RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 6895, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՄԻՆՅՆ ՄԻՐՈՐ-ՍՓԵՔԹԵՅԹՐ». 85-ԱՄՅԱԿ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator-ում» Մարկ Մամիկոնյանի հոդվածից)

Հակիրճ պատմական ակնարկ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը» աշխարհում անգլերեն լեզվով հրատարակվող հայկական ամենահին պարբերականն է: 1920-ի վերջերին էր, որ ամերիկահայերը գիտակցեցին, որ ԱՄՆ-ում ծնված նոր սերունդը իր դաստիարակությամբ, լեզվական տվյալներով եւ միջավայրի ազդեցության տակ էապես տարբերվում է հին սերնդից եւ երկուսի միջեւ կապը ամրապնդելու նպատակով «Պայքար» օրաթերթի հրատարակիչ Ռամկավար Ազատական կուսակցությունն իր 1931-ին հրավիրված համաժողովում Եղիա (Elisha) Չրաքյանի, Գաբրիել Փափազյանի եւ Վահան Չուրկենցի առաջարկով որոշեց հրատարակել անգլերեն լեզվով հայկական մի շաբաթաթերթ: «Արմինյն Միրոր» (The Armenian Mirror) վերտառությամբ թերթի առաջին համարը լույս տեսավ 1932-ի հուլիսի 1-ին: Թերթի խմբագիրն էր Ե.Չրաքյանը: Թերթը, որի յուրաքանչյուր համարը վաճառվում էր 3 ցենտով, նպատակ էր հետապնդում ծառայելու ամբողջ ամերիկահայությանը, հատկապես նրա հայերեն չխոսող նոր սերնդի ներկայացուցիչներին: Մատուցվում էին հայկականությանը եւ հայկական հարցի վերաբերյալ նյութեր:

Հակառակ այդ տարիների տնտեսական ծանր պայմաններին, «Միրորը» լավ ընդունելության արժանացավ հենց առաջին համարից եւ ունեցավ իր մրցակիցները: 1933-ին Ջոն Թաշչյանի խմբագրությամբ Նյու Յորքում լույս տեսավ «Սփեքթեյթր» (Spectator) վերտառությամբ մի նոր պարբերական, անկուսակցական: 1939-ին «Միրորն» ու «Սփեթեյթրը» միաձուլվեցին:

«Ամերիկահայերի նոր սերունդը, որ հաճախում է ամերիկյան վարժարաններ, մասնակցում ամերիկյան սպորտի եւ այլ բնագավառների միջոցառումներին, անգլերեն լեզվով արտահայտվում է ինչպես բնիկ ամերիկացին, ի տարբերություն Սվազից կամ Խարբերդից եկած իր ծնողների: Վերջիններս թեեւ հարմարվեցին նոր միջավայրին, բայց դժվարացան յուրացնել լեզուն: Նրանց մոտ շատ ամուր է նստած հայկական մշակութային ու պատմական արժեքների պահպանության հարցը: Նոր սերունդը չունի այդ կապվածությունը եւ դժվարությամբ է հաղորդակցվում հին սերնդի ներկայացուցիչների հետ: Այդ հաղորդակցությունը մասամբ դյուրացնելուն է միտված մեր թերթի հրատարակումը» նշված է առաջին թերթի հրատարակման 10-ամյակին նվիրված 1942-ի խմբագրականում:

Միաձուլված թերթը սկզբնական շրջանում հրատարակվում էր Նյու Յորքում: Խմբագիրն էր Պետրոս Նորհադը : Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակ զորակոչվելու առիթով նրան որպես խմբագրի հաջորդում է Ջեկ Անդրեասյանը , որին էլ 1940-ականների վերջերին փոխարինում է Մարտիրոս Սարգսյանը : Հիմնականում հրապարակվել են պատերազմական գործողություններին վերաբերող նյութեր, իսկ պատերազմի ավարտից հետո Կարսն ու Արդահանը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու եւ ամերիկահայերի Հայաստան ներգաղթելու վերաբերյալ հոդվածներ: Պատերազմի ընթացքում ՌԱԿ-ի նախաձեռնությամբ թերթը ձրի ուղարկվել է բանակում ամերիկահայ ծառայողների ընտանիքներին:

Հետագայում խմբագիր Բոբ Վահանի օրոք թերթը տեղափոխվել է Բոստոն, Շոումաթ պողոտա, որտեղ մնացել է մինչեւ 1961 թիվը, երբ վերջնականորեն հաստատվել է Ուոթերթաունի Մաունթ Օբըրնի ներկա հասցեում:

Բոստոն տեղափոխվելուն հաջորդած տասը տարիները բավական աշխույժ են եղել: Հիմնվել է հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների NAASR ընկերակցությունը, վերաբացվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոնը Հարվարդ համալսարանում, կառուցվել է Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցին, ընդարձակվել է ՀԲԸՄ-ի գործունեությունը, հաջող ընթացք է ունեցել կտակների միջոցով նվիրատվությունների հավաքագրումը, եւայլն:

1960-ականների սկզբներին հաջորդելով խմբագիր Գրիգոր Ոսկանյանին , Հելեն Փիլիպոսյան-Սարգսյանը դառնում է «Միրոր-Սփեքթեյթրի» առաջին կին խմբագիրը: Նրա օրոք հատկանշական տարեթիվ է հանդիսանում 1965-ի ապրիլի 24-ը, որի առիթով թերթն իր խմբագրականում գրում էր, որ Մեծ եղեռնի հետեւանքում հայերը ոչ միայն հայրենիք կորցրեցին եւ մարդկային զոհեր տվեցին, այլեւ թուրքերին թողեցին 35 միլիարդ դոլարի արժողությամբ կալվածներ եւ բանկային խնայողություններ: «Նրանք չեն կասկածում, որ հատուցման ժամանակը գալու է եւ արդարությունը հաղթանակելու է»:

Այնուհետեւ խմբագիր է դառնում Վարուժան Սամուելյանը , որի օրոք թերթի հոդվածներում հատկապես նշվում էր «արմատներին վերադառնալու» անհրաժեշտությունը:

Հելեն Փիլիպոսյանը 1976-ին վերադառնում է եւ թերթը խմբագրում Բարբարա Մեգերյանի հետ: Մերգերյանը մնում է պաշտոնում մինչեւ 1985 թվականը, իսկ հետո դարձյալ ստանձնում խմբագրի պաշտոնը 1990-ականների վերջերին: Որպես պատմաբան նա նոր շունչ է հաղորդում թերթին:

Նրան հաջորդում է Արա Գալայճյանը 1980-ականների կեսերին, որը նշանավորվում է դարձյալ անհանգիստ ու փոթորկալից մի ժամանակաշրջանովՙ ազգային-ազատագրական շարժման սկզբնավորում Խորհրդային Հայաստանում, ավերիչ երկաշարժ Սպիտակում եւ Լենինականում, անկախության հռչակում եւ պատերազմ:

Մերգերյանի վերադարձից եւ երեք տարի դոկտ. Սյուզան Մորանյանի հետ թերթի խմբագրությունը վարելուց հետո, 2000-ին Ալին Գրիգորյանն է դառնում խմբագիր, որն ստիպված է լինում դիմագրավել նոր մարտահրավերներ կապված ամերիկահայ համայնքային փոփոխությունների եւ տեխնոլոգիական նորամուծությունների հետ: Ի պատիվ նրան պետք է նշել, որ նա հմտորեն եւ լրջագույն բծախնդրութամբ է կատարում խմբագրի իր պաշտոնըՙ միշտ հավատարիմ մնալով թերթի առաքելությանը:

Ալին Գորիգոյանը վերջերս հրավիրված էր մասնակցելու Սփյուռք-Հայրենիք 6-րդ երեւանյան համաժողովին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ