RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 6867, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՂԴԱԴԸ ԵՎ ԷՐԲԻԼԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՔԻՐՔՈՒԿԻ ՀԱՄԱՐ

Պ.Ք.

Մերձավոր Արեւելքում կրկին զարգանում է քաոսի սցենարը

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում, ներառյալ նավթառատ Քիրքուկի նահանգում եւ մի քանի շրջաններում, անցկացվեց անկախության հանրաքվե, Իրաքում իրադարձությունները սկսեցին զարգանալ կանխատեսվող սցենարով: Բաղդադը ոչ միայն չճանաչեց հանրաքվեն, այլեւ հայտարարեց, թե չի բանակցի ինքնավարության կառավարության հետ: Բացի դրանից, սկսեց նախապատրաստել Քիրքուկի շրջանի ազատագրման գործողություն: Էրբիլը իր հերթին սկսեց Քիրքուկի շրջան ուղարկել աշխարհազորայիններ եւ ինքնապաշտպանության «փեշմերգա» ջոկատներ:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց, թե բանակը չի պատերազմի երկրի քաղաքացիների դեմ, բայց քրդերից պահանջեց հանուն երկխոսության հրաժարվել հանրաքվեի արդյունքներից: Էրբիլը պատասխանեց, որ պատրաստ է երկխոսությանը, բայց մտադիր չէ որեւէ բան չեղարկել:

Ռազմական դիմակայության գոտուց վերջին օրերին ստացվում են հակասական հաղորդումներ: Իրաքյան Al Sumariya հեռուստաալիքը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդեց, որ իրաքյան զորքերը Քիրքուկից հարավ բախվել են քրդական աշխարհազորի հետ: Որոշ տվյալների համաձայն, հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակը շիա աշխարհազորայինների հետ մտել է Քիրքուկ: Քրդական Դուքան բնակավայրում անարդյունք են ավարտվել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի եւ քրդական ինքնավարության ինքնավար ղեկավար Մասուդ Բարզանիի, քրդական Ժողովրդավարական եւ Հայրենասիրական միության ներկայացուցիչների բանակցությունները: «Հանրաքվեն չի չեղարկվի, բայց հարկավոր է շարունակել երկխոսությունը Բաղդադի հետ», հայտարարվեց բանակցություններից հետոՙ այն հույսով, թե Բաղդադը մտադիր չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Ներկայումս որեւէ մեկը չի կարողանում կանխատեսել, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները: Այս կապակցությամբ Իրաքի վարչապետը կոչով դիմել է բոլոր կողմերին, քաղաքացիական կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին, Եվրոմիությանը, «Իսլամական պետության» դեմ կռվող պետություններին, ՄԱԿ-ի ԱԽ-ին, ինչպես նաեւ բոլոր հարեւան երկրներինՙ «միջամտել, դեր խաղալ տարածաշրջանում նոր պատերազմի կանխման մեջ»: Միեւնույն ժամանակ իրաքյան Բասրա նահանգի խորհուրդը հայտարարել է ինքնակառավարման մտադրության մասին, եթե կենտրոնական իշխանությունը շարունակի անտեսել նահանգների ֆինանսական իրավունքները: Դա վկայում է Իրաքի տրոհման շղթայի սկզբնավորման մասին: «Ռեգնում» գործակալությունն ամփոփում է հետեւյալ կարեւոր գործոնները:

Առաջին. Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ կապված ճգնաժամը հետզհետե խորանում է: Շարունակվում են Իրաքի սահմանների մոտ սկսված զորավարժությունները: Թուրքիան, Իրանը եւ Իրաքը դադարեցրել են օդային հաղորդակցությունը Էրբիլի հետ: Վիճելի տարածքներում, այդ թվում Քիրքուկում նկատվում է «փեշմերգա»-ների եւ դաշնային բանակի ներկայության ուժեղացում: Շատ կարեւոր է նաեւ այն, թե հետագայում ինչպես կգործի «Իսլամական պետությունը» եւ թե ինչպիսի քայլեր կձեռնարկի Մոսուլում եւ Ռաքքայում պարտվելուց հետո, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային եւ ընդհանուր ընդգրկման նոր երեւույթների: Եթե ոչ այսօր, ապա վաղը քրդական հարցը կծառանա նաեւ Սիրիայում, եւ կարեւոր կդառնա Դամասկոսի դիրքորոշումը: Առայժմ նա հակված է քրդերի ոչ թե քաղաքական, այլ վարչական ինքնավարությանը: Ակնհայտ է նաեւ, որ Սիրիայում եւ Իրաքում քաղաքացիական պատերազմների ընթացքները փոխկապակցված են: Հայտնի չէ, թե ինչ կանեն քրդերը Թուրքիայում: Այս կապակցությամբ հնարավոր է Անկարա-Թեհրան-Դամասկոս-Բաղդադ նոր կոալիցիա: Բայց դա տարածաշրջանում կկանխի՞ արդյոք էթնիկական, կրոնական եւ հասարակական նոր բեկումների առաջացումը:

Երկրորդ. Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածն ընդգրկող նախագիծ, որպեսզի Էրբիլ-Բաղդադ լարվածությունը չեզոքացնելու համար: «140-րդ հոդվածը, որը նախատեսում է Քիրքուկում հանրաքվեների անցկացում, պետք է իրականացվի ոչ թե որպես միակողմանի ներածություն, այլ որպես կողմերի փոխհամաձայնության հանրաքվե», ասվում է Դավութօղլուի հայտարարության մեջ: Նրա կարծիքով 140-րդ հոդվածը պարունակում է Իրաքի վիճելի տարածքների խնդրի լուծման բանալինՙ բռնի տեղահանված քուրդ բնակիչների վերադարձ, մարդահամար եւ հանրաքվե այն մասին, թե այդ շրջաններն ուզո՞ւմ են արդյոք լինել Քրդստանի մասը: Սահմանադրության համաձայն, այդ հոդվածը պետք է կիրառվեր 2007-ի վերջերին, բայց մինչեւ օրս դա տեղի չի ունեցել: Միեւնույն ժամանակ Դավութօղլուն կարծում է, որ սեպտեմբերի 25-ի հանրաքվեի բոլոր արդյունքները, այդ թվում Քիրքուկի կարգավիճակը, պետք է սառեցվեն բանակցությունները հնարավոր դարձնելու համար: Նախկին վարչապետը նաեւ առաջարկել է քրդերի, արաբների եւ թուրքմենների հավասար մասնակցություն քաղաքի գործերի կառավարմանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հակամարտություններից: Հրապարակվել է նաեւ ալ-Աբադիի առաջարկածՙ Քիրքուկի դաշնային կառավարման հատուկ մոդելը, որին հավանություն են տվել թուրքմենները:

Երրորդ. Իրաքյան Քրդստանի հանրաքվեն կարող է դառնալ սակարկության առարկա, որը Բարզանիի համար կապահովի լայն լիազորություններ ու հնարավորություններ: Դա կարեւոր քաղաքական քայլ է դեպի անկախություն տանող ճանապարհին: Եթե ինքնիշխան պետություն ունենալու քրդերի ցանկությանը խոչընդոտեն, եւ քրդերը միառժամանակ հետաձգեն անկախության հռչակումը, ապա փոխարենը նրանք Բաղդադից կպահանջեն անցում Իրաքի դաշնային կառուցվածքից դեպի համադաշնություն (կոնֆեդերացիա): Ըստ որում, Թուրքիան կամ Իրանը դժվար թե միասնաբար կամ առանձին-առանձին դիմեն ռազմական միջամտության: Դա թերեւս գլխավոր հետեւությունն է: Այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել Իրաքում իրադարձությունների խիստ անհավանական զարգացումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ