տարիները տասնամյակներ են դառնում, ապա 20-25-ամյակ, իսկ համազգային ու համապետական խնդիրները լուրջ մտահոգություններ են ծնում, լուծումներ ոչ միայն չեն առաջարկվում, այլեւ դրանց իրականացումներ չեն գտնվում: Արդյունքումՙ գրեթե չաշխատող երկիր, որտեղ արդեն մեկ տասնամյակ ու ավելի տեսանելի արժեք չի ստեղժվում, քանզի 10 մլրդ դոլար մեր համախառն ներքին արդյունքը զգալիորեն գերազանցող, 16 մլրդ դոլար ցուցանիշ ունի հազիվ 400 հազար բնակիչ ունեցող Մալթա կղզու համանուն պետությունը: Եվ հարցըՙ ինչու է այսպիսի վիճակ ստեղծվում, հնչում է բնականաբար: Պատասխանը գտնելուն մասամբ օգնում է արածի ու չարածի բացահայտումը, որը փորձենք իրականացնել փաստերի օգնությամբ:

Ընթերցում ենք ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի հաստատած ծրագրի «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները» 10 հիմնական կետերից մի քանիսը. Համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ, աղքատության էական հաղթահարումՙ ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության եւ 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ:

Ոգեւորող նպատակներ, իսկ թե ինչ միջոցներով, պարզվում է հետագայում. կառավարությունը պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետեւողական ամրապնդման նպատակով մտադիր է զգալիորեն ավելացնել համակարգում աշխատելու գրավչությունըՙ աշխատանքի որակը եւ աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին:

Հիմա հետեւենք տողերիս հեղինակին մտահոգող երկրի գյուղոլորտում տիրող գործընթացինՙ կապված ծրագրի կադրային ներուժի հետեւողական ամրապնդման ցանկության հետ: Այն ընդունելու պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարը Դավիթ Լոքյանն էր: Ամիսներ անց նրան փոխարինեց Արամայիս Գրիգորյանը, որը մոտ 1 տարի անց պաշտոնը զիջեց Ա.Ալավերդյանին: 2010 թվականը սկսվեց Սերգո Կարապետյանի նախարարությամբ: Ընդունենք որ վերջինը համեմատաբար երկար պաշտոնավարեց, բայց արդյոք այն որեւէ ձեւով արդարացնո՞ւմ է 2008-2010 թվականների թվով 4 գյուղնախարարների անհասկանալի, անբացատրելի ու անընդունելի շքահանդեսը: Որեւէ բացատրություն դժվար է գտնել; Նախարարներից յուրաքանչյուրը, ինչքան էլ չընդունենք կադրային ջարդ հասկացությունը, իր կուսակցական շահերն ուներ, առաջին երկուսը դաշնակցականներ էին, հաջորդներըՙ ՕԷԿ-ականներ: Կառավարման այս ոճը նվազագույնը անփութություն եւ անտարբերություն է երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկիՙ գյուղատնտեսության հանդեպ, որտեղ լրջագույն խնդիրներ կան ՀՀ պարենապահովության եւ պարենանվտանգության առումներով: Որ տրվածն անհարկի գնահատական չէ, փորձեմ հիմնավորել պարզ մի օրինակով: Ս. Կարապետյանն իր գործունեության առանցքում դրեց ինչ-որ կոոպերատիվների օգնությամբ թե միջոցներով գյուղոլորտում վիճակը բարեփոխելու խնդիրը: Մոտ 6-ամյա գործունեության ընթացքում գրեթե ոչինչ չստացվեց, եթե գյուղերի դատարկվելը չնկատենք: Բայց արի ու տես այս տարիներին ոլորտում 14 տոկոս աճ արձանագրվեց, երբ ՀՀ առեւտրային շուկան հիմնականում գոյատեւում էր ներկրվող պարենի ու սննդի հումքի շնորհիվ: Արդյունքումՙ նրան փոխարինած հերթական կարենկարապետյանական գյուղնախարարն անգամ ակնարկ չի անում այդ կոոպերատիվներ կոչվողի մասին, որոնց կազմավորման նպատակով բյուջեից ու վարկային զգալի միջոցներ ծախսվեցին: Գյուղաբնակները մշտապես են նշում, որ իրենց հուսալքության է հասցնում գյուղի հիմնախնդիրները թողած այլ հարցերով կառավարելու տպավորություն ստեղծելը: Հիմնախնդիրներ ասելով նրանք նկատի ունեն ՀՀ կառավարության միջոցներով ձեռք բերվող սերմերի որակը, լիարժեք անասնակերի իսպառ բացակայությունը, որոնց արդյունքներով իրենց օրնիբուն աշխատանքը պահանջված արդյունք չի ապահովում. Հեկտարից 2-3 տոննա հացահատիկի ստացումը, կովերի տարեկան 2000 լիտր կաթնատվությունը, մսատու անասնապահության չգոյությունը, հետեւանքըՙ մեր մարդկանց առաջնահերթ սննդակարգում արտերկրներից ներկրվող մսատեսակների, բուսական յուղի, կաթի փոշու հսկայական ծավալները: Փոխարենը, խնդրեմ ծրագրվել է, որ 2008 թվականին երկրում առկա 8 հազար ավանակների թիվը 2015-ին հարկ է հասցնել 10,5 հազարի, 25 հազար ճագարների էլ թիվը 80 հազարի: Համանման երեւույթ արձանագրվեց նաեւ 2016-ին, երբ նորանշանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի օրոք խնդիրներ համարվեցին շինշիլաբուծությունը, բրոկկոլիի ցանքատարածությունների զգալի ավելացումը, երբ հայ տանտիրուհիների կողմից խոհանոցներում օգտագործվող սոխն ու սխտորն է անգամ ներմուծվում, սկսած Իսրայելից մինչեւ Չինաստան, եգիպտոսից էլ Իրան: Ասպես երկիր չեն կառավարում, պարոնայք ՀՀ պատասխանատուներ:

Փորձենք ներկայացնել, թե առաջիկա 10-ամյակում ինչ վիճակ կունենանք ՀՀ առեւտրաշուկայում: Այն պարզելու համար օգտվենք նախորդ 10-ամյա ժամանակահատվածում արձանագրված գործընթացներից: Ըստ գյուղատնտեսության նախարարության կողմից այդ շրջանում տպագրվող «Ագրոլրատու» շաբաթաթերթի Երեւան քաղաքի շուկաներում գյուղատնտեսական մթերքների միջինացված գները 2007 թվականի օգոստոսին հետեւյալն էին. տավարի միս, նվազագույն եւ առավելագույն գներ 1340-1500 դրամ, խոզի միս 1480-1740 դրամ, Լոռի պանիր 1240-1600 դրամ, կգ լավաշ 380-450 դրամ, մեղր 2600-3000 դրամ: Կարագի գնի հետ կատարվածը գիտենք բոլորս. այն ուսումնասիրություններում բացակայում է, քանզի ՀՀ տնտեսությունում թե կենդանական, թե բուսական յուղ ընդհաբրապես չի արտադրվում: Փորձում ենք ներկայացնել պարենի այն տեսաները, որոնց պարբերական սպառումով է հայաստանաբնակը պայմանավորում իր կյանքի որակը, իր ընտանիքի պարենային բարվոքությունը: Որ դրանց գները 10-ամյակ անց հիմնականում կրկնապատկվել են, կարծես որեւէ մեկը չի առարկի: Իսկ կեռապատկվե՞ն արդյոք ՀՀ-ում աշխատավարձերն ու կենսաթոշակները, որպեսզի 2028-ին հայաստանցին իր առօրյայի դրական փոփոխություն զգա: Դժվար թե: Եվ այս ամենը զուտ այն պատճառով, որ ՀՀ տնտեսությունում չկա մրցակցային միջավայր, փոքր ու միջին գործարարությունը տնտեսությունում որոշիչ դեր ունենալու փոխարեն աստիճանաբար մարում է, երբ կայացած տնտեսություններ ունեցող երկրներում այդտեղ են արտադրվում մսամթերքի, կաթնեղենի, գինիների, այլ սննդատեսակների ամբողական ծավալները, այդկերպ ապահովելով անհրաժեշտ աշխատատեղեր, որակյալ սպասարկում եւ ծառայություններ: Իսկ ահա մեզ խոստացվում էր, որ «կառավարությունը պետք է կարողանա նախապես կանխատեսել ապագա մարտահրավերները եւ մշակել դրանց դիմակայելու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր»: Թե ինչ է պարունակում ապագա մարտահրավերներ արտահայտությունը, դժվար է ենթադրել, քանզի հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությունը կոնկրետ առօրյա խնդիրներ ունի, որոնք ինչքան էլ պարզ ու հասարակ են, այսուհանդերձ խորանալով խոչընդոտում են նրա առօրյայի բարեփոխմանը: Նշել ենք եւ կրկնում ենք. այն սկսվում է առավոտյան համեստ նախաճաշով, որից հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությունը զրկված է: Հետեւանքում ստացվում է մի վիճակ, երբ երկրում կազմավորվում է զանցառուական ցանցային միջավայր: Յուրաքանչյուրը նախընտրում եւ որոշում է հարցերը լուծելու իր ձեւն ու միջոցը, իր աշխատանքային պարտավորությունների մեղմ շրջանցումից մինչեւ պաշտոնական դիրքի չարաշահումը: Տրանսպորտի աշխատանքը կանոնակարգողն իր մեթոդն է կիրառում, հացարտադրողն իր հնարքը բանեցնում, բուժաշխատողն իր ծառայությունն ընդգծում, հարկահավաքն իր պարտավորություններում է թերանում, պաշտոնյա դասն էլ երկրի սահմանների պաշտպանությունից ոչ պակաս կարեւոր երկրի պարենապահովության եւ պարենանվտանգության հիմնախնդիրն է ձախողում: Այսկերպ հանրությունը հայտնվում է մի վիճակում, որը երկրի բարձրագույն ղեկավարը տարիներ առաջ «գաղջ» որակեց: Եվ սա զուտ այն պատճառով, ինչքան էլ նման մտածողությունը ստամոքսային պարզամտություն դիտարկվի, որ Հայաստանի Հանրապետության հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում չի հաջողվում լուծել հանրության բացարձակ մեծամասնության պարզ ու հասարակ սննդակարգը, մարդկանց առողջության, տրամադրության, ոգեւորության նախապայմանը:

Թե ինչու էր ՀՀ կառավարությունն արդեն 25-րդ տարին պարզապես անտեսում այս ամենը, դժվար է ասել, որի հետեւանքն է համընդհանուր հուսալքությունը, անգամ բազմատասնյակ հազարավորների այս օրերին ընթացող փողոցային գործողությունների պայմաններում: Նրանց եւ իրենց հարյուր հազարավոր համակիրներին հիմնավորապես հոգնեցրել է այն վիճակը, երբ իրենց իսկ կողմից մուծվող հարկերով ու տուրքերով վարձատրվող պետական վերնախավը շարունակում է բացահայտ սպասարկել ներմուծողների շահերը: Միայն 2018-ի առաջին եռամսյակում ՀՀ արտահանումն ավելացել է 28 տոկոսով, ներմուծումը 39 տոկոսով: Գաղտնիք չէ, որ արտահանվողը հիմնականում ազգային հարստություն երկրի ընդերքն է, ներմուծվողըՙ սնունդը, հայ հողի մշակին իր աշխատանքից օտարելու, հարյուր հազարավոր հեկտարներով գյուղնշանակության հողերն անմշակ թողնելու պայմաններում: Եվ հանրային պահանջըՙ այսպես երկիր չեն կառավարում, հնչում է ինքնաբերաբար ու տեղին:

25.04.2018 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ