RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3323, Տպվել է` 358, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՈՒՂԻՂ ԳԾՈՎՙ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Համենայնդեպս, նոր վարչաձեւը, որը Հայաստանում կիրառվելու է առաջիկա ապրիլի 16-ից սկսյալ, ունի մի շարք առավելություններ, որոնցից ամենակարեւորը, ըստ ինձ, մեկ եւ միակ կառավարական մարմին, ավելի պարզՙ մեկ եւ միակ կառավարություն ունենալն է: Ասածս առաջին հայացքից կարող է արտառոց թվալ- հապա քանի՞ կառավարություն ունենք ներկայիս: Պատասխանեմ անմիջապեսՙ երկուսը, ավելի ճիշտՙ իրար մեջ ագուցված զույգ կառավարություններ, որոնցից գլխավորը հանրապետության նախագահինն է, որը Սերժ Սարգսյանի պարագայում փաստացի կշարունակի գործել մինչեւ առաջիկա ապրիլի 9-ը որպես բացարձակ իշխանությունՙ գործնականում գերազանցելով սահմանադրական իր իրավասությունները, անտեսելով օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների միջեւ հակակշռության սկզբունքը, մամուլի վերահսկողական իշխանությունն էլՙ վրադիր:

Մերկապարանոց չթվալու համար ցանկանում եմ այստեղ բերել անձնական փորձառությունից ընդամենը մեկ դրվագ: Երկու տարի առաջ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը կուսակցության 95-ամյակը նշելու համար որոշել էր վարձակալել Օպերայի դահլիճը տոնական համերգի համար, որին մասնակցելու հրավիրվել էին մեր լավագույն պարախմբերը: Բնականաբար պաշտոնական դիմում ներկայացվեց մշակույթի նախարարությանը, որին ենթակա է Օպերայի դահլիճը: Դիմումը անպատասխան մնաց ամբողջ 5 շաբաթ: Կողմնակի հետաքրքրությունների արդյունքում պարզվեց, որ կուսակցության դիմումը գտնվում է նախագահականում: Հարկ եղավ վերջինիս բացատրություն տալ, որ համերգը քաղաքական-կուսակցական բնույթ չի կրելու, այլ պարզապես գեղարվեստական ելույթներ են լինելու 95-ամյակի վերտառության ներքո: Փոխադարձ պայմանավորումից հետո դահլիճը ի վերջո տրամադրվեց եւ կայացավ համերգըՙ ի մեծ բավականություն հանդիսատես բազմությանը: Հատկանշական է նաեւ, որ պետական ներկայացուցիչներից որեւէ մեկը, ներքին կատարյալ կարգապահությամբ, ներկա չգտնվեց համերգին: Միակ բացառությունը կազմելու էր արտաքին գործոց նախարարը, որ նույնպես պաշտոնապես հրավիրվել էր միջոցառմանը, սակայն համերգի սկսվելուց կես ժամ առաջ ցավ էր արտահայտել, որ «անակնկալ զբաղվածության» պատճառով չի կարող ներկա գտնվել: Համերգը բոյկոտելու հրահանգը ըստ երեւույթին նրան ուշ էր հասել:

Առակս զի՞նչ ցուցանէ: Ոլորտների պատասխանատուները, այս պարագայումՙ նախարարները, իրականության մեջ անձամբ պատասխանատու չեն ոչ մի բանի համար: Երկրորդՙ կառավարության անդամները ենթակա են ոչ թե իրենց անմիջական ղեկավարինՙ վարչապետին, այլ, առնվազն «քաղաքական» հարցերում, ինչպիսին է, ասենք, որեւէ համերգի ներկա գտնվելը կամ չգտնվելը, հանրապետության նախագահությանը: Երրորդՙ համատարած անպատասխանատվության այս վիճակը համենայնդեպս ղեկավարվում է մեկ անձի կամ կենտրոնի կողմից: Չորրորդ եւ ամենահատկանշականըՙ անպատասխանատու պատասխանատուների կամ անիրավասու իրավասուների մի բազմություն է բազմած մեր երկրի կառավարման աթոռներին: Նրանք ստիպված են անել այնՙ ինչը թելադրվում է իրենցՙ առանց անձնական կատարման հնարավորության, հատկապես քաղաքական հարցերում:

Նման պայմաններում, իրավամբ պիտի հարց տա ընթերցողը, ո՞րն է լինելու առավելությունը նոր կամ վերանորոգ սահմանադրությամբ նախատեսվող եւ ապրիլի 16-ից գործադրության դրվելիք վարչաձեւի: Ասեմ պարզ ու մեկինՙ մեր երկիրը այդպիսով ձերբազատվելու է երկու կառավարություն ունենալու, յուրաքանչյուրն իր ուռճացված աշխատակազմը պահելու, պետական բյուջեն մսխելու ստիպողությունից: Իսկ ամենակարեւորըՙ պետական գործունեությունը քաղաքական, տնտեսական եւ հասարակական բոլոր ոլորտներում լինելու է ուղիղ եւ ուղղահայացՙ առանց լաբիրինթոսային խարխափումների եւ շեղումների: Այսինքն, օրինակ, այսուհետեւ ոչ մի կուսակցություն ստիպված չի լինի- թող ինձ ներվի այս հեգնանքը- Օպերայի դահլիճը վարձակալելու համար դիմել պետական մի կառույցի, իսկ պատասխանն ստանալ մեկ այլ կառույցից: Այսուհետՙ ուղիղ վարչապետին եւ ուղիղ վարչապետից:

Արդարեւ, պետական կառավարման այս ձեւը, ուր մուտք ենք գործելու ընդամենը 16 օրից, իմ կարծիքով շատ ավելի ձեռնտու է մեր երկրին, քան գոյություն ունեցողը: Ճիշտ է, խորքում դրանք նույնն ենՙ անձնավորված-միապետական, սակայն նոր վարչաձեւը բոլոր պարագաներում նախընտրելի է:

Ի վերջո ե՛ս չէ, որ պիտի ապացուցեմ հայտնի աքսիոմանՙ երկու կետերի միջեւ ամենակարճը ուղիղ գիծն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ