RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3383, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Պ. Ք.

Աշխարհի լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անդրադառնում են Իտալիայի սահմանադրության փոփոխման հանրաքվեին եւ Ավստրիայի նախագահական ընտրություններին, որոնք Լոնդոնի «Ֆայնենշըլ թայմս» թերթն անվանում է «ամբոխավարության փորձություն»:

Ավստրիայում այդ փորձությունը հաջող անցավ. 72-ամյա անկախ թեկնածու Ալեքսանդր վան դեր Բելլենը հաղթեց Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերին, որը քիչ էր մնում առաջին ծայրահեղ աջ նախագահը դառնար Եվրոմիության պատմության մեջ:

Ավստրիայում նախագահն ունի լոկ մի քանի ձեւական լիազորություն: Սակայն այս անգամվա նախագահական ընտրությունները համարվում են «հակամարտության հերթական փուլը հետպատերազմյան ազատական ընդհանուր համաձայնության եւ ամբոխավարության հարաճուն ալիքի միջեւ, որը հանգեցրեց «Բրեքսիտին» եւ Դոնալդ Թրամփի հաղթանակին», պարզաբանում է թերթը:

Ալեքսանդր վան դեր Բելլենը «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդն է: ԵՄ-ում «կանաչներն» ավանդաբար հանդես են գալիս գերազատականության եւ հակառուսական դիրքերից: Չնայած ծայրահեղ աջ Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերի պարտությանը, նախագահական ընտրություններին նրա մասնակցությունը զգալիորեն բարձրացրեց ներգաղթի դեմ հանդես եկող իր կուսակցության վարկանիշը, եւ 2018-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարող է ամրապնդել դիրքերը, կարծում է քաղաքագետ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը:

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Ալեքսանդր վան դեր Բելլենի հաղթանակն անվանել է «ամբոխավարության նկատմամբ ողջամտության հաղթանակ» եւ «հսկայական թեթեւացում ամբողջ Եվրոպայի համար»:

Eurasia Group խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն Մուջթաբա Ռահմանը «Ֆայնենշըլ թայմսին» տված հարցազրույցում նշել է, որ այժմ ԵՄ-ում կառավարող ուժերը ստացել են դիրքերը հետ գրավելու հնարավորություն: «Ա-վան դեր Բելլենի հաղթանակը կդանդաղեցնի եվրոպական ամբոխավարական երթի տեմպը եւ հույս կտա կենտրոնամետ ուժերին», ասել է նա:

«Եվրոպան եւ իր քրքրված քաղաքական մարմնավորում ԵՄ-ը տարկետում ստացան, սակայն, ըստ երեւույթին, կարճ ժամանակով», արձանագրում է «Գարդիան» թերթը:

Ամբոխավարության հաջորդ փորձությունը կլինեն 2017-ի գարնանը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները, որտեղ երկրորդ փուլ անցնելու բոլոր հնարավորություններն ունի ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը:

«Ընտրողներին արմատականների կողմը տանող գործոններից ոչ մեկը չի անհետացել, եւ երկրներից ոչ մեկի կառավարությունը չի կարողանա միայնակ հաղթահարել Եվրոպայի խնդիրները», գրում է բրիտանական «Թայմս» թերթը:

Դեկտեմբերի 4-ին մեկ ուրիշ փորձություն դարձավ Իտալիայի իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի ընթացքում ժողովուրդը մերժեց դրանք, եւ վարչապետ Մատտեո Ռենցին հրաժարական տվեց: Վարչապետը մասնավորապես առաջարկել էր էականորեն կրճատել սենատորների թիվը եւ վերացնել «ցմահ սենատոր» կոչումը: Քաղաքական համակարգի փոխակերպումը երկրին հնարավորություն կտար տարեկան տնտեսել կես միլիարդ եվրո: Սակայն իտալացիները մերժեցին սահմանադրական փոփոխությունները, անսալով «Հինգ աստղ» շարժման առաջնորդ, նախկին կատակերգու եւ համոզված եվրոհոռետես Բեպպե Գրիլլոյի կոչերին: «Հիմա «Հինգ աստղը» իշխանությանը հավակնելու բոլոր հնարավորություններն ունի», գրում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը, ընդգծելով, որ իտալացիների դժգոհության գլխավոր պատճառը ներկայիս տնտեսական լճացումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ