RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՆԱՎԹԱԲԻԶՆԵՍ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 10211, Տպվել է` 1647, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒ ՆԱՎԹԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Մեկ ամիս առաջ, 2017թ. սեպտեմբերին, Բաքվում կնքվեց, այսպես կոչված, «դարի պայմանագիր 2»-ը, որով վերաբաշխվում էր ադրբեջանական նավթի եկամուտների շուրջ նախկինում կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ նմանատիպ պայմանագիր Ադրբեջանում առաջին անգամ կնքվել էր 1994թ. սեպտեմբերին, եւ ահա 23 տարի անց այդ պայմանագիրը վերակնքվում է այդ պետության պետական նավթային ընկերության` SOCAR-ի եւ անդրազգային նավթային մյուս ընկերությունների միջեւ:

Թե 23 տարի առաջ եւ թե այժմ այս պայմանագրի կնքումը Ադրբեջանում ներկայացվում է որպես այդ պետության համար իրական առաջընթաց ու հաղթանակ: Եթե այն ժամանակ այս ծրագրում միջազգային ընկերությունների դերակատարությունը մեծ էր, ապա կնքված նոր պայմանագրով մեծանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության դերակատարումը, եւ ահա այս փոփոխությունն է, որ պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես իրական հաղթանակ եւ առաջընթաց:

Սակայն այս պայմանագրի վերլուծությունն ու ընդհանրապես նավթի շուկայում ստեղծված իրավիճակը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կախվածությունը նավթի սեգմենտից գնալով աճում է եւ յուրաքանչյուր փոփոխություն հանգեցնում է այդ պետության դիրքերի թուլացմանը նավթային շուկայում եւ որպես հետեւանք` Հարավային Կովկասում: Նավթի արդյունահանման ծավալների եւ գների անկման հետեւանքով եկամուտների նվազումը վերջինիս ստիպել է դիմել միջազգային ֆինանսական կառույցներին` Համաշխարհային բանկին, Միջազգային արժութային հիմնադրամին, Եվրոպական զարգացման բնակին` նոր վարկերի ստացման համար:

Սակայն նույնիսկ այդ բանկերի կողմից վարկերի տրամադրման պատրաստակամությունը, որն ի դեպ կատարվում է դրանց կողմից որոշակի պայմանների, մասնավորապես մաքսային ու հարկային օրենսգրքի փոփոխման պահանջով, չեն բավարարում ծառացած հիմնախնդիրների լուծման պահանջները: Հիմնական խնդիրը, որին բախվել է Ադրբեջանը, ֆինանսական է` պայմանավորված նավթային եկամուտների զգալի նվազման հետ, ու հիմնականում սա է, որ ստիպել է Ադրբեջանին գնալ նավթային հիմնական` «դարի» կոչվող պայմանագրի վերակնքմանը, որը նրան ֆինանսական որոշակի հնարավորություններ կպարգեւի եւ հնարավորություն կտա շարունակելու նավթի արդյունահանումը այդ պետության ածխաջրածնի հիմնական հանքավայրից` Ազերի-Չիրք-Գյունեշլիից:

Նշենք, որ նոր պայմանագիրը վերաբերում է, այսպես կոչված, Ադրբեջանի օպերացիոն միջազգային ընկերությանը, որը միջազգային կոնսորցիում է եւ որը շահագործում է այդ երկրի թերեւս միակ հեռանկարային համարվող նավթադաշտըՙ Ազերի-Չիրաք-Գյունեշլին: Այստեղ կենտրոնացված է Ադրբեջանի նավթի 70%-ը եւ դրա շահագործումը միշտ էլ համարվում էր եկամտաբեր, հատկապես 90-ական թվականներին:

Ըստ նախկինում կնքված պայմանագրի, այս ընկերության բաժնեթղթերի 11%-ը պատկանում էր SOCAR-ին, իսկ մնացածը` միջազգային նավթային տարբեր ընկերությունների: Կոնսորցիումի ամենամեծ փայատերը եւ օպերատորը հանդիսանում էր «Բրիտիշ Փետրոլիում» ընկերությունըՙ բաժնետոմսերի 35%-ով: Նոր պայմանագրով տեղի է ունեցել փոփոխություն, եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը հաջողվել է մեծացնել իր բաժնեմասը` այն հասցնելով 25%-ի: ԲՓ եւ մյուս նավթային ընկերությունները համապատասխանաբար մոտ 14%-ով կրճատել են իրենց ներկայությունը այս ընկերությունում, ինչը նշանակում է տվյալ ընկերությունների ներկայության նվազում ընդհանրապես Ադրբեջանի նավթի բնագավառում:

Նկատենք, որ նմանատիպ գործընթաց տեղի էր ունեցել Ադրբեջանում նաեւ 3 տարի առաջ, երբ այդ պետության գազի կոնսորցիումիՙ Շահ-Դենիզի ամենախոշոր բաժնետերերից մեկըՙ նորվեգական «Ստատօյլը» հեռացավՙ վաճառելով իր բաժնեմասը SOCAR-ին եւ այլ ընկերությունների: Դա ստիպեց կողմերին նոր պայմանագիր կնքել` վերանայելով ընկերության մեջ մյուս միջազգային ընկերությունների փայաբաժինները: Նույն այդ ժամանակ Ադրբեջանի նավթագազային հատվածից, վաճառելով իր բոլոր բաժնետոմսերը, հեռացավ նավթային մեկ այլ հսկաՙ ֆրանսիական խոշորագույն «Տոտալ» ընկերությունը:

Այսինքն կարող ենք նկատել, որ անդրազգային ընկերությունները կա՛մ նվազեցնում, կա՛մ հեռանում են Ադրբեջանի նավթագազային համակարգից, ու վերջին տարիներին դա օրինաչափություն է դարձել, ինչը նշանակում է, որ այդ պետության ամենագրավիչ համարվող նավթի ու գազի արդյունահանման բնագավառը կորցրել է իր կոմերցիոն հետաքրքրությունը, եւ միջազգային ընկերությունները նախընտրում են կամ հեռանալ կամ զգալիորեն նվազեցնել իրենց ներկայությունը:

Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն նավթի գների անկմամբ (հիշեցնենք, որ 2014-ին այն կազմում էր 120$ մեկ բարելի դիմաց, իսկ այսօր դրա գինը մոտ 54$ է), այլեւ նավթի արդյունահանման շարունակական նվազմամբ: 2017թ.-ը ամենայն հավանականությամբ նավթի արդյունահանման տեսակետից կլինի ամենացածրը վերջին 10 տարիների ընթացքում` կազմելով մոտ 38 մլն տոննա, մինչդեռ 2010-ին այն կազմել էր 50 մլն տոննայից ավելի: Միայն Ազերի-Չիրաք-Գյունեշլի նավթադաշտից այս տարիների ընթացքում արդյունահանավել է մոտ 450 մլն տոննա նավթ: Նավթի արդյունահանման նման աննախադեպ ակտիվությունը նվազեցրել է այդ հանքավայրի հնարավորությունները, այն դարձնելով անհրապույրՙ նավթային միջազգային ընկերությունների համար:

Կնքված, այսպես կոչված, «դարի պայմանագրով» նախատեսվում է մոտ 40 մլրդ դոլարի ներդրում հաջորդ 32 տարիների ընթացքում, մինչդեռ նախկին պայմանգրով այս թիվը 2 անգամ ավելի էր: Իսկ այս անգամ ներդրումների մի հսկայական բաժինը ընկնում է ադրբեջանական պետական նավթային ընկերությանՙ SOCAR-ի վրա: Կնքված պայմանագրով հիշատակվում է, որ ադրբեջանական նավթի արդյունահանումը շահավետ կլինի նվազագույնը 55$ գնի դեպքում միայն: Սա պայմանավորված է նավթի արդյունահանման դժվարություններով, որոնք այս օրերին առկա են Ադրբեջանում: Նշված Ազերի-Չիրաք-Գյունելի նավթահանքերը գտնվում են ափից մինչեւ 115 կմ հեռավորության վրա: Իսկ Գյունեշլի հանքավայրը համարվում է խորքային, ինչն է՛լ ավելի է թանկացնում այդ հումքի արդյունահանումը:

Այսպիսով կնքված նոր պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: Պարզ է, որ նավթի արդյունահանումը Ադրբեջանում կրկնակի անգամ թանկացել է, նախկին պայմանագրով դրա ինքնարժեքը գնահատվում էր 15-20$, վերջինիս արդյունահանման ծավալները շարունակաբար նվազում են, բացի այդ բավականին ռիսկային են նավթի գները միջազգային բորսաներում: Նավթի մեկ բարելը Նյու Յորքի բիրժայում (WTA) հոկտեմբերի 18-ի դրությամբ արժեր մոտ 51$, իսկ Լոնդոնի բիրժայում (Brent տեսակը) դրա գինը 57$ է: Սա նշանակում է, որ նավթի գնի յուրաքանչյուր տատանում- իսկ դա տեղի է ունենում ամեն օր- կարող է վնասել այս պայմանագրի իրականացմանը: Հասկանալով այդ ռիսկերը, նավթային ընկերությունները կա՛մ նախընտրում են հեռանալ Ադրբեջանից, ինչպես «Ստատօյլը» եւ «Տոտալը», կա՛մ նվազեցնել իրենց դերակատարումը, այսպիսով կրճատելով իրենց ներդրումները, հետեւաբար նաեւ կորուստներն այդ շուկայում:

Այս իրավիճակի վրա պետք է ուշադրություն դարձնեն նաեւ Հայաստանի իշխանությունները` կատարելու համար համապատասխան վերլուծություն, մշակելու զարգացման հնարավոր սցենարները, իրականացնելու համար համապատասխան քաղաքականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ