RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2128, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՈՒԹՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ԱՄՆ-Ը ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՆՑ ՀԻՄԱ ԱԼԻԵՎԻՆ ԴՐԴՈՒՄ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ

ԱՄՆ ազգային հետախուզության (CIA) տնօրեն Դենիել Քոութսի օրերս ներկայացրած «Սպառնալիքների համաշխարհային գնահատական» զեկույցը անսպասելի չէր Անդրկովկասի կացությանը եւ 2016 թ. ապրիլյան պատերազմին լավատեղյակ մարդկանց համար: Ակնհայտ է, թե ԱՄՆ-ի համար ո՞ր սպառնալիքն է առաջին տեղում: Թեեւ Ռուսաստանն ու Չինաստանը նշված են որպես ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգներ, զեկույցի մեջ Ռուսաստանը հիշատակվում է 67, իսկ Չինաստանըՙ 30 անգամ: Մնացած երկրները հիշատակվում են որպես տարածաշրջանային սպառնալիքներ: Փաստաթղթի համաձայնՙ տարածաշրջանային գլխավոր սպառնալիքներն են Կուբայի եւ Իրանի հետախուզությունները:

Սակայն նկատի ունենալով, որ Ռուսաստանի եւ Իրանի արանքում գտնվող Անդրկովկասը այդ տերությունների յուրատեսակ ռազմավարական թիկունքն է, եւ հաշվի առնելով զեկույցում Սիրիային եւ, առհասարակ, Մերձավոր Արեւելքին հատկացվող մեծ ուշադրությունը, հարկ է կենտրոնանալ հենց Անդրկովկասի տարածաշրջանին վերաբերող հատվածի վրա, քանզի Ռուսաստանի եւ Իրանի թիկունքում գործելը ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունների գլխավոր նպատակն է: Վերջին ժամանակաշրջանի փորձը ցույց է տալիս, որ ապակայունացման նոր փորձեր կարող են ձեռնարկվել հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների, այն էՙ ղարաբաղյան հակամարտության ոլորտում, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Քոութսի փաստաթուղթը պաշտոնական է եւ տեղակայված է գերատեսչության կայքում: Հեղինակն Արցախին վերաբերող մասը ներառել է ԱՄՆ Սենատի հետախուզության հատուկ հանձնախմբի համար նրա պատրաստած ելույթի ներածության մեջ: Այդ լսումների ժամանակ քննարկվում են ԱՄՆ-ին սպառնացող վտանգները: Քոութսը պաշտոնապես համարվում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների ղեկավարը: Այսպիսով, Սենատում ընթերցված զեկույցը յուրատեսակ հրաման է ԱՄՆ հատուկ ծառայություններին, այդ թվում նրանց, որոնք զբաղվում են զանազան ահաբեկչական խմբավորումների ստեղծմամբ կամ փոքր պատերազմների սանձազերծմամբ:

Զեկույցիՙ Արցախին նվիրված մասում նշվում է, որ փոխզիջումների դիմելուց կողմերի հրաժարումը, արտաքին ճնշման ուժեղացումը, Ադրբեջանի ռազմական կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են 2018 թ. հանգեցնել ռազմական խոշոր գործողությունների: Արցախի հետ կապված լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի լայնածավալ հակամարտության, որտեղ կարող է ներքաշվել Ռուսաստանըՙ իր տարածաշրջանային դաշնակցին օգնելու համար, նշվում է փաստաթղթում:

Փետրվարի 15-ին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրուցելիս հմտորեն շրջանցեց հնարավոր պատերզամի հետ կապված առավել սուր հարցերը եւ լոկ հավաստեց լարվածության ակնահայտ լինելը: Դիվանագետի խոսքերովՙ հայկական կողմերը միշտ պատրաստ  են դեպքերի զարգացմանը: Քոչարյանը վկայակոչեց ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթը, որտեղ նա տարածքային նկրտումներ էր դրսեւորել ՀՀ մեծ մասի նկատմամբ:

Սակայն գլխավոր հարցերը մնացին չլուսաբանված: Օրինակՙ Արցախի հետ կապված դեպքերը եւ նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի լայնամասշտաբ հակամարտությունը ինչպե՞ս կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, եթե ԱՄՆ-ը սահմանակից չէ նրանց եւ պաշտոնապես ռազմակայաններ չունի այնտեղ: Ամենամոտ գտնվող ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ռազմակայանը Թուրքիայի հարավում էՙ Ինջիրլիքում, որն ավելի մոտ է Միջերկրական ծովին, քան Անդրկովկասին:

Բացի դրանից, փաստաթղթից այն տպավորությունն է ստեղծվում, թե հենց Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումն է ամերիկացիների համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը: Եթե Հայաստանը ռուսական նոր զենք չգներ, ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը արդյո՞ք պակաս կլիներ:

Նկատի ունենալով ԱՄՆ-իՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լիիրավ անդամի դերը, հարկավոր է ճշգրտելՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ը արդյոք տալի՞ս է նման հարցեր ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչներին: Մյուս կողմից հարկ է պարզել, թե Քոութսը Ադրբեջանի կողմից զենքի զանգվածային եւ անօրինական գնումները ինչու՞ է սոսկ անվանում Ադրբեջանի ռազմական կայուն արդիականացում: Ադրբեջանը զենք է գնում ամենքից, այդ թվում Ռուսաստանից, բայց Քոութսի զեկույցում այդ մասին որեւէ խոսք չկա: Գուցե պատճառն այն է, որ Ադրբեջանի սպառազինմանը մասնակցում է Մերձավոր Արեւելքում պատերազմների գլխավոր հրահրի՞չըՙ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայե՞լը:Վերջապես, անհասկանալի է, թե Քոութսը ի՞նչ է հասկանումՙ խոսելով տարածաշրջանային դաշնակցին օգնելու նպատակով հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման մասին: ՌԴ բարձրաստիճան անձինք իրենց ելույթներում հաճախ են Հայաստանն անվանում ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանինՙ ռազմավարական գործընկեր: Ռուսաստանը զինում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Հարց է ծագում. հակամարտության մեջ Ռուսաստանի ներքաշումը ինչո՞վ է սպառնում ԱՄՆ-ի ազգային շահերին, եթե դա տեղի է ունենում Ռուսաստանին սահմանակից տարածքում, այլ ոչ թե ԱՄՆ-ի սահմաններին մոտ եւ զգալիորեն հեռու է ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանատվության գոտուց:

2016 թ. ապրիլյան պատերազմի դեպքերն ակնհայտորեն ցույց տվեցին, որ, չնայած հետքերի բացակայությանը, հարեւան Իրանը անմասն չէր իրադարձություններին: Քոութսի զեկույցում Իրանը բացահայտորեն հայտարարվում է ԱՄՆ-ին սպառնացող վտանգ: Սակայն Քոութսը քննության չի առնում Արցախի հետ կապված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմի վերաճելու հնարավորությունը, հակամարտություն, որտեղ կարող է ներքաշվել Իրանը, բայց ոչ թե իր տարածաշրջանային դաշնակցին օգնելու, այլ սեփական անվտանգության նկատառումներով: Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ եւ ԱՀ ռազմական գերատեսչությունները ստիպված եղան Իրանին բացատրութուն տալ, թե ով է գնդակոծել նրա տարածքը Խոդա-Օֆարին գյուղի շրջանում: Իսկ չկա՞ր արդյոք Իրանի մասնակցությունը, երբ այդ երկրի զորքերը անարգել կերպով ներխուժեցին Արաքսի երկու ջրամբարների շրջան Նախիջեւանում եւ Հադրութի հարավում եւ այդ տարածքը փաստորեն գրաված պահեցին այնքան, որքան կարգադրել էր իրենց հրամանատարությունը: Արաքսը սահմանային գետ է, եւ այդ տարածքներ ներխուժած Իրանը բոլոր միջազգային իրավուքներն ուներ իր սահմանամերձ տարածքներում ապահովելու ջրօգտագործումը:

Սակայն ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունը երկրին սպառնացող վտանգ չի համարում Իրանի հնարավոր ներգրավումը Հայաստան-Ադրբեջան լայնածավալ հակամարտության մեջ: Մինչդեռ կարելի է վերհիշել, թե ինչպես 1993-ին իրանցիներն Իրաքին վերադարձրին քրդերի գրաված Քիրքուկը, իսկ 2017-ին ելուզակային կազմավորումներին հետապնդեցին արդեն Պակիստանի խորքերում:

Այնպես որ Քոութսի զեկույցը կարոտ է լրացուցիչ պարզաբանումների: Հենց վերջին օրերին ամերիկյան մեկ ուրիշ գերատեսչություն տվեց նման պարզաբանում: Այս օրերին Բաքվում է գտնվում ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի հատուկ դեսպանորդ Սյու Սաարնիոն: Նա ժամանել է որպես «Հարավային գազային միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի պատվիրակ: Նախագահ Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ նա  հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը, պետքարտուղարը եւ կառավարությունը ըստ ամենայնի աջակցում են նախագծին:

Անցած տարիներին համանման մյուս նախագծերը ձախողվել էին: Խոսքը Ռուսաստանն ու Իրանը շրջանցելով Արեւմուտք հասնող Անդրկասպյան եւ Նաբուկո նախագծերի մասին է: Դժվար է ասելՙ Քոութսի զեկույցը հարմարեցված է «Հարավային գազային միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի 4-րդ նստաշրջանի՞ն, թե՞ հակառակը: Բայց կասկածից վեր է, որ այդ երկու իրադարձությունները փոխկապակցված են: Եվ ահա թե ինչու: Դեռ 2016-ի ապրիլին ակնհայտ էր, որ ապրիլյան պատերազմում առկա է գազի հետք: Բառացիորեն պատերազմի սանձազերծման նախօրեինՙ մարտի 31-ին, Վաշինգտոնում նախագահ Ալիեւին ընդունել է պետքարտուղար Ջոն Քերրին: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին վկայակոչելովՙ ԶԼՄ-ները հաղորդել են Ալիեւի եւ Քերրիիՙ բանակցություններում քննարկված գլխավոր թեմաները: ԼՂՀ-ի հարցը հիշատակվում է միայն չորրորդ տեղում, բայց նկատելի է, որ դրա համատեքստը ծագել է առաջին երեքի հետ կապված:

Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանը համարում է «Հարավային գազային միջանցք» նախագծի առաջատարներից մեկը, միջանցք, որը կարեւոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում: Այնուհետեւ նա խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանը տարածքային առեւտրի կենտրոն դարձնելու գործում: Քերրին Ադրբեջանին նաեւ շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն օժանդակելու, հակաահաբեկչական պայքարին մասնակցելու եւ խաղաղապահ գործունեության համար: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերը քննարկելիս Քերրին ողջունել է արձանագրված առաջընթացը:

Ջոն Քիրբիի խոսքերովՙ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության հարցը: Պետքարտուղարը հավաստել է ԱՄՆ-ի պաշտպանությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել, որ իր երկիրը մտահոգ է Շփման գծի եւ միջազգային սահմանի շուրջը տիրող լարվածությունից: Քերրին հաստատել է իր երկրի պատրաստակամությունըՙ կարգավորելու հակամարտությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա:Կարծես թե չեզոք հայտարարություն է, բայց այս ամենն ասվել է մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակման անցավ ԼՂՀ պաշտպանության բանակի դեմ: Եվ այս կապը չնկատելն անհնար է: Բանից դուրս է գալիս, որ Քերրին հավանություն տվեց Բաքվի նախահարձակմանըՙ խոսելով տարածքային ամբողջականության մասին: Անհնար է անտեսել նաեւ մյուս հայտարարություններն ու գործերը, քանի որ աշխարհը 1996 թ. վերջերից (երբ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները եւ Արեւմուտքը ստորագրեցին նավթի ու գազի տխրահռչակ «Դարի գործարքը»), տեսնում է, որ Արցախի հարցը որոշ երկրների համար սեփական նավթագազային նախագծերի իրականացման խնդիր է եւ, ըստ այդմ, համապատասխան տարածքների վերահսկման խնդիր: Իսկ հանգամանքների բերումով այդ տարածքները սեղմված են ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդներ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ:Արդյոք այդ պատճառով չէ՞, որ պետքարտուղար Քերրին 2016 թ. հիացավ Ադրբեջանի առաջատարությամբ: «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ «Հարավային գազային միջանցքը» իրականում ամերիկյան նախագիծ է, եւ հենց դրանից են բխել մյուս բոլոր թեմաները, այդ թվում ԼՂՀ խնդիրը: Դիտարկենք դրա հետ կապված դեպքերի շղթան:

2016թ. փետրվարի 29-ին Բաքվում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» կոնսուլտատիվ խորհրդի երկրորդ նիստը: 2016 թ. մարտի 1-ին Թուրքիան ի դեմս էներգետիկ ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքի հայտարարեց, որ ինքը պաշտպանում է ամերիկյան նախագիծը, իսկ Ադրբեջանի նախահարձակման օրըՙ ապրիլի 2-ին, հավաքվեցին «Հարավային գազային միջանցք» նախագծի բաժնետերերը, եւ նրանց անունից SOCAR նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարեց, որ իրենք հույս ունեն մինչեւ տարեվերջ միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել մոտ 2 մլրդ դոլար, որ բանակցություններ են վարվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի եւ այլոց հետ: Միջոցները կներգրավվեն 20 տարով, շատ ցածր տոկոսներով: «Դա մեզ թույլ կտա նախագծում մեր միջոցները չներդնել», հայտարարեց Աբդուլլաեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ