RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 3343, Տպվել է` 401, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՐԱՏԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Խորհրդային կայսրության փլուզումից ի վեր սառը պատերազմի հռետորաբանության տոնայնությունը երբեք այսքան ուժգին չէր հնչել, որքան այսօր, երբ ընդամենը մի կայծ էր պետք, որ հրդեհը բռնկվի: Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր Յուլիայի թունավորումն անհրաժեշտ այն կայծը հանդիսացավ, որ առաջացներ դիվանագիտական ճգնաժամ:

Լարվածությունն արդեն գոյություն ուներ, եւ եթե թունավորումը տեղի չունենար, անպայման ուրիշ մի պատրվակ կգտնվեր, որ ճգնաժամը սանձազերծվեր:

Մինչ Ռուսաստանը դեռեւս սպասում է, որ շոշափելի ապացույցներ հայթայթվեն հիմնավորելու համար բրիտանական մեղադրանքները, նրա ձայնը լսելի չի դառնում փոխադարձ սուր քննադատությունների աղմուկի հետեւանքում: Արդեն որոշ ժամանակ է, ինչ Մ. Նահանգներն ու Եվրոպան Մոսկվային են մեղադրում իրենց երկրներում ընտրական գործընթացներին խառնվելու համար, կարծես այդ պրակտիկան փոխադարձ չլիներ:

Եվրոպան եւ Մ. Նահանգները երբեք չեն հանդուրժելու, որ Ռուսաստանը դարձյալ ոտքի կանգնի եւ վերահաստատվի գերտերության իր կարգավիճակը: Իսկ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո, առաջ է գնում այդ ուղղությամբ: Պատժամիջոցների աստիճանական սաստկացումը բավարար չեղավ դանդաղեցնելու համար Ռուսաստանի առաջխաղացումը: Այդ պատճառով էլ ավելի սուր, դրամատիկական գործողության կարիքն զգացվեց: Մեծ Բրիտանիան արտաքսեց ռուս դիվանագետներին: Նրա օրինակին հետեւեցին Արեւմուտքի մոտ 20 երկրներ, իսկ Մ. Նահանգները գերազանցեց բոլորինՙ արտաքսելով 60 դիվանագետների:

Ի դեպ, որոշ տարաձայնություն է նկատվում Սպիտակ տան եւ պետքարտուղարության գործողությունների միջեւ: Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է նախագահ Պուտինինՙ վերընտրվելու առթիվՙ հակադրվելով իր խորհրդատուների կամքին, կոչ է անում հանդիպել նրան մոտ ապագայում եւ «հիմնավոր քննարկումներ» անցկացնել, պետքարտուղարությունը 60 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից եւ փակում է Սիետլի հյուպատոսարանը:

Ինչքան շատ են փոխվում իրավիճակները, այնքան շատ նման են դառնում դրանք: Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք Իրաքը քայքայվեցՙ փոխնախագահ Դիք Չեյնիի կարգադրության հետեւանքով, նախագահ Օբամայի իշխանության ժամանակ Լիբիան նվաճվեցՙ Հիլարի Քլինթոնի ղեկավարության ներքո: Այսօր, նախագահ Թրամփը ուղիներ է որոնում բարելավելու համար հարաբերությունները, սակայն պատերազմի հրձիգների մի նոր խմբավորում է ուրվագծվում, որ պատրաստ է միանալու Մոսկվային հարվածելու միջազգային արշավին: Մայք Պոմպեոյի եւ Ջոն Բոլտոնի միացությունը ամենադյուրավառ քաղաքական զույգն է դարձել, որ չի խրտնում համաշխարհային երրորդ պատերազմի հնարավոր բռնկումից:

Իրաքից, Լիբիայից եւ Սիրիայից հետո, հաջորդ թիրախը Իրանն է, որը նշանակում է, թե պատերազմը գնալով ավելի է մոտենում Հայաստանի սահմաններին:

«Արաբական գարունը» սանձազերծողները նախապես քաջատեղյակ էին, թե ինչ հետեւանքներ կունենան իրենց գործողությունները: Այդ հետեւանքները բացարձակապես ոչ մի կապ չունեին տվյալ երկրները ժողովրդավարական դարձնելու հետ: Նպատակը այդ երկրները ավերակ դարձնելն էր: Այսօր Իրանն է նրանց դիտակետում:

Արեւելք-Արեւմուտք ներկա առճակատման պայմաններում Թուրքիան ստանձնել է չափազանց կրիտիկական դերակատարությունՙ իրար դեմ հանելով երկու ճամբարները: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, Թուրքիան խախտել է այդ կառույցի բոլոր օրենքները, բայց դեռեւս համարվում է «վստահելի դաշնակից»: Գաղափարների շտեմարանների (think tanks) եւ լրատվամիջոցների աշխատակիցներ որոշ ժամանակ կոչեր հնչեցրին, որ անհրաժեշտ է վերջ տալ Թուրքիային դաշնակից համարելու սովորությանը, բայց Ռուսաստանին մոտենալու Թուրքիայի ձեռնարկած քայլերին զուգահեռ այդ կոչերը լռեցին եւ նույնիսկ կարծիքներ հայտնվեցին, որ ինչ էլ լինի Թուրքիան պետք է մնա ԱՄՆ-ի դաշնակիցը: Ավելին, Վաշինգտոնն իր բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին հասկացրեց, երբ հանեց դատական մեղադրանքներն ընդդեմ Էրդողանի թիկնապահների, որոնք ամերիկացի քաղաքացիներին էին ծեծել 2017-ի մայիսին: Դրանք մինչեւ վերջերս օգտագործվում էին որպես քաղաքական գործարքների «հաղթաթուղթ»:

Պատմականորեն, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը թշնամիներ են եղել, որոնք իրար դեմ պատերազմել են տիրանալու համար որոշակի տարածքների: Բայց ներկայիս նրանք ընդհանուր լեզու են գտել Սիրիայում, եւ այն փորձում են նաեւ կիրառել այլ ոլորտներում:

Մինչ սառը պատերազմի քամիները փչում են համաշխարհային մասշտաբներով, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հանդիպում են իրար հետ ոչ թե միայն կարգավորելու յոթնամյա հակամարտությունը Սիրիայում, այլեւ վերաձեւավորելու ամբողջ տարածաշրջանը:

Քաղաքական այդ մերձեցմանն առընթեր ռազմական մեկ այլ դաշնություն է ձեւավորվում հանձինս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի, որոնց պաշտպանության նախարարները արդեն հանդիպել են միմյանցՙ համակարգելու համար իրենց ռազմական ծրագրերը: Վրաստանի նախկին օրինազանց նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տարիներ առաջ, իր իշխանության օրոք, ասել էր, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է: Չնայած հետագայում երկրում կատարված իշխանության փոփոխությանը, տպավորությունն այն է, որ այդ հակահայկական քաղաքականությունը դեռ ուժի մեջ է: Եթե այդ երկրները առեւտրի եւ մշակութային փոխանակության համաձայնագրեր ստորագրած լինեին, կարելի կլիներ նորմալ համագործակցություն համարել կատարվածը, բայց ռազմական պայմանագիր կնքել Հայաստանի ոխերիմ թշնամիների հետՙ առնվազն տագնապալի է:

Ռուսաստանի նախագահը Անկարայում էր վերջերս եռակողմ հանդիպման համար: Նախքան գագաթաժողովը Պուտինը մասնակցեց ռուսական կապիտալով եւ տեխնոլոգիայով Աքքույու բնակավայրում կառուցվելիք ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը: Այն նախատեսվում է ավարտել 2023-ինՙ ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադրման տարեդարձին: Օրակարգում էին նաեւ այլ ծրագրեր, օրինակ, «Թյուրքստրիմ» գազամուղի շինարարության համաձայնությունը, որը նախատեսում է ռուսական գազը հասցնել Թուրքիա եւ այնտեղիցՙ Եվրոպա:

Էրդողանը անխոհեմ շտապողականությամբ է վերաբերվում պատմական պայմանագրերի (ինչպես օրինակ 1923 թվի Լոզանի պայմանագրի) վերանայմանը: Նա կարող է համոզել Պուտինին վերջնական տեսք տալ Հայաստան-Թուրքիա ներկա սահմանը որոշող 1921 թվի Կարսի հարյուրամյա պայմանագրին:

Նախագահ Պուտինից հետո Թուրքիա ժամանեց նաեւ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին: Եռակողմ գագաթաժողվի գլխավոր նպատակն էր կարգավորել սիրիական հակամարտությունը հիմնվելով 2016-ին Աստանայում ձեռք բերված սկզբունքների վրա:

Բայց սիրիական ճգնաժամը չափազանց բարդ է, որպեսզի կարելի լինի կարգավորել մեկ գագաթաժողվի շրջանակներում: Այնտեղ չափից ավելի շատ ուժեր են ներգրավված: Իսլամական պետության (ISIS) ջախջախումից հետո, կողմերը հավատացած էին, որ ընդհանուր թշնամին ոչնչացված է: Բայց այդ գիտակցությունը երեւան հանեց մասնակից երկրների շահերի բախումը, որը նոր խնդիրներ առաջացրեց:

Մոսկվայի նպատակը եղել եւ մնում է իշխանության ղեկին պահել Բաշար Էլ-Ասադին, մինչդեռ Թուրքիան, Արեւմուտքը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների (Սաուդյան Արաբիայի, Իսրայելի) նպատակն է տապալել Ասադի վարչակազմը:

Մ. Նահանգները զինեց եւ օգտագործեց քրդերին Սիրիայում, իսկ հետո լքեց նրանց Թուրքիայի քմահաճույքին, որպեսզի դուրս մղի նրանց Աֆրինից: Չնայած Թուրքիան պնդում է, որ տարածքային ակնկալիքներ չունի Սիրիայից, բայց Կիպրոսի նախադեպը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Անկարան դեռ երկար կմնա Միրիական տարածաշրջանումՙ պատճառաբանելով քրդական սպառնալիքը իր սահմաններում: Գաղտնի համաձայնություն կար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մինչ ռուսական եւ սիրիական կառավարական զորքերը հակահարված էին տալիս արեւելյան Ղութայի ապստամբներին, Թուրքիան անարգել կոտորում էր քրդերին Աֆրինում:

Ռուսաստանը վերահսկում է Սիրիայի օդային պաշտպանությունը եւ առանց Մոսկվայից «կանաչ լույսի» ազդանշանի, Էրդողանը չէր համարձակվի Սիրիայում հաշիվները մաքրել քրդերի հետ: Ինչ վերաբերում է Իրանին, նրա ռազմական ներկայությունը Սիրիայում եւ Հզբոլլայի միջոցով երկարաձգումը այդ ազդեցությանՙ մինչեւ Իսրայելի սահմանները, անհանդուրժելի գործոններ են վերջինի համար:

Ամեն անգամ, որ խաղաղություն հաստատելու հնարավորություն է եղել Սիրիայում, Իսրայելը վիժեցրել է գործընթացը, որովհետեւ խաղաղության հաստատումը նշանակում է Իրանի ռազմական ներկայության ընդլայնում հարեւան Սիրիայում:

Էրդողանի հակա-իսրայելական հռետորաբանությունը Գազայի շրջանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց կռվի առթիվ, վրդովեցրել էր վարչապետ Նաթանյահուին, որ դարձյալ օգտագործի հայկական Ցեղասպանության խաղաքարտը:" Ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանն, ի պատասխան Էրդողանի, կառավարությանն էր դիմել պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այդուհանդերձ, Սիրիայում խաղաղություն հաստատելու գործընթացը կարծես մոտալուտ է: Խնդիրը կարգավորելու համար գլուխ-գլխի հավաքված կողմերը նաեւ համագործակցում են փոխադարձ շահեր ներկայացնող այլ ոլորտներում ի հեճուկս ԱՄՆ-ի, Իսրայելի եւ այլ քաղաքական ուժերի շահերի, որոնք, անշուշտ, ձեռքները ծալած չեն նստելու եւ դիտելու, թե ինչպես է մոխիրներից հառնում դարձյալ Սիրիան, եւ նրանից օգտվում են Իրանն ու Թուրքիան:

Կարծես թե ուրվագծվում է հարատեւ պատերազմի բաղադրատոմսը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ