RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3002, Տպվել է` 145, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է

Հ. ԱՖՅԱՆ

Գինին կապ չունի: Նկատի ունեմ քաղաքականության հետ: Այն գուցե կապ ունի պատերազմի հետ, ինչպես ասում ենՙ մարտականՙ թեկուզ անբասիր ուղու հետ, մարտական, զինակից ընկերների հետ անցած ճանապարհի հետ, բայց քաղաքականության հետ կապ ունի... կինը: Համենայնդեպս ավելի շատ, քան գինին: Միշտ է այդպես եղել, բոլոր թագավորություններում, հանրապետություններում, դաշնություններում եւ նահանգներում:

Չնայած որ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն եւ իր ջանքերը, փորձը, գիտելիքը ինքնուրույն ներդնել մեր պետության զարգացման գործում, պարոն Օհանյանը ինքնուրույն է որոշել: Բանն այն է, որ ջանքերը, փորձն ու գիտելիքը երկրի զարգացման գործում ինքնուրույն ներդնելու համար նախ պետք է ինքնուրույն որոշում կայացնել: Պարոն Օհանյանը այդ որոշումը կայացրել է եւ երեքշաբթի օրը հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն, եւ դատելով հայտարարության տեքստիցՙ բավականին երկար ժամանակով, խոստանալով, որ հայրենիքը կրկեսի չի վերածելու եւ մերժելու է, երբ քաղաքական գործիչների տեսակետների ու կարծիքների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, սա, պարոն Օհանյանը կտրականապես է մերժելու:

Զուգահեռաբար, եւ պարոն Օհանյանի այս ինքնուրույն որոշման հետ ոչ մի կապ չունենալով, տիկին Ռուզաննա Խաչատրյանը հայտնեց, որ մեկնարկել է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը, որի միջոցով պարոն Օհանյանը մշտական կապ կպահպանի հասարակության տարբեր շերտերի հետ: Տիկին Ռուզաննա Խաչատրյանը պարոն Սեյրան Օհանյանի կինն է, բայց դա ոչ մի կապ չունի, իրո՛ք չունի:

Անկեղծ ասածՙ այս պատմության մեջ ինձ գոնե ամենաուշագրավ թվաց մեկ բառ: Այն մեխի պես, ընդ որումՙ խոշոր եւ անդուր, գամված է պարոն Օհանյանի ողջ հայտարարության մեջ եւ ըստ էության չի թողնում հայտարարության այլ մասերի վրա եւս ուշադրություն դարձնել: Խոսքը վերաբերում է արդեն հիշատակվածՙ «ինքնուրույն» բառին: Ինչո՞ւ է նախկին, այն էլ պաշտպանության նախարարը շեշտում այս բառը, ումի՞ց է ինքնուրույնանում: ՀՀԿ-ի՞ց, որին դե յուրե երբեք չի անդամակցել, Սերժ Սարգսյանի՞ց, ով նրա մարտական, զինակից ընկերն է, այլ հարց է, որ այլեւս գաղափարակից ընկեր չէ, թե՞ կար կամ կա այլ մեկը, ումից այլեւս ինքնուրույն է գործելու պարոն Օհանյանը: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե պարոն Օհանյանը որոշել է ինքնուրույն գործել, օրինակՙ Սերժ Սարգսյանից, հետեւաբարՙ ՀՀԿ-ից, կնշանակի, որ նա լինելու է ընդդիմադիր գործիչ, ինչը, խոստովանենք, ակնարկում է իր հայտարարությամբ, բայց շատ նուրբ, որ ոչ ընդդիմադիրները գիրկները բաց սրտատրոփ սպասեն, ոչ անձամբ Վիկտոր Դալլաքյանը առնվազն ժամանակից շուտ հրճվի, ոչ էլ իշխանությունն ի դեմս Սերժ Սարգսյանի խառնվի իրար, քանի որ քաղաքական դաշտ եւ ընդդիմադիր բեւեռ է ներխուժում ինքը, պաշտպանության գեներալ, նախկին նախարար, ուշադրությունՙ ՀՀ պետական գաղտնիք տիրապետող, կրող Սեյրան Օհանյանը, եւ նա դա անում է, ու այսուհետ ամեն բան անելու է ինքնուրույն:

Վտանգավո՞ր է սա, անշուշտ այո: Ընդ որում ինչպես իշխանության համար, քանի որ ի վերջո Սեյրան Օհանյանը նախկինում, երբ ինքնուրույն չէր գործում, թիմի առանցքային անդամ էր եւ ներքին խոհանոցին հրաշալի տիրապետող, հետեւաբար ամեն պահի կարելի է սպասել, որ պարոն Օհանյանը կարող էՙ հանուն ընտրություններում իր հաղթանակի որոշում կայացնի եւ ինչ-որ զարմանահրաշ բաներ պատմի այդ ներքին խոհանոցից: Եւ պետության համար է սա վտանգավոր, քանի որ պարոն Օհանյանն, ինչպես արդեն ասացի, ոչ միայն իշխանական թիմի ներքին խոհանոցին է տիրապետում, այլեւ ՀՀ պետական գաղտնիքին: Անգիր գիտի որտեղ որքան զենք ու զինվոր ունենք, որ թվի զենք ունենք, որ թվից սկսած զենք չունենք, տարբեր զորամասերում ունի հավատարիմներ, իր հետ մարտական ուղի անցածներ, իրեն զինակից ընկերներ, որոնց, ի դեպ, պարոն Օհանյանը դիմում է իր հայտարարությամբ, թե բա, տղերք, որոշել եմ ինքնուրույն մտնել քաղաքականություն, ի՞նչ կասեք: Պատկերացրեք, որ տղերքն էլ, ոչ բոլորն անշուշտ, մի մասը գոնե, բռնեն ու ասեն: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, ոչ թե չեմ կարող, այլ չեմ ուզում նման բան պատկերացնել:

Մյուս կողմից, ո՞վ է մեղավոր, որ պարոն Օհանյանը սկսեց ինքնուրույն որոշումներ կայացնել եւ անցնելՙ միշտ հարգված զինվորականից չհարգված քաղաքական գործիչ դառնալու ճանապարհը: Բնականաբար պարոն Օհանյանը եթե այստեղ մեղք ունի էլ, ապա ամենաքիչը: Մարդն իրոք փորձ ու գիտելիք ունի, աշխատելու եւ ծառայելու ցանկությունը եւս, մարտական ու զինակից ընկերներ, առհասարակ ընկերներՙ որքան ուզեք, ուստի ինչո՞ւ նա չպետք է ցանկանար մտնել քաղաքականություն: Այստեղ այլ մեկի բացթողումը կա: ՀՀԿ-ն ինքն է մեղավոր, որ պաշտպանության նախկին նախարարը որոշեց ինքնուրույն ջանալ հանուն... երկրի բարօրության: ՀՀԿ-ն ինքը թողեց պարոն Օհանյանին, չնայած վերջինս իր հայտարարության մեջ նշում է, որ իրեն առաջարկել են բարձր պաշտոններ, սակայն ինքը մերժել է, քանի որ ցանկանում է այսուհետ ինքնուրույն...Առժանահավատ չէ: Ամեն դեպքում ՀՀԿ-ն, երբ մի բան շատ է ցանկանում, լինում է:

Մենք իհարկե չենք պնդում, որ պարոն Օհանյանն իր քաղաքական ինքնուրույն գործունեության մեջ բացահայտելու է ՀՀ պետական գաղտնիքը: Բայց մենք պնդում ենք, որ քաղաքականության մեջ ինքնուրույն գործունեություն ծավալել հնարավոր չէ: Ուրեմն կա՛մ ՀՀԿ-ն իրականում բաց չի թողել պարոն Օհանյանին եւ հենց ՀՀԿ-ին է պետք, որ Օհանյանը սկսի ինքնուրույն քաղաքական գործունեության իմիտացիա, կամ էլ պարոն Օհանյանն իսկապես ինքնուրույն է որոշել մտնել քաղաքականություն: Իրո՛ք ինքնուրույն, լրի՛վ ինքնուրույն, բոլորի՛ց ինքնուրույն: Ֆեյսբուքի էջն էլ, որն այսօրվանից մեկնարկել է, պարոն Օհանյանը լրիվ ինքնուրույն է վարելու...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ