RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3431, Տպվել է` 460, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՂՐԻՄՈՒՄ

Պ.Ք.

Ֆրանսիական թերթը Մոսկվայի համար Սիրիայի կարեւորության մասին

Օրերս Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է Սիրիայի տնտեսության վերականգնմանը նվիրված ռուս-սիրիական կոնֆերանս: Ներդրումներ են նախատեսվում այն երկրներից, որոնք սիրիացիների հետ կողք-կողքի պայքարել են ահաբեկչության դեմ, հայտարարել է Սիրիայի տնտեսության նախարար Սամեր Ալ-Խալիլը : Նրա խոսքերով, երկրի վերականգնմանը չպետք է մասնակցեն նրանք, ովքեր մասնակցել են Սիրիայի ժողովրդի դեմ կամակերպված արյունահեղությանը եւ այժմ էլ շարունակում են դա:

Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով, Սիրիայի տնտեսության վերականգնման համար պահանջվում է առնվազն 200 մլրդ դոլար: Նախագահ Բաշար Ասադը վերականգնման ծախսերը գնահատում է 400 մլրդ դոլար: Նրա կարծիքով, այդ աշխատանքները կտեւեն 10-15 տարի: Վերականգնման գործընթացի առաջին շարքերում Ռուսաստանն է: Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ կոնֆերանսի ընթացքում ստորագրվել են 62 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ ներդրումային համաձայնագրեր: Խոսքը միայն ռուսական ներդրումների մասին չէ: Սիրիացի գործարարները իրենց հերթին պատրաստ են ներդրումներ կատարել Ղրիմի տնտեսության մեջ: Խոսքը մասնավորապես հյուրանոցի կառուցման մասին է:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը Յալթայի համաժողովում ընդգծել է, որ իր երկիրը չի մասնակցում սիրիական հակամարտությանը, բայց դրա տնտեսությունը անմիջականորեն կապված է կարգավորման հետ: «Գերմանիայում ներկայումս կա 2 մլն սիրիացի փախստական»: Պատգամավորի խոսքերով, իր երկիրը արդեն ավելի քան 100 մլն դոլար է ծախսել այդ մարդկանց պատշաճ կերպով ընդունելու համար: Գերմանիան պատրաստ է օժանդակել այն սիրիացիներին, որոնք կուզենան հայրենիք վերադառնալՙ վերակառուցմանը նպաստելու համար: Մասնավորապես նախատեսվում է ստեղծել համատեղ գերմանա-սիրիական ձեռնարկներ: Երկուսուկես հազար սիրիացիներ արդեն դրանց մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Պատգամավորն առաջարկել է համանման կոնֆերանս անցկացնել նաեւ Գերմանիայում:

Ղրիմում ռուս-սիրիական կոնֆերանսի անցկացումը բացատրվում է նրանով, որ թերակղզին, որպես ՌԴ սուբյեկտ, ամենից մոտ է գտնվում Սիրիային: Թերակղզին կարող է տրանսպորտային կարեւոր հաղորդակցությունների մեկնարկ ծառայել եւ ռուս-սիրիական համագործակցության կամուրջ դառնալ: Այս տարի Ղրիմում կկառուցվի ավտոմոբիլային կամուրջ, եկող տարիՙ երկաթուղային, իսկ հեռանկարում նախատեսվում է բացել հաղորդակցություն Սիրիայի խոշորագույն նավահանգիստ Լաթաքիայի եւ ՌԴ սեւծովյան նավահանգիստների միջեւ:

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Օլգա Կովիդիտին կարծում է, որ սիրիացի ապագա կառավարիչները պետք է կրթություն ստանա Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում: Սիրիացի պատանիները Ռուսաստանում կրթություն կստանան ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական մասնագիտությունների գծով, գրում է Международная жизнь հրատարակչությունը:

Միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի հետ կապերի ընդլայնման օգտին հանդես է եկել Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Ֆրոնայերը : Փոխադարձ պատժամիջոցների հետեւանքով Գերմանիայի կրած վնասը նա գնահատել է 100 մլրդ դոլար: Պատժամիջոցների վերացում առաջարկելովՙ նա ընդգծել է, որ Արեւմուտքի կառավարությունները Սիրիայի հարցը եւ Սկրիպալների թունավորման դեպքը օգտագործում են Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու նպատակով: Եկկողմ հարաբերությունների բարելավումը միայն կնպաստի երկու երկրների շահերին, նշել է պատգամավորը:

Արժե նշել, որ Սիրիայում պատերազմ սկսվելուց յոթ տարի անց Մոսկվան շարունակում է պաշտպանել Բաշար Ասադի վարչակարգը: Le Journal Du Dimanche ֆրանսիական թերթի լրագրողուհի Զոյա Լաստենեն դա բացատրում է հետեւյալ կերպ:

1. Ռուսաստանն իրեն համարում է Արեւելքի քրիստոնյաների պաշտպան: Պատմաբան Պիշոնը իր «Սիրիա. ո՞րն է Ռուսաստանի խաղադրույքը» գրքում գրում է, որ Կրեմլը եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին Սիրիայում իրենց դերը տեսնում են արաբական աշխարհում քրիստոնյա փոքրամասնությանը պաշտպանելու մեջ:

2. Սիրիայում Ռուսաստանի տնտեսական շահերն ունեն կարեւոր, բայց ոչ վճռական նշանակություն: Սիրիական Թարթուս նավահանգիստը Միջերկրական ծովում նավարկող ռուսական ռազմանավերի միակ ռազմակայանն է եւ միակ ելքը դեպի «տաք ծովեր»: Լաթաքիայում գտնվող ավիաբազան Ռուսաստանի երկրորդ հենակետն է տարածաշրջանում, նշում է թերթը: Բաշար Ասադի վարչակարգը ռուսական զենքի համար գնորդ է: Սա կարեւոր խաղադրույք է, բայց ամենագլխավորը չէ, ընդգծում է Ֆրեդերիկ Պիշոնը :

3. Հաջորդ պատճառը Սիրիայի անկայունության հնարավոր տարածումն է Ռուսաստանի հարեւան շրջաններում: Ռուսաստանը շատ դատողությւններ է անում բուֆերային գոտիների տերմիններով, պարզաբանում է Ռազմավարական հետազոտությունների փարիզյան հիմնադրամի փորձագետ Իզաբել Ֆակոնը Le Journal Du Dimanche-ին տված հարցազրույցում: Ռուսաստանը փորձում է վերահսկողության տակ պահել հարեւան երկրները ի դեպս անկայունության ծագման:

Հետխորհրդային տարածքում արմատական իսլամի տարածմանը խոչընդոտելու վերաբերյալ Մոսկվայի հռչակած կարգախոսը լոկ պատրվակ է, չխոսելով արդեն Ռուսաստանում կամ նախկիին խորհրդային այլ հանրապետություններում գործող ջիհադիստական խմբավորումների մասին: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինը «արաբական գարնան» ալիքներն ընկալեց որպես իր երկրի դեմ ուղղված սպառնալիք:

4. Ի հեճուկս ամերիկացիների աշխարհակալական նկրտումների, Ռուսաստանն ուզում է լինել ավելին, քան տարածաշրջանային տերությունն է: Սիրիայում Ռուսաստանի միջամտության մեջ Իզաբել Ֆակոնը տեսնում է Բարաք Օբամայի խոսքերի ուղղակի հետեւանքը: Օբաման 2014 թ. Ռուսաստանն անվանել էր տարածաշրջանային տերություն: «Ռուսաստանն ուզեց ԱՄՆ-ին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանային տերություն չէ եւ կարողանում է միջամտել, երբ դիպչում են իր շահերին»:

Պուտինյան Ռուսաստանը նաեւ ձգտում է իրեն վերադարձնել այն տեղը, որն ինքը աշխարհակարգում զբաղեցնում էր նախքան Խորհրդային Միության փլուզումը: Կրեմլը փորձում է թուլացնել ամերիկացիների շոշափելի ազդեցությունը, որպեսզի ակտիվորեն զարգացնի բազմաբեւեռ աշխարհը: Այս կապակցությամբ երկիրը գործընկերների կարիք ունի: Վերջիններիս նա փնտրում է Սիրիայի, Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ իր հարաբերություններում, գտնում է Լաստենեն:

Սիրիայում միջամտելու միջոցովՙ Մոսկվան նաեւ ձգտում էր Արեւմուտքի երկրներին դրդել իր հետ երկխոսության, կարծում է Իզաբել Ֆակոնը: Փորձագետի կարծիքով, տեղի է ունեցել հիասթափություն «միջակա առավելությունների հարցում»: «Խոսքը հակառուսական պատժամիջոցների մասին է, որոնք, բնավ չվերացվեցին, եւ Արեւմուտքի երկրները չեն մոռացել Ուկրաինայի դեպքերի մասին»:

5. Ռուսաստանը վախենում է իր ազդեցության ոլորտում վարչակարգի փոփոխությունից: Ամեն գնով հարկավոր է խուսափել վարչակարգի կտրուկ փոփոխությունից: Ըստ պատմաբան Ֆրեդերիկ Պիշոնի, այդ հարցն իրենից ներկայացնում է Սիրիայի հակամարտության նախընտրելի փաստարկը: Դա հաստատում է Իզաբել Ֆակոնը. «Ռուսաստանի կարծիքովՙ Արեւմուտքի երկրները վերստին ձեռնարկում են վարչակարգի փոփոխման գործողություններ: Մոսկվան գտնում է, որ վերջին տարիներին ինքը տեսել է մի ամբողջ շարք գունավոր հեղափոխություններՙ Վրաստան, Ուկրաինա, Կիրգիզիա, Լիբիա, Իրաք եւ Լիբանան»: Արեւմուտքի ակնհայտ ազդեցությամբ պայմանավորված նման իրադարձությունները այդ բոլոր երկրներին հեռացրեցին Ռուսաստանի ազդեցության գոտուց:

6. Ռուսները մերժում են պաշտպանության նպատակով միջամտելու Արեւմուտքի պնդումները: Ազդեցությունը կորցնելու վախից բացի, Սիրիայում առկա է արժեքների հակամարտություն: Ռուսաստանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում պաշտպանությանն ուղղված պատասխանատվության սահմաններին, որոնք դրվում են Արեւմուտքի միջամտության արդարացումների հիմքում: Նրա կարծիքով, օգտագործվող չափանիշները չափազանց անհուսալի են:

Ռուսաստանը հիասթափված է Լիբիայի պատերազմի նախադեպից, նշում Լաստենեն: Կրեմլը Մուամմար Քադդաֆիի սպանության փաստի մեջ տեսնում է ՄԱԿ-ի բանաձեւերի խախտում եւ այդ ժամանակվանից ի վեր վետո է դնում Սիրիայում ՄԱԿ-ի անունից Սիրիայում առաջարկվող ամեն տեսակ գործողությունների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ