RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3393, Տպվել է` 402, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԲԵՐ ԲԱՐՔԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն, ինչը Թրամփի խոսքերով հնարավոր չէր անցյալ տարվա հոկտեմբերին, նույն Թրամփի խոսքերով հնարավոր եղավ այս տարվա մարտին. ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկ արվեց ու այդ մասին հայտնեց ինքըՙ նախագահ Թրամփը, ոչ թե Սպիտակ տանը, այլ Twitter-ի սեփական էջում: Հիշեցնեմ, որ Թրամփ-Թիլերսոն հակասությունների կամ տարաձայնությունների մասին արդեն տեւական ժամանակ է նույնիսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսումՙ իր ամենամսյա ճեպազրույցների ժամանակ, ավելինՙ այս թեման հենց ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, ու Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը բազմիցս էին հերքում այդ լուրերը, պարզվեցՙ դրանք իրական են: Ամեն դեպքում Թրամփը Թիլերսոնին գործից հանելու իր որոշումը հիմնավորել է հանգամանքով, որ իր եւ պետքարտուղարի միջեւ լուրջ տարաձայնություններ կանՙ աշխարհաքաղաքական տարբեր հարցերի շուրջ: Ըստ վերլուծաբանների, այդ հարցերից ամենակարեւորը Իրանի միջուկային համաձայնագիրն է, որից Թրամփն ուզում է դուրս գալ, Թիլերսոնը, ինչպես հասկանում ենքՙ ոչ: Բացի այդ, չի բացառվում, որ Թիլերսոնը այդքան էլ համաձայն չէ Թրամփի հետ, որը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին եւ ուզում է Փհենյանից հյուրեր ընդունել կամ ինքն այնտեղ հյուր գնալՙ այլ թիմով: Մի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարությունն այսուհետ կգլխավորի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, որն արդեն հասցրել է հայտարարել, որ իր համար, ինչպես եւ նախագահ Թրամփի, ամենակարեւորը ԱՄՆ շահն է, նոր մյուսների, այդ թվումՙ ԱՄՆ դաշնակիցների:

Այս ամենն, անուշտ կարեւոր է, բայց ինձ անձամբ Թիլերսոնին պաշտոնանկ անելու Թրամփի որոշման տեքստում շատ կարեւոր թվաց ԱՄՆ նախագահի հետեւյալ նախադասությունը: Հայտարարելով, որ պետքարտուղար Թիլերսոնը աշխատանքից ազատվում է, Թրամփն ասում էՙ Մաղթում եմ նրան հաջողություն եւ վստահ եմ, որ նա հիմա ավելի երջանիկ կլինի : Հրաշք: Պատկերացնո՞ւմ եք նման բան Հայաստանում: Ասենք նախագահ Սարգսյանը պաշտոնանկ է անում ՊՆ ղեկավար, օրինակՙ Սեյրան Օհանյանին եւ ասում էՙ մաղթում եմ պարոն Օհանյանին հաջողություն ու վստահ եմ, որ նա հիմա ավելի երջանիկ կլինի: Կամ պաշտոնանկ է արվում վարչապետ, օրինակՙ Հովիկ Աբրահամյանը, եւ հնչում է նույն հայտարարությունը նախագահից: Ես վստահ եմ, որ եթե այսպես լիներ, մեր երկրում չնչին, բայց կարեւոր բան կփոխվեր, օրինակ Սեյրան Օհանյանը այլեւս չէր մտածի քաղաքականություն մտնելու մասին եւ իր համար երջանիկ կապրեր, մանավանդ, որ դրա համար ամեն ինչ եւ մեկին ունի: Հովիկ Աբրահամյանըՙ նույնպես, չէր հիշի զանազան առուներ եւ գետակներ ու հանգիստ կվայելեր Արարատ լեռան տեսարանըՙ հայրենի Արարատի մարզում,...Բայց, քանի որ այս մարդկանց պաշտոնանկ են արել ու հաջողություն չեն մաղթել, ավելին, քանի որ Հայաստանումՙ նախագահից սկսածՙ Մխչյան գյուղի դպրոցի հավաքարարից վերջացրած վստահ են, որ երջանկությունը պաշտոն ունենալն է, նրանք իրենց նորից են նետում քաղաքականության մեջՙ կորցրածը հետ վերադարձնելու հույսով:

Թրամփը նաեւ ասել է, որ իր եւ Թիլերսոնի հարաբերությունները մնում են լավը: Պատկերացրեցի՞ք, Սերժ Սարգսյանը հայտարարում էՙ Իմ եւ իմ մարտական ընկեր Սեյրան Օհանյանի հարաբերությունները մնում են լավը... Չէ, ես հասկանում եմ, որ Թրամփի եւ Թիլերսոնի հարաբերություններն ամենայն հավանականությամբ լավը չեն, ավելինՙ Թիլերսոնը հենց հիմա վատ բաներ է մտածում Թրամփի մասին, բայց խոսքը, հայտարարությունը, ասելը, ...գեղեցիկ է, չէ՞, պետականամետ է, չէ՞, պետություն ու աշխարհի ամենահզոր պետություններից մեկն այսպես են ստեղծում ու պահում, չէ՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ