RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2891, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԹԱՏՐՈՆ

Հ. ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 19-ին, երբ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բացվեցՙ «Ռուսաստանըՙ թուրքերի աչքերով» թուրք լուսանկարիչների ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցում էր Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, ամենացնցող լուսանկարը ընկած դեսպանն էր, հետեւում մարդասպանըՙ ատրճանակը (ի դեպ ռուսական) ձեռքին: Համենայնդեպս, երբ միջազգային բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին կադրեր այդ ցուցահանդեսից, բոլորը ցուցադրում էին այդ պատկերը: Գուցե այն չէր համապատասխանում ռուս-թուրքական այս ցուցահանդեսի խորագրին, բայց համապատասխանում էր իրականությանը: Դեսպան Կառլովը, որին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանեց «շատ հմուտ եւ բարձրակարգ դիվանագետ», սպանվեց Անկարայում: Մարդասպանը թուրք ոստիկան, իսկ թուրքերն ասում ենՙ նախկին ոստիկան Մեւլութ Մերթ Ալթընթաշն է, որը մի քանի կրակոցով սպանեց դեսպանին, ապա ինքը եւս սպանվեց:

Թե ինչ եղավ հետո, հայտնի է: Նախ Էրդողանն անմիջապես զանգահարեց Պուտինին եւ պարզաբանեց իրադրությունը, ըստ այդմ Ալթընթաշը նախկին ոստիկան է ու մասնակցել է գյուլենականների հուլիսյան հեղաշրջման փորձին: Ապա Մարիա Զախարովան հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «դեսպանը սպանվել է բացված անկանոն, քաոսային կրակոցներից եւ դա ահաբեկչություն էր»: Այն պարագայում, երբ դեսպանի սպանության տեսագրությունից պարզ երեւում է, որ Ալթընթաշը թիկունքից ոչ թե քաոսային, անկանոն, այլ շատ էլ ուղիղ եւ կանոնավոր կրակոցով սպանում է դեսպանին:

Զուգահեռաբար Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն արեց ու կրկնեց ռուսական արտգործնախարարության որակումըՙ «սա ահաբեկչրություն էր, որը նպատակ ունի սեպ խրել ռուս-թուրքական շատ լավ հարաբերություններում»: Սեպի մասին չմոռացավ հիշատակել նաեւ ռուսական կողմը, ընդգծելով, որ «Մոսկվան թույլ չի տա որեւէ մեկին սեպ խրել ռուս-թուրքական շատ լավ հարաբերությունների մեջ, ինչի փորձն արվեց ռուս դեսպանի սպանությամբ»:

Ավելի ուշ, արդեն սպանության հաջորդ օրը, Թուրքիայի ԱԳ նախարար, ռուս դեսպանի վրա կրակողի անվանակից Մեւլութ, սակայն Չավուշօղլուն, անձամբ հայտարարեց, որ «տեղի ունեցածը ստոր ահաբեկչություն է, որի պատճառներն անշուշտ բացահայտվելու են, մեղավորներն էլ, իհարկե, պատժվելու են, որ Անկարան սգում ու ցավում է», եւ մի ուրախալի լուր էլ հայտնեց... Անկարայում փողոց կբացենՙ դեսպան Անդրեյ Կառլովի անվան: Սրան հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. նա եւս տեղի ունեցածը որակեց որպես «ստոր ահաբեկչություն»: Նույն բառերով, եղբայրաբար, միասնականորեն:

Ռոմանտիկան եւ գեղարվեստականությունը սկսվեց Մարիա Զախարովայից: ՌԴ ԱԳՆ թիվ մեկ տիկինը սոցիալական ցանցում հրապարակեց դեսպան Կառլովի լուսանկարը, ապա տեղադրեց Վլադիմիր Վիսոցկուՙ «Ես չեմ սիրում» երգը ու հատուկ ընդգծեց այդ երգի հետեւյալ բառերըՙ «Ես չեմ սիրում, երբ կրակում են թիկունքից»: Հիշեցնեմ, որ ավելի վաղ նույն Զախարովան հայտարարել էր, որ դեսպանը սպանվել է բացված քաոսային, անկանոն կրակոցներից:

Վիսոցկու մթնոլորտը շարունակեց, ավելի ճիշտՙ ամրապնդեց, կզարմանաք, Պուտինն անձամբ: Պարզվում է, որ սպանության օրը, երեկոյան, այսինքն ճիշտ այն ժամերին, երբ դեսպան Կառլովը Անկարայում ելույթ ունենալիս է եղել «Ռուսաստանըՙ թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ, որի ամենադիտված լուսանկարի գլխավոր հերոսը ինքը պետք է դառնար, նախագահ Պուտինը գնացել էր թատրոն: Բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ թատրոնում բեմադրվում էրՙ «Խելքից պատուհաս» պիեսը, բայց ամենակարեւորն այս պատմության մեջ անգամ պիես-ներկայացման վերնագիրը չէ, այլ այն, որ պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովը Ռուսական կայսրության դեսպանն էր Պարսկաստանում եւ 1829-ին նույնպես սպանվեց:

Ահա այսպիսի միստիկա: Մնացյալն, ինչպես ասում են, ռուս-թուրքականՙ «շատ լավ» հարաբերություններ են, մի քիչ էլ Վիսոցկի, որը նույնՙ «Ես չեմ սիրում» երգում այսպիսի տողեր էլ ունի. «Ես չեմ սիրում սառը ցինիզմը: Ես չեմ սիրում, երբ անմեղներին հարվածում են: Ես չեմ սիրում, երբ մտնում են հոգուս մեջ: Առավել եւս չեմ սիրում, երբ թքում են այնտեղ...»: Ու քանի որ ողջ Ռուսաստանում դեռ չկա մեկը, ով կարողացել է շարունակել Վիսոցկուն, չշարունակենք նաեւ մենք, միայն ասեմ, որ դեսպան Կառլովին սպանելու հրաման տվել է կա՛մ Ֆեթուլլահ Գյուլենը, կա՛մ իսլամիստ ծայրահեղականներից ամենածայրահեղականը, կամ էլ Սաուդյան Արաբիան, հնարավոր է Չադը, չի բացառվումՙ Արեւելյան Թիմորը, կամ Շրի Լանկան:

Մի խոսքով, ռուս ուժայինները մեկնել են Անկարա, որպեսզի իրենց թուրք «շատ լավ» գործընկերների հետ բացահայտեն այս սենսացիոն սպանությունը: Հաջողություն մաղթենք երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչներին: Վերջ, հաջողություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ