RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2445, Տպվել է` 340, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՀԱՆՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Սերգեյի Ավետիսյանի հետ

ՀՀ դատարանների կողմից 2017 թ. 180 անձի (4,7 տոկոս) վերաբերյալ կայացվել է 143 դատական ակտ, որից 142 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս տվյալներն նշում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանըՙ ավելացնելով, որ Արդարացման դատավճիռները մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, նրա արդար դատաքննության իրավունքի ապահովման, դատարանների անկախության դրսեւորման գործուն միջոց են:

- Պարոն Ավետիսյան, ամփոփել եք արդյոք քրեական արդարադատության ոլորտին առնչվող ՀՀ դատարանների 2017 թվականի գործունեությունը, ինչպիսի՞ն են արդյունքները:

- 2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 5027 քրեական գործ, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ` 20675 միջնորդություն (ընդհանուրը` 25694): Համեմատության կարգով նշենք, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 22316 քրեական գործ եւ միջնորդություն, այսինքն վարույթների քանակն ավելացել է 3378-ով (15,1 տոկոս):

2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական ակտ է կայացվել 3919 անձի վերաբերյալ: Դատապարտված 2410 անձանցից` ազատազրկման ձեւով պատիժ է նշանակվել 1410 (58,5 տոկոս) անձի նկատմամբ, կալանքի ձեւով` 181 (7,5 տոկոս) անձի նկատմամբ, տուգանքի ձեւով` 752 (31,2 տոկոս) անձի նկատմամբ: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել 859 անձի նկատմամբ (53,9 տոկոս):

Հարկ է փաստել, որ աճել են` տուգանքը որպես պատժի տեսակ կիրառելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերը:

Սակայն ազատությունից զրկելու հետ կապված, պատժատեսակների (ազատազրկում, կալանք) կիրառումը շարունակում է գերակշռել: Պատահական չէ, որ մենք այս առումով միջազգային կառույցների քննադատության թիրախում ենք:

Քրեական պատժողական քաղաքականության եւ իրավակիրառ պրակտիկայում շոշափելի արդյունքների կարելի է հասնել միայն համակարգված մոտեցմամբ, մասնավորապես անհրաժեշտ է արմատական բարեփոխումների ենթարկել պատիժ նշանակելու գործող օրենսդրության կանոնները, վերանայել սանկցիաները` դրանք համահունչ դարձնելով ՀՀ Սահմանադրության պահանջներին, այն առումով, որ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին (71-րդ հոդված):

Ուշագրավ է, որ կտրուկ նվազել են խուլիգանության, խարդախության, վաշխառության, ծեծի եւ այլ հանցատեսակները, ինչին նպաստել են նաեւ քրեական պալատի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

- Ինչպես հայտնի է, դատարանների իրական անկախության մասին խոսելիս կարեւոր է հաշվի առնել արդարացված անձանց թիվը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

- Արդարացման դատավճիռները մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, նրա արդար դատաքննության իրավունքի ապահովման, դատարանների անկախության դրսեւորման գործուն միջոց են: Դրանք վկայում են դատավորների անկախության, անաչառության, սկզբունքայնության եւ պրոֆեսիոնալիզմի մասին:

Արդարացումներն արդարադատության հայելին են: Սակայն ակնհայտ անհիմն արդարացման դատավճիռները հանուն ցուցանիշների վտանգավոր են եւ հեղինակազրկում են կոնկրետ դատավորին եւ արդարադատությանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես անմեղ անձանց դատապարտումը, այնպես էլ մեղավորների արդարացումը նույն չափով վտանգավոր են եւ հեղինակազրկում են արդարադատությունը: Այլ խոսքով` մենք դեմ ենք հանուն ցուցանիշների անհիմն եւ չպատճառաբանված արդարացումներին եւ պատահական չէ, որ դրանց մի մասը բեկանվում է:

Ինչպես նշվեց ՀՀ դատարանների կողմից 2017 թ. 180 անձի (4,7 տոկոս) վերաբերյալ կայացվել է արդարացման դատական ակտ:

2016 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ: Օրինակ` 2009 թվականին արդարացվել է 25 անձ (0,7 տոկոս): Վերջին 10 տարիներին Հայաստանում արդարացվել է 1000-ից ավելի անձ:

Համեմատության համար նշենք, որ հետխորհրդային երկրներում արդարացված անձանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայի Հանրապետությունում, Բելառուսում, մի շարք Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը 1 տոկոսից պակաս է:

Հարկ եմ համարում նշել նաեւ, որ ձեռք բերված նվաճումների հարցում մեծ է նաեւ Վճռաբեկ դատարանի ձեւավորած նախադեպային իրավունքի դերակատարությունը: Այսօր դժվար է գտնել որեւէ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, ինչու չէ նաեւ դատական ակտ, որի հիմնավորումները կառուցված չլինեն Վճռաբեկ դատարանի այս կամ այն իրավական դիրքորոշման վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ քրեական պալատի որոշումները հսկայական ազդեցություն ունեն ոչ միայն կանխատեսելի եւ արդյունավետ դատական պրակտիկայի, այլեւ ողջ քրեական արդարադատության, ինչպես նաեւ օրենսդրության զարգացման գործընթացների վրա:

- Դուք նշեցիք, որ դատարանները ծանրաբեռնված են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին եւ դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող միջնորդությունները քննության առնելու առումով: Խնդրում եմ մանրամասնեք:

- 2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 20675 միջնորդություն, որից 2363-ը (14,1 տոկոս) հանդիսացել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2363 միջնորդություններից 2220-ը (93,9 տոկոս) բավարարվել է:

Նույն ժամանակահատվածում ՀՀ դատարաններում ստացվել է գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 788 միջնորդություն, որից 125-ը (15,9 տոկոս) բավարարվել է:

Այսպիսով, 2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացված միջնորդությունների թիվն աճել է 2958-ով (16,7 տոկոս):

Հատուկ ուշադրության է արժանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու եւ կալանքը գրավով փոխարինելու հիմնահարցը:

Ինչպես նշվեց, քրեական հետապնդում իրականացնող մարմինների` կալանք կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունների 92-94 տոկոսը բավարարվում է: Այս ցուցանիշները բոլորիս են մտահոգում, չնայած, որ շատ երկրներում պատկերը նույնն է: Հաճախ տարբեր ամբիոններից եւ լսարաններից կարելի է լսել, որ առկա վիճակը պայմանավորված է դատարանների ոչ արդյունավետ գործունեությամբ: Կարծում եմ, որ պատճառները տարբեր են, եւ առաջին հերթին կապված են առկա օրենսդրական թերի կարգավորումներով:

Այսպես, գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց եւ կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս): Այդ պատճառով, դատարանները հաճախ ստիպված են լինում մեղադրյալին կալանավորել այն հաշվառմամբ, որ հետագայում կարող է գրավ կիրառելու միջնորդություն լինի: Բացի այդ, գրավը դատարանի որոշմամբ կիրառվում է քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ սեփական նախաձեռնությամբ` միայն դատարանում գործը քննելիս (նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մաս): Ժամանակն է նախատեսել այլ այլընտրանքային խափանման միջոցներ (տնային կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում եւ այն):

Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատարանների որոշումների ամփոփումը վերլուծելիս, պետք է նկատի ունենալ եւս մի օբյեկտիվ բնույթի հանգամանք, որն ազդում է տվյալ ցուցանիշների վրա, այն էՙ հանցագործության մեջ մեղադրվող տասնյակ անձինք դիմում են փախուստի եւ նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որի պարագայում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դառնում է պարտադիր պայման, քանի որ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, ձերբակալելու եւ Հայաստանին փոխանցելու նախապայմաններից մեկըՙ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելն է:

Հարկ եմ համարում նշել, որ քրեական պալատը բազմաթիվ որոշումներ է կայացրել կալանավորման հիմքերի, հիմնավոր կասկածի չափանիշների, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, կալանքը գրավով փոխարինելու իրավաչափության եւ խափանման միջոցներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Արդյունքում կարող ենք փաստել, որ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով իրավակիրառ պրակտիկան ընդհանուր առմամբ համահունչ ենք դարձրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին եւ Եվրոպական դատարանի որոշումների ստանդարտներին:

Ճիշտ եւ նպատակահարմար կլիներ, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատարաններ ստեղծվեին, ինչը նախատեսված էր դատաիրավական բարեփոխումների հայեցակարգում: Այս տեսակի մեծաքանակ միջնորդությունները ներկայումս քննության են առնում միայն քրեական գործեր քննող դատավորները, ինչն առաջացրել է գերծանրաբեռնվածություն, ուստի այդ հարցում անհրաժեշտ է գտնել արդյունավետ լուծումներ:

- Տարբեր ամբիոններից խոսվում է ՄԻԵԴ-ում «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մասին եւ նշվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կալանավորման որոշումները բողոքարկելու տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

- Հարկ եմ համարում նշել, որ դիմումատուն ձերբակալվել եւ կալանավորվել է 2007 թվականի մայիսին: Այդ ժամանակահատվածում քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի համաձայնՙ կալանավորման որոշումները ուժի մեջ էին մտնում Վերաքննիչ դատարանի դատական ակտով եւ ենթակա չէին բողոքարկման վճռաբեկության կարգով: Այդ առումով ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան ներկայացրել է առարկություն պնդելով, որ դիմումատուն խախտել է Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը եւ չի դիմել Վճռաբեկ դատարան: Եվրոպական դատարանը նշված առարկությունը չի ընդունել, պատճառաբանելով, որ ՀՀ վճռաբեկ դատարան նշված որոշումների դեմ բողոքարկելու ընթացակարգ նախատեսողՙ հստակ ձեւակերպված որեւէ դրույթ դատավարության օրենսգիրքը այդ ժամանակաշրջանում չի պարունակել:

Ելնելով վերոգրյալներից, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կալանավորման որոշումները բողոքարկելու տեսանկյունից խնդրո առարկա ժամանակաշրջանում չի եղել ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, հետեւաբար նաեւ կարիք չկար Եվրոպական դատարան դիմելուց առաջ վճռաբեկ բողոք ներկայացնելու:

Գործող օրենսդրական կարգավորումները այսպիսի խնդիրներ չեն պարունակում եւ խափանման միջոցների վերաբերյալ որոշումները առանց որեւէ սահմանափակման կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան: Ուստի, Եվրոպական դատարանի դիրքորոշումը չի վերաբերում ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս պրակտիկային:

- Ի՞նչ կարող եք ասել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2017 թվականի գործունեության վերաբերյալ:

- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում 2017 թվականին ստացվել է 1911 վճռաբեկ բողոք, որոնցով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի 1454 դատական ակտ (47,7 տոկոս):

Բերված 1911 բողոքներից 100-ը (5,2 տոկոս) ընդունվել է վարույթ:

Վարույթ ընդունված 100 բողոքներից 76-ը` բավարարվել է:

Ընդ որում, ամբողջությամբ բավարարված հիշյալ 51 բողոքներից 27-ով բեկանվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատական ակտը եւ օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Արձանագրենք, որ 2017 թվականի ընթացքում` 2016 թվականի համեմատությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացված ընդհանուր բողոքների քանակն ավելացել է 130-ով (7,3 տոկոս), բողոքարկված դատական ակտերի թիվը` 122-ով (9,2 տոկոս), իսկ բավարարվածների թիվն աճել է 24-ով (86,3 տոկոս):

Վերջին երեք տարվա ընթացքում վճռաբեկ բողոքների թիվը աճել է 32 տոկոսով:

Հարկ եմ համարում նշել, որ մինչեւ 2017 թվականը քրեական պալատի հիմնարար որոշումների քանակը չի գերազանցել 60-ը: 2017 թվականին քրեական պալատը կայացրել է 82 հիմնարար որոշում, իսկ 13 բողոք փոխանցվել է քննության 2018 թվականին:

Այս դրական ցուցանիշները վկայում են, որ էապես բարձրացել է դատավարության մասնակիցների վստահությունը մեր նկատմամբ, նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի հայտնաբերված էական խախտումներն առանց հետեւանքի չեն մնում:

Այսպիսով, քրեական գործերով եւ միջնորդություններով ընդհանուր կայունությունը ՀՀ դատական համակարգում կազմում է 97,1 տոկոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ