RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3106, Տպվել է` 398, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ

Հ. ԱՖՅԱՆ

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ: Նախագահ Թրամփն անշուշտ նրան չի ընդունելու, Արցախի նախագահին նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ չի ընդունի, փոխարենը Բակո Սահակյանը եղել է ԱՄՆ Կոնգրեսում: Ի դեպ, վերջին 16 տարվա ընթացքում սա Արցախի Հանրապետության նախագահի առաջին այցն է ԱՄՆ: Կասեիՙ պետական, կամ պաշտոնական, կամ աշխատանքային, կամ միջպետական հարաբերություններն ընդլայնելուն միտված, բայց, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետեւաբար պետք է սահմանափակվեմ միայն նշելով, որ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ, ուղղակի այցելել է:

Արցախի նախագահից առաջ ԱՄՆ-ում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Իմիջիայլոց, հայ պատգամավորների այցը կարելի է նույնիսկ աննախադեպ անվանել, քանի որ պատմության մեջ երբեք Հայաստանից այդքան մեծ թվով պատգամավոր Միացյալ Նահանգներ չէր մեկնել: Նույն Կոնգրեսում հանդիպումներից մեկի ժամանակ սենատոր Քըրքը պատմել է, որ երբ ինքը մի քանի տարի առաջ հայ-ադրբեջանական շփման գծում էր, հայ զինվորը փրկել է իր կյանքը: «Մենք կանգնած էինք առաջին գծի վրա ու հանկարծ հայ զինվորը բռնեց իմ օձիքից ու ինձ ներքեւ հրեց: Նույն պահին ադրբեջանցիները կրակեցին ու ես հասկացա, որ զինվորը փրկեց իմ կյանքը» , ասել է սենատոր Քըրքը:

Դժվարանում եմ ասելՙ Բաքվում լսե՞լ են արդյոք սենատոր Քըրքին, բայց հայ-ամերիկյան այս իրադարձություններից բարկացել են: Հետո, երբ բարկությունը անցել է, բոլորով հավաքվել են Իլհամ Ալիեւի մոտ եւ խորհրդակցություն անցկացրել: Ընդ որում, երբ նրան տեղեկացրել են, որ Բակո Սահակյանն էլ է Վաշինգտոնում, Ալիեւն ասել էՙ «Բակո Սահակյանն ո՞վ է» : Մարդիկ էլ, հանգիստ պատասխանել ենՙ Արցախի նախագահը , չէ, արդարության համար ասեմ, որ ասել ենՙ Ղարաբաղի նախագահը , բայց սա այն դեպքն է, երբ կարեւորը չէՙ Արցախըՙ Արցա՞խ է, թե՞ Ղարաբաղ: Մի խոսքով, հենց Ալիեւին էլ կարգադրել է բողոքի նոտա հղել ԱՄՆ, հղել են: Բաքվում ԱՄՆ դեսպանությունն էլ պատասխանել է, նախ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, շեշտելով այն, որ ԱՄՆ-ն, ինչպես եւ աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում Հայաստանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հետո դեսպանությունը շարունակել է. «ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին եւ ԼՂ հիմնահացրի կարգավորմանըՙ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա» :

Թե այս պատասխանից ի՞նչ է հասկացել Բաքուն, նորից կդժվարանամ ասել, գուցե հենց հիմա դեռ փորձում են հասկանալ: Բայց ասեմ, հետխորհրդային տարածքում առկա այլ հակամարտություններում, օրինակ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի (ներողություն եմ խնդրում ռազմավարական դաշնակցիցՙ Ղրիմը հակամարտություն անվանելու համար), ԱՄՆ-ն շեշտում է, որ դրանք պետք է լուծվեն բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի իրացմամբ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, փաստորեն միակն է հետխորհրդային ողջ տարածքում, որտեղ, ըստ ԱՄՆ-ի, լուծումը պետք է գտնել նաեւ ինքնորոշման իրավունքի իրացմամբ:

Բայց ավելի շուտ գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը կհաղթի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում, ապա եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, քան Բաքուն կհասկանա այս ճշմարտությունը ու կհաշտվի դրա հետ: Պատահական չէ, որ նույն այս օրերին Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսելՙ 25 հազար զինվորականի ներգրավմամբ: Ընդ որում, զորավարժություն անելու ցանկության, ժամկետի, զորքի եւ զենքի տեսակի ու քանակի մասին Բաքուն նախօրոք տեղյակ չի պահել ԵԱՀԿ-ին, ինչը անել պարտավոր էՙ համաձայն Վիեննայի 2011-ի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետի:

Ինչպես անել, որ էլ չխախտի՞, ստիպել, ասենք Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես գա հայտարարությամբ ու ասիՙ «Հարգելի պարոն Ալիեւ, Դուք 2011-ին Վիեննայում ստորագրել եք մի փաստաթուղթ, որն այսօր խախտում եք, ուստի կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ապօրինի զորավարժությունը: Առայժմ կոչ ենք անում» :

Բայց այսպես կլինի, եթե սենատոր Քըրքը հանկարծ ընտրվի ԱՄՆ նախագահ: Ցավոք նա նման ցանկություն չունի, չնայած... Եթե ընտրվի էլ կապ չունի, մի-նույն է, ԱՄՆ-ն, ինչպես եւ Հայաստանը, չի ճանաչում Արցախի անկախությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ