RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ԱՐՏԱԳԱՂԹ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2484, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Պատերազմներն ու ցնցումներն անպակաս են մեր մոլորակից: Ու եթե անգամ դրանք կապված չեն հայերի հետ, միեւնույն է, բացասաբար են անդրադառնում հայերի վրա, որովհետեւ մոլորակի բոլոր ծագերում հայեր են ապրում. բնական ու արհեստածին աղետները վտանգում են նրանց ֆիզիկական ու հոգեւոր գոյությունը:

Դեռեւս նախորդ դարի վերջին քառորդից Մերձավոր Արեւելքը լարված է: Իսկ այնտեղ հաստատվել էին Մեծ եղեռնից փրկված հայերի սերունդները: Իսրայել պետության ստեղծումից ծնված արաբաիսրայելական պատերազմները, 1975-90-ականների լիբանանյան քաղաքացիական պատերազմը, Սիրիայի ներքաղաքական ցնցումները, Թուրքիայի ներքին զինվորական հեղաշրջումը, իրաքաիրանյան եւ ապա ամերիկաիրաքյան պատերազմները հայկական գաղթօջախներին մեծապես վնաս հասցրինՙ լայնածավալ արտագաղթերի պատճառ դառնալով: Քուվեյթում մինչեւ պատերազմն ապրել է 25.000 հայ, իսկ պատերազմից հետո լավագույն դեպքում մնացել է 5.000-ը:

1970-ականներին լիբանանահայության թիվը հասնում էր 270.000-ի, իսկ այսօր առավելագույնը 70-100.000 է: Քիչ ավելի նվազ թվով հայեր են ապրել նաեւ Սիրիայում, իսկ այսօր պատերազմական իրավիճակի պատճառով անգամ հնարավոր չէ իմանալ սիրիահայերի ստույգ թիվը: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում. Հալեպում մնացել է 7-10.000 հայ: Հայկական գաղթօջախները զգալիորեն կրճատվել են նաեւ մինչեւ «Արաբական գարունը»:

Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո տեղաբնակ հայերը պարբերաբար հալածանքների են ենթարկվել: Նախորդ դարասկզբին Պոլսում ապրել է 200.000 հայ, բայց այդ թիվը կրճատվել ու հասել է 60-80.000-ի:

Երկրագնդի ամենաթեժ տարածաշրջան դարձած Մերձավոր Արեւելքում հայերը հաստատվել են Ցեղասպանությունից հետո, ու, փաստորեն, այլ հանգամանքների, վտանգների պատճառով նորից ստիպված են եղել հեռանալ իրենց համար ապաստան ու նոր հայրենիք դարձած արաբական երկրներից: Հայերն այնտեղ կանգնել են գոյապահպանման խնդրի առաջ, այդ պատճառով էլ գնացել են ավելի ապահով երկրներ, մեծ մասամբՙ Եվրոպա, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա:

Հետաքրքրական է, որ հայ համայնքները, շրջապատված լինելով այնպիսի ազգերով, որոնք այլ դավանանք, լեզու, նկարագիր, ավանդույթներ ունեն, պահպանել են հայ ինքնությունը, կառչած մնացել ազգային արմատներին, առաքելական եկեղեցուն, մայրենի լեզվին, ավանդույթներին: Իհարկե, եղել են նաեւ խառնամուսնություններ, բայց դրանք մեծ տոկոս չեն կազմել ու չեն վտանգել հայապահպանությունը: Շուրջբոլորը մեծամասամբ մահմեդականներ, բոլորովին ուրիշ սովորույթներ ու մշակույթ, բայց հայերը չեն ձուլվել ու չեն հեռացել իրենց արմատներից: Պատճառները գենետիկական ու հոգեբանական են. որքան մեծ է ինքնությունը կորցնելու վտանգը, որքան հակազդեցությունները շատ են, այնքան սրվում է ինքնությունը պաշտպանելու եւ պահպանելու ազգային բնազդն ու գիտակցությունը: Մահմեդական միջավայրերում հայկական համայնքն ավելի կազմակերպված, ամուր, միասնական ու համախմբված է լինում: Իսկ երբ շրջպատված ես նույն դավանանքը, քրիստոնեական արժեքները կրող այլ ժողովուրդներով, ազգային բնազդն ու գիտակցությունը թուլանում են. այլեւս չկա կրոնական, մշակույթների ընդգծված տարբերության, սովորույթների ու ավանդույթների հակազդեցության սահմանը, եւ այստեղ է, որ ուծացումը, խառնամուսնությունները դառնում են ավելի քան հավանական եւ ընդունված:

17-րդ դարում Լեհաստանի հայկական համայնքը հասնում էր 200.000-ի: Ընդամենը մի քանի տասնամյակ անց գրեթե բոլորը ցրվեցին, կորան:

Նույնն է եւ Ռուսաստանում, որի ամենահեռավոր բնակավայրերում հայերի թիվը հասնում է 5 000-ի: Անցյալ տարվանից սկսածՙ Հայաստանի քաղաքացիներն այդ երկիր են գնում ոչ թե արտագնա, ժամանակավոր աշխատանքի, այլ ընտանիքով, որովհետեւ նրանք վարձատրվում են ռուբլով, որը մեր երկրում վերածվում է գրոշի: Համաշխարհային կատակլիզմները, մեծ տերությունների շահադիտական խաղերն ուղղակի աղճատում, տարրալուծում են հայությունն ու հայապահպանությունը: Մեկ այլ խնդիր է Ռուսաստանում ապրողների պարտադիր ուսուցումը ռուսական դպրոցներում: Ավելանում են խառնամուսնությունների մեծ տոկոսները, եւ Ռուսաստան տեղափոխված հայերի հաջորդ իսկ սերունդը հայոց այբուբենն ու լեզուն չեն տիրապետում ու օտարազգու հետ ամուսնությունն ու ռուսաֆիկացումն անխուսափելի է դառնում:

Մահմեդական երկրներում քրիստոնյա երկրների համեմատ հայապահպանության խնդիրները մեղմ են եւ ոչ օրհասական: Լիբանանյան, սիրիական հայ համայնքներում Հայ առաքելական եկեղեցու օրենքները պատրաստակամորեն են պահպանվում, ընտանիքում մայրենի լեզվով խոսելը ընդունված ավանդույթ է, իսկ եվրոպական, ամերիկյան, սլավոնական երկրներում հայերի արդեն երկրորդ սերունդը հեռանում է արմատներից, երրորդը խոսում է իր հայկական ծագման մասին, իսկ չորրորդը դժվարանում է հիշել, թե ով է ինքն ազգությամբ: Լեզվի մատչելիությունը, կրոնական տարբերությունների վերացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում, որպեսզի կարճ ժամանակում հայերը մոռանան իրենց ինքնությունը: Մահմեդական երկրներում խառնամուսնությունները չեն խրախուսվում, մանավանդ եթե հիմքում կրոնական տարբերություն կա:

Իրանահայ վիպասանուհի Զոյա Փիրզադի գրքերն իրենց վաճառքի թափով մահմեդական երկրներում զիջում են միայն Ղուրանին, սակայն նա մերժված գրող է զուտ այն պատճառով, որ պարսիկի հետ է ամուսնացել:

Ոչ մի առումով մեզ ձեռնտու չէին Մերձավոր Արեւելքի քաղաքական հակամարտությունները, ցնցումներն ու պատերազմները: Ցեղասպանությունից առաջ ու հատկապես հետո այդ տարածաշրջանի տարբեր երկրներում հաստատված հայերը մեկ դարից ավելի սեփական կայուն, ինքնության պահպանման տեսակետից անվտանգ կյանք են վարել, մշակույթ, պատմություն, քաղաքակրթություն ստեղծել, այդ պետություններում ծանրակշիռ դեր ունեցել: Հայերի հեռացումն այդ երկրներից նշանակում է հայ համայնքների թուլացում, մասնատում, լեզվի, մշակույթի կորուստ, մոտ ապագայում նաեւ հայ գիտակցության անկում: Պատերազմներից ու խժդժություններից ձերբազատված հարյուր հազարավոր հայեր բնակության նոր վայր են գտելՙ Եվրոպա եւ Ամերիկա: Նրանց մեծ մասն այլեւս չի վերադառնում նախկին բնակավայր: Սիրիական պատերազմի ընթացքում մի քանի հարյուր հազար հայերից Հայաստան եկավ միայն 15.000-ը: Նրանց մի մասն էլ թողեց-հեռացավ, որովհետեւ այստեղ «ոտքի կագնելն» ուղղակի անհնար է: Մերձավոր Արեւելքի երկրներից հեռացած հայերը քրիստոնեական երկրներում արագ կձուլվեն, որովհետեւ չկա կրոնների տարբերություն: Նրանց հաջորդ սերունդներն այլեւս խստորեն չեն պահպանի ինքնությունը, ավանդույթներն ու լեզուն: Բարքերի տեսանկյունից ավելի փակ երկրներից եվրոպական բաց ու ազատ երկրներ տեղափոխվելովՙ հատկապես երիտասարդներն արագ «կորցնում են իրենց»:

Վերջերս մի հալեպահայ վարսավիր պատմեց, թե իր երեք որդիներն ինչպես են տեղափոխվել Եվրոպա: Երկուսը, բարեբախտաբար, արդեն ամուսնացած կարգավիճակում են եղել, իսկ երրորդը ծնողներին տեղեկացրել է, որ ուզում է ամուսնանալ շվեդուհու հետ, որի մայրը թուրք է:

Հալեպահայ վարսավիրը երկու տարի է, ինչ Հայաստանում է ապրում ու արդեն կիսով չափ էր արեւմտահայերեն խոսում: Ցավալիորեն, նրա արեւմտահայերենն այլեւս չի պատկանում «կը», ճյուղին, այլ ինչպես արեւելահայերենը, պատկանում է «ում» ճյուղին: Չկա լեզուն կրողը, ուրեմն եւ չկա լեզուն. պարզ տրամաբանություն է: Մերձավոր Արեւելքի հայությանՙ աշխարհով մեկ սփռվելը, հայ համայնքների տարանջատումները կհանգեցնեն այն բանին, որ արեւմտահայերենը կմոռացվի: Հալեպի հայկական թաղամասերում կարիք չկար արաբերեն խոսելու, որովհետեւ շուրջբոլորը հայեր էին: Լեզուն հաղորդակցվելով է հիշվում, պահպանվում ու փոխանցվում: Ցեղասպանությունից հետո արեւմտյան երկրներ տեղափոխված հայերի երրորդ սերունդն արդեն չէր խոսում հայերեն, որովհետեւ ամուր, միմյանց հետ ամենօրա հավաքական կյանք վարող համայնքը չկար այլեւս:

Արեւմտահայերով ստեղծված մեկդարյա գրականությունը, լեզվամտածողությունը, բարձրակարգ մշակույթը դասական դառնալուց բացի, այլ շարունակություն չունի: Իհարկե, կան այդ լեզվով ստեղծագործողներ, բայց նրանք մեծ թիվ ու ծանրակշիռ որակ չեն կազմում: Քննարկվում է արեւմտահայերենը մեր դպրոցներում պարտադիր ուսուցման ծրագրում ներառելու հարցը: Մասնագետները համոզված են, որ լեզուն սեփականություն կարող է դառնալ, երբ այն սերմանվի դեռ փոքր տարիքից: Արեւմտահայերենը Եվրոմիությունում գրանցված էՙ որպես վտանգված լեզու: Այն փրկելու համար ուշացած միջոցներ ենք փորձում ներդնել: Հարց. ընդունենքՙ արեւմտահայերենը մեր դպրոցնորում դարձավ պարտադիր առարկա. ովքե՞ր են դասավանդելու այն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ