RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 10263, Տպվել է` 757, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ «ԹԸՐՔԻ» ՕՐ Է

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ամերիկյան ազգային տոնի` Գոհաբանության նախօրերին ամենագործածականը` «թըրքի» (turkey) բառն է եւ դրան առնչվող առտնին հոգսերը, որին մասնակցում է երկրի գրեթե ողջ բնակչություննՙ անկախ ազգային, կրոնական, ռասայական պատկանելությունից: Միակ բառն է ամերիկյան լեզվապաշարում, որն իր աշխարհագրական նշանակությունից բացի, նույն ուղղագրությամբ ու խոսքով վերաբերում է նաեւ խնդրո առարկա թռչունին եւ իր հետ տեղի ունեցող խոհանոցային բոլոր արարողություններին: Ասում են էրդողանին դուր չի գալիս ամեն տարի, նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը «թըրքի» սպանդ իրականացնելու ամերիկացիների աճող եռանդը, մանավանդ` թուրք-ամերիկյան ներկայիս լարված քաղաքական մթնոլորտում: Այստեղ գյուլենականների մատը դժվար թե խառը լինի, տոնն ունի մոտ երկուհարյուրամյա ավանդույթ, սակայն երեւույթը լիովին համընկնում է թրքությունը վիրավորելու համար նախատեսված թիվ` 301 հոդվածի դրույթներին, համաձայն որի` եվրոպացիները մեղավոր են այն հանցանքի մեջ, որ գալով Ամերիկա «թուրք» են անվանել հյուսիս- ամերիկյան ծագում ունեցող այդ խոշոր, անհրապույր թռչնին: Էրդողանն ամենաքիչը պահանջելու է Սպիտակ տնից փոխել այդ թռչնի անվան աշխարհագրական կողմնորոշումը «դեպի Հնդկաստան», ինչպես է եվրոպական շատ երկրներում:

Հումորը մի կողմ դնենք եւ պարզենք, թե իրապես ինչպե՞ս է ստացվել, որ այս զուտ ամերիկյան ծագում ունեցող թռչունը ժառանգել է «թուրք» անվանումը: Ամերիկյան կայքն այս փաստի բացատրությամբ վկայակոչում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մարիո Փեյի կարծիքը, ըստ որի` 1500 ական թվերին, թռչունը Մեծ Բրիտանիա է բերվել Կոստանդնուպոլսից, ուր այն ներկրվել է Ամերիկայից (կարծես, հայի մատը խառն է): Բրիտանացիները կոչել են այն «թուրքի աքլոր», ինչը հետագայում կրճատվելով դարձել է` «թըրքի» (turkey): Հետո պիլիգրիմները գալով Ամերիկա ցամաքամասՙ այդ անունը տեղայնացրել են, Մասաչուսեթսի անտառներում հանդիպելով իրենց արդեն ծանոթ թռչնին: Նույնիսկ Շեքսպիրն է հիշատակել իր «Տասներկուերորդ գիշեր» պիեսում (81-րդ էջ) «թըրքի աքլորի» մասին, ինչը վկայում է այդ տերմինի լայն ժողովրդայնության մասին Անգլիայում:

Նշենք, որ նույն Թուրքիայում «թըրքին», իհարկե, կոչվում էՙ «Hindi» (հնդկահավ), նույնն է եվրոպական շատ երկրներում: Սա էլ բացատրվում է այն վարկածով, որ Կոլումբոսը ցանկացել է գտնել Հնդկաստանը եւ տեսնելով վայրի թռչնին իր էկզոտիկ արտաքինով, հուսադրվել է որ, այնուամենայնիվ, հայտնաբերել է Հնդկաստանը: Ի դեպ, ամերիկացիներն էլ գոհ չեն իրերի այսպիսի վիճակից: Դուրս է գալիս, որ իրենց սիրված թռչունը` "turkey" է, "Hindi", Peru bird (պորտուգալերեն), Dutch chicken (մալայերեն), բայց ոչ ամերիկացի ու չունի ամերիկյան «ծննդական»:

Սակայն այս պատմության մեջ թուրքերի համար շահեկան մի բան կա, այն է` «թըրքի պարդոնը»: Սպիտակ տան դարավոր ավանդույթն է, որ Գոհաբանության տոնից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը գթասրտորեն խնայի խոհանոց ուղարկվող երեք «թըրքի»- ներից երկուսի կյանքը: Այս ավանդույթը պահպանում են ամերիկյան բոլոր նախագահները, Լինքոլնից սկսած մինչեւ Թրամփ: Ու ինչ էլ որ անեն թուրքերը` Վաշինգտոնում ծեծեն ամերիկացի ցուցարարներին, բանտ նետեն Ամերիկայի քաղաքացիներին, խախտեն դաշնակցային հարաբերությունները, միեւնույնն է` «թըրքի» նկատմամբ միշտ գործում է ԱՄՆ նախագահական Pardon-ը:

Սրանից էլ լավ բա՞ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ