RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3494, Տպվել է` 366, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ-ՄԵԶԻ

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

«Երբ ժողովուրդը քուէարկում է

կաշառակերների, խաբեբաների,

դաւանափոխների եւ նման այլոց

օգտին,- զոհ չէ երբեք, այլ մեղսակից»

Ջորջ Օրուել

Ճիշտ է, որ որեւէ երկիր կամ պետութիւն նմանւում է սովորական մէկ ընտանիքի, ուր ամէն օր տարբեր չլուծուած հարցեր եւ խնդիրներ են ծագում, որոնց մի մասը կարող է լինել լուծելի կամ յաղթահարելի, իսկ միւսըՙ թերեւս անլուծելի կամ դժուար լուծելի:

Մեր երազած երկրի վիճակը տարբեր չէ միւսներից, միայն թէ այնտեղ ծագած եւ քննարկուող խնդիրները երբեմն հեռու են լինում տրամաբանական լինելուց եւ աւելի ձանձրալի են լինում քան ընդունելի, նոյնիսկ եթէ լուծումները առկայ են:

Վերջերս նման լայն քննարկման նիւթ էրՙ ընհուպ Ազգային ժողովի ամբիոնից, աջակողմեան ղեկ ունեցող մեքենաների ներմուծման եւ գործածման առթիւ, հայկական տարածքով մէկ, որ ոչ միայն համապատասխան չէ տրամաբանական լինելու սկզբունքներին, այլ նաեւ չափազանց վտանգաւոր է երթեւեկութեան համար եւ միաժամանակ հակառակ է երկրում հաստատուած կանոններին: Խնդրոյ առարկայ չէ այդ երեւոյթի կենսականութիւնը կամ մեր երկրի բարգաւաճման ճանապարհին օգտակար ու վնասակար լինելը, թերեւս կարելի պիտի լինէր լռութեան մատնել, միայն թէ, կարծեմ արդէն թոյլատրելիութեան սահմանից շատ հեռու ենք, երբ մեր հայրենաբնակները ցոյցերի են ելնում պաստառներովՙ պաշտպանելու իրենց անտրամաբանականութիւնը: Այստեղ կարելի է յիշեցնել, որ խելացիութեան լուրջ համբաւ ակնկալող մեր երկրում ճանապարհային ճակատային վթարներից զոհուածների քանակը հեռու չէ, եթէ ոչ աւելի արցախեան շփման գծում եղածից:

Ճանապարհային ոստիկանութեան հաղորդմամբ արկածների մօտ մէկ երրորդը նման մեքենաների հետ են լինում, ուստի նրանց մուտքն ու գործածումը պարզապէս պիտի խստօրէն արգիլուի, մինչդեռ այդ նիւթի մասին, պատկան նախարարութեան պատասխանատուները անհասկանալի տրամաբանութեամբ բանակցութեան նմանուող հանդիպումներ են ունենում մայթերը զբաղեցնող անհատների հետ, ինչ որ մէկի հրամանով, կամ ժողովրդավարութիւն խաղալու միտումով: Ահա թէ ի՞նչ է գրում մեր լեզուաբաններից Ստեփան Մալխասեանցը. «Տրամաբանութիւնը մադկային հոգեկան կարողութիւն է դատողութիւն անելու, ուղիղ մտածելու, եզրակացութիւն հանելու»:

Նման կարգավիճակում ուշադրութեան արժանի երկու կէտեր կան, որոնցից առաջինը այն է, որ թերեւս ինչ-որ մի օր, ինչ-որ մի տգէտ կամ անպատասխանատու անձ աջ ղեկով մեքենայ է ձեռք բերել ու առանց մի ակնթարթ մտածելու մտցրել է մի երկիր, ուր երթեւեկութիւնը աջակողմեան է: Երկրորդՙ աւելի հաւանական տարբերակն այն կարող է լինել, որ պատկան մարմինների հետ լաւ յարաբերութիւններ ունեցող ճարպիկներից մէկը ցանկացել է իր իւրայատուկ «բիզնես»ը ունենալ եւ երկիրը ողողել է այդ անպէտք ապրանքով, եւ այսօր հասարակութիւնը գտնւում է գլուխկոտրուկի առջեւ, բայց երանի, թէ մեր հոգսերի մեծագոյնը լինէր այդ, քանզի նոյն անտրամաբանութեամբ զինուածՙ որոշում ընդունող այրերը մտածել են այդ տեսակի մեքենաների ներմուծումը թոյլատրել մինչեւ ապրիլ ամիսը, այսինքնՙ եթէ նոյնիսկ չարիքը ճանաչուած է, այն կարող է գործել եւս երեք ամիս: Այո, սա՛ է մեր երկիրը եւ վերջ:

Այստեղ չմոռանանք մի կարեւոր կէտ, որ աշխարհի բոլոր տեսակի ու մակնիշի մեքենաները արտադրում են թէ՛ աջ եւ թէ՛ ձախ տեղաւորուած ղեկերով, եւ մերոնք ընտրել են այն տարբերակը, որ մեզ համար չէ, ուստի խելահաս ներմուծողները արել են իրենց ընտրութիւնը, ըստ երեւոյթին, շահաբեր լինելու պատճառով:

Այս խառնիճաղանճ իրավիճակում դրական անակնկալներ եւս եղանՙ նախ, որ գործող նախագահը, իր խոստումին համաձայն, վերջապէս հանրութեանը ներկայացրեց յաջորդ նախագահի անձնաւորութիւնը, ի դէմս Արմէն Սարգսեանի, որ ծանօթ, բայց անծանօթ մէկն է, չնայած մօտ տասնամեակ առաջ մի քանի ամսուայ համար վարչապետի պաշտօն ստանձնեց, բայց արագ եղավ իր պաշտօնից հրաժարուելը եւ արտերկրում զանազան պատասխանատու աթոռներ զբաղեցնելը, ուստի դժուար է նրա գործունեութեան մասին որեւէ կարծիք կազմելը, միայն թէ հանրայայտ է, որ կրթուած եւ գործունեայ անձնաւորութիւն է: Տեսնենք թէ գազազած լրագրողները անցեալի դարակներից ի՞նչ վարկաբերիչ տեղեկութիւններ պիտի կարողանան պեղել նրա մասին եւ կարծում եմՙ շատ չեն ուշանայ:

Գիտակցելով որ մեր երկրի հիմնական խնդիրը անհատական բնոյթ չունի, այլ համակարգային է, արդեօք նախագահը պիտի ունենա՞յ այնպիսի ուժեղ եւ անբասիր անհատականութիւն, որ կարողանայ մաքրելՙ նկուղից տանիք հաստատուած բոլոր տեսակի այն փտած տարրերը, որոնք յարիր չեն մեր երազած երկրի կառուցմանը, որոնց շարքինՙ առաջիններից առաջնակարգը արդարադատութեան կատարեալ անկախացումն է իշխանութիւններից եւ մեւնոյն ժամանակՙ հասարակութեան իմացականութեան մակարդակի վերելքը: Որքան էլ որ դժուար պիտի լինի անցնելիք ճանապարհը, մենք ցանկանում ենք բարի երթ յոյս ունենալով այնպիսի երթ, որի մասին օրերս Դաւոսում յայտարարեց վարչապետը միջազգային ներդրողների ներկայութեամբ, թէ «Հայաստանի դռները բաց են եւ պիտի գործենք սինգապուրեան սկզբունքով»:

Մեծ առաջընթաց կարելի է համարել այդ մեթոդը տնտեսութեան ասպարէզում:

Յաջորդ դրական անակնկալը եկաւ քաղաքային իշխանութիւնների կողմից: Վերջապէս տասնամեակներ անց հասկացան, որ մայրաքաղաքի երթեւեկութեան եղած քայքայուած ցանցը հնակարկատի նմանուելով չի կարող բաւարար մակարդակի լինել, որ դարձեալ մի քանի ճարպիկներ ուղերթների սեփականատէր դառնալով քաղաքում ստեղծել էին դժողքի նմանուող մի համակարգ, որ կարելի է նաեւ գնահատել որպէս տխմարութեան գովերգ: Մենք այն տպաւորութեան ենք, որ քաղաքական կամք կայ այդ ասպարէզում բարեփոխումների հասնելու, որ ոչ միայն գովելի է, այլ նաեւ ծափահարելի կարող է լինել, եթէ այն իրագործեն ըստ նախատեսուած սկզբունքների եւ ողջախոհ ժամկետների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ