RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 12358, Տպվել է` 1718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՄՅԱՆՑԻՑ ԹԱՔՈՒՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

Հ. ԱՖՅԱՆ

Արման Մուրադյանն ընտրվել է Սիթիզեն նորաստեղծ քաղաքի քաղաքապետ: Քաղաքի բացման պաշտոնական արարողության ժամանակ պարոն Մուրադյանը, դիմելով հյուրերին, հայտարարել է. « Ուրախ եմ Ձեզ տեսնել մեր քաղաքի բացման կապակցությամբ »: Արման Մուրադյանն ու Սիթիզենի բոլոր բնակիչները երեխաներ են:

Սիթիզեն նորաստեղծ քաղաքը գտնվում է Երեւանի Աճառյան 35 հասցեում, այնտեղ ապահովված է մանկական գունեղ միջավայր, երեխաները քաղաքում կարող են ծանոթանալ 60-ից ավելի մասնագիտությունների, ինչը ըստ նախագծի հեղինակներիՙ կհեշտացնի հետագայում նրանց մասնագիտության ընտրությունը, քաղաքում կան ինտերակտիվ խաղեր, երեխաներն այնտեղ կստանան նոր գիտելիք, հմտություններ, ինքնուրույնություն... Ի դեպ, քաղաքապետից բացի Սիթիզենն ունի իր փոքրիկ քաղաքապետարանը, փողոցներ, շենքեր, հրապարակ, հիվանդանոց, հրշեջ կայարան, գեղեցկության սրահ:

«Յուրաքանչյուր երեխա, մտնելով մեր քաղաք, կարող է դառնալ բժիշկ, հրշեջ, փոստատար, ոստիկան, բանկիր, ուսուցիչ...երեխաները մեզ մոտ կսովորեն ինչպես վաստակել եւ ծախսել գումար» , նշում են նախագծի հեղինակները: Մի խոսքովՙ Սիթիզենը երեխաների երազանքի քաղաքն է, եւ դատելով այն փաստից, որ բացմանը ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանն ամենեւին էլ Սիթիզենին չի համարում մրցակից քաղաք, ավելին, չի բացառվում, որ Երեւանն ու Սիթիզենը շուտով հռչակվեն քույր քաղաքներ:

Բացմանը, բացի Տարոն Մարգարյանից, եղել են նախագծի գործընկերները, աջակիցները, եւ ուշադրությունՙ հայտնիներն իրենց փոքրիկների հետ, ընդհանուր առմամբՙ ավելի քան 150 հրավիրյալ:

Սիթիզենը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար: Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է հյուրերի համար: Քաղաքը հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժի համար: Այնտեղ կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի (ոչ 4-14 տարեկան երեխաների, այլ նրանց ծնողների համար, անշուշտ), վերելակ, անգամ շոկոլադի ֆաբրիկա:

Մանկակական քաղաքի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը նշել է, որ Սիթիզենի հիմքում դրված է երեխայի զարգացման կարեւոր 2 գաղափարՙ կրթություն եւ զվարճանք: Երեխաները քաղաքում կարող են փորձել իրենց բժշկի դերում, կամ ոստիկանի, շատերըՙ բանկիրի, քչերըՙ ուսուցչի, եւ տեսնել, թե որքանո՞վ է այդ մասնագիտությունը համապատասխանում իրենց ցանկություններին եւ էությանը: Ճիշտ է, երեխաներին նախ պետք է բացատրել, թե ինչ է էությունը, բայց դա երեւի հենց Սիթիզենում հոգեբան աշխատող փոքրիկները կանեն: Հավելեմ միայն, որ Սիթիզենը կգործի ամեն օր մինչեւ ժամը 22:00-ը, եթե իհարկե մեր 4-ամյա փոքրիկներն իրենց սմարթֆոններով չզանգահարեն տաքսի: Ու քանի որ քաղաքում ինքնուրույնություն են սովորում, ինքնուրույն չգնան տունՙ հիասթափվելով Սիթիզենի քաղաքապետ Մուրադյանի դեմ պայքարից, որը խլել է նրանցից սպիտակ արջուկը, քանի որ դրա տեղում լեգոյով պետք է հյուրանոց կառուցվիՙ քաղաքապետարանի որոշմամբ:

Հավելեմ միայն, որ Սիթիզենն արդեն իսկ բարեկամ քաղաքներ ունի, մասնավորապես Մոսկվայում գործող «МастерСлавль» քաղաքի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի Սիթիզենինՙ բացման կապակցությամբ:

Տավուշի խաղաթաքստոցներից, սակայն, ոչ մի շնորհավորական ուղերձՙ Սիթիզենի բացման առիթով չի եղել: Հիշեցնեմ, որ Տավուշում ԱԻՆ-ը եւ Պահապան զարգացման հիմնադրամն իրագործում են Խաղաթաքստոց բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Տավուշում արդեն իսկ վերանորոգվում են դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները, որտեղ սահմանամերձ համայնքների երեխաները կարող են մտնել ու խաղալՙ թշնամուց աննկատ: ԱԻՆ-ը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, իսկ հիմնադրամն իրականացնում է թաքստոցների նորոգումն ու կահավորումը: Ի դեպ դրանք կահավորված կլինեն խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով եւ հեռուստացույցով, ինչը, ուշադրություն, հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում : Արդեն իսկ նման թաքստոց կառուցվել է Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, իսկ Պահապան հիմնադրամը նախաձեռնել է մասնավոր սեկտորին ներգրավել խաղաթաքստոցներ կառուցելու գործընթացին: Հիմնադրամըՙ Օգնիր կառուցել հաջորդը կարգախոսի ներքո հրավիրում է բարերարներին օգնելու հաջորդ խաղաթաքստոցի կառուցմանըՙ սահմանամերձ համայնքներում, որպեսզի մեր երեխաների վրա ոչ ոք չկրակի, երբ նրանք խաղում են, եւ որպեսզի նրանք սթրես չապրեն, երբ իրենց գյուղի վրա կրակում են:

Սիթիզենի քաղաքապետարանը դեռ չի արձագանքել Պահապան հիմնադրամիՙ Օգնիր կառուցել հաջորդը կոչին: Ի դեպ, Սիթիզենի բացմանը սահմանամերձ համայնքների խաղաթաքստոցներից ոչ ոք հրավիրված չի եղել. նրանք հայտնի չեն, նրանք պարզապես խաղում են հակառակորդի հետՙ սահմանագծին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ