RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2493, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, գիտաժողովի մասնակից

Մարտի 21-23-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Համահայկական գիտաժողով էր կազմակերպել, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Հրավիրվել էր Հայաստանի եւ Սփյուռքի ժամանակակից պատմագիտական մտքի գրեթե ողջ սերուցքը: Խորհրդանշական էր, որ համաժողովին մասնակցում էին ավագագույն սերնդի ներկայացուցիչներ Ռիչարդ Հովհաննիսյանն ու Երվանդ Փամբուկյանը:

Ընդհանրապես շատ հագեցած ծրագիր էր: Բեյրութ հասնելուց անմիջապես (ի դեպ հաճելի անակնկալ էր օդանավակայանում իմ լավագույն բարեկամներ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի եւ Լիբանանում ՀՀ դեսպան, մեր բաժնի նախկին աշխատակից Սամվել Մկրտչյանի կողմից մեզ դիմավորելը) հետո մեկնեցինք Զմմարի հինավուրց վանական համալիր: Վանքի խաղողի այգում աշխատելուց վերադարձող բարեհամբույր վարդապետն իմանալով մեր ով լինելը, կամավոր ստանձնեց զբոսավարի պարտականությունները: Նա մանրամասն ներկայացրեց վանքի հիմնադրման եւ գոյատեւման տարիների պատմությունը, անթաքույց հպարտությամբ ցուցադրեց բոլոր սրահները, թանգարանային նմուշներն ու մասունքները: Իսկ վերջում «չմոռացավ» հիշեցնել իրենց մեծահամբավ գինու մասին:

Հյուրանոցում կարճ դադարից հետո մեկնեցինք Լիբանանում ՀՀ դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ Երեւան քաղաքին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Դեսպանատանը բավական թվով հարազատ դեմքեր տեսա: Ուրախ էի հանդիպելու ՌԱԿ վետերան գործիչ ու բարերար Կարո Պապահեքյանին` տիկնոջ հետ, ԱՄՆ-ից ժամանած անսպառ եռանդի ու աշխատասիրության տեր մտավորական Հակոբ Վարդիվառյանին, «Զարթօնքի» նախկին խմբագիր Պայծիկ Գալայճյանին եւ էլի շատերի:

Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո մեզ սպասող ավտոբուսով մեկնեցինք Անթիլիաս: Բավական մեծ թվով հյուրեր կային: Հնչեցին ՀՀ, ԱՀ հիմները, ապա` Անթիլիասի օրհներգ դարձած «Կիլիկիան»: Այնուհետեւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: 100-ամյակի առթիվ սրբատառ կոնդակն ընթերցելուց հետո նա նշեց, որ ազատ ու անկախ ապրելու «տենչը եւ կամքը, նոյնիսկ իմացեալ մահով, հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան ամենէն յատկանշական երեւոյթներէն մէկը դարձած է` Հայկ Նահապետէն սկսեալ»: Նշելով, որ մեր պատմությունը հարուստ է բռնակալության դեմ հերոսական մարտնչումներով, Արամ կաթողիկոսը շեշտեց. «Այսպէս եղաւ 28 Մայիս 1918 թուականը մեր ժամանակակից պատմութեան մէջ, որ հայ ժողովուրդը հզօր հաւատքով թրծուած եւ վճռականութեամբ զինուած, վերահաստատեց ինքնուրոյն պետականութեամբ իր հայրենի հողին վրայ ազատօրէն ապրելու իր հաւաքական կամքը»: Շարունակելով խոսքը Արամ Ա-ը հակիրճ պատմական էքսկուրս կատարեց եւ ցույց տվեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, հայ ժողովուրդն ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության, կարողացավ պետականություն կերտել եւ սերունդներին փոխանցել այն պահպանելու սրբազան պատգամը: Պատգամ, որն իմ կարծիքով այսօր եւ առհավետ պիտի տեղ ունենա յուրաքանչյուր հայի սրտում:

Այնուհետեւ ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, Ամենապատիվ Տ. Գրիգոր Ի. Պատրիարքի, Վերապատվելի Մկրտիչ Գարակէօզյանի ուղերձները:

«ՀՀ պատմության ուսումնասիրության եւ արժեւորման անդրադարձ» վերտառությամբ ելույթ ունեցավ Ռիչարդ Հովհաննիսյանը : Նա նախ հուզված նկատեց, որ երբեք հույս չի ունեցել տեսնել ՀՀ-ի 100-ամյակը եւ այն էլ այստեղ ու այստեսակ գիտաժողովի տեսքով: Ապա նշեց, որ իրեն առաջին անգամ Լիբանան հրավիրողը Սիմոն Վրացյանն է եղել, որը հորդորել է հայերեն չիմացող երիտասարդին ուսումնասիրել 1918 թ. մեր պետականության վերակերտման պատմությունը: Վաստակաշատ պատմաբանը Առաջին Հանրապետությունը նմանեցնելով անավարտ սիմֆոնիայի նշեց, որ Աստծո մատը խառն է, թե չէ մենք շարունակվելու ոչ մի շանս չունեինք:

Հաջորդը ելույթ ունեցավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա մասնավորապես նշեց, որ չնայած մենք տեւական ժամանակ կորցրել էինք պետականությունը, սակայն այն անթեղված էր յուրաքանչյուր հայի սրտում եւ ազգային կուսակցությունների ծրագրերում: Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ առաջին իսկ հնարավորության ժամանակ իրականություն դարձավ ի դեմս ՀՀ-ի:

Երվանդ Փամբուկյանի զեկուցումը նվիրված էր Արամ Մանուկյանին: Զեկուցողը նկատեց, որ չնայած Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը եկեղեցական հիմնարկ էր, որ այնտեղ տիրում էին վանական կայուն եւ պահպանողական բարքեր, բայց XIX վերջերին եւ XX դարի սկզբներին այստեղ տեղի են ունեցել լուրջ խմորումներ: Ամենեւին էլ պատահական չէ, որ այդ պատերի ներսից են դուրս եկել հայ հեղափոխականներ եւ ազատագրական պայքարի շատ գործիչներ:

Հաջորդ նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության հռչակաման նախադրյալները եւ 1918 թ. հերսամարտերի պատմական նշանակությունը» թեմայով զեկուցեց պգդ Վահան Մելիքյանը , «Հայոց պետականաշինության գործընթացը Վան-Վասպուրականում 1915-1918 թթ»` պգդ Ռուբեն Սահակյանը , «Բաքվի 1918 թ. ինքնապաշտպանության դերը ՀՀ-ի կայացման գործում»` պգդ Գեւորգ Ստեփանյանը :

Առաջին օրվա վերջին նիստում զեկուցումներով հանդես եկան` Արարատ Հակոբյանը «ՀՀ-ի պետական կառուցվածքը», Վահրամ Բալայանը ` «Պետականության վերականգնման գործընթացը Արցախի մեջ», Սուրեն Սարգսյանը ` «Հայ Ժողովրդական կուսակցության գործունեությունը Հայաստանի մեջ 1918-1920 թթ.» թեմաներով: Վերջում հնարավորություն ընձեռվեց զեկուցողներին հարցեր տալ եւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն: Նկատենք, որ բոլոր զեկուցումներն էլ փաստառատ էին եւ գիտական մակարդակ ունեին: Լրացման կարգով ավելացնեմ, որ բավական հետաքրքրություն էր առաջացրել նաեւ տողերիս հեղինակի զեկուցումը: Այն, ինչպես նկատեց Ռիչարդ Հովհաննիսյանը, շատ նորություններ պարունակող ու ծեծված թեմա չէ եւ խորհուրդ տվեց անպայման շարունակել ու ավարտին հասցնել սկսած գործը:

Երեկոյան ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կաթողիկոսարանի բակում կառուցված եռաթեւ հուշարձանի բացումը: Հուշարձան, որի խորհուրդը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարն է եւ գալիք սերունդներին ուղղված կոչ` անխաթար պահել, իսկ հնարավորության դեպքում միաձուլել այդ երեք բաղադրիչներն ապագայում:

Հաջորդ օրը նույն եռանդով գիտաժողովը շարունակվեց: Այս անգամ զեկուցումների ատաղձը կազմում էին Հայկական հարցին ու ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը նվիրված դոկտորներ Ռուբեն Սաֆրաստյանի, Գեղամ Պետրոսյանի, Արմենուհի Ղամբարյանի, Կարեն Խաչատրյանի եւ Վարդան Ոսկանյանի ելույթները:

Գործնականը հաճելիին զուգակցելով գիտաժողովի կազմակերպիչները մասնակիցներիս ուղեկցեցին դեպի Ջիբեյլ` Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան եւ Թռչնոց բույն: Մաքուր ու կոկիկ էր ամեն ինչ, ճաշակով հարդարված, բայց նաեւ` շատ ազդեցիկ: Հենց մուտքից սկսած բետոնե հատակի մանկական ոտնահետքերն ու շարքով ծալապատիկ նստած ողորմություն մուրացող որբուկների արձանիկները կարծես իսկական լինեին` սովալլուկ մանուկների օգնություն աղերսող հայացքները` կենդանի... Իսկապես, մեծ ցավ ու տառապանք կար օդում եւ ամեն տեղ:

«ՀՀ-ի դերը հայկական իրավունքների հետապնդման գործում» ընդհանուր վերտառությամբ, սակայն տարբեր հիմնախնդիրներին նվիրված զեկուցումներ կարդացին պրոֆեսորներ Համլետ Հարությունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արմեն Մարուքյանը, Արման Կիրակոսյանը :

Հաջորդ օրվա զեկուցումների առաջին բաժինը` «Անկախությունից անկախություն (28 մայիսի 1918-21 սեպտեմբերի 1991) իրենց հետաքրքրական եւ բովանդակալից զեկուցումներով ներկայացրին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Զավեն Մսրլյանը , դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Միքայել Հաճյանը : Ունկնդիրները ոչ պակաս հետաքրքրությամբ լսեցին «Հայասանի անկախության գաղափարախոսության պահպանումը Հայաստանի եւ Սփյուռքի մեջ» բաժնի զեկուցողներ Եղիկ Ճերեճյանին , Նազարեթ Բերբերյանին , պրոֆեսոր Էդիկ Մինասյանին եւ դոկտոր Խաչատուր Ստեփանյանին : Բավականին նորություններ էին պարունակում նաեւ «Անկախության գաղափարախոսության պահպանումը հայ մշակույթի մեջ» բաժնի զեկուցողներ Գուրգեն Վարդանյանի , Երվանդ Տեր-Խաչատրյանի , Մովսես Հերկելյանի , Կարո Հովհաննիսյանի , Ռուբինա Փիրումյանի զեկուցումները:

Գիտաժողովի վերջին ակորդը եղավ «Հայ եկեղեցու դերակատարությունը Հայաստանի անկախության կերտման, պահպանման ու հզորացման գործում» բաժնի զեկուցողներ Վարդան Դեւրիկյանի , Սեպուհ արք. Սարգսյանի , Մեսրոպ ծ. վրդ. Թոփալյանի փաստառատ ելույթները:

Գիտաժողովի ավարտից հետո փակման խոսքով ելույթ ունեցավ Արամ Ա կաթողիկոսը: Նա նշեց, որ գիտաժողովն արգասաբեր եղավ եւ ամբողջությամբ ծառայեց իր նպատակին: Այնուհետեւ Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն պարգեւ-շքանշաններով պարգեւատրեց Երվանդ Փամբուկյանին եւ Ռիչարդ Հովհաննիսյանին:

Իսկ վերջում մեկնեցինք Բիքֆայա` կաթողիկոսարանի ամառային նստավայր: Վեհափառի ուղեկցությամբ եւ որոշ դեպքերում նաեւ տեղեկատվությամբ շրջեցինք մաքուր ու գեղեցիկ ձեւավորված բակում: Լուսանկարվեցինք «Վերածնունդի» հուշարձան-կոթողի մոտ, ապա` ընթրեցինք դպրեվանքի հյուրընկալ ճաշարանում եւ ունկնդրեցինք դպրեվանքի սաների երգչախմբի հոգեթով ելույթը:

Հրաժեշտն ավելի ջերմ ստացվեց: Բաժանվեցինք կրկին հանդիպելու հաստատ որոշմամբ եւ նոր լիցքերով ու ծրագրերով ոգեւորված:

Վերադարձի ճանապարհին ինքս ինձ համար ամփոփում էի գիտաժողովն ու դրա հետ կապված տպավորություններս: Կարճ` դրանք այսպիսի տեսք ունեն.

1. գիտաժողովը միանշանակ հաջողված եւ արգասաբեր իրողություն էր,

2. ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով եւ անթերի,

3. աշխատանքային ջերմ, ստեղծագործական մթնոլորտ էր ամենուրեք,

4. ուշադրության կենտրոնում էինք բոլորս եւ բոլոր հարցերում,

5. միակ տարակարծությունս այն եղավ ու ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու արտոնված չէր, որ գիտաժողովի ընթացքին կարողանային հետեւել նաեւ ոչ հրավիրյալ ցանկացողները:

Հայոց պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված Անթիլիասի գիտաժողովն ավարտվեց, բայց շուտով սկսվելու է գիտաժողովների հայաստայան շարքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ