ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ Մարտի 26-ին Աթենքում, Կիպրոսի դեսպանատանը, դեսպանության մշակութային բաժնի եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվեց Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կրում էր «Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական եւ Կիպրական խնդիրների ծագումը եւ Հայկական հարցը» անվանումը: Բանախոսներն էին Աթենքի համալսարանի դասախոս Սպիրիդոս Պոլումիդիասը , Աթենքի համալսարանի դասախոս Անդրեաս Անտոնոպոլուսը , գրող, հետազոտող, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը , Մոսկվայից հրավիրված «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աննա Գիվարգիզյանը , Հունաստանի իրավաբանների ընկերակցության վարչական խորհրդի անդամ Աթանասիա Ֆոտիադին : Գիտաժողովի համակարգողն էր գրող, պատմական գիտությունների դոկտոր Լուկաս Աքելոսը : Ամոփելով Բեռլինի վեհաժողովում հայությանը վերաբերվող հարցերը, Հովսեփ Քասեսյանը մասնավորապես նշեց Հայկական հարցի միջազգայնացման եւ Օսմանյան պետական մեխանիզմի կողմից հալածվող հայության իրավունքների ճանաչման կարեւորությունը: Աննա Գիվարգիզյանը խոսելով Բեռլինի վեհաժողվի պատմական դասերի, Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփ»-ի, Հայ ազգային ազատագրական պայքարի առաջին փուլի ձեւավորման մասին, իր զեկույցն ավարտեց Հայրիկի պատգամովՙ «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայը իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է կենաց եւ մահու օր. պինդ գրկե հողը» : Գիտաժողովին քննարկվեցին նաեւ Մակեդոնական եւ Կիպրական խնդիրների ծագման եւ հետագա զարգացումների հարցերը: |