RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3979, Տպվել է` 494, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Գյումրիում գործող «Թռչունյան» գիշերօթիկը տարվա մեջ մի քանի անգամ հյուրընկալում էր Հայաստանի եւ սփյուռքի մտավորականների, արվեստի գործիչների, ճանաչված լրագրողների, եւ 2006 թվականին, ինչպես ասում են, հերթը հասել էր Սիլվա Կապուտիկյանին, որի հանդիպման մի քանի պայմանավորվածություններ չէին կայացել զանազան պատճառներով: Վերջապես, որոշվեց բանաստեղծուհուն հրավիրել իր ծննդյան օրը, որը ոչ միայն կայացավ, այլեւ մնաց մանկատան պատմության մեջ, ոսկե ֆոնդում, թե՛ հյուրի բացառիկ կերպարի, թե՛ կազմակերպչական անակնկալների իմաստով:

2006թ. ձմեռը խիստ էր ու ձյունառատ: Որոշված էր, որ հունվարի 20-ի առավոտյան ժամը 11-ին դուրս էինք գալու դեպի Գյումրի եւ հաջորդ օրը վերադառնալու էինք, մեկ գիշեր մնալով «Թռչունյանում»: Նշված օրը Սիլվան զանգահարեց առավոտյան եւ խնդրեց մեկնման ժամը փոխել եւ Երեւանից դուրս գալ ժամը 13-ին, որից հետո նորից ժամը փոխեց, քանի որ բանաստեղծուհու մոտ էր եկել նրան շնորհավորելու Օհան Դուրյանը, այն ժամանակվա մշակույթի նախարարՙ Կարինե Խոդիկյանը, ով բերել էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորանքները, ուստի խումբը դեպի Գյումրի շարժվեց միայն ժամը 17-ին, փաստորեն մթնով: Բնականաբար, տագնապած էինք, քանի որ ճանապարհը այդ օրերին փակվում էր, բայց Կապուտիկյանը պնդեց մեկնել:

Մեկնեցինք երկու մեքենայով, վաղօրոք խնդրելով, որ Թալինի խաչմերուկում մեզ «Ջիպ» դիմավորի ու ժամը 20-ի շրջանում հասանք Գյումրի: Քանի որ արդեն տարաժամ էր, սաների ողջույնը մնաց հաջորդ օրվա, իսկ աշխատակազմը եւ այլ գյումրեցիներ հավաքվեցին սրահներից մեկում, ինչպես ասում են, աղ ու հացի: Երեկոն կամաց - կամաց ջերմացավ, Սիլվան աշխուժացավ եւ մտավ իր դերի մեջ ու երբ մեծարանքի ու գովեստի խոսքերը հասան բարձրակետին, Սիլվան կատակով ասաց.- բա զուռնա-դհոլն ո՞ւր է: Ասելուն պես սրահի դռները բացվեցին ու զուռնա-դհոլը աղմուկով ներս մտավ: Վստահ եմ, թե ընթերցողը կպատկերացնի պահի բացառիկ ջերմությունն ու խանդավառությունը, որը բնականաբար վերածվեց, կարճ ասած, քեֆի:

Քանի որ Սիլվան հոգնած էր, հուզված, որոշեցինք իրեն տրամադրված սենյակի հարեւանությամբ տեղավորել նրան ուղեկցող, «Մուղնի» հրատարակչության տնօրենՙ Ռուզան Պետրոսյանին, ով ուշադիր պետք է լիներ եւ մոտենալու էր Սիլվային, նրա զանգը լսելուն պես:

Միայն առավոտյան իմացանք, որ Սիլվան գիշերը երկու անգամ, պատահաբար, կպել էր զանգի կոճակին եւ արթնացրել ոչ միայն Ռուզանին: Օրը սկսվեց զավեշտով, ապա առավոտվա նախաճաշով թեմի առաջնորդՙ Միքայել Սրբազանի հետ, որից հետո մի բացառիկ, ջերմ ու խանդավառ հանդիպմամբ շարունակվեց: Թե ինչ կատարվեց Կապուտիկյանի հետ, երբ դահլիճ մտավ Երեւանից ժամանած մտավորականների խումբը, դա խոսքով դժվար է նկարագրել...

Սաները համերգային մի ծաղկեփնջով ցնցեցին դահլիճը, ուր ներկա էր ողջ Սեվերսկի թաղը: Հանդիպումը կմնա մանուկների հիշողության մեջ հատկապես իր ավարտով, Սիլվայի բացառիկ հայրենասեր տրամաբանված, թե՛ մտահոգ, թե՛ լավատես, բոցաշունչ ելույթով: Իրենց ողջույնի խոսքերն ասացին հյուրերից Քույր Արուսյակը եւ Հայր Վարդանը, Սիլվային անվանելով աշխարհասփյուռ հայության փառքն ու պարծանքը:

Ավելորդ է ասել, թե ինչպես անցավ մանուկների հետ համատեղ ճաշը, Կապուտիկյանի թամադայությամբ, որը նշանակում է մթնոլորտի նկարագրության նշաձողը ավելի բարձրացնելու անհնարինություն:

Երեւան հասանք երեկոյան ժամը ութին, ճանապարհին թողնելով տասնյակ մեքենաներ ձյունառատ ճամփեզրերին: Օրեր անց Սիլվան մի լուսապսակով էր հիշում «Թռչունյան» տան սաների հետ իր հանդիպումը, ուր նա թողեց սիրո, մայրական ջերմության ու հայրենասիրության կորիզներ: Ինչ կանխազգացում կամ ինչ խոսեց Սիլվայի մեջ, որ չնայած ժամանակի սղությանը, նա ցանկություն հայտնեց այցելել Շիրազի հուշարձանին, որը կերտված էր իրենց զավակիՙ Արա Շիրազի ձեռքով: Միայն Արարիչը կարող է ասել, քանի որ նա՛ էր որոշել, թե սա էր լինելու նրա վերջին տարեդարձը...

Արդյո՞ք իմանալով, որ դա իր վերջին տարեդարձն էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ