RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-12-15 23:07:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3262, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻԲՐԵՎ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Խոսքը տվյալ դեպքում «Գուլամերյան» կրթական ծրագրի մասին է, որը շուտով, իսկ ավելի որոշակիՙ 2 տարի անց, կբոլորի իր գոյության 20-ամյակը: 1998-ին էր, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա-ի հրավերով առաջին ու, ափսոս, վերջին անգամ Հայաստան ժամանեցին նյույորքաբնակ Հարոլդ եւ Ժոզեֆին Գուլամերյան ամուսինները: Նրանք մոտիկից ծանոթացան նորահաս սերնդի կրթության ու դաստիարակության խնդիրներին եւ իրազեկ դարձան այդտեղ տիրող դժվարություններին: Վերադարձին էլ որոշեցին հիմնել «Գուլամերյան» հիմնադրամը, որն այդուհետ իր հոգածության տակ առավ նախ եւ առաջ Հայաստանի մանկատների շրջանավարտ սաներինՙ աջակցելով նրանց կրթության շարունակության գործին: Վերջինիս իրագործմանը հանձնառու եղավ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), որը հարուստ փորձ ուներ այդ ասպարեզում:

Մասնագիտական կրթության ապահովում

Մեր նորանկախ պետության առաջին տարիներին մանկատան սաների հետ առնչվող խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլեւ ավելացան: Բազմաթիվ հասարակական կառույցներ փորձեցին զբաղվել այս կարեւոր հարցի լուծմամբ, բայց մասամբ հաջողեցին: Իհարկե, պետական աջակցությամբ խնդրի սրությունը մեղմացավ, սակայն, հիմնախնդիրը շարունակեց առկախ մնալ:

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) մեզանում առաջինը եղավ, որ «Գուլամերյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով ձեռնամուխ եղավ մեր հանրության այդ շերտի ներկայացուցիչների ուսման շարունակության ու նրանց աշխատանքի տեղավորման խնդիրների աստիճանական լուծմանը: Կրթական համանուն ծրագիրն, առանց չափազանցության, փրկօղակ դարձավ Երեւանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի եւ մյուս մանկատների շրջանավարտ սաների համար, ովքեր ցանկություն ունեին շարունակելու իրենց կրթությունը: Անցած 18 տարիներին շուրջ 650 պատանիներ ու աղջիկներ կրթություն ստացանՙ ձեռք բերելով անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ:

Ծրագրի մեկնարկին որոշվեց ներգրավել նաեւ տարիներ առաջ մանկատներից դուրս եկած միանգամից 23 պարման-մարմանուհիներիՙ նրանց ուսման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով Երեւանի Առեւտրաիրավագիտական քոլեջի տարբեր ֆակուլտետներում: Տարեցտարի ընդլայնվեցին թե՛ ծրագրի շրջանակները եւ թե՛ սովորողների քանակը. Երեւանից բացի նրանք սկսեցին սովորել նաեւ ՀՀ տարբեր բնակավայրերիՙ Գավառ, Սեւան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Արմավիր եւ այլն, ուսումնական հաստատություններում:

Քիչ չէր, իհարկե, այն սովորողների թիվը, ովքեր չբավարարվելով միջնակարգ-մասնագիտական կրթությամբՙ ցանկություն հայտնեցին ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Գուլամերյան» ծրագիրը դարձյալ շարունակեց նեցուկ կանգնել նրանցՙ հոգալով ոչ միայն ուսման վարձերը, այլեւ տրամադրելով կրթաթոշակՙ տրանսպորտի եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Լուծվեց բոլոր կարիքավոր ուսանողների հանրակացարանի վարձի խնդիրը:

Իր տեսակի մեջ եզակի այդ ծրագրով տասնյակ պատանիներ ու աղջիկներ են կյանքի ուղեգիր ստացելՙ գտնելով իրենց տեղը մերօրյա դժվարին պայմաններում: Այն հաճախ էլ շրջադարձային դեր է խաղացել նրանց կյանքումՙ երբեմն ունենալով ճակատագրական նշանակություն: Անհաշվելի են հաջողության պատմությունները, որոնց հերոսներն այս ծրագրի շահառուներն են: Նրանցից մեկն է, օրինակ, Փանոս Թերլեմեզյանի ուսումնարանն ու Գեղարվեստի ակադեմիան ավարտած Ալեքսանդր Նեֆեդովը, ով այսօր հաջողությամբ համալրել է մեր հանրապետության երիտասարդ նկարիչների շարքերը: Նա արդեն անհատական ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտերկրում: Մեր զրույցում Ալեքսանդրը հետեւյալ միտքն արտաբերեց. «Ճիշտ է, մեծանալով ես ինչ-որ բան կդառնայի, բայց առանց ՀՕՖ-ի աջակցության նկարիչ հաստատ չէի դառնա»:

Տարիների հեռվից դարձյալ դժվար է առանց հուզմունքի կարդալ Լյուբա Վարդանյանի նամակի տողերը: Նա բարձր առաջադիմությամբ սովորելով Վանաձորի պետական բժշակական քոլեջում, ապա շարունակելով ուսումը «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ատամնաբուժական բաժնում ՙ ընդունվեց ու աշխատեց Վանաձորի ատամնաբուժական կենտրոններից մեկում որպես բուժքույր. «Գուլամերյան» ծրագիրն ինձ ինքնազարգացման ու ինքնավստահության երաշխիքներ տվեց: Ու ամենակարեւորըՙ հավատ, որ այս աշխարհում դեռեւս կան հոգածու ու կարեկից մարդիկ եւ կազմակերպություններ»: Լյուբան այսօր ընտանիք է կազմել եւ երկու դուստրերի երջանիկ մայր է:

Ուշագրավ է եւ այն, որ այս ծրագրով կրթություն ստացած եւ կյանք մտած բազմաթիվ պատանիներ, ովքեր այսօր հասուն երիտասարդներ են դարձել եւ ընտանիքներ կազմել, չեն խզել իրենց կապը ՀՕՖ-ի հետ: Մերթընդմերթ նրանք այցելում են ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակ, երբեմն էլՙ դիմում դժվար պահերին: Գոնե գիտենՙ ուր դիմել եւ ում...

ՀՕՖ-ը հաճախ է աջակցում շրջանավարտ սաներին վերապրոֆիլավորման, այսօրվա աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանելու եւ աշխատանքի տեղավորման կարգին ծանոթանալու հարցերում: Ավելինՙ մասնագիտություն ստացած սաներին տրամադրվում են սարքավորումներՙ ինքնուրույն աշխատելու եւ փոքր բիզնես սկսելու նպատակով:

«Գուլամերյան» ծրագրում այսօր ընդգրկված է մանկատների 80 սան, ովքեր հաջողությամբ շարունակում են իրենց ուսումըՙ վաղը-մյուս օրը դառնալու ավտոմեխանիկ, վարսահարդար, խոհարար, բուժքույր, երաժիշտ, մանկավարժ, լրագրող, տնտեսագետ եւ այլ մասնագետներ: Նրանցից բացի հիմնադրամի միջոցներն ուղղվում են նաեւ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի եւ Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքների կազմակերպմանը:

Աշտարակի Հայորդյաց տուն

Վերջին տարիներին Հայաստանում «Գուլամերյան» հիմնադրամի բարեգործության գլխավոր հասցեի է վերածվել Աշտարակի Հայորդյաց տունը: Այն կազմավորվել էր դեռ տարիներ առաջՙ 2006-ին, Աշտարակի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եւ Արվեստի դպրոցի միավորումից: Նախկինում «Ուսուցչի տուն» կոչվող կառույցն այսօր անճանաչելիորեն փոխվել է: Փոխվել է ոչ միայն արտաքուստՙ երկհարկանիից վերածվելով եռահարկ շինության, այլեւ ներքուստ, երբ դասարաններն անհամեմատ ավելացան ու բարելավվեցին ուսումնական պայմանները:

Ինչպես մեր հանդիպմանը նշեց Հայորդյաց տան տնօրեն Կարինե Գեւորգյանը , 2006-ից սկսյալ «Գուլամերյան» հիմնադրամի միջոցներից էին գոյանում 26 աշխատակիցների աշխատավարձերը: Ավելինՙ այդ միջոցներով մի քանի տարի առաջ հնարավոր եղավ մասնակիորեն վերանորոգել առաջին հարկի դասարաններն ու դահլիճը: Վերջին շրջանում էլ շենքը ամբողջապես հիմնանորոգվեց: Արդյունքում ոչ միայն ավելացավ սաների թիվըՙ 100-ից հասնելով 325-ի, այլեւ բացվեցին նոր դասարաններ:

Այսօր այդտեղ գործում են 3 պարի, 2 դաշնամուրի, մեկական քանոնի, դհոլի ու ակորդեոնի, ինչպես նաեւ նկարչության, մաքրամեի, շախմատի եւ անգլերենի ու ռուսերենի ուսուցման դասարաններ: Բավական մեծ պահանջարկ են վայելում լեզվուսուցման խմբերը: Ներկա գտնվելով դասերինՙ համոզվեցի, որ բավական բարձր մակարդակով են դրանք անցկացվում: «Ընդհանրապես ծնողների հորդորով ենք մենք նոր դասարաններ բացում»,- իր խոսքում նշեց տիկին Գեւորգյանը: Հիմնանորոգած շենքի դռները պաշտոնապես բացվեցին այս տարվա սեպտեմբերի 14-ինՙ օրհնաբեր մասնակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱՄՆ-ից ժամանած «Գուլամերյան» հիմնադրամի նախագահ Մայքլ Հարաթունյանի եւ աջակից բարեկամների: Մյուս Հայորդեաց տների նման Մայր աթոռն է համակարգում նաեւ այս հաստատության աշխատանքները, որտեղ ի շարս այլ առարկաների բոլոր սաները ստանում են կրոնական դաստիարակություն: Շենքային պայմանները նպաստեցին, որ շուտով այդտեղ բացվի նախակրթարանՙ 4-6 տարեկան քսան փոքրիկների համար: Ուշագրավ էր իմանալ, որ Աշտարակ քաղաքից բացի այդտեղ հաճախում են երեխաներ նաեւ մերձակա գյուղերիցՙ Մուղնի, Սասունիկ, Կարբի, Փարպի, Օշական եւ այլն:

Հետեւողական աշխատանքի արդյունքում Հայորդեաց տան սաները մասնակցում են քաղաքային ու հանրապետական տարբեր փառատոներիՙ շահելով գավաթներ ու մրցանակներ: Նրանցից շատերն են հետագայում իրենց ուսումը շարունակում Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Հաճելի էր տեսնել նաեւ շենքին հարակից տարածքը, որը գարնանը կկանաչապատվիՙ ստեղծելով բարեհարմար շրջակա միջավայր:

Ի դեպ, դարձյալ «Գուլամերյան» հիմնադրամի աջակցությամբ հնարավոր եղավ տարիներ առաջ գործարկել Էջմիածնի մանկական այգին: Ընդհանուր առմամբ, բարեգործական նպատակներով մինչ օրս ծախսվել է 1 միլիոնից ավելի գումար: Ի գնահատումն ազգային-բարեսիրական գործունեությանՙ Գուլամերյան ամոլն արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սբ. Խաչ» շքանշանների: Ամենամեծ պարգեւը, սակայն, այն երախտագիտությունն է, որ ունեն հայաստանցի բազմահազար երեխաներն այս ընտանիքի հանդեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ