RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3051, Տպվել է` 278, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ

Հայաստանն ու Թուրքիան վերհիշում են անցյալը

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի վերջինիս կողմից «Ադրբեջանի հողերի օկուպացումը» դադարեցնելու պայմանով: Սա պատասխանն է «Նովոստի» գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի եւ Անկարայի փոխադարձ ցանկությամբՙ առանց նախապայմանների: Համաշխարհային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտներ Թուրքիան եւ Հայաստանը իրավասու են լուծելու սեփական ազգային խնդիրները: Ուստի առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ երկու հայտարարությունները «սովորականների» շարքից են, քանի որ Անկարան եւ Երեւանը մերթ ընդ մերթ փոխանակում են նման «ազդանշաններ»:

Սակայն կոնկրետ իրավիճակի անգամ խիստ մակերեսային վերլուծությունը մշտապես ստիպում է այն գնահատելՙ ելնելով «տեղի, ժամանակի եւ հանգամանքների» դասական սկզբունքից: Տվյալ դեպքում տեղը կարեւորություն չունի, գլխավորը ժամանակն է եւ հանգամանքները: Շիմշեքի եւ Սարգսյանի հայտարարություններն արվեցին Արցախի ապրիլյան պատերազմին հաջորդող փուլում, պատերազմ, որը, ի թիվս այլ բաների, խափանեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ պատերազմը նաեւ համընկավ թուրքական օդուժի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24»-ի խոցմանը հաջորդած ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակահատվածին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլյան պատերազմի օրերին Բաքվին Անկարայի հայտնած զորակցությունը համարեց միանգամայն անընդունելի, ընդգծելով, որ այն տանում է դեպի պատերազմ, այլ ոչ թե դեպի խաղաղություն: Ավելին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չբացառեց արտաքին ազդեցությունը եւ «թուրքական գործոնի» առկայությունը:

Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին կարգավորվել, Լավրովը հադնես եկավ հետաքրքրական հայտարարությամբ. «Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանըՙ առանց Ղարաբաղյան հակամարտության հետ շաղկապման, ապա մենք միայն ուրախ կլինենք, սակայն այն զգացողությունն ունենք, թե Ղարաբաղյան կարգավորումը կարեւոր կլինի հայ-թուրքական հարաբերությունների կանոնավորման համար»: Նախարարը կարեւորեց այն գործոնը, որ Թուրքիան կարող է դրական դեր կատարել, ապահովելով «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում տնտեսական, նյութատեխնիկական, տրանսպորտային, ենթակառուցվածքային բնականոն փոխգործողությունը»: Բայց բանն այն է, որ, նախ եւ առաջ, Լեռնային Ղարաբաղը սահման չունի Թուրքիայի հետ, եւ երկրորդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ուրվագծած 2009 թ. Ցյուրիխյան արձանագրություններում Լեռնային Ղարաբաղն առհասարակ չի հիշատակվում:

Թուրքիայի խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացումը խափանվեց Բաքվի ճնշմամբ, որն Անկարայից պահանջեց օգտագործել «փաթեթային սկզբունքը», այսինքն վավերացումը շաղկապել ղարաբաղյան կարգավորման հետ: Դա տեղի ունեցավ բանավոր համաձայնությամբ եւ իրավաբանորեն որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Լավրովի հայտարարությունը կարեւորում էր ղարաբաղյան կարգավորման առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների կանոնավորման համար, թեեւ Թուրքիան որեւէ կապ չունի այդ կարգավորման հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճշգրտեց Մոսկվայի դիրքորոշումը. «Մենք չենք խոսում Թուրքիայիՙ որպես համանախագահի դրական դերի մասին: Ինձ թվում էՙ հայկական լսարանի համար պետք է պարզապես գրել, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Եվ եթե նման խումբ գոյություն ունի, ապա Թուրքիայից, ինչպես եւ մյուս երկրներից, պահանջվում է կառուցողական աշխատանք»: Բայց ինչպե՞ս վարվել: Ադրբեջանի վրա ճնշում գործադրել ԼՂ կարգավորման բանակցությունները վերսկսելու նպատակո՞վ, վերականգնել սեփական հարաբերությունները Հայաստանի հե՞տ, եւ փոխկապակցվա՞ծ են արդյոք այդ երկու խնդիրները: Նման անտրամաբանական կացությունը ստիպված էր պարզաբանել ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը . «Երբ Լավրովն ասում է, որ Թուրքիան կարող է դեր խաղալ, նա բացում է փակագծերը, նշելով, թե ինչ նկատի ունի դրական դեր ասելով: Դա համակում է Հայաստանի ապաշրջափակումը եւ օգտագործում է նաեւ «Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակում» եզրույթը: Այսինքնՙ դրական դեր խաղալ եւ հրաժարվել ապակառուցողական քաղաքականությունից, գոնե չձեռնարկել բացասական քայլեր, եւ դա արդեն կլինի դրական»:

Բաբայանի վերջին նախադասությունը եւս մեկ դրույթ է ավելի շատ իմաստային հագեցվածությամբ: Զարմանալի չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն, որն ավելի վաղ պաշտպանվում էր ԼՂ կարգավորմանն առնչվող ենթադրյալ «Լավրովի ծրագրի» կապակցությամբ Բաքվի մեղադրանքներից, այս անգամ հայտնվեց հայկական ԶԼՄ-ների ճնշման տակ: Դրանց պնդումների համաձայն, «հենց որ Ռուսաստանը սկսեց Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու փորձեր ձեռնարկել, անմիջապես հայտնվեցին հայկական հարցեր, այսինքն հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ խնդիրը դարձան թեմա, որ «հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող որոշակի տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին, երբ նա համաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին», որի հետ ուզում է համագործակցել նաեւ Թուրքիան, «ձգտելով վերացնել Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները» եւ այլն: Ասվածը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, որպես կանոն, խաղարկվում է միանգամից մի քանի խաղատախտակի վրա:

Ի դեպ, բավական է վերհիշել, որ վերջերս, «Արեւելյան գործընկերությանը» վերաբերող Երեւան-Բրյուսել բանակցությունների ընթացքում Երեւանն ազդանշաններ տվեց Թուրքիայի հետ փակ սահմանը բացելու անհրաժեշտության վերաբերյալ, առանց որի, նրա կարծիքով, «ազատ առեւտրի խոր ու համապարփակ գոտու պայմանագրի ստորագրումը կլիներ անլիարժեք»:

Եթե այն ժամանակ Անկարան ընդառաջեր Երեւանին, ապա տարածաշրջանում իրավիճակը որակապես կփոխվեր. թյուրքական երկու պլացդարմների միջեւ հայտնված Երեւանը կկորցներ ղարաբաղյան ուղղությամբ մանեւրելու հնարավորությունները: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Յուզհետ Քանդեմիրը Անկարային կոչ արեց վերանայել արտաքին քաղաքականությունը, նշելով, որ «Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը չի կայացել Ադրբեջանի ճնշման պատճառով», եւ դա, նրա կարծիքով, «հակասում է Թուրքիայի շահերին»: Այս կապակցությամբ տպավորություն է ստեղծվում, թե Անկարան հայկական «խաղաքարտն» օգտագործելով, ըստ երեւույթին, Բրյուսելին իբրեւ գլխավոր պայման առաջադրում է իր անդամակցությունը ԵՄ-ին, ուստի Ցյուրիխում արձանագրությունների մեջ չներառեց Արցախի խնդիրը:

Եվ ահա արդյունքը: Հայաստանը դարձավ Մաքսային Միության, ապա նաեւ Եվրասիական Տնտեսական Միության անդամ: Իսկ Արցախի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի օգնությամբ սկսվեց Հայաստանի զինված ուժերի հավասարակշռումը Ադրբեջանի ուժերի հետ: Տարածաշրջանում իրադրությունը նկատելիորեն փոխվեց:

Ենթադրենք, թե հիմա Թուրքիան անդրադառնում է «հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու» նախագահ Սարգսյանի կոչին: Սակայն, ինչպես գրում է ադրբեջանցի քաղաքագետ Վուգար Խալիլովը , «այսպես կոչված «Իսլամական պետության» եւ քուրդ գրոհայինների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը ՆԱՏՕ-ի գծով Արեւմուտքի գլխավոր դաշնակցի սահմանների մոտ տարեցտարի ահագնացող արմատականությունը ճնշելուց ԱՄՆ-ի եւ իր կոալիցիայի հրաժարման պատասխանն է»: Ավելին, ըստ Խալիլովի, «դեռ 2014 թ. հունվարին ԱՄՆ-ը եւ Երվոպան Թուրքիայում գործի դրեցին անջատական ծրագիր», եւ նման պայմաններում Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը ավելի խոր աշխարհաքաղաքական իմաստ է ստանում, որն ուղղակիորեն առնչվում է Մերձավոր Արեւելքի ապագա ուրվանկարինՙ բումերանգի հնարավոր էֆեկտով: Դա կարող է ոչ թե դյուրացնել, այլ բարդացնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:

«Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է իր երկիրը տեսնել ուժեղ պետություն, «խնդիրներ չունենալ ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի հետ»: Բայց երեքով նման տանգո պարելու համար գործընկերները պետք է փոխվեն եւ ընդունեն գոնե ընդհանուր երաժշտություն: Այս տարվա ամռանը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանց-Վալտեր Շթայնմայերը Երեւանին եւ Անկարային կոչ արեց որոնել խաղաղ կարգավորման ուղիներ: Նրա կարծիքով, երկու կողմերը պարտավոր են գիտակցել Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. հայերի բնաջնջման հետ կապված պատմական իրադարձությունները, սկսել ավելի լայնընդգրկուն բանակցություններ: Ընդսմին նա օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, թեեւ մանրամասնեց, որ «հակամարտությունները վերջին հաշվով անկարելի է բացատրել միայն մեծ եզրույթի օգտագործմամբ»: Բայց փոփոխությունների համար երկար ժամանակ է պահանջվում, քանզի չկա պատմական, ինչպես նաեւ ոչ վաղ անցյալի ողբերգական ժառանգությունը հաղթահարելու ընդհանուր ցանկություն:

REGNUM, 21 նոյեմբեր, Ռուս. թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ