RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2590, Տպվել է` 340, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»

ԱԼԵՔՍ սարկավագ ԳԱԼԱՅՃՅԱՆ

Երիտասարդությունը համարվում է ազգի կենսունակության աղբյուրը, քանի որ նա է ազգային գործադիր ուժը, ինչպես նաեւ առաջադիմության ու զարգացման կարելիությունների շտեմարանը: Երիտասարդնե՛րն եղել են պայքարների առաջին ճակատը նետվողները եւ զոհաբերվողները:

Այս մտորումներով տոգորովածՙ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Հոգեւոր առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը մշտապես մեծ տեղ է հատկացրել երիտասարդությանըՙ փորձելով նրանց հավաքել Եկեղեցու շուրջը, հավատալովՙ որ երիտասարդությունը եկեղեցու ավիշն է, որի միջոցով սնվում է եւ դառնում կենսունակ ու գործուն:

1992 թվականին Հովնան Սրբազանի մտահղացմամբ Կանադայում հիմնվել է «Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագիրը: Արեւմտյան թեմի առաջնորդ ընտրվելուց հետո Սրբազանը ծրագիրը ներմուծեց այս թեմի մեջ: Առաքելության նպատակն է մեր թեմի երիտասարդներին Հայաստան այցելելու առիթ ընձեռել, հնարավորություն ստեղծել այնտեղ հայրենաշինական աշխատանքներին մասնակցելու, բարեգործական ծրագիրներ իրագործելու, կարիքավոր ընտանիքներին օգնելու, դասավանդելու, բնակարանների շինարարության աշխատանքներին մասնակից դառնալու...:

2017-ի մասնակիցներից Աննա Մուրադյանը կիսվելով իր տպավորություններովՙ ասաց. «Ճանապարհորդությունը եզրափակելու համար մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ես հասկացա, որ մեր երակների մեջ հոսող արյունը հազվագյուտ արժեք է, որի համար մեր նախնիները նահատակվեցին: Հետեւաբար, մեր պարտականությունն է, որ Հայաստանը մեր մեջ մարմնավորենքՙ իր ջերմությամբ ու պայքարովՙ գոյատեւելու եւ ավելի բարգավաճ Հայաստան ունենալու համար: Մեկ ամիս Հայաստանի մեջ լինելՙ նշանակում է հայ մշակույթին եւ հայ հավատքին ավելի եւս կապվել եւ դրանք մեր ողջ կյանքի ընթացքում ապրեցնել»:

Արդեն 14 տարի է, ինչ այս ծրագրերը իրականացվում են, որտեղ 130-ից ավելի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել: Նրանք մեկամսյա այցելության ընթացքում իրենց հոգեւոր, մշակութային, պատմական պապակը հագեցրածՙ վերադարձել են իրենց բնակավայրերըՙ իրենց հոգու մեջ վառ պահելով հայ ոգին ու շունչը:

Ծրագրի պատասխանատուՙ Ավետիս քհն. Աբովյանը մեր հետ ունեցած հարցազրույցում ծրագրի գործունեությունը այսպես բնորոշեց. «Ծրագրի նպատակն է Սփյուռքի մեր երիտասարդներին կապել իրենց հայրենիքին ու Մայր եկեղեցուն: Այդ մեկ ամսվա ընթացքում եւ ուխտագնացությամբ մենք կարողանում ենք ցույց տալ հայրենիքի ու Մայր եկեղեցու կարեւորությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները նաեւ մասնակցում են ծառայողական ծրագրերի, ուր ապրում եւ շփվում են հայրենիքի գյուղական շրջաններում ապրող մեր ժողովրդի հետ: Երբ երիտասարդները ապրում են այդ մարդկանց հետ, ճիշտ են հասկանում եւ յուրացնում այդ ժողովրդի դժվարությունները, ինչպես նաեւ հայրենիքի օրհնությունները: Իսկ երբ վերադառնում են իրենց համայնքները, արդեն դառնում են հայրենիքի ու Եկեղեցու դեսպանները»:

Այս տարի եւս, հուլիս ամսին, տասնյակ երիտասարդներ «Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրի միջոցով պիտի այցելեն Հայաստանՙ իրենց սեփական աչքերով տեսնելու անկորնչելի մեր գանձերը, պատմությունը եւ անմիջականորեն ծանոթանալու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պատմությանը, դավանանքին ու վարդապետությանը:

Ահա այս նպատակներն է հետապնդում վերոհիշյալ ծրագիրըՙ երիտասարդներին Եկեղեցու հետ կապը սերտացնելու համար: Ինչպես արտաքին աշխարհը, նույնպես եւ Եկեղեցին կարիք ունի նոր ու թարմ ուժի, վերակազմավորման, ինչպես կյանքի մյուս բոլոր բնագավառները: Եկեղեցին կարիք ունի կենդանի մնալու եւ գոյատեւելու, ինչպես ամեն գոյակ: Եկեղեցին կարիք ունի երիտասարդությանՙ երիտասարդացնելու համար ինքն իրեն: Որքան շատ երիտասարդներ լինեն եկեղեցու ներսում, այնքան ավելի կենսունակ օրեր ու շողշողուն ապագա կունենա քրիստոսավանդ ծառայության մեջ, որովհետեւ, ի վերջո, Եկեղեցին աստվածահիմն հաստատություն էՙ Քրիստոսի վրա հիմնված եւ նրանով առաջնորդվող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ