RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3640, Տպվել է` 346, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԼԵՊՆ ՈՒ ՎԵՐՋԸ

Հ. ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 12-ին սիրիական զանազան աղբյուրներ տեղեկացրեցին, որ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպը: Արագորեն հայտնվեցին լուսանկարներՙ Հալեպից, որտեղ երեւում էր, թե ինչպես են մարդիկ ցնծությամբ տոնում այդ երկար սպասված հաղթանակը: Հայկական «Գանձասար» պարբերականը գրեց. «Այսօր պատմական օր է Հալեպի եւ ամբողջ Սուրիո համար: Հարգանքՙ բոլոր նահատակներուն, պատիվՙ սուրիական բանակին եւ Հալեպի տոկացող ժողովուրդին»: Ճիշտ է, որոշ հայ քաղտեխնոլոգներ այս անվանացանկում ավելացրեցին նաեւ ՌԴ Զինված ուժերին, բայց դա քիչ կարեւոր է, համենայնդեպս Հալեպի ազատագրումից ավելի կարեւոր չէ:

Հալեպցիները ողջ գիշերվա ընթացքում քայլում էին իրենց հայրենի քաղաքում եւ վանկարկումՙ «Աստված, Սիրիա, Բաշար եւ վերջ»:

Վե՞րջ: Սիրիայի համար գուցե եւ վերջ, չնայած Հալեպի ազատագրումով սիրիական սարսափելի ճգնաժամն ամենեւին էլ չի ավարտվում, օրինակ Պալմիրա հինավուրց քաղաքը իսլամիստների ձեռքում է կրկին: Ի դեպ, Պալմիրան մի անգամ ազատագրել էր Սիրիայի բանակը, բայց հետո կրկին անցավ իսլամիստների ձեռքը, ինչը հալեպցիների վանկարկած «վերջ» բառի վրա պարտադրում է հարցական նշան դնել:

Ամեն դեպքում, ենթադրենք, որ վերջ, հուսանք, որ Հալեպի ազատագրմամբ Սիրիայում կսկսվի դեպի վերջ տանող գործընթացն ու շատ արագ կավարտվի, քանի որ անգամ տոկացող ժողովուրդը չի կարող հավերժ տոկալ: Մեզ համա՞ր էլ վերջ: Այսինքն Հալեպի մեր հայրենակիցները, ովքեր վերադարձել էին հայրենիքՙ զրկվելով իրենց տներից, Հալեպի ազատագրումից հետո նորից գնալո՞ւ են: Երբ ես որոշ ժամանակ առաջ Հայաստան ներգաղթած հալեպահայերի մասին հոդված էի պատրաստում եւ զրուցեցի նրանցից մի քանիս հետ, շատերն ասացին, որ այստեղ սպասում ենՙ իրենց քաղաքի ազատագրմանը, «այստեղը»ՙ Հայաստանն է, «իրենց քաղաքը»ՙ Հալեպը: Հիմա վե՞րջ մեր հարստացմանը, Հալեպի հայերը, որոնց գալով եւ որոնց ներկայությամբ մենք հարստացել ենք, նորից գնալո՞ւ են... Իսկ ես մտածել էի, որ հաջորդ անգամ, երբ մազերս կտրելու լինեմ, օգտվելու եմ «բերբեր» Գեւոյի ծառայություններից, եթե զբաղված լինիՙ ճաշակելու եմ պարոն Պետրոսի ընտիրՙ Հալեպի սենդվիչներից, կամ սիրիական բաղադրատոմսով պատրաստված լահմաջունից: Նրանք երկուսն էլ ինձ հայտնել էին, որ այստեղ միայն սպասում են, մինչ իրենց քաղաքը... Ու երբ ես տեղեկացա, որ իրենց քաղաքն ազատագրվել է, չզգացի, թե ավելի շատ տխրո՞ւմ եմ, թե՞ ուրախանում...

Այս ընթացքում, իսկ այս ընթացքն ամենեւին էլ կարճատեւ չէր, մենք չկարողացանք այստեղը դարձնել այնպիսինը, որտեղից հեռանալը ոչ թե պարզապես ծանր լինի, այլ ոչ շահեկան: Չկարողացանք ներշնչել, ցույց տալ կոնկրետ Հալեպի հայերին, որ իրենց իսկ համար ավելի շահեկան ու լավ կլինի, եթե մնան, անկախ նրանից Հալեպը Սիրիայի բանակը կազատագրի՞, թե՞ հարյուր տարի հետո դա կանի: Չստացվեց Հալեպի ազատագրումն ընկալել որպես բացառապես ուրախանալու առիթ, բարեկամ, նույնիսկ եղբայր քաղաքի փրկության օր, ոչ թե եղբայրներին հերթական անգամ հրաժեշտ տալու վտանգ:

...Դեկտեմբերի 13-ին, Հալեպի ազատագրման հաջորդ օրը, երբ ես, աշխատանքի գալիս, Հալեպի հայերիցՙ Հարութ Յորդեքյանից լսեցի մեկ այլ տեղեկություն, որ հայ արհեստավորները սկսել են վերանորոգման աշխատանքները Հալեպում ու տեղի հայ համայնքի ներսում տիրում է վերականգնումի հոգեբանություն, անցա պարոն Պետրոսիՙ արագ ուտեստի փոքրիկ խանութի մոտով: Այն, ինչպես նաեւ «բերբեր» Գեւոյի վարսավիրանոցը մետրոյիՙ Հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումում գործողՙ «Հալեպի շուկա» անունը կրող հատվածում են, կողք-կողքի: Պարոն Պետրոսի խանութը փակ էր, Գեւոյի վարսավիրանոցն էլ... Հուսամ միայն ժամն էր շուտ, հույս ունեմ, որ երեկոյան, վաղը, միշտ, նրանք կգան աշխատանքի այստեղՙ իրենց քաղաքում:

Այ հիմաՙ վերջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ