RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3245, Տպվել է` 432, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Եվրոհանձնաժողովը նոյեմբերի 9-ին հրապարակել է ընթացիկ տարում Թուրքիայի ԵՄ անդամակցության «առաջընթացի մասին» զեկույց: Փաստաթուղթը, դատելով այդ մասին մամուլի հրապարակումներից, աննախադեպ կոշտ է: Մենք, իհարկե, Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ամենից առաջ գնահատում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կտրվածքով: Բայց Թուրքիայի հետ Եվրոմիությունը սեփական խնդիրներն ունի: Բանն այն է, որ Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է ավելի քան կես դար առաջ, իսկ հարցն այդպես էլ չի լուծվում: Մինչդեռ Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ շատ բարեհաջող անդամակցել են եւ ՆԱՏՕ-ին, եւ Եվրոմիությանը: Հիշարժան է, որ Միացյալ թագավորության նախկին վարչապետը Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը կապում էր երրորդ հազարամյակի հետ: Դա, հարկավ, պաշտոնական տեսակետ չէ, բայց բնութագրական էր եվրոպական ընկերակցությանը Թուրքիայի միանալու վերաբերյալ Եվրոպայում իշխող հանրային կարծիքի տեսակետից: Խնդիրն, ըստ երեւույթին, խորքային առումով կապ ունի այսպես կոչված «Արեւելյան հարցի» եւ, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: Միջազգային մամուլի քաղաքագիտական վերլուծությունների հոսքերում վերջին ժամանակներս գրեթե բաց տեքստով է գրվում, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառապես կոնյունկտուրային որոշում էրՙ պայմանավորված Բալկաններում ԽՍՀՄ ազդեցությունը հակակշռելու կամ զսպելու աշխարհաքաղաքական նկատառումներով: Ժամանակակից աշխարհն ավելի դինամիկ է, քան էր Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ պայմանավորվածությունների դարաշրջանում: Ստալինը փաստացի կանխորոշել էր Եվրոպայի ապագանՙ անկախ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնական արդյունքներից: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Եվրոպայում կպատերազմեն Գերմանիան մի կողմից, իսկ Ֆրանսիան եւ Անգլիանՙ մյուս, բայց, անկախ հետեւանքներից, կշահի ԽՍՀՄ-ըՙ տիրապետություն հաստատելով Լեհաստանում, Մերձբալթիկայում, Բալկաններում եւ, բացառված չէր, նաեւ Թուրքիայում: Այդ ծրագիրը հաջողվեց մասնակիորեն: Թուրքիան կարողացավ դուրս մնալ Ստալինի «վրեժխնդրությունից»: Եւ այն, որ Թուրքիայի ամբողջականությունը երաշխավորվեց Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների կողմից, Անկարային ստիպեց ստանձնել ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան թեւի «բակապահ շան» պարտավորվածությունը:

Արեւմտյան ալյանսը, այսպիսով, Թուրքիային այլ դերակատարություն երբեւէ չի վերապահել եւ բնականաբար չի վերպահում: Թուրքիան, մինչդեռ, վերջին տասնամյակում հավակնություններ ունի, որ կարող է դառնալ սեփականՙ նորօսմանականության շահերի իրացնող Մերձավոր Արեւելքում եւ նախկին խորհրդային ազդեցության տարածքում, բայց հատկապեսՙ Կովկասում եւ Միջին Ասիայում: Ստեղծվել է չափազանց ինտրիգային իրավիճակՙ ֆորմալ առումով Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ առհասարակ եվրոատլանտյան աշխարհակարգի դաշնակիցը եւ «բակապահ շունն» է, բայց գործնականում նրա նորօսմանական հավակնությունները չեն համընկնում Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության աշխարհաքաղաքական նախագծումներին: Իրավիճակի պարադոքսն այն է, որ փաստացի Թուրքիայի նորօսմանականությունը տրամագծորեն հակասում է նաեւ Ռուսաստանի շահերին, բայց քանի որ Թուրքիան հակասությունների մեջ է եվրոատլանտյան ալյանսի հետ, որը նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առաքելության սահմանափակողն է, ապա Անկարան եւ Մոսկվան ունեն մտադրությունների սինխրոնացնելու ֆորմալ հնարավորություն:

Ահա եւ գլխավոր խնդիրը, որը մեր պատմաքաղաքական հիշողության մեջ տրանսֆորմացվում է որպես «հայ ժողովրդի թիկունքում ռուս-թուրքական գործարքի վտանգ»: Պատմական հիշողությունը, սակայն, քաղաքականության մեջ որեւէ իմաստ ունի այնքանով, որքանով նախադեպը քննարկվում է ընդհանուր կոնտեքստում: Իսկ կոնտեքստն իմանալու համար բավական է, օրինակ, կարդալ Ֆեոդոր Դոստոեւսկու ոչ թե «Դեւերը» կամ «Կարամազով եղբայրները», որտեղ Ռուսաստանի մեծապետականությունը նրբաքողարկված է փիլիսոփայական խոկումներով, այլՙ «Գրողի օրագրի» այն հատվածները, ուր շատ բաց, գրեթե ցինիկաբար ( թող այս բառի համար ներվի) սահմանված է Ռուսաստանի առաքելությունըՙ տիրել Կոստանդնուպոլսին եւ դառնալ «արեւելյան հարցի» միակ եւ գերիշխող դերակատարը:

«Արեւելյան հարցն» այսօր կոչվում է փոքր-ինչ այլ կերպՙ Մերձավոր Արեւելքի «վերաֆորմատավորում»: Մինչ բոլորովին վերջերս «վերաֆորմատավորման իրավունքը» բացարձակապես ինքն իրեն էր վերապահել ԱՄՆ-ը: Անցյալ տարի Սիրիայի «երկնքում» հայտնվեց Ռուսաստանը, որն արդեն իսկ լրջագույն ներկայացվածություն է ապահովել Միջերկրական ծովում: Ղրիմի հարցն Ռուսաստանը լուծել էր վաղօրոք: Ինչպես նաեւՙ Աբխազիայի եւ, առհասարակ, Վրաստանի: Կամՙ Հարավային Կովկասի, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները գնահատվում են որպես «ստրատեգիական-պարտնյորական»: Հայաստանի հարցում գրեթե ամեն ինչ հասկանալի է:

Եւ ահա այս համատեքստում ո՞վ է Եվրոպայի «հիվանդը»: Թուրքիա՞ն, որ ձգտում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, թե հենց Եվրոմիությո՞ւնը, որ դեռեւս հույս է փայփայում, որ Թուրքիան եւս կես դար կատարելու է ՆԱՏՕ-ի «արեւելյան թեւի հովվաշան» իր դերը: Իսկ առհասարակՙ արժե՞ ոգեւորվել, որ Եվրոմիությունը Թուրքիային ինչ-որ բանում մերժում է: Չէ՞ որ Եվրոպայից մերժված Թուրքիան բնականորեն դառնում է Ռուսաստանի «բակապահ շունը»ՙ այստեղից բխող պայմանավորվածություններով հանդերձ: Եվրոհանձնաժողովի զեկույցում, փառք Աստծո, հղում չկա Հայոց ցեղասպանությանը: Դա, երեւի, Հայաստանի հնարավորությունն է, որպեսզի ելք ունենա ռուս-թուրքական «մուրճի եւ զնդանի» երկընտրանքից: Քանի որ քաղաքականության մեջ երկընտրանքը դեռեւս չի նշանակում «երրորդ հնարավորության» բացառում: Իսկ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կմնա Եվրոպայի այն «հիվանդը», որի ապաքինությամբ շահագրգռված են թե՛ նրա առողջությունը, թե՛ մահը ցանկացողները...

Թուրքիան տիրում է Կոստանդնուպոլսին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ