RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 5592, Տպվել է` 1167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐՈՒՄ

ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ

Հավատքի արիությունը հայերի տարբերիչ գիծն է քրիստոնեության վաղնջական ժամանակներից մինչեւ մեր ժամանակները

Այնքան էլ կարեւոր չէ, հավատքի եւ հավատացյալի տեսակետից, թե ստորեւ լույս տեսնող հոդվածում ո՞րն է սահմանագիծը ճշմարիտի, ճշմարտանմանի եւ առասպելականի միջեւ: Կարեւորն այս պարագայում հայ հավատացյալի ջերմեռանդ ոգեւորությունն է, ինչը ապրել է մեր հոդվածագիրը օրերս Սուրբ վայրեր այցելելով եւ դրանք հայի հավատքով ընկալելով, ինչը, խոստովանենք, վարակիչ է հատկապես Քրիստոսի ծննդյան առաջիկա տոնակատարություններին ընդառաջ:


Մեզանից յուրաքանչյուրն ունի նվիրական ցանկություն, որի կատարման համար մենք պատրաստ ենք նույնիսկ ուղեւորվել աշխարհի ծայրը: Նրանց համար, ում հավատը հրաշքների հանդեպ չի չքացել արդի աշխարհի գործամետության մեջ, գոյություն ունեն կախարդական հույսերի եւ իրականացած երազանքների վայրեր: Վայրեր, որտեղ հեքիաթը վերածվում է եղելության, երազները մարմնավորվում են իրականության մեջ, իսկ կատարված ցանկությունների վիճակագրությունը հետագայում երբեք չի մոռացվում:

Սուրբ երկրի պատմությունը նմանակ չունի մեր մոլորակի վրա: Սուրբ երկիրը մեծ չէ, եւ այդուհանդերձ նրա մի ծայրին լեռներ են ու ձյուներ, մյուս ծայրինՙ անապատ եւ պաղ ջրեր: Իր հարուստ պատմության շնորհիվ այդ հողը հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների կրոնական ձգտումների կենտրոնն է: Նման հողի նվիրական էությունն ըմբռնելու փորձերն աներեւակայելի բարդ են: Ամեն տարի այստեղ գալիս է մի քանի միլիոն մարդ: Ավետյաց երկրի հանդեպ սիրո պատճառը ոչ միայն հանգստի բոլոր պայմաններն են, այլեւ հոգեւոր աճի լայն հնարավորությունները: Այստեղ կան այցելության վայրեր, դիտելու եւ զարմանալու առիթներ: Իսրայելը, իր զավթած տարածքներով միասին, երեք ծով է եւ գրեթե 12 կլիմայական գոտի: Աշխարհում նա 97-րդ տեղում է բնակչության թվով եւ 147-րդն է տարածքի մեծությամբ: Սուրբ երկիրը Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների մեջ ունի ամենաբարձր կենսամակարդակը եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենաերջանիկի կոչումն է կրում Ասիա աշխարհամասում: Այսպիսին է ԱՄՆ-ի Կոլումբիա համալսարանի սոցիոլոգների վճիռը:

Սուրբ երկրում հայերի քրիստոնեական ներկայությունը վերաբերում է քրիստոնեության վաղ շրջանին, որը նախորդել է 301 թվականին: Իր «Սուրբ քաղաք Երուսաղեմի ստորագրությունը» (1859 թ.) աշխատության մեջ Մկրտիչ վարդապետ Արծրունյանը հիշատակում է հայ թագավոր Աբգարի կնոջըՙ Հեղինեին: Բարեպաշտ թագուհին, թողնելով պալատի փառքը, ուղեւորվեց Երուսաղեմ, որտեղ սրբազան վայրերում սկսեց կառուցել մատուռներ: Առաջին հերթին նա պատնեշեց Տիրոջ գերեզմանը, դրա վրա կառուցելով բրգաձեւ մատուռ: Ավանդազրույցի համաձայն, Հեղինեի տունը եղել է Սիոն լեռից ոչ հեռու, որտեղ ապրող Տիրամորը նա հաճախ այցելում էր: Տիրամայրը պատմում էր իր Միածին որդու մասին եւ Հեղինեի հետ հաճախ աղոթում քրիստոնյաների եւ, իհարկե, Հայաստանի համար, որը 301 թվականին դարձավ առաջին քրիստոնյա պետությունը: Նոր Երուսաղեմում կա Հեղինե թագուհու փողոց: Ավելի ուշ հայ իշխաններից շատերը սկսեցին եկեղեցիներ ու վանքեր կառուցել Սուրբ վայրերում: Արդեն 7-րդ դարում Սուրբ երկրում բոլոր եկեղեցիների ու վանքերի թիվը հասնում էր յոթ տասնյակի: Հայաստանի իշխանական տները կառուցում էին դրանք եւ այնտեղ վանականների գործուղում իրենց թեմերից: Ավելի ուշ Կիլիկիայի հայ թագավորները եւս զգալի ավանդ ներդրեցին եկեղեցիների շինարարությամբ եւ ընծաներով:

Հայաստանյայց եկեղեցում վանքերը քրիստոնեական ավանդույթների եւ հայոց հավատքի պահապաններ էին: Այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ապրում էր պարսկական եւ օսմանյան լծի ծանր ճնշման տակ, Եկեղեցին միակ օջախն էր, որի շուրջը կարող էր միավորվել ամբողջ հայ ժողովուրդը: Եկեղեցին, ի դեմս կաթողիկոսների եւ հոգեւորականության, ակտիվորեն մասնակցում էր նաեւ քաղաքական հարցերին, մի կողմից, օգնություն փնտրելով տարբեր քրիստոնյա կառավարիչների մոտ, իսկ մյուս կողմից, գլխավորելով ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը:

Երուսաղեմի Հայ եկեղեցու սուրբ հայրերը 7-8-րդ դարերում ստեղծեցին մեծածավալ աստվածաբանական գրականություն: 8-րդ դարը դարձավ մի ժամանակաշրջան, երբ հայկական քրիստոսաբանությունը սկսեց հարստանալ: Աստվածաբանական մտքի անդաստան մտան հավատքի այնպիսի սյուներ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Հովհաննես Օձնեցին, Սբ. Խոսրովիկը, Սբ. Ստեփանոս Սյունեցին... Եվ ահա տեղի ունեցավ այն իրադարձությունը, որը պետք է վերջնականապես ձեւավորեր Հայաստանյայց եկեղեցու քրիստոսաբանության համակարգը: Դա Մանազկերտի 726 թ. եկեղեցական ժողովն էր: Այսպիսով, Հայաստանյայց եկեղեցին ի զորու չէ նույնիսկ մտքից ծնունդ առած խոսքով ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու, այլ հաստատապես հետեւում է Սուրբ Հայրերի ուսմունքին, դավանելով «Աստծո մարմնավորված Խոսքի բնության միասնություն»: «Ամեն մի ժողովուրդ իր մեջ կրում է Քրիստոսի միայն իրեն բնորոշ քրիստոսաբանական տիպը, որպես փրկության եւ երկրպագության ներքին հնարավորություն: Եվ առաքելական ավանդությանը որքան հարազատ եւ մաքուր լինի այդ ժողովրդի դավանանքը, այնքան անարատ կլինի նրա քրիստոսաբանական իդեալը»:

Սբ. Հարության տաճարում մենք կանգնած ունկնդրեցինք պատարագը եւ հաղորդություն առանք: Մի կողմից մենք ապաշխարում էինք եւ աղոթում մեր հանգուցյալների համար, իսկ մյուս կողմից Տիրոջը երախտագիտություն էինք հայտնում Երուսաղեմում մեր ստացած շնորհի համար: Մեզ նույնիսկ չզարմացրեց, որ հայկական պատարագի ժամանակ, հայերից բացի, հաղորդություն էին առնում նաեւ ուղղափառներ եւ կաթոլիկ արաբներ, կային եվրոպացի կաթոլիկներ եւ անգամ բազմաթիվ ռուս ուխտավորներ, որոնք չէին կարողացել ներկա գտնվել գիշերային հունական ժամերգությանը: Մենք շատ ուրախ էինք, որ մեր եկեղեցին նեղ ազգային չէ, ինչպես կարծում են ոմանք, եւ Քրիստոսի սիրո մեջ բաց է քրիստոնյաների համար: Տաճարում տիրում էին սերը եւ երանությունը:

Վերջին տարիներին հայերի երիտասարդ սերնդի հետ շփվելիս համոզվում եմ, որ երիտասարդները չգիտեն իրենց ժողովրդի պատմությունը, ծանոթ չեն Հայաստանյայց եկեղեցու դավանանքին եւ նրա հին ավանդույթներին: Ես նույնպես շատ բան իմացա, այցելելով Հայոց պատրիարքարանի Երուսաղեմի, Նազարեթի, Բեթղեհեմի եկեղեցիներ: Հին Երուսաղեմ: Հայոց պատրիարքության փողոց: Դրանից աջ Հայոց ճեմարանի վանդակավոր ցանկապատն էր, իսկ ձախ կողմում Հայոց պատրիարքարանի մուտքն էր եւ Սրբոց Հակոբյանց վանքը: Այդպես մենք հայտնվեցինք մի մեծ ու գեղեցիկ բակում: Գրադարանն ու դպրոցը անցնելովՙ հայտնվեցինք Սբ. Հրեշտակապետացի գավթում: Այդ մենաստանը գտնվում է նախկին քահանայապետի տան տեղում, ում մոտ առաջին հարցաքննության էին բերել գերյալ Քրիստոսին: Սբ. Հրեշտակապետաց վանքը կանանց մենաստան էր եւ բնակեցված էր ընդհուպ 20-րդ դարի վերջը:

Հայաստանյայց եկեղեցու ավանդության համաձայն, երբ ստրուկը հարվածել է Քրիստոսի դեմքին, Երկնային Սերովբեները իրենց թեւերով ծածկել են երեսները. նրանք ցնցված էին: Այդ մասին շարականներից մեկում գրել է Սբ. Ներսես Շնորհալին: Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը Սբ. Հրեշտակապետաց վանքը հայոց սեփականություն է: Իսկ 1286 թվականին Կիլիկյան Հայաստանի Լեւոն Գ թագավորը վանքն առանձնացրեց քարե պարսպով: Այդ վանքն անվանում են նաեւ «ձիթենյաց»ՙ ի պատիվ ձիթենու, որին կապել էին Փրկչին հարցաքննությունից առաջ: Այդ ծառի ընձյուղները վանքի բակում են, դրա պտուղները հրաշագործ են եւ մինչեւ օրս բուժում են կանանց ամլությունը: Սրբազան ծառից մի քանի մետրի վրա պատի մեջ որմնաշարված է խոր կտրվածքով մի մեծ քար: Դա մեկն է այն քարերի, որոնք աղաղակեցին, երբ Տերը հանդիսավորապես մտավ Երուսաղեմ:

Ըստ Սբ. Տաթեւացու (14-15-րդ դդ.) «Գիրք հարցմանց» աշխատության, կարելի է վերստեղծել հետեւյալ պատկերը. Հռոմից վերադառնալուց հետո Սբ. Գրիգորը որոշում է ծնկաչոք գնալ Երուսաղեմ: Հրեշտակը նրան թույլ չի տալիս, ասելովՙ «Բավական են քո տառապանքները», նկատի ունենալով դաժան կտտանքները եւ մահապարտների փոսում մնալը: Սբ. Գրիգորը գալիս է Երուսաղեմ եւ հետը բերում Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքները: Իրեն անարժան համարելովՙ նա անմիջապես չի այցելում Տիրոջ գերեզման, այլ իջնում է քարայրներ, որտեղ երկար ժամանակՙ գրեթե յոթ տարի, անձնատուր է լինում աղոթքին եւ ծոմապահությանը: Այսօր այդ վայրը գտնվում է Սբ. Հարության (կամ Տիրոջ գերեզմանի) տաճարում, Սբ. Գրիգորի ստորին հայկական եկեղեցում:

Յոթ տարի անց Սբ. Գրիգորը Ավագ շաբաթ օրը այցելում է Տիրոջ գերեզման, որտեղ Տիրոջից խնդրում է, որ Լույս ճառագի ի նշան Նրա Հարության: Տերը լսում է նրա աղոթքները: Հրաշքով վառվում են բոլոր կանթեղներն ու մոմերը: Կատարված հրաշքի առթիվ Սբ. Գրիգորը երգում է «Լույս զվարթ»: Այդ երգեցողությունը մինչեւ օրս ամեն շաբաթ կատարվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցում: Այնուհետեւ Սբ. Գրիգորը Տիրոջից խնդրում է, որ Նա ամեն Ավագ շաբաթ ի փառս Իր Հարության վառի կանթեղներն անտեսանելի լույսով: Այդ նշանակը տեղի է ունենում մինչեւ օրս, եւ դա տեսանելի է միայն հավատի աչքով: Ուստիեւ Սբ. Գրիգորը Լուսավորիչ կոչվեց ոչ միայն իբրեւ հայ ժողովրդի լուսավորիչ, այլեւ Տիրոջ գերեզմանի մոտ կատարված հրաշքի պատճառով:

Տաճարում շատ է հայկականը: Հայկական բազմաթիվ խաչեր են փորագրվել պատերի վրա: Ինձ թվում էր, թե այդ խաչերը հանուն սեփական հավատքի սպանված հայերի հոգիներն են, որոնք բոլոր կողմերից նայում եւ կանչում էին ինձ: Աչքերիցս ակամա արցունքներ էին գլորվում: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինձ հետ ինչ է կատարվում, եւ որքան երկար էի մնում տաճարում, այնքան ուժգին էր լսվում կանչը: Մի կողմից վախենում էի եւ ուզում էի փախչել, ոտքերս իրենք էին ինձ տանում տաճարի միջով: Սիրտս սկսեց թպրտալ. ինձ թվում էր, թե բոլոր հայ նահատակները եւ բոլոր սրբերը նայում են ինձ: Այստեղ սարկավագները հերթով խնկարկում էին ամբողջ տաճարը: Նախ հույնը, ապա հայը եւ հետո կաթոլիկը: Քիչ անց մենք կանգնած էինք հայկական կցաշենքում, այն տեղում, որտեղ Տիրամայրը ուշաթափվեց, տեսնելով խաչված Որդուն:

Գրիգոր Լուսավորիչը գիտակցեց սրբավայրերի կարեւորությունը մեր ժողովրդի համար եւ նպաստեց այն բանին, որպեսզի այստեղ եկեղեցիներ հիմնադրվեն հանուն հայ ժողովրդի փրկության: Ուստի վանական եղբայրությունը ստիպված է կրծքով պաշտպանել սուրբ վայրերում մեր արտոնությունները, պաշտպանել մշտական ներկայությամբ եւ արարողություններով, որպեսզի մեր ուխտավորները հանգիստ աղոթեն, չվախենալով, որ վաղը կարող են իրենց թույլ չտալ մասնակցելու ժամերգությանը լոկ այն պատճառով, որ իրենք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծխականներ են: Ամեն Աստծո օր ու գիշեր պատարագ է մատուցվում Սուրբ վայրերում: Գիշերվա ժամը 3-ին պատարագ Տիրոջ գերեզմանի վրա, առավոտյան ժամը 8-ինՙ Տիրամոր գերեզմանի վրա եւ Բեթղեհեմում, չնայած մյուս ամենօրյա արարողությունները:

Վերեւում ասվածը գուցե ընթերցողների տարակուսանքը հարուցի: Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես իմ ծանոթները վրդովվում էին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ հույների վեճերից. «Քահանաները խելքները թռցրել են: Ի՞նչ տարբերություն, թե ով ումից հետո կմտնի, որտեղ կկանգնի: Դե ամեն ինչ տվեք հույներին, իսկ ինքներդ մեկնեք Հայաստան. ինչ է, այնտեղ քի՞չ եկեղեցիներ կան....»: Ինձ թվում էՙ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Պատմությունը ցույց է տալիս. եթե փոքր բաներում հավատարիմ չլինենք, հետո շատ կկորցնենք, եթե փոքրը բաց թողնենք, ապա ոտնձգություն կանեն ավելի մեծի դեմ: Այդպիսով Հայ եկեղեցին կարող է կորցնել շատ սրբավայրեր, որոնց համար արյուն են թափել մեր հայրերը: Օրինակ, հույները հայերից մշտապես պահանջում են ենթարկվել Զատկի օրվա որոշման իրենց հաշվարկներին: Եթե Հայաստանյայց եկեղեցու հոտը կազմում են հայերը, ապա հույն հոգեւորականությունը խնդիր ունի պահպանելու այն բազմազգ հոտի ղեկավարման իր նկրտումները, որի հիմքը կազմում են արաբները: Ուստի հույն հոգեւորականությունը Զատկի տոնին լույսի հրաշափառ էջքի դեպքերը միշտ ջանում է վերագրել բացառապես իր աղոթքներին: Երբ հայերը առանձին էին տոնում Զատիկը, լույսն իջնում էր հայոց պատրիարքի եւ հավատացյալների աղոթքով: Դա վնասում է լույսի էջքի հարցում հույն կղերականության մենատիրության առասպելին, որը հույները ջանում են ներշնչել ուղղափառ հավատացյալներին եւ շարունակում են ներշնչել մինչեւ օրս:

Մանրուքները երբեմն թվում են աննշան, բայց այստեղՙ Սուրբ վայրերում, ամեն ինչ ունի նշանակություն: Հայկական եկեղեցու ավագ քահանա Ղեւոնդ Հովհաննիսյանը մեզ ասաց. «Սուրբ երկրում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունի նույնքան ծանրակշիռ իրավունքներ, որքան կաթոլիկները, ուղղափառները, հույները: Նրանց օգնում են հզոր տերություններ, իսկ մեր հույսը Ինքըՙ Տերն է, եւ ինչպես ցույց է տվել պատմությունը, առանց Տիրոջ օգնության հայերը վաղուց անհետացած կլինեին Սուրբ երկրից: Մենք պետք է դա հիշենք ամենուրեք եւ առաջին հերթին Երուսաղեմում: Մի՛ մոռացեք Երուսաղեմը հանուն մեր ժողովրդի, օգնեցեք Սբ. Աթոռին, որը կարոտ է ձեր ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական, աղոթքային աջակցությանը, իսկ որ գլխավորն էՙ ձեր ներկայությանը: Մի՛ մոռացեք, որ Երուսաղեմի Սբ. Աթոռը դարեր շարունակ կանգուն է մնացել մեր ժողովրդի զոհողությունների, հոգեւորականության եւ բազմաթիվ ուխտավորների մշտական ներկայության շնորհիվ: Ուստի Սբ. Աթոռի համար ամենքս պատասխանատու ենք Աստծո եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի առջեւ: Երանի նրան, ով հիշատակ ունի Սիոնում»:

Հիրավի, հավիտյանս հավիտենից երբեք չի մոռացվի այն, ինչը երբեւէ ցնցում է պատճառել:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ