RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 6851, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ ՀԵՏ ԹՐԱՄՓԻ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պ.Ք.

ԵՄ-ը դիմում է ուղղակի ԱՄՆ Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հաստատեր 2015թ. ամռանը «Վեցյակի» երկրների հետ Իրանի կնքած միջուկային գործարքի կատարման կամ չկատարման փաստը այդ երկրի կողմից: Գործարքի պայմանների համաձայն Սպիտակ տան ղեկավարը պարտավոր է 90 օրը մեկ Կոնգրեսին տեղեկացնել, թե Իրանը կատարո՞ւմ է արդյոք համաձայնագրի պայմանները, որոնք նրան պարտադրում են վերջ դնել սեփական միջուկային ծրագրինՙ միջազգային պատժամիջոցների նշանակալից մասի վերացման դիմաց: Թրամփը երկու անգամ հավաստել էր պայմանագրի կատարումը, բայց նրա հերթական ելույթի նախօրեին նախագահի վարչակազմում նրան հասկացրել էին, որ նա կարող է հայտարարել համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա հայտարարեց, թե կնքված գործարքն «ահավոր» է, եւ թե Իրանը խախտում է դրա պայմանները, փորձեց Մերձավոր Արեւելքում ձեւավորել հակաիրանական ռազմաքաղաքական կոալիցիաՙ Իրանին անվանելով աշխարհում ահաբեկչությունը պետականորեն հովանավորող գլխավոր երկիր: Իրադարձությունների ընթացքում պարզվեց, որ ամերիկացիները տվյալ հարցում ուզում են վճռական շրջադարձ կատարել: Սակայն հենց Թրամփի թիմում գոյություն է ունեցել պառակտում: Նախագահի ազգային անվտանգության գծով մի խումբ խորհրդականներ այլ կարծիքի էին: Համարվում էր, որ Իրանը կատարում է գործարքի պայմանները: Համաձայնագրի պահպանման օգտին հանդես էին գալիս ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը: Համաձայնագրի պահպանմանը կողմնակից էին նաեւ այն ստորագրած մյուս երկրներըՙ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները:

Բացի դրանից, Իրանը Օմանի միջոցով ԱՄՆ-ին առաջարկել էր վերանայել համաձայնագրի տեխնիկական որոշ մանրամասնություններ, որոնք մտահոգում են Վաշինգտոնին: Դա ենթադրում է կողմերի նոր խորհրդակցությունների անցկացում: Այս կապակցությամբ ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ հիշեցնում են, որ 2015-ին հենց ԱՄՆ-ը իր եվրոպացի երկու դաշնակիցների հետ հանդես էր եկել որպես Իրանի հետ գաղտնի բանակցությունների նախաձեռնող, այնպես որ Վաշինգտոնը լավատեղյակ է պայմանագրի ուժեղ եւ թույլ կողմերին: Սակայն Թրամփը այլ կերպ մեկնաբանեց այն ժամանակվա իրադարձությունները: Նրա խոսքերով, Օբամայի վարչակազմը հակաիրանական պատժամիջոցները վերացրել է Իրանի վարչակարգի լիակատար փլուզման նախօրեինՙ դրանով իսկ քաղաքական ու տնտեսական հենարան ստեղծելով պատժամիջոցներից ազատված Թեհրանի համար: Այստեղից բխում է ԱՄՆ ներկայիս նախագահի գլխավոր տրամաբանական թեզիսը, ըստ որի իրավիճակից կարելի է դուրս գալ միայն Իրանի վարչակարգի փոփոխման միջոցով:

Սակայն Թրամփը ստիպված եղավ մանեւրել: Սպիտակ տան պատրաստած մամլո ամփոփագրում խոսվում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին: Այն նախ եւ առաջ ամրագրում է Կոնգրեսի եւ դաշնակիցների հետ իննամսյա քննարկումների արդյունքներն այն կապակցությամբ, թե ինչպես կարելի է ավելի լավ ապահովել ԱՄՆ-ի անվտանգությունը: Երկրորդ, նշվում է, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված կլինեն տարածաշրջանում ԱՄՆ կառավարության ապակայունացնող քայլերի դեմ եւ ծայրահեղականությանը, ահաբեկչությանը եւ Սիրիայի նախագահի պատժիչ վարչակարգին օժանդակող նրա քաղաքականության դեմ: Այսինքն Թրամփի թիմը ուզում է ստեղծել Իրանի եւ Սիրիայի վարչակարգերի դեմ ուղղված գրեթե միասնական ճակատ: Սակայն հեռահար նպատակը պայքարն է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտող իրանական հրթիռների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, թեեւ դա որեւէ կապ չունի կնքված գործարքի էության հետ եւ, փաստորեն, հարձակում է տարածաշրջանում Իրանի բոլոր գործողություների վրա: Միեւնույն ժամանակ, Թրամփը առայժմ չի համարձակվում միակողմանիորեն դուրս գալ համաձայնագրիցՙ պատասխանատվությունը թողնելով Կոնգրեսին, ինչը նահանջ է ավելի վաղ հայտարարված սցենարից: Ինչո՞ւ: Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի իրանական քաղաքականությունը չի արժանանում ո՛չ եվրոպացի դաշնակիցների, ո՛չ էլ Ռուսաստանի հավանութանը, որի հետ Վաշինգտոնը փչացրել է իր հարաբերությունները, մինչդեռ առանց Ռուսաստանի ԱՄՆ-ի իրանական քաղաքականությունը կորցնում է իմաստը:

Փոխվել է ուժերի դասավորությունը նաեւ բուն Մերձավոր Արեւելքում: Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը դաշն են կազմել սիրիական ուղղությամբ: ԱՄՆ-ի իրանական նոր քաղաքականությունը, համենայն դեպսՙ հայտարարությունների մակարդակով, պաշտպանում են միայն Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան: Այն կայուն տպավորությունն է ստեղծվում, թե Իրանի խնդիրը ԱՄՆ-ում ներքաղաքական հարց է դարձել, իսկ մերձավորարեւելյան աշխարհաքաղաքականությունը մղվում է երկրորդ պլան: Այսպես, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին , Թրամփին անտեսելով, անմիջականորեն դիմել է Կոնգրեսին: Մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը Կոնգրեսի ձեռքին է, միչդեռ աշխարհը չի կարող թույլ տալ գործող համաձայնագրի չեղարկում, մանավանդ ԿԺԴՀ-ց բխող միջուկային մեծ սպառնալիքի պայմաններում: Պատահական չէ ամերիկյան Politico հրատարակության այն հոդվածը, ըստ որի իրանական ուղղությամբ նշմարվում է տարաձայնություն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլիի եւ պետդեպարտամենտի ու Պենտագոնի ղեկավարների միջեւ: Բացի դրանից, հրատարակության տվյալներով, Թրամփը մտադրվել է Հեյլիին պետքարտուղարի պաշտոնում նշանակել Թիլլերսոնի փոխարեն:

Սպիտակ տունը հարձակում է սկսել Թեհրանի վրա, սակայնՙ առանց անհրաժեշտ դիվանագիտական աջակցության: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներ Թերեզա Մեյի, Անգելա Մերկելի եւ Էմանյուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ի գիտություն են ընդունել Թրամփի որոշումը եւ մտահոգ են դրա հնարավոր հետեւանքներից: ՌԴ ԱԳՆ-ում նույնպես մտահոգություն են արտահայտել համատեղ գործողություների ծրագրից Վաշինգտոնի հրաժարման առթիվ եւ ընդգծել են միջազգային հարաբերություններում սպառնալի ճարտասանության անթույլատրելիությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ