RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2120, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՖԻԶ ՀԱՋԻԵՎԻ ՄՈՐ ՈՐԴԻՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եվրոպական դիտորդներ Ադրբեջանումՙ ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին չէին մասնակցում: Մարդիկ մտածել էին, որ իմաստ չկա. ավելի լավ է հանգիստ մտածել Եվրոպայի ապագայի մասին, քան հետ վերադառնալ միջնադար, որտեղ Իլհամ սուլթանը բոլորին...Կային իհարկե առանձին անկախ դիտորդներ, որոնց հետաքրքրել էր ոչ թե այն, թե ո՞վ կդառնա Ադրբեջանի նախագահ, այլ քանի՞ տոկոս կհավաքի Իլհամ Ալիեւը, եւ հենց նրանք ահազանգում են, որ Ադրբեջանի մի շարք ընտրական տեղամասերում խրձերով լցոնումներ են եղել, բայց ես վստահ եմ, որ եթե անգամ այդ լցոնումները եղել են, չեն եղել հօգուտ Ալիեւի: Ադրբեջանի նախագահը դրանց կարիքը չունի, ինչպես Կիմ Չեն Ընը չունի, կամ Պուտինը, կամ Էրդողանը, կամ... Մի խոսքով:

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 70 տոկոսը: Ի դեպ, Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի մոտ 5,2 միլիոն մարդ, ընդ որում այս թիվն արդեն 5 տարի էՙ չի փոփոխվում: Սա այն պարագայում, որ ըստ վերջին պաշտոնական տվյալներիՙ վերջին 5 տարում Ադրբեջանի բնակչությունը հասել է 10 միլիոնի: Ու եթե ընտրողների թիվը բնակչության թվի աճի հետ մեկտեղ չի աճում, նշանակում է, որ կա՛մ Ադրբեջանի բնակչության կեսը անչափահաս է, կա՛մ էլ... Իմիջիայլոց, ըստ պաշտոնական տվյալների Ադրբեջանում յուրաքանչյուր ընտանիք, որտեղ մեկ երեխա է ծնվում, պետությունից ստանում է 95 մանաթ, որը մոտավորապես 60 ամերիկյան դոլար է: Իսկ երբ կով պահող ադրբեջանական ընտանիքում հորթ է ծնվում, տվյալ ընտանիքը պետությունից ստանում է 100 մանաթ, որը մոտավորապես 65 դոլար է: Այսինքն շատ հնարավոր է, որ Ադրբեջանիՙ 10 միլիոնի հասած բնակչության կեսը ամենեւեին էլ մարդ չէ, բացի այդ շատ հավանական է, որ ապագայում Ադրբեջանում ավելի շատ կով լինի եւ հորթ ծնվի, քան մարդ ապրի ու երեխա ծնվի: Սա, անշուշտ, մեզ հույս է տալիս, բայց միայն հույսով երեխա չի ծնվում, իհարկե:

Ինչեւէ: Իլհամ Ալիեւը վերընտրվեցՙ կովին մարդուց բարձր գնահատող երկրի նախագահ: Չորրորդ անգամ անընդմեջ: Այս անգամ նա հավաքեց շուրջ 87 տոկոս ձայն: Էրդողանն արդեն շնորհավորել է Ալիեւին, երբ այս հոդվածը գրվում էր, Ալիեւին շնորհավորել էին նաեւ Հասան Ռոհանին, Ալեքսանդր Լուկաշենկոն, Պյոտր Պորոշենկոն, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի նախագահները եւ Պուտինը: Թերեւս արժեր, որ նախագահ Բակո Սահակյանը եւս շնորհավորական ուղերձ հղեր Բաքուՙ մաղթելով Իլհամ Ալիեւին քաջառողջությունՙ բոլոր առումներով:

Ի դեպ, առողջությունՙ նաեւ Ադրբեջանի նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիեւի մորը: Կինն 85 տարեկան է, հիվանդ, եւ քանի որ տնից դուրս գալ չի կարողանում, նրան հնարավորություն են տվել տանը մասնակցել ընտրություններին: Քվեատուփը բերել են եւ կինը կատարել է իր ընտրությունը...Որդինՙ թեկնածու Հաֆիզ Հաջիեւը եւս մասնակցել է ընտրություններին բնականաբար, եւ ընտրություն կատարելուց հետո հայտարարել է.«Չնայած մեր շրջապատում առկա որոշ տարրեր կոչ էին անում բոյկոտել այս ընտրությունները, բայց ժողովուրդը ուշադրություն չդարձրեց այդ հորդորներին եւ բոլորը մասնակցում են քվեարկությանը: Մարդիկ կարող են ազատ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին»: Ապա Հաջիեւը, որը շեշտեմ, Ադրբեջանի նախագահի թեկնածու է, հենց նա, ով 10 հազար մանաթ էր խոստացելՙ գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրելու համար, հայտարարել է, որ ինքն, օրինակ, ազատ մասնակցել է ընտրություններին եւ քվեարկել է նախագահ Իլհամ Ալիեւի օգտին: Նրա մայրն էլ, իմիջիայլոց, Ալիեւին է ընտրել: Երբ ծեր կնոջը հարցրել են, ինչո՞ւ եք Իլհամ Ալիեւին ընտրել, չէ՞ որ իր որդին եւս մասնակցում է ընտրություններին, կինը պատասխանել է. «Ես իմ որդիների միջեւ տարբերություն չեմ դնում»:

Այսքան բանՙ Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ