RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3721, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՀԻՑ ՀԵՏՈ, ՈՂՋԻ ԿՈՂՔԻՆ

Հ. ԱՖ.

Փետրվարի 22-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, ինչի հետեւանքով, ժամը 09:40-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց. «Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը»: Հիշեցնեմՙ նախագահ Միշել Աունը մեր երկիր էր ժամանել պաշտոնական այցով: Բայց այս պատմությունը Լիբանանի հարգելի, կամ ինչպես հայկական կայքերից մեկն էր գրելՙ «հայասեր» նախագահի ու նրաՙ Հայաստան կատարած այցի մասին չէ:

Նույն օրը, ավելի ուշ, երբ Բակո Սահակյանը Գրիգոր Կարապետի Եղոյանին հետմահու պարգեւատրեցՙ ցուցաբերած արիության համար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ»: Ով չգիտի, ասեմ, որ Փելեշյանը դարձավ 80 տարեկան, բայց նա էլ այս պատմության հերոսը չէ:

Հետո, երբ հայտնի դարձավ, որ Գրիգոր Կարապետի Եղոյանը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի ծառայի հայոց բանակում եւ նրա մարմինը տեղափոխում են հարազատ Շիրակի մարզի Ախուրյանի շրջան, ՀՀ նախագահի կայքը հայտնեց. «Նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ», որոնց ընթացքում քննարկվել է Հայաստան-Լիբանան հատկապես տնտեսական գործակցության չօգտագորված, բայց հսկայական ներուժը կիրառելու հնարավորությունները, երկկողմ ներդրումների հավանականությունը, ինչի արդյունքում կոնկրետ մենքՙ Հայաստանում մի քիչ ավելի լավ պետք է ապրենք ու ավելի քչերս պետք է Ռուսաստան գնանքՙ աշխատելու, ինչպես Եղոյաններն էին գնացել: Բայց այս պատմությունը արտագաղթի մասին էլ չէ:

Երբ Գրիգորին բերեցին Ախուրյան ու սկսեցին քննարկվել նրաՙ եկեղեցում մկրտված լինել-չլինելու հարցերը, երբ պարզվեց, որ տղան մկրտված չի եղել, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարգադրել է հոգեւորականներինՙ ծնողների կողքին լինել, իսկ զինվորին էլ եկեղեցի բերել, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնեց. «Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊԿ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն»:Սա արդեն հետաքրքրական է, քանի որ եթե նախագահ Աունը ոչ մի կերպ չէր կարող հյուրընկալվել Բաղրամյան 26-ումՙ առանց նախագահ Սարգսյանի եւ առանց վերջինիս մասնակցությամբ, Լիբանանի նախագահը չէր կարող բարձր մակարդակի բանակցություններ վարել Երեւանում, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված ռոբոտատեխնիկական ուսումնահետազոտական հույժ կարեւոր կենտրոնը (որի ոչ թե առկայությունն է հույժ կարեւոր, այլ գործունեությունը կլինի), կարող էր եւ հետաձգվել, եթե իհարկե, դրա բացմանը պարտադիր պետք է Հայաստանի նախագահը ներկա գտնվեր: Բայց այս պատմության հերոսը ՀՀ նախագահն էլ չէ:

Եւ վերջում, երբ հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էրՙ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունիՙ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստությունՙ «իրական ընկերը մեկ հոգի էՙ երկու մարմնում», նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների միջեւ իրական ընկերությունը: Իսկ նախագահ Աունն ասել է. «Այս պատմական հավատքով եւ նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական եւ ավանդական»: Բայց նույնիսկ այս բառերից հետո այս պատմության հերոսը Լիբանանի նախագահն էլ չէ, այլ...

Մի անգամ, երբ Նապոլեոնը համառորեն փորձում էր իրեն ենթարկված պահել տաքարյուն Իսպանիան, կայսրին հայտնեցին, որ իսպանական մի զորախումբ հարձակվել է ֆրանսիական զորախմբի վրա, բոլորին սպանել ու հեռացել: Նապոլեոնն անմիջապես գնում է դեպքի վայր ու տեսնելով տեղի ունեցածը, արագ կարգադրում է իր մարշալներինՙ մեկինՙ անմիջապես նամակ գրել Փարիզ, մյուսինՙ արագ մեկնել իրենց դաշնակիցներին մոտ, երրորդինՙ արագ գտնել ու կանգնել զոհվածների ծնողների կողքին...Մի խոսքով, ու երբ մարշալներից մեկը հարցնում էՙ «Իսկ Դո՞ւք, Կայսր, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Նապոլենոը նայում է մարշալին ու պատասխանում. «Թափթփուկների մի խմբավորում հարձակվել ու սպանել է իմ զինվորներին, կայսրը պետք է մնա ռազմաճակատում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անպատիժ սպանել իմ զինվորին»: Ու մնում է, ավելի ուշՙ Իսպանիան ենթարկվում է Նապոլեոնին: Բայց Ֆրանսիայի կայսրն էլ չէ այս պատմության հերոսը, այլՙ այս պահին սահմանին կանգնած հայ զինվորը, որի կողքին, ամեն անգամ երբ ընկնում է զինակիցը, չի գալիս ու չի կանգնում գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն զոհից հետո, այնտեղ, որտեղ կրակել են, գոնե կես ժամով, տասը րոպեով, կռվելու համար չէ, որպեսզի ոչ մի թափթփուկ չմտածի, թե անպատիժ կարող է սպանել մեր զինվորներին, որ մեկ մարդու կյանքն այս երկրում ամենակարեւորը համարվի, որպեսզի մեր զինվորներն ու մենք մենակ չլինենք:

Ազգ-բանակ ենք, չէ՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ