RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3173, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ-ՎԱՅՍԲԱԽ, Գերմանիա

Ստորեւ թարգմանաբար «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի բեռլինյան թղթակցի հոդվածըՙ կրճատված տարբերակով:

Նոր տարին միշտ էլ լավ ժամանակ է պարտավորվելու, որ կդառնանք ավելի լավը: Քաղաքական ղեկավարների համար դա առիթ է խորհրդածելու անցած տարվա մասին եւ ծրագրեր մշակելուՙ մոտ ապագայի վերաբերյալ: Այդ իմաստով Թուրքիան բացառություն չէր: Նոր տարվա իր ելույթի ժամանակ նախագահ Էրդողանն ասաց, որ դժվարին մի տարի անցկացնելուց հետո նա ակնկալում է բարեկամական հարաբերությունները վերահաստատել Եվրոպայի հետ, նվազեցնել իր թշնամիների քանակը եւ ավելացնել բարեկամ երկրների քանակը: «Իրականում լուրջ խնդիրներ չկան եվրոպական երկրների (ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան եւ Հոլանդիան) հետ: Նրանք վաղեմի բարեկամներ են», ավելացրեց նա:

Նախագահի արտասանած խոսքերը պաշտպանեց արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն «Funke» մեդիա խմբակցությանը տրամադրելով մի խմբագրական, որտեղ նշում էր, որ Գերմանիան եւ Թուրքիան հարաբերությունների նոր փուլ պետք է սկսեն: «Դրանք բարեկամության եւ համագործակցության 300 տարվա վաղեմություն ունեն, եւ մենք պետք է փորձենք հաղթահարել ներկա ճգնաժամը», գրել էր նա մատնանշելով չորս նախապայման: Երկու կողմերը պետք է հանդես գան որպես հավասար գործընկերների, Գերմանիան պետք է ճանաչի, որ վերջին 15 տարում Թուրքիան առաջընթաց է արձանագրել, քաղաքական երկխոսությունները պետք է տեղի ունենան ամենաբարձր մակարդակով, վստահության մթնոլորտում եւ եթե անհրաժեշտ է` ոչ պաշտոնական ուղիներով, խուսափելու համար ամպագոռգոռ դիվանագիտությունից եւ պոպուլիստական, եսակենտրոն նպատակներից:

Երկխոսությունը պետք է լինի գործնական: Լեզունՙ կարեկցական: «Գերմանիան հավանաբար լրիվ չի հասկացել 2016 թվի պետական հեղաշրջման արդյունքում Թուրքիայի կրած տրավման: Նա պետք է ավելի վճռական դիրքորոշում ընդունի Գյուլենի շարժման եւ PKK-ի նկատմամբ», գրել էր նա, ավելացնելով, որ եթե Գերմանիան մեկ քայլով ընդառաջ գնար Թուրքիային, ապա Թուրքիան երկու քայլով ընդառաջ կգնար Գերմանիային:

Երկու քաղաքական գործիչները, այնուհետեւ, ճանապարհ ընկան դեպի Եվրոպա բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու համար Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Հունվարի 6-ին Չավուշօղլուն ուղեւորվեց Գոսլար (Գերմանիա)` հանդիպելու իր գործընկեր Զիգմար Գաբրիելին , որն անցյալ նոյեմբերին Անթալիա էր այցելել: Նախքան հանդիպումը վերջինս հայտարարել էր, որ բարձրացնելու է թուրքական բանտերում դեռեւս որպես քաղաքական բանտարկյալների պատանդ պահված 8 գերմանացի լրագրողների (որոնցից ամենահայտնին Դենիզ Յուչելն է) հարցը, որպեսզի կարելի լինի «նավարկել բնականոն ջրերում» Թուրքիայի հետ: Նա իր տանը ընդունեց Չավուշօղլուին, հյուրասիրեց թուրքական թեյՙ թուրքական սպասքներից: Տոնայնությունը փոխված էր. վերջին շրջանի նրա հայտարարությունների հետ համեմատած: Նա գովաբանեց Թուրքիային հետպատերազմյան շրջանում Գերմանիայի վերակառուցմանը մասնակցելու եւ ներկա ժամանակներում սիրիացի փախստականների հարցում գործադրած ջանքերի համար, բայց նաեւ նշեց, որ «երկու կողմերը ոչ միշտ են միեւնույն կարծիքին»:

Պետք է ասել, որ տարակարծությունները բազմաթիվ են եւ բավականին լուրջ: Դրանցում ամենակարեւորը գերմանացի լրագրողների բանտարկված մնալն է: «Վելթ»ի թղթակից Յուչելն ավելի քան 10 ամիս է ազատազրկման մեջ Թուրքիայում, չնայած առ այսօր որեւէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել նրան: Հաջորդը բանավոր վիրավորանքներն են («նացիստական մեթոդներ»), որ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հասցրել էին գերմանացի բարձրաստիճան քաղաքական գործիչներին, որի արդյունքում դադարեցվել էին գերմանակաան զենքերի մատակարարումը Թուրքիային: Այդ պատճառով էլ երբ Չավուշօղլուն ցանկություն հայտնեց վերականգնել մատակարարումը, մամուլի արձագանքները չուշացան: Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբշդորֆը արտգործնախարարին հարցրեց, թե ինչու իր ինքնաթիռով Գերմանիա չէր վերադարձրել բանտարկված լրագրողներին: Իսկ կանաչների կուսակցության առաջնորդ Էոզդեմիրն ավելացրեց, որ «մինչեւ դա տեղի չունենա, հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող»:

Համարյա զուգահեռաբար, հունվարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փարիզում ընդունեց նախագահ Էրդողանին, որը «Ֆիգարո» թերթում հանդես գալով իր կարծիքն էր հայտնել «դարերի պատմություն ունեցող» հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Էրդողանը հավանաբար Ֆրանսիան դիտարկում էր որպես Եվրոմիության ներկայացուցչի եւ անշուշտ հույսեր փայփայում այդ կառույցին անդամակցելու ուղղությամբ: Սակայն տարածաշրջանային հարցերի (Պաղեստին, Իսրայել, Երուսաղեմ, Սիրիա) համատեղ քննարկումներից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հստակեցրեց, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր չէր ներկա պայմաններում: «Գուցե միայն համագործակցություն կամ գործընկերություն», ասաց նա, խորտակելով Էրդողանի հույսերը: Հուսալքվածՙ Թուրքիայի նախագահը նշեց, որ «անվերջ խնդրողի դերում լինել հնարավոր չէր: 54 տարի է, ինչ մենք սպասում ենք եւ դա հոգնեցուցիչ է», նշեց նա, ավելացնելովՙ «գուցե դա մեզ մղի հստակ որոշումներ ընդունելու»:

Սիրիայի ահաբեկիչ խմբավորումներին զենք մատակարարելու մասին ֆրանսիացի լրագրողի հարցը հունից հանեց Էրդողանին, որ կշտամբանքով ասաց. «Զգուշացեք նման հարցեր տալուց: Ձեր առաջ կանգնած չէ մեկը, ով հեշտությամբ կուլ կտա նման հարցադրումները»:

Մամուլի ասուլիսի ամբողջ ընթացքում բողոքի ցույցերն անպակաս էին: «Amnesty International-ից» բացի փողոց էր դուրս եկել «Femen» կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունը, որի ներկայացուցիչները կիսամերկ, բաց կրծքերով, հավաքվածներին մենյուներ բաժանեցին, որոնցում նշված էին «աղացած մարդու իրավունքներ» եւ «խաշած լրագրողներ» ճաշատեսակները:

Որպես եզրակացություն կարելի է նշել, որ նոր տարին այնքան էլ լավ չի սկսվել Էրդողանի համար: Ասում են, երբեմն, որոշումները չեն ընթանում ըստ ծրագրված կանխատեսումների:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ