RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3250, Տպվել է` 397, Ուղարկվել է էլ.փոստով` 0

(Չ)ԵՐԱՆԻ ՖԻՆՆԵՐԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանից Ֆինլանդիա չեն գնում: Դե այսինքն ես չգիտեմ մի հայաստանցի, որը ասի, որ այստեղ իրեն ամեն ինչ հոգնեցրել է, փողի պակասը, սիրո պակասը, ուշադրության պակասը, հնարավորությունների պակասը, մի խոսքովՙ երջանկության պակասը եւ ինքը որոշել է վաճառել երեքսենյականոց բնակարանը, ավտոմեքենան, դուրս գալ աշխատանքից, վերցնել գեղեցկուհի եւ իմաստուն կնոջն ու առայժմ միայն գեղեցկուհի դստերն ու մեկնել Ֆինլանդիաՙ մշտական բնակության: Ֆինները մեզ մի տեսակ անհասկանալի են, ոչ ռուս են, ոչ ամերիկացի, ոչ գերմանացի կամ ֆրանսիացի, ոչ էլ անգամ թուրք, որ զանգվածաբար մեկնենք. ֆինն են ու երանի իրենց: Բանն այն է, որ մարտի 14-ին ՄԱԿ-ը հրապարակել է հերթական The World Happiness Report-ը, ըստ այդմՙ աշխարհի ամենաերջանիկ երկիր է հռչակվել հենց Ֆինլանդիան, ընդ որումՙ առաջին անգամ իր, ավելի ճիշտ ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի պատմության մեջ: Վերջին տարիներին աշխարհում ամենաերջանիկը համարվում էին նորվեգացիները, բայց ընթացիկ տարում ֆիններն առաջ են անցել հարեւաններից, ու Նորվեգիան հիմա երկրորդն է ցուցակում: Երրորդը Դանիան է, հետո Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ Հայաստանն այս ցուցակում առհասարակ չկա. ՄԱԿ-ի անդամ 156 երկիր կա, բայց Հայաստանը չկա:

Զեկույցը կազմելիսՙ հաշվի են առնվում պետություններում կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ որոշ այլ ցուցանիշներ: Ընդ որում, զեկույցի հեղինակները հաշվի են առել նաեւ երկրներում բնակվող ներգաղթյալների վիճակը:

Ի դեպ, ներգաղթյալների մասին: Հայաստանում, երեւի կհաստատեք, ներգաղթյալներ կան, բայց միայն Սիրիայից են, միայն հայ են ու ամենեւին էլ ներգաղթյալ չեն, այլ վերադարձած են: Ամեն դեպքում այդպես ենք ասում, չնայած ո՛չ իրենք են այդպես մտածում, ո՛չ էլ մենք: Իսկ այ Հայաստանից մեկնողներ... Մի բարեկամ ունեմ, որն արդեն ապրում է Լոս Անջելեսում, իր ասելովՙ օվկիանոսից քիչ հեռու: Ինչու արդեն, քանի որ ինչ ճանաչում են նրան, երազում էր Ամերիկայի մասին: Ամեն տարի «Գրին քարտի» խաղարկության էր մասնակցում, վերջըՙ երկու տարի առաջ շահեց: Այստեղ հոգեբան էր աշխատում, չնայած հոգեբանները Հայաստանում չեն աշխատում, ուղղակի լինում են. ազգային առանձնահատկություն է: Իսկ այնտեղ ռեստորանի մենեջեր է: Հաճախ ենք խոսում իրար հետ: Միշտ զգացել եմ, որ չնայած ասում է, թե գործերը լավ են, բայց մի տեսակ տխուր է, դե այսինքն երջանիկ չէ: Վերջին անգամ հարցրեցի, թե ի՞նչ խնդիրներ ունի: Սկզբում լռեց, հետո ասացՙ ոչ մի, հետո ես պնդեցի, եւ նա ասաց. «Գիտե՞ս,- ասաց,- երբ այդտեղ էի ու ամեն օր ուզում էի Ամերիկա գալ, ինչ-որ բաներ էի միշտ անում, որ ստացվի գալս, չգիտեմ, մարդկանց հետ էի հանդիպում, անգլերեն էի սովորում, ...Եկա, ու հիմա չգիտեմ, թե ինչ անեմ, մի տեսակ, ոնց որ էլ բան չկա անելու, ամեն ինչ լավ է, ամեն բան կա, այնպես է, ինչպես միշտ եմ ուզել, պատկերացրել ու երազել, եւ հիմաՙ վերջ: Վերջի զգացողությամբ եմ ապրում, Էլ բան չեմ ուզում, իսկ դա տխուր է»:

ՄԱԿ-ում, վստահ եմ, տեղյակ չեն իմ այս բարեկամի մասին ու նրա ապրումների, հակառակ պարագայում ֆիններին ամենաերջանիկը չէին ճանաչի. բանն այն է, որ մարդիկ երկար ապրում են, սոցիալական աջակցություն ստանում են, կոռուպցիա չունեն (ավելի ճիշտՙ չեն զգում), ներգաղթյալներին ընդունում են, ինչպես ֆիննըՙ ֆիննի, մի խոսքով... Էլ բան չունեն անելու: Օրինակ Նորվեգիան ունի, պետք է հաջորդ տարի նորից ամենաերջանիկ երկիրը դառնա, Դանիան ունի, Իսլանդիան ունի... Հայաստանն էլ ունի եւ իրականում հենց դա է երջանկությունը. Ամերիկայում ապրող հոգեբան բարեկամս է ասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ