RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5375, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՊԵՍ Է ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Անցյալ շաբաթ զորքերի շփման գծում լարվածությունը բավական բարձր էր: Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ այդ տեղեկատվությունը նույնիսկ միջազգային մամուլում շրջանառվեց: Տեղի ունեցավ շատ ուշագրավ երկու իրադարձություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելեց Թալիշ, որտեղ հրավիրված խորհրդակցության ժամանակ հստակ ձեւակերպեց գյուղը վերականգնելու եւ բնակչության անվտանգությունը երաշխավորելու պետական նպատակադրվածությունը: Իհարկե, ապրիլյան ճգնաժամից ի վեր նախագահ Սահակյանը թալիշցիներին բազմիցս է հանդիպել նրանց ժամանակավոր կեցության վայրերում: Բայց հանրապետության նախագահի աշխատանքային այցը բուն Թալիշ, հանդիպումն արդեն իսկ այնտեղ ապրող մարդկանց հետ բոլորովին այլ քաղաքական եւ հատկապես տեղակատվա-քարոզչական ֆոն է ստեղծում:

Գաղտնիք չէ, որ ապրիլյան մարտերից հետո ադրբեջանական քարոզչությունը սեփական հանրությանը ներշնչել էր, որ Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Հետո նրանք ստիպված էին գրել, որ իբր Մատաղիսը չեզոք գոտի է, բայց Թալիշը շարունակում են իրենք վերահսկել:

Արցախի նախագահի ուղեւորությունը Թալիշ ադրբեջանական քարոզչությանը շատ ծանր հարված էր: Իսկ երբ նա հայտարարեց, որ գյուղը հիմնովին վերականգնվելու է, եւ մարդիկ այնտեղ ունենալու են անվտանգության բոլոր երաշխիքները, ադրբեջանական կողմի համար պարզ դարձավ, որ փլուզվում է իրենց եւս մեկ քարոզչական կառույց:

Եւ ի՞նչ հետեւեց դրան: Հետեւեց Իլհամ Ալիեւի շրջայցը զորքերի շփման գծին մերձակա ադրբեջանական շրջաններում: Բայց Ալիեւն, իհարկե, չկարողացավ լինել Թալիշին մոտ ադրբեջանական դիրքերում: Այդ ուղղության նրա այցելած բնակավայրը Թարթառ քաղաքն էր, որտեղ էլ Ալիեւը ներկա գտնվեց զինվորականների համար կառուցված ավանի բացմանը եւ հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով: Ալիեւի հայտարարությունները ուշագրավ էին ոչ թե բովանդակությամբ: Ոչ, որեւէ նոր բան նա չի ասել: Կարեւորը տվյալ դեպքում նրա քաղաքական դեմարշի ֆոնն է:

Նույն օրը, երբ նա տիկնոջ հետ շրջագայության էր դուրս եկել այսպես ասած մերձճակատային գոտի, Բաքվում էր գտնվում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Նա Ադրբեջան էր ուղեւորվել Անթալիայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ բանակցություններից հետո: Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան բարձր է գնահատում ԼՂ հարցի կարգավորման ռուսական ջանքերը: Բայց կա՞ն այդպիսի առանձին վերցրած ռուսական ջանքեր: Ըստ էությանՙ ոչ:

Իսկ եթե ինչ-որ ակնկալիքներ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեին, ապա դրանք ի դերեւ ելան, երբ Ռուսաստանը հրապարակեց իր արտաքին քաղաքական դոկտրինը: Փաստաթղթի 58- րդ կետը վերաբերում է պոստխորհրդային տարածքի կոնֆլիկտներին: ԼՂ մասով ասված է, որ Ռուսաստանը կշարունակի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների հետ նպաստել խնդրի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: Կարգավորման հիմք են հանդիսանում 2009-13թվականներին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ չորս հայտարարությունները: Այս համատեքստում Չավուշօղլուն Բաքվում միայն կարող էր մի բան ասելՙ Թուրքիան չի կարող փոխել ԼՂ կարգավորման բանակցությունների կոնցեպցիան եւ ֆորմատը:

Այդ իսկ պատճառով Ալիեւը նախընտրել է շփման գծին մոտ տարածքներից հայտարարել, որ միջազգային իրավունքը ֆիասկո է կրել, աշխարհում հարցերը լուծվում են ուժի միջոցով: Ընդհանուր առմամբ սա պարանոյիկ միտք է: Բայց եթե խորքային գնահատենք, ապա կարելի է համոզված ասել, որ Ալիեւը զգացել է մեծագույն վտանգըՙ Արցախի անկախության ճանաչումը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն: Եթե բանակցություններում առաջընթացի ցանկություն Բաքուն չունի, ապա միջազգային հանրությանը մնում է լեգիտիմացնել փաստացի իրավիճակը: Ալիեւը սպառնում է ուժով կասեցնել այդ գործընթացը: Արցախի նախագահը հակադարձում է Թալիշ աշխատանքային այցով: Ապրիլին Ադրբեջանը փորձել է արցախցիների մեջ կոտրել ապագայում հայրենի հողի վրա անվտանգ ապրելու հավատը: Չի հաջողվել: Թալիշցիները վերադառնում են հայրենի գյուղ: Գարնանն այնտեղ, ինչպես Արցախի իշխանություններն են վստահեցնում, արդեն գյուղատնտեսական աշխատանքներ կկատարվեն:

Այդպե՛ս է հաստատվելու վերջնական խաղաղությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ