RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



ՇՈՒԿԱ

Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2749, Տպվել է` 366, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂՈԼՈՐՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ, ԿԱՄՙ ՍՏԵՊՂԻՆԸ ԵՎ ԻՐ ԳԻՆԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Օրեր առաջ խմբագիրս ինչ-որ ձեւով տարակուսած դիմեց, թե ինչու ենք անգամ ստեպղինը Իրանից ներկրում: Հարցը տողերիս հեղինակին էր ուղղված, քանզի հրապարակումներիս ընթացքում հաճախ եմ անդրադառնում ՀՀ պարենային ապահովության եւ անվտանգության հարցերին, որտեղ եթե ստեպղինն անգամ այս առումով չդիտարկենք, այսուհանդերձ անկարող ենք չնկատել, որ հարյուր հազարավոր տանտիրուհիներ իրենց խոհանոցային արվեստը ստեպղինի բացակայության պարագայում ոչ լիարժեք կգնահատեն: Այնպես որ, ուզենք թե ոչ, այն մեր խոհանոցներում անհրաժեշտություն է, անկախ գնից ու մշակող երկրից, տեսքից թե թարմության աստիճանից:

«Հայկական սովետական հանրագիտարան»-ի 2-րդ հատորի 645-րդ էջում այս մշակաբույսը ներկայացվել է «Գազար» անվանման տակ, հետեւյալ բնորոշմամբ. «Հարուստ է ածխաջրերով, հանքային աղերով, վիտամիններով: Օգտագործվում է սննդի մեջ, թարմ, պահածոյացված, եփած վիճակում: Հյութը եւ կարոտինը օգտագործվում է որպես բուժամիջոց սակավարյունության եւ հիպերտոնիկ հիվանդությունների դեմ: Բերքատվությունըՙ 250-350 ց/հա»:

Խմբագրատանը կայացած արդեն նշված զրույցի ընթացքում փաստեցի, որ այս շրջանում ստեպղին Իրանից ներմուծելը տարիներ շարունակվող գործընթաց է, որը պարբերաբար փոխարինվում է Իսրայելից եւ մասամբ Եգիպտոսից իրականացվող ներկրումներով: Հիշյալ մշակաբույսի ահռելի քանակներ արտադրվում է հատկապես սակավահող դիտարկվող Իսրայելումՙ վերջին տարիներին մինչեւ 300 հազար տոննա, որի 100-120 հազար տոննան առաքվում է Ռուսաստան, 30-40 հազար տոննան Եվրոպա, որոշ քանակ էլ Հայաստան: Ոմանց ցանկությունը, անգամ այս աննշան պարագայում ազգային առանձնահատկության նախանշաններ տեսնել, պարզամտություն է, քանզի խոսքն ընդամենը մի քանի տասնյակ բանջարա-բոստանային մշակաբույսերից պարզապես մեկի մասին է: Երբ նշվածների կողքին մեր երկիրն ենք հիշատակում, շատերն են տարակուսում, թե ՀՀ հողային կարողունակության կողքին գրեթե հողազուրկ Իսրայելին այդ ինչպես է հաջողվում բերքի այդ քանակ ապահովել, երբ դրա անգամ 1 տոկոս հայաստանյան արտադրությունն առիթ է դառնում գազարի վերաբերյալ երգ ձոնելու: Վստահ եմ գուշակեցիք ինչի մասին է ակնարկս:

Ասացի 1 տոկոս եւ փաստալրագրողիս համար անհարմար վիճակում հայտնվեցի: Եթե հանկարծ պարզվի, որ ՀՀ-ում ստեպղինի արտադրությունը ոչ թե հրեից գյուղատնտեսությունում արտադրվողի 1 տոկոսն է, այլ 2-3 տոկոսը, ասել է թե 6-9 հազար տոննա, ինչ տրամադրությամբ եմ ունկնդրելու ՀՀ գյուղնախարարության ու ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնյաների քննադատությունը: Չէ որ երբեւէ անգամ հեռավոր զրույց չծավալելով այս եւ հայկական խոհանոցներում այլ սննդահումքի տեսականիների արտադրությունից, նրանք կազմ ու պատրաստ են հիմնավորել, որ ՀՀ պարենային ապահովությունն ու անվտանգությունը հուսալի վիճակում են, իրենք ամեն ինչ են անում դրանք առավել վստահելի աստիճանում պահելու ուղղությամբ, մեր մարդիկ այս հարցում կասկածելու առիթ չպետք է ունենան: Իսկ թե ինչու են Իսրայելի կառավարիչները հանդուրժում, որ իրենց գյուղոլորտում, որը մերոնք հնչեղ գյուղքաղաքականություն գնահատականով են ներկայացնում, ասենք ստեպղինի ահռելի քանակներ արտադրել, դա իրենց ներքին գործն է, հողօգտագործման իրենց տեսլականը, իսկ մերն ուրիշ է: Մերոնց հոգսն ու խնդիրը խաղողագործությունը զարգացնելն է, բերքի առավելագույն քանակների ստացումը, որի պայմաններում է հնարավոր խաղողագործներին մթերման գին թելադրել ու պարտադրել, դրանից ստացվող թունդ ալկոհոլն էլ արտահանելով գերշահույթներ ստանալ: ՀՀ գյուղոլորտը 10-յակ հազարավոր տոննաներ խաղողի մթերում է իրականացնում, վերամշակողները դրանք գինու ու կոնյակի են վերածում, երբ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը հիշյալ խմիչքներ ողջ տարվա ընթացքում անգամ 1-ական գավաթ չի օգտագործում: Իսկ ահա չարչրկվող ստեպղինը միջին հայաստանցու կողմից տարվա ընթացքում նվազագունը 7-8 կգ է սպառվում, որը հիմնականում ներմուծվում է:

Գիտեմ, որ հիմա մեր այս վիճակի համար պատասխանատուներից շատերն են տրտնջալու ու դժգոհելու, կարեւոր դիտարկելով իրենց համար առաջնային համարվող խնդիրները, հարցերը, գերակայությունները, ասենքՙ բրոկկոլիի ու շինշիլաբուծության ոլորտները: Այսկերպ փորձ է արվում մոռացության տալ մեր հարցերի հարցըՙ երկրի պարենանվտանգությունը, հայ գյուղի ու գյուղաբնակի հոգսն ու վիճակը, որը ՀՀ կառավարության փաստաթղթերով առաջնահերթությունների ցանկում է, իրականում պարզապես չկա:

Փորձեմ այն ներկայացնել ինչ տեսա ու լսեցի, ստեպղին մշակող մեր հիմնական գյուղական համայնքում, հանրահայտ Արամուսում: Զրուցում եմ հատուկ տարողության միջոցով ստեպղին լվացող մոտ 50-ամյա տղամարդու հետ: Լվացվող մշակաբույսը շատ ավելի հաճելի տեսք ունի, քան խոշոր առեւտրային ցանցերում ներկայացվածը: Չեմ կասկածում նաեւ, որ գնում կատարելիս մեր բնակիչները նախապատվությունը կտան տեղական արտադրողին, քանզի այն ստացվում է սեփական արտադրության սերմից, 2-3 անգամ լվացվում մեր կողմից օգտագործվող խմելու ջրով, փաթեթավորվում հայրենակիցների ձեռքերով, պատրաստվում առաքման: Այստեղ արդեն ստեպղին մշակող հողագործն առնչվում է իր հիմնական խոչընդոտին, իրացման գնին: Համայնքապետարանի աշխատակիցն այն ներկայացրեց հետեւյալ կերպ: Արամուսի 900 տնտեսություններից 2017-ին ստեպղին մշակել են 600-ը, հիմնականում 1200-ական քառակուսի մետր: Այս տարածքի բերքը տատանվում է 5-7 տոննայի սահմաններում, որից վերջնական ապրանքային բերքը 5000 կգ-ն է: Կիլոգրամը 150 դրամով իրացնելու պարագայում ստացվում է 750 հազար դրամ, որից կատարվող ծախսերը հանելուց հետո տեսանելի արդյունքն աննշան է: Հետեւանքն այն է, որ առեւտրի մի կետում ստեպղինն այս օրերին վաճառվում է 300 դրամով, մի քանի մետր այն կողմՙ 400 դրամով: Ահա ինչու վերջին տարիներին շուրջ 300 տնտեսություններ դադարել են այն մշակել: Շուկայական հարաբերության էությամբ արդարացում փնտրելու ՀՀ պատասխանատուների փորձերը որեւէ հիմնավորում չունեն, քանզի այդ նույն պայմաններում են գործում, ասենք, իրանցի գյուղացիները, որոնց փորձն ուսումնասիրելն ու գործնական քայլեր ձեռնարկելը մեր պաշտոնյաների խնդիրն է: Իվերջո ո՞ւր մնաց գյուղացուն, հողագործին սատարելու խոստումներն ու պարտավորությունները եւ ուր է թե խոսքը միայն այս մշակաբույսի մասին լիներ:

Ծանոթանում ենք ՀՀ կառավարության հաստատած գյուղատնտեսության զարգացման ռազմավարական փաստաթղթերին, որոնցում հավաստվում է. դեռ 2015-ին 530 հազար տոննա հացահատիկի, 800 հազար գլուխ խոշոր եղջերավորի, 370 հազար խոզերի, 1,5 մլն մանր եղջերավորի, 10 մլն թռչնի, 270 հազար տոննա խաղողի բերքի մասին, երբ անգամ դրանց կեսն էլ չկա, իսկ աղքատիկ երկրի բյուջեի գումարները ծախսվել են, եթե մսխվել չասենք: Համանման պատկեր է ծիրանի ու մեղրի աննշան քանակներով աշխարհին ներկայանալու, գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու առումներով, երբ մեզանում միայն շքեղաշուք հյուրանոցներն են ավելանում եւ իշխանության ներկայացուցիչների արաբական շեյխերին վայել առանձնատները: Սա է այն միջավայրի կազմավորման գործընթացը, որը երկրի թիվ 1 պաշտոնյան գաղջ որակեց. ցավոք այն դեպի դրականը փոփոխվելու նշաններ ցույց չի տալիս:

Այս ընթացքում մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ, հիմնականում աշխարհով մեկ սփռված իրենց ընտանիքների անդամներին տեսակցելու առիթով արտերկրներ են այցելում, տեսնում այնտեղ խնդիրների լուծման մակարդակն ու բնականաբար հարցնում ու տարակուսում. լավՙ ցորենն ու գարին, միրգն ու բանջարեղենը, հատապտուղն ու չրերն ի՞նչ է որ չենք կարողանում արտադրել, մեր պարենապահովությունն ու պարենանվտանգությունը երաշխավորել, չխոսելով գրեթե ձախողված կենդանական ծագման սննդատեսակների արտադրության մասին, որտեղ միայն գներն են աճում:

Ընտանեկան հանգամանքներով վերջին տարիներին Ավստրիա այցելող ՀՀ քաղաքացիս փաստում եմ. դեպի ծովեր սահման, նավթ ու գազ գրեթե չունեցող այս երկիրը 1 բնակչի հաշվով 1500 քառակուսի մետր վարելահող ունի, Հայաստանըՙ 2000 քմ: Ավստրիան գրեթե ինքնաբավ է, որի ապացույցն են ապրանքների պիտակների վրա երկրի դրոշի պատկերները: Ապրանքները գերազանց որակի են, բացառապես տեղական հումքից, շատ հաճախ վաճառվում են ընդգծված զեղչերով, որոշակի գրավիչ առաջարկներով: Նշեմ գարեջրի մասին. դրանց զեղչերն անպակաս են, մերոնց գներից պակաս, իսկ 0,5 լ տարողության շշերը հետ ընդունվում են 9 ցենտ հետվճարով: Արդյո՞ք նվազագույն ցանկության դեպքում այսօրինակ հարցը լուծելն անհնարին է, որից կշահի թե՛ սպառողը, թե՛ բնությունը, քանզի մեզանում ապակե տարան հայտնվում է աղբավայրերում: Տեղյակ եմ, որ անգամ թույլ տնտեսություններ ունեցող երկրներում են աղբի մանրակրկիտ տեսակավորում իրականացնում, այրման ենթակա աղբահումքն օգտագործում ցեմենտի ու գաջի արտադրություններում ծախսվող գազի փոխարեն, այդկերպ նպաստում իրենց արտադրանքի գների մատչելիությանը: Ամենուր համանման գործընթացներն անհատներն են ծավալում, անշուշտ իշխանությունների ակտիվ աջակցությամբ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծավալի տարածք կազատվի Նուբարաշենի աղբահանքը այսկերպ վերացնելու, հողն իր հիմնական նպատակին ծառայեցնելու արդյունքում: Ցավով եմ նշում, որ մեզանում նման խնդիրները հեռավոր ապագային են թողնվում, պատճառաբանվում ու արդարացվում:

Վերհիշեմ համանման մի փորձ: Շուրջ 5 տարի առաջ, «Ազգ»-ի նյութերից մեկում նշել էի, որ Ավստրիայում ներմուծվող բանանի գինը շատ հաճախ 1 եվրոյից էլ մատչելի գնով է վաճառվում, այն ժամանակ 530 դրամով: Երբ այդ շրջանում պաշտոնավարող ՀՀ առեւտրի նախարարին հարց ուղղվեց, բացատրությունն այն եղավ, որ հիշյալ գին առաջարկող առեւտրի օբյեկտը հավանաբար փակվում է, նախընտրում ցածր վերջնագին սահմանել: Մի կարճ շրջան գները մեզանում 600-700 դրամի միջակայքում էր, որը հիմա 900 դրամ է: Իսկ ահա Ավստրիայում այն շարունակում են 1 եվրոյից ցածր գնով առաջարկել, որպիսի ապացույց վերցրել ենք սուպերմարկետներից մեկի հունվարյան գովազդային թերթիկից:

Հայաստանաբնակին մտահոգող հարցերի ու խնդիրների շարանին կարծես վերջ չկա, երբ ով չի ծուլանում, խոսում է հայի աշխատասիրությունից, քարից հաց քամելու ունակությունից: Թե որտեղ եւ ինչ կերպ է դա հաստատվում, մեր առօրյան ապացույցներ չունի: Փոխարենը շրջապատիս շրջանում զրույց կա, որ եթե ցանկանում եք առօրյա ոգեւորություն ապրել, հանրային հայտարարվող հեռուստաալիքը դիտեք: 50-ամյա կենսափորձով լրագրողիս այսօրինակ մոտեցումը հիմնականում տարօրինակ է թվում, քանզի անվանումով հանրային այս լրատվամիջոցի ոգեւորություն առաջացնող արտադրանքը բոլորովին էլ շարքային հայաստանցու համար չի նախատեսված, այլՙ ժամանցային ու զվարճանքային տրամադրությունների պակաս չունեցող գլամուրային երեւելիների: Աստված իրենց հետ, թող երգեն ու պարեն, Արարչից էլ հերթական անգամ խնդրեն օգնել մեզ զորանալ, հզոր Հայաստան դառնալ: Բայց չէ՞ որ Արարիչը մեր կայանալու հիմնական բոլոր միջոցները տվել էՙ հող, ջուր, արեւ, որն ընդամենը հարկ է ըստ արժանվույն օգտագործել. նախ լուծել երկրի բնակչության պարենային առաջնահերթությունները, հետո տրվել այլոց վայելքների բավարարմանը, որը մեզանում գլխիվայր է շրջվել եւ պատճառ դարձել հանրային անվստահության եւ անորոշության:

Տխուր է, եթե այլ գնահատական չհնչեցնենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ