RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2528, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ, ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Ճոռոմ խոսքեր են արտասանվում այժմ Թրամփի եւ Մերձավոր Արեւելքի մասին եւ դա ակնկալվում էր: Ինչպե՞ս կարող է մահմեդական աշխարհը գործ ունենալ մի մարդու հետ, որն իսլամատյաց է, որովհետեւ Թրամփն իրոք այդպիսին է: Նա ամոթանք է ինչպես իր երկրի, այնպես էլ իր ժողովրդի համար, որն ընտրեց իրեն:

Բայց մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ Մ. Նահանգների վարկն ու հեղինակությունը այնքան ցածր է տարածաշրջանում հիմա, եւ ամերիկյան իշխանությունների հանդեպ արաբական աշխարհի (եւ հնարավոր է նաեւ Իսրայելի) հավատն այնքան խորտակվածՙ Վաշինգտոնի հիմար քայլերի հետեւանքով, որ կասկածում եմ, թե նրան պատշաճ ուշադրություն դարձնելու են այնտեղ:

Ճիշտն ասած, այնքան էլ վստահ չեմ, երբ սկսեց նվազել հարգանքն ամերիկյան կառավարության նկատմամբ: Հստակ կարելի է ասել, որ այդ հարգանքն իր բարձրակետին էր հասել, երբ Այզենհաուերը 1956-ին պահանջեց բրիտանացիներից, ֆրանսիացիներից եւ հրեաներից, որ դուրս գան Սուեզի ջրանցքից: Այնուհետեւ, միգուցե Ռոնալդ Ռեյգանն ունեցավ ավելի մեծ ազդեցություն, քան մենք կարծում ենք: Բիլ Քլինթոնի «խաղաղության» առաքելությունը հաստատ չնպաստեց վարկի բարձրացմանը:

Կարծում եմ Ջորջ Բուշ կրտսերն ամենաշատ վնասը հասցրեց, քան Մ. Նահանգների որեւէ այլ նախագահ: Նա էր, որ որոշեց հարձակվել Աֆղանստանի վրա, այն դեպքում, որ ոչ մի աֆղանացի չէր հարձակվել Մ. Նահանգների վրա: Նա էր նաեւ, որ ի հեճուկս Սաուդյան Արաբիայի շիա մահմեդականների պետություն հիմնեց Իրաքում, որը սուննի մահմեդական պետություն էր: Սաուդցիները, որոնցից 15-ը առնչություն ունեին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ, պատերազմ սանձազերծեցին Եմենի դեմ Վաշինգտոնի լուռ համաձայնության պայմաններում:

Իսկ Օբաման, թվում է, թե ամեն անգամ հիմար քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արեւելքում: Նրա «ձեռքսեղմումը» Կահիրեի իսլամիստների հետ, նրա Նոբելյան մրցանակը (հրապարակախոսության համար), եւ նրա սիրիական «կարմիր գիծը» (որն անհայտացավ ավազներում, օգնության հասած ռուսների շնորհիվ) լավագույն դեպքում մոռացության են մատնված: Վլադիմիր Պուտինի «Սուխոյներն» ու «Միգերն» են, որ սիրիական ահավոր պատերազմի հեւքն են պահում: Եվ տարածաշրջանային բռնապետների մեծամասնությունը, որի համար մարդկային կյանքը արժեք չունի, չի նվնվում Կրեմլի հասցեին:

Եվ դա է գլխավորը: Պուտինը ասում է եւ գործում: Նա ավելի շատ նման է գործարարի, քան քաղաքական գործչի: Թրամփը պերճախոս է, բայց կարո՞ղ է արդյոք նա գործել: Մի կողմ թողնենք այն տարօրինակ հարաբերությունը, որ Թրամփն ասում է, թե ունի Պուտինի հետ: Թրամփն է, որ կարիքն ունենալու է Պուտինի խոսքերի ճիշտ թարգմանությանը, եւ ոչ թե հակառակը: Կարծում եմ արաբներն ու հրեաները շատ ավելի ժամանակ են հատկացնելու լսելու համար Պուտինին, քան Թրամփին, վերջինիս ողջ նախագահության ժամանակաշրջանում, որովհետեւ ամերիկացիները ապացուցել են, որ Մերձավոր Արեւելքում իրենք այնքան անկայուն են եւ անվստահելի, որքան Բրիտանիան էր 1930-ական թվերին:

Նույնիսկ ամերիկացիների բլից հարձակումը ԻՊ-ի վրա արդյունավետ չեղավ մինչեւ Պուտինը իր ռմբարկուները չուղարկեց Սիրիա: Եվ այդ ժամանակ արաբներից շատերը հարց տվեցին, թե ինչու ամերիկացիները հաջողության չէին կարողացել հասնել:

Եթե անդրադառնանք արաբական հեղափոխություններին, կամ «գարնանը», ինչպես ամերիկացիներն են նախընտրում անվանել, ապա կտեսնենք, թե այդտեղ էլ Օբաման եւ իր տխրահռչակ պետքարտուղարը (այո՛, Հիլարին) հիմարաբար էին վարվում, ճիշտ չգնահատելով իրականությունը եւ չտեսնելով, թե ուր կարող է առաջնորդել այդ շարժումը: 2011 թվին, Կահիրեում միակ որոշումը, որ Օբաման ընդունեց, Մ. Նահանգների քաղաքացիների էվակուացումն էր Եգիպտոսի մայրաքաղաքից:

Հեշտ է ասել, որ արաբները սարսափած են, որ մի իսլամատյաց է մուտք գործում Սպիտակ տուն, իսկ ի՞նչ է, կարծում էին, թե Օբաման կամ նրա նախորդները (դեմոկրատ, թե հանրապետական) իրապես մտահոգվա՞ծ էին արաբների ճակատագրով:

Միացյալ Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում միշտ էլ եղել է պատերազմների, օդային ռմբակոծությունների եւ նահանջների մի տեսարժան շարք: Ռուսական քաղաքականությունը Եմենումՙ Նասերի ժամանակ եւ Աֆղանստանում, ճիշտ է, բավական կործանարար էր, բայց հետխորհրդային պետությունը կարծես որոշ ժամանակ հետ էր քաշել իր «ճանկերը», մինչեւ որ Պուտինը վերջերս Սիրիա ուղարկեց իր զորքը:

Կասկած չկա, որ շուտով մենք Թրամփին տեսնելու ենք Մերձավոր Արեւելքում իսրայելցիների առաջ «պոչ խաղացնելիս» եւ Ամերիկայի անվերապահ պաշտպանությունը հորդորելիս Իսրայելի պետությանը: Նաեւ վստահեցնելիս Ծոցի ինքնակալներին, որ նրանց կայունությունը ապահովված է: Նրա խոսքերը Սիրիայի մասին, անշուշտ, հրապուրիչ են լինելուՙ հաշվի առնելով նրա տեսակետը Պուտինի մասին: Բայց գուցե նա պարզապես այդ տարածաշրջանի հոգսերը թողնի իր ստորադասներին, իր պետքարտուղարին կամ փոխնախագահին, որպեսզի նրանք փորձեն գուշակել, թե ինչ է մտածում «բոսը»:

Եվ այստեղ է, որ մենք բոլորս սպասողական դրության մեջ ենք: Ի՞նչ է մտածում Թրամփը կամ, ավելի կոնկրետ, մտածո՞ւմ է արդյոք Թրամփը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, «The Independent» թերթից

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ