RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4476, Տպվել է` 657, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հարցազրույցը վարեցՙ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

«ԱԶԳ»ի բացառիկ հարցազրույցը Շվեյցարիայի Համադաշնության խորհրդի նախագահ ԴՈՄԻՆԻԿ ԴԸ ԲՅՈՒՄԱՆԻ (Dominique de Buman) հետ

Դոմինիկ դը Բյումանը երկար տարիներ եղել է այդ երկրի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը, ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Համադաշնության խորհրդի նախագահ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան, եւ նա այս օրերին Հայաստանում էր ու համաձայնվեց հարցազրույց տալ մեր թերթին:

- Պարոն նախագահ, ի՞նչպես կգնահատեք Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների ներկա մակարդակը եւ Ձեր այցը Հայաստան որքանով կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը, հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական բաղադրիչները:

- Եթե խոսենք քաղաքական հարաբերությունների մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Շվեյցարիան փոքր պետություններ են: Եվ նրանց նման հարյուրավոր պետություններ կան, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում միջպետական հարաբերությունների իմաստով:

Օրինակՙ մենք շատ ժամանակ եւ մեծ ջանքեր թափեցինք, որպեսզի կարողանանք դեսպանատուն բացել Երեւանում. մինչեւ վերջերս միայն Թբիլիսիում կար Շվեյցարիայի դեսպանատուն: Երկկողմ հարաբերությունները շատ լավ են, բայց դրանց զարգացման խնդիր կա: Շվեյցարիան չլինելով Եվրոմիության անդամ, իսկ Հայաստանը կարելի է դիտարկել ոչ ամբողջովին ռուսական համակարգի (ԵԱՏՄ) մեջ, մենք երկու երկրներ ենք, որոնք շատ համախոհների կարիք ունեն: Քանի որ տնտեսական հարաբերությունների կապը շատ փոքր էր մինչեւ 5 տարի առաջ, դա մասամբ հատուցվում էր քաղաքական հարաբերություների մակարդակով: Սա կնշանակի, որ փոխադարձ ճանապարհորդությունները, միջկառավարական եւ գործարար մակարդակովՙ բավարար չէին: Որքան ես գիտեմ, վերջին տարիներին Շվեյցարիայի կառավարության եւ գործարարների միջեւ փոխադարձ հանդիպումներ չեն եղել: Շվեյցարիայի նախապատվությունը քաղաքականության մեջ այն է, որ ինքն առաջին հերթին տնտեսական հարաբերությունները պիտի առաջնային դիտարկի, այսինքն տնտեսությունը պետք է քաղաքականություն թելադրի, այլ ոչ թե հակառակը:

- Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ձեր այցը առաջին հերթին կարող ենք գնահատել որպես տնտեսական, գործարար կապերի խորացմանն ուղղված քայլ:

- Այո, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, տնտեսական հարաբերությունները պետք է զարգացնենք, որպեսզի այն վերածվի քաղաքական հարաբերությունների: Երկու հանգամանքներն էլ շատ կարեւոր են: Ներդրողների հետաքրքրությունը դեպի Հայաստան եւ դրա համար առեւտրական պալատի ստեղծումը շատ կարեւոր քայլ էր, որ իրականացրեցինք անցած տարի: Բայց շատ կարեւոր է, որ հայկական շուկան ազատական լինի: Դրական շատ բան տեսաՙ առաջին հերթին կայունություն, իմացություն, աշխատասիրություն, գործոններՙ որոնք շվեյցարիացիներս շատ ենք սիրում: Եվ հիմա այս երկու հարթակների (տնտեսական եւ քաղաքական) միջեւ ձուլման պահն է: Մենք պետք է տեսնենք, որ Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ աշխարհառազմավարական հնարավորությամբ հարթակի դեր է կատարում, ոնց որ Շվեյցարիան հարթակ է իր շատ գործընկերների համար հենց Եվրոպայի կենտրոնում: Եվ ռազմավարություններ կան, որոնք երկու երկրները իրականության մեջ կարող են կոորդինացնել: Սա հետաքրքրություն է երկու պետությունների համար, եւ կարող եմ նաեւ թվարկել այն սեկտորները, որտեղ կարող ենք միասին զարգանալՙ գյուղատնտեսություն, գինեգործություն, դեղագործություն, որտեղ գիտական մասը կարեւոր գործոն է, վերականգնողական էներգետիկա` հիդրո եւ արեւային էներգիա, զբոսաշրջություն, որը հնարավորություն կտա այստեղի տեսարժան վայրերը ճիշտ ձեւով ներկայացնելու, բայց, ավելացնեմ, եթե ուղիղ չվերթ չլինի, դա չի կարող իրականանալ, մենք դրա կարիքն ունեք:

- Այսինքն հաջորդ կարեւոր քայլը, որը սկիզբ կդնի այս ծրագրերի իրականացմանը, դա հենց ուղիղ չվերթների կազմակերպումն է:

- Այո, իհարկե, ինձ համար դա կարեւորագույն հարց է, եւ մենք Հայաստանի կառավարության հետ քննարկեցինք այս խնդիրը ե՛ւ զբոսաշրջության, ե՛ւ գործարարության մասով:

- Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ կնքեց պայմանագիր Եվրոմիության հետ. արդյոք այս հարաբերությունները եւ ԵՄ-ի հետ կնքած պայմանագիրը, թեեւ Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, կարո՞ղ են նպաստել Շվեյցարիայի հետ հարաբերությունների խորացմանը հենց տնտեսական ուղղությամբ:

- Որքան էլ հակասական կարող է թվալ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեր երկիրը հետաքրքրական է դարձնում Շվեյցարիայի համար: ԵՄ-ի հետ համաձայագիրը Շվեյցարիայի կողմից մի համագործակցություն է, որը միայն որոշ շրջանակներում է գործում, եւ մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ երկկողմանի հարաբերությունների տեսքով է գործում առանձին պետությունների հետ: Սակայն եթե Շվեյցարիան հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնի եւ Հայաստանի մեջ ընկերություններ ստեղծվեն շվեյցարական ներդրումներով, դա նրանց համար ճանապարհ կբացի դեպի Եվրասիական շուկա: Կարծում եմ Շվեյցարիայի համար սա նույնիսկ ավելի հետաքրքրական է, քան եվրոպական ուղղությունը: Քանի որ մի կետ էլ կա` քաղաքական եւ հոգեբանական գետնի վրա ԵՄ-Շվեյցարիա հարաբերությունները բարդանում են, սրանք երկկողմանի խնդիրներ են եւ դա ներքաղաքական իրավիճակ է բարդացնում: Շվեյցարիան հետ քաշվելու ցանկություն չունի հեռու շուկաների հետ աշխատելու հարցում, ինքը սիրով կհամաձայնի համագործակցել հեռու շուկաների հետ, որոնք չեն ստեղծում միգրացիաներ դեպի Շվեյցարիա:

- Երկու հարց եւս. առաջին հարցը կապված է Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրային հարաբերությունների հետ, մենք խնդիր ունենք Վրաստանով ապրանքների փոխադրման հարցում: Վերջին շրջանում կան տեղեկություններ, որ Շվեյցարիայի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Աբխազիայով եւ Օսեթիայով երկաթուղու վերաբացման ուղղությամբ: Արդյոք դուք տեղեկացվա՞ծ եք այդ մասին եւ ի՞նչ փուլում է այն գտնվում:

- Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին եւ ասել եմ, որ տեղեկացված չեմ: Երկրորդՙ ինչ վերաբերում է Շվեյցարիայի դերին, ապա կարող եմ միայն ասել, որ Շվեյցարիայիում կան խոշոր երկաթուղային ընկերություններ, որոնք կարող են այս հարցում միջնորդի դեր ստանձնել:

- Վերջին հարցըՙ այսպես կոչված Ցյուրիխյան արձանագրությունների մասին, որտեղ Շվեյցարիան բավականին մեծ դեր կատարեց, սակայն ցավոք սրտի այդ արձանագրությունները չաշխատեցին, եւ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս տարվա մարտին կհայտարարի իր ստորագրության չեղարկման մասին: Արդյոք Շվեյցարիան հնարավորության դեպքում կշարունակի՞ իր առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ավելի ճշգրիտՙ նորից հարթակ կդառնա՞ երկկողմ հարաբերությունների բարելավման համար:

- Անշուշտ, դա մեր պատրաստակամությունն է: Շվեյցարիան միշտ խաղաղություն է փնտրել, պետք է գործունեություն լինի` երկարատեւ ռազմավարություն, պետք չէ խառնել երկարատեւ ռազմավարությունը ներկա կառավարության իրողությունների հետ, եթե այսօրվա կառավարության հետ այս ծրագրերը չհաջողվեն, ապա այլ կառավարության հետ այն կարող է հաջողվել: Բայց, իմ կարծիքով, Հայաստանի շահերից է բխում խաղաղությունը, որովհետեւ այս պահին, հարեւան երկրների հետ համեմատած, տնտեսական իմաստով ամենափոքր հետաքրքրություն Հայաստանն է ներկայացնում: Եվ այսքանով եզրափակելով ես վստահ եմ, որ Հայաստանը իր շուկան պետք է առավելագույնս ազատականացնի եւ միայն այս պայմաններում Շվեյցարիայի համար կարող է ձեր երկիրը հետաքրքրական լինել: Այսինքն բոլոր խաղաքարտերը պետք է օգտագործել` թե՛ Եվրասիական, թե՛ Եվրոպական, թե՛ Շվեյցարական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ