RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2695, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵՐ ԿԵՆՍԱՏՈՒ ՋՈՒՐԸ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»

Զրուցեց` ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Չնայած ՀՀ-ում քաղցրահամ ջրերի ռեսուրսները պահանջարկից ավելի են, այնուամենայնիվ մեկ շնչին հասնող ջրի քանակով զգալիորեն քիչ են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջին ցուցանիշներից: Կենցաղային, տեխնիկական կարիքների եւ ոռոգման համար, խորհրդային տարիներից մինչ օրս շարունակվում է օգտագործվել բարձրորակ քաղցրահամ ջրերի զգալի քանակ:

Նշված ջրային ռեսուրսների պահպանության, ջրամատակարարման համակարգերի վերականգնման, ցանցերից ջրի կորուստների նվազեցման, ոռոգման, ինչպես նաեւ ջրմուղ-կոյուղու ոլորտները կանոնակարգելու, բարեփոխելու ուղղությամբ ներկայումս ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում: Այս հարցերի պատասխանն ստանալու նպատակով դիմեցինք Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի, ֆիզիկական աշխարհագրության եւ ջրօդերեւութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Թրահել Վարդանյանին:


- Հայաստանում տարեկան ինչքա՞ն ջուր է գոյանում եւ դրանից քանի՞ մլրդ խմ-ն է օգտագործվում եւ քանի՞ մլրդ խմ-ն է կուտակվում:

- ՀՀ տարածքում տարեկան (միջին հաշվով) տեղումների քանակը 18,5 մլրդ խմ է, որից 11,5 մլրդ խմ գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում է հոսքի: Ներքին գետային հոսքը կազմում է մոտ 6,3 մլրդ խմ: Մակերեւութային հոսքի մնացած մասը կազմում է անդրսահմանային գետերի` Արաքսի եւ Ախուրյանի ներհոսքը` շուրջ 0,9 մլրդ խմ/տարի, որը համարվում է տարանցիկ հոսք: Այսպիսով, մակերեւութային ջրերի վերականգնվող ընդհանուր պաշարները տարեկան կազմում են 7,2 մլրդ խմ:

Ընդհանուր ջրառը կազմում է 3,2 մլրդ խմ (2016 թ.), իսկ մնացած 4 մլրդ խմ-ն հոսում է դեպի Արաքս, Կուր գետերն ու Կասպից ծովը: Դրանից օգտագործվում է շուրջ 2,47 մլրդ խմ-ն (ԽՍՀՄ-ի տարիներինՙ 4 մլրդ խմ), որից 2,02 մլրդ խմ-նՙ ոռոգման եւ արդյունաբերության ոլորտներում, 450 մլն խմ-ն (ԽՍՀՄ-ի տարիներին 550 մլն խմ)ՙ խմելու եւ կենցաղային նպատակներով:

Բնական ջրային օբյեկտներից ամենանշանավորներն են Սեւանա լիճըՙ 1278 քառ.կմ մակերեսով եւ 38,2 մլրդ խմ ծավալով (2017թ. տվյալներով), խոշոր գետերից Դեբեդըՙ 1203 մլն խմ տարեկան հոսքով, Որոտանըՙ 725 մլն խմ, Արփանՙ 764 մլն խմ, Հրազդանըՙ 733 մլն խմ, Մեծամորըՙ 711 մլն խմ, Աղստեւըՙ 445 մլն խմ, Ախուրյանըՙ 391 մլն խմ, Ողջինՙ 502 մլն խմ եւ այլն:

- Հայաստանում քանի՞ ջրամաբար կա եւ տարեկան ինչքա՞ն ջուր է կուտակվում դրանց մեջ:

- Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում առկա է մոտ 1,5 մլրդ խմ ընդհանուր ծավալով ավելի քան 80 ջրամբար:

Ներկայումս կառուցվում է Վեդիի ջրամբարը (23-24 մլն խմ ծավալով): Անավարտ են մնացել ԽՍՀՄ-ի ժամանակից նախագծված Եղվարդի, Կապսի, Գեղադիրի, Ոսկեպարի եւ Ափնայի ջրամբարների շինարարությունը: Եղվարդի ջրամբարի շահագործման դեպքում Սեւանից ջրառի ծավալը տարեկան կարող է նվազեցվել մոտ 100 մլն խմ-ով:

ՀՀ կառավարության 09.02.2001 թ. թիվ 92 որոշմամբ հանրապետությունում 97 ջրամբարների կառուցման դեպքում հնարավոր է ամբարել եւս 1,1 մլրդ խմ ջուր: Նշված ջրային օբյեկտների շինարարությունից հետո հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել 110 հազ. հա հողատարածք:

Նշեմ, որ ոռոգելի հողատարածքների սպասարկման համար հանրապետությունում (ԽՍՀՄ-ի օրոք) կառուցվել եւ գործում են 4500 կմ երկարությամբ մայր եւ միջտնտեսային, 17200 կմ ներտնտեսային նշանակության ոռոգման եւ ջրարբիացման համակարգեր: Նշված համակարգերում մեծ են ջրի կորուստները, քանի որ կառուցվել են 50-60 տարիների ընթացքում, իսկ վերջին 20-25 տարիներին` շահագործվել առանց անհրաժեշտ հիմնանորոգումների, որի պատճառով համակարգերում մեծ են ջրի կորուստները:

- Քանի՞ ջրամբար է պետք կառուցել երկրից արտահոսող ջրերը կուտակելու համար: Ձեր տվյալներից կարելի է եզրակացնել, որ ջրամբարների կառուցումը` գերխնդիր է:

- Ընդհանուր առմամբ, Հայաստանը համարվում է միջին ջրապահովվածության երկիր եւ ունի ջրային ռեսուրսների բավարար պաշար: Սակայն, ոչ արդյունավետ կառավարման պատճառով ունենք ջրաբանական եւ ջրատնտեսական լարված հաշվեկշիռ եւ եղած ջրային պաշարները չեն բավարարում առկա պահանջարկը:

Ունեցած պաշարների մոտ 2/3 մասն անօգուտ կորչում էՙ հոսելով դեպի հարեւան երկրներ:Եթե մենք հնարավորություն ունենանք կառուցել եւս մի քանի տասնյակ ջրամբարներ եւ դրանցում ամբարել հանրապետությունից դուրս հոսող ջրերից գոնե 2-3 մլրդ խմ-ն, այդ պարագայում դրանց օգտագործման արդյունավետությունը կլինի բավարար (նույնիսկ բարձր):

Սակայն, այս ամենով հանդերձ, երկրում ունենք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր: Տարին լինի ջրառատ, թե սակավաջուր, (ինչպիսին այս տարին է) կառուցենք նոր ջրամբարներ, թե ոչ, միեւնույն էՙ ջրի պակաս կունենանք:

Քաղցրահամ ջրերի արդյունավետ օգտագործման գործում մենք պետք է կիրառենք Իսրայելի փորձը:Իսրայելի քաղցրահամ ջրերի ընդհանուր ռեսուրսները, որոնք կազմում են 1,67 մլրդ խոր.մ/տարի, բավարարում են տարածքի բնակչության (7,1 մլն մարդ) բոլոր (խմելու, ոռոգման, տեխնիկական եւ այլ նպատակներով օգտագործման) պահանջները, այսինքն` օգտագործվում են չնչին կորուստներով եւ խիստ նպատակային:

- Ջրային ռեսուրսների կառավարումը ինչպե՞ս է կանոնակարգվում մեր երկրում: Ո՞վ պետք է պատասխան տա խմելաջրի աղտոտման համար:

- ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարումը կանոնակարգվում է միջազգային եւ ազգային օրենքներով, ՀՀ ջրային օրենսգրքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից եւ գործողության մեջ դրվել 2002 թ.-ից:

Բացի դրանից, ընդունվել են չափորոշիչային եւ իրավական 30 տարբեր փաստաթղթեր: Դրանցով կանոնակարգվում են ջրօգտագործման ամենատարբեր ոլորտները` բնապահպանման նպատակով ջրբացթողումների քանակը, ջրային օբյեկտների պաշտպանությունը, օգտագործումը, ջրօգտագործման թույլտվությունների գործընթացը:

Ներկայումս ջրակառավարման հիմնախնդիրներով զբաղվող հիմնական կառույցներն են` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը եւ ջրային հարցերով Ազգային խորհուրդը:

Սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կոնկրետ որեւէ ձեռնարկություն ջրի աղտոտման համար պատասխանատվություն չի կրել:

- Ճի՞շտ է, որ ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան նավթի եւ գազի պաշարներ ունեցողները:

- Այո: Այսօր մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է եւ տարեցտարի դառնում է աշխարհի թիվ մեկ խնդիրը: Բանն այն է, որ խմելու ջուրը վաղուց արդեն շատ երկրների, այդ թվում` Հայաստանի համար շուկայական հանրաճանաչ «ապրանքներից» մեկն է: Այս պարագայում Հայաստանը քաղցրահամ ջրի պաշարների պահպանման եւ օգտագործման խնդիրն առավել եւս պետք է կարեւորի, քանի որ երկրի ռելիեֆը եւ կլիման շռայլ են գտնվել` մեզ համար կուտակելով ջուր, որը մենք ինքներս ենք շռայլորեն վատնում` թողնելով, որ այն հոսի դեպի հարեւան երկրներ:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնամյակ հարեւան Թուրքիան ստեղծել է հսկայական կասկադներ եւ կառուցել ջրամբարներ, որոնց միջոցով կարողանում է Տիգրիս, Եփրատ եւ Ճորոխ գետերի ջրերը պահպանել իրենց տարածքում, ավելին` Տիգրիսի եւ Եփրատի ջրերի միջոցով Թուրքիան իր քաղաքականությունն է թելադրում ամբողջ Մերձավոր Արեւելքին:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած տվյալների համաձայն, Արարատյան գոգահովտի քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով օգտագործվում է 11781,6 լ/վրկ ջուր: Հաշվարկները ցույց են տալիս, որ ձկնաբուծության նպատակով տարեկան օգտագործվում է 371799020 խմ ջուր, այսինքն` տարեկան Արաքս գետն է լցվում 371,8 մլն խմ (ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 1 մլրդ խմ):

Ըստ մեզ հասած տեղեկության, Արաբական Միացյալ Էմիրություններում հարեւան երկրներից բերված քաղցրահամ ջուրը, 10-20 լիտրանոց տարաներով, վաճառվում է մեկ լիտրը 20-25 ցենտով (ԱՄՆ), եւ այդ ջրի որակը համեմատելի չէ մեր քաղցրահամ ջրի որակի հետ:

Եթե ձկնաբուծության նպատակներով Արաքս գետը թափվող ջուրը մենք եւս վաճառենք լիտրը` 20-25 ցենտով, ապա տարեկան մեր ստացած հասույթի գումարը կարող է կազմել 74,36-92,95 մլրդ դոլար: Ահա, թե ինչ հարստություն ենք լցնում գետերն ու Կասպից ծովը:

- Սեւանը մեր ամենամեծ ջրամբարն է, այնինչ տարեկան նրանից վերցվող ջրի քանակը տարեցտարի ավելացվում է: Ի՞նչ կասեք այդ երեւույթի մասին:

- Դուք ճիշտ եք, որ Սեւանը մեր ամենամեծ ջրամբարն է եւ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն:Նշեմ, որ 1930-ական թվականներին` մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը, ծովի մակարդակիցՙ 1915,57 մ բարձրության վրա գտնվող լճի հայելու մակերեսը 1416կմ2 էր, իսկ ջրի ծավալը`58,5 մլրդ.մ3:

Մինչեւ 90-ական թթ. կեսերը ոռոգման եւ հիդրոէներգետիկայի նպատակով օգտագործեցինք լճի դարավոր պաշարների ավելի քան 45 տոկոսը, որի հետեւանքով Սեւանի մակարդակը նվազեց 19-20 մետրով:

Վերջին տարիներին կառավարության հատուկ որոշմամբ` օրենքով նախապես սահմանված 170 մլն խմ-ի փոխարեն, Սեւանա լճից (ինչպես արհեստական ջրամբարից)` հարկադիր, լրացուցիչ եւս 100 մլն խմ ջուր է վերցվում: Նշված երեւույթը (լճի մակարդակի բարձրացումը կանխելուց բացի) խիստ բացասական ազդեցություն է թողնում լճի էկոհամակարգի կայունացման վրա` կրկին խախտելով նրա առանց այն էլ խախտված բնական համակարգը:

Այնինչ, Սեւանա լիճը, որն առաջին հերթին մեզ պետք է ոչ թե որպես ջրամբար, այլ ռազմավարական նշանակության ջրային պաշարներով, բնական, կայուն զարգացող բարձրակարգ էկոհամակարգ, եւ անհրաժեշտ է նրա մակարդակն աստիճանաբար եւ առանց դադարումների բարձրացնել:

- Ջրի պահպանման պարագայում այսօր ո՞րն է մյուս ամենակարեւոր գործոնը:

- Մեզ համար այսօր ամենակարեւոր գերխնդիրը մեր ջրային օբյեկտները աղտոտումից զերծ պահելն է, ջրի ճիշտ օգտագործման եւ պահպանման ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելը:

Այսօր անհրաժեշտ է, որ ազգովին փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ եւ սրտացավությամբ տեր կանգնենք բնությունից մեզ տրված այդ կենսատու հրաշքին, քանի որ Հայաստանի ջրին որակական փոփոխություն կրելու իրական վտանգ է սպառնում: Այդ վտանգը գնալով ահագնանում է` միլիոնավոր տոննաներով ծանր մետաղների, թունավոր տարրերով լեցուն հանքահարստացման պոչանքների, տարբեր բնույթի օրգանական նյութերի, քլորիդների, սուլֆատների եւ այլ հանածոների շահագործման պատճառով, որոնք շրջակա միջավայրի հետ աղտոտում են նաեւ ջրային օբյեկտները:

- Ի՞նչ կասեք խորհրդային տարիներին գործող, այսօր թալանված բազմաթիվ պոմպակայանների մասին:

- Պոմպակայանների չգործելու հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի թանկ լինելն է, որը չնայած հասկանալի պատճառներովՙ մեր ունեցած ջրից թանկ չէ: Պոմպակայանների չաշխատելու հետեւանքով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս` ոռոգելով հարեւան երկրների հողերը:

Մեր ապագան ինքնահոս ոռոգման համակարգերի ստեղծումն է: Եթե էլեկտրաէներգիան թանկ է եւ այսուհետ չի օգտագործվելու ոռոգման նպատակներով, պետք է հնարավորինս արագ ստեղծենք ինքնահոս համակարգեր եւ կառուցենք ջրամբարներ` ներդնելով ժամանակակից ոռոգման համակարգեր: Հատկապես ջրամբարների կառուցումը մեր երկրի համար առաջին գերխնդիրը պետք է լինի, որպեսզի ապագա սերունդների համար կարողանանք փրկել մեր երկիրն ու նրա գյուղատնտեսությունը, եւ որպեսզի մեր բարձրաբերձ լեռներից իջնող անապական ջրերն իրենց ուղին օտար հողում չավարտեն: Եվ, կարծես Համո Սահյանի հառաչն էլ է հենց այդ մասին ասում:

Ինչի՞ց է, որ Հայաստանում

Ջրերը չեն հանգստանում,

Այլ քարեքար ընկած այսպես,

Հնուց ի վեր, գժվածի պես,

Շառաչում են կիրճերն ի վար

Եվ ճչում են տագնապահար:

- Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան,

Երբ հայրենի լեռների մեջ

Նրանք չունեն ապաստարան...

Եվ գնում են ապաստանում

Հեռու~հեռու~ տափաստանում:

Այո, պետք է ամեն գնով պահպանենք ինչպես մեր երկիրը, այնպես էլ նրա ջրերը:

Նկար 2. Հայաստանի ջրային քարտեզը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ