RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3321, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՈՎԱԾ ԵՆ ԿԵՐԵԼ (ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸՙ ՊԱՏԱՌԱՔԱՂՈՎ)

Հ. ԱՖՅԱՆ

Լա՞վ է որ Ռուսաստանում գեղեցկության մրցույթ է անցկացվում, որտեղ հաղթում է հայ մասնակցուհին: Իմ կարծիքովՙ լավ է, մանավանդ Հայաստանում իրենցՙ Ռուսաստանում գտնվող ամուսիններին սպասող կանանց համար, ովքեր համոզվում են, որ հայուհիներն իրականում ավելի գեղեցիկ են ռուսներից: Իսկ լա՞վ է, որ Ռուսաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, բայց բացառապես հայուհիների միջեւ: Այսինքն որոշում են այդ երկրում ապրող ամենագեղեցիկ հայուհուն: Իմ կարծիքովՙ վատ է, քանի որ դա նշանակում է, որ հայերը եւ մանավանդ հայուհիները Ռուսաստանում այնքան են շատացել, որ սկսում են պարզել ոչ միայն այն, թե ով իրենցից ավելի շատ փող ունի, կամ ավելի լավ ֆիլմ է նկարում, այլ այն, թե ո՞վ է իրենցից առավել գեղեցիկը:

Եւ ուրեմն բոլորովին վերջերսՙ Ռուսաստանում հենց այսպիսի մի վատ բան է եղել: Տեղի է ունեցելՙ «Ռուսաստանի գեղեցկուհի-հայուհի-2016» մրցույթը, որն ավելի ճիշտ կոչվում է այսպեսՙ «Միսս կռասավիցա-առմյանկա Ռասիի-2016»: Ընդ որում, 2016 թվականի նշումը մրցույթի անվանման մեջ նշանակում է, որ դրա կազմակերպիչները մտադրվել են այն շարունակական դարձնել, ինչո՞ւ չէՙ ամեն տարի ավելացնելով մասնակիցների քանակը:

Անկեղծ ասածՙ այս տարվա մրցույթի մասին ես պարզեցի միայն այն, որ այն տեղի է ունեցել, եւ որ հետո խնջույք է եղել, որին հրավիրված է եղել ու մասնակացել է ինքըՙ Վլադիմիր... Չէ, դեռ այդքան չենք հասելՙ Ժիրինովսկին: Իսկ թե որտե՞ղ է տեղի ունեցել մրցույթը, քանի՞ գեղեցկուհի է մասնակցել, ո՞վ է հաղթել եւ հաղթողին ի՞նչ են տվել, բացի մի փունջ մուգ կարմիր եւ երկար վարդերից, չգիտեմ: Հետաքրքրական էլ չէ: Համենայնդեպս այս պատմությունն ինձ համար լրիվ այլ պատճառով է հետաքրքրական: Օրինակՙ Ժիրինովսկու պարագան: Լավ, եղբայր, դեռ երկա՞ր ենք նրան կանչելու ռուսահայկական քեֆերին, որ խոսի Արարատից, Արեւմտյան Հայաստանից եւ Հայոց ցեղասպանությունից: Ընդ որումՙ դա անի խորովածով (կծած) ծանրաբեռնված սեղանների շուրջը, քյաբաբի բույրի մեջ նստած խիստ հայրենասեր մասսաների առջեւ, գուցեՙ համար: Է, եկավ, խոսեց, գնաց իր լիբերալ-դեմոկրատական գործերով, հետո՞: Ուրիշ բարեկամ այդ անծայրածիր երկրում չունե՞նք: Փաստորեն չունենք, քանի որ խնդիրը ոչ թե Ժիրինովսկին է, այլ այն, որ նա միակն է: Անշուշտ միակը չէ, բայց տվյալ մասսան նրան է սիրում, նրան է հրավիրում, քանի որ տվյալ մասսայի համար նա միակն է, իսկ տվյալ մասսան Ռուսաստանի հայերն են, հարուստ, երեւելի, սրան-նրան հրավիրել կարողացող, արդեն նաեւՙ գեղեցիկը որոշող:

Իսկ գեղեցկուհինե՞րը, նրանք ի՞նչ, նրանք բոլորն էլ, այդ թվում հաղթողը, եւ մանավանդ նա, շուտով կամուսնանանՙ Մոսկվայում, կապրեն Մոսկվայում, երեխաներ կունենան Մոսկվայում, ամուսիններին աշխատանքի կճանապարհեն, իրենք էլ շոփինգի կգնանՙ Մոսկվայում, եւ Հայաստանը կսիրեն այնպես, ինչպես բոլորն են Հայաստանը սիրումՙ հեռվից, եթե անգամ մոտիկից, ապա միայն ամառները, այն էլ այն պարագայում, երբ Կիպրոսի համար փող չկա, Թուրքիան փակ էՙ ռուս զբոսաշրջիկների համար, իսկ Եգիպտոսում անվտանգ չէ:

Մի խոսքով, Ռուսաստանում որոշել են, թե ո՞վ է այդ երկրում ապրող ամենագեղեցիկ հայուհին, ապա կերել են հայկական խորոված (գեղեցկուհիներըՙ պատառաքաղով), հետո «հայ» Ժիրինովսկին խոսել է Ցեղասպանության մասին, բոլոր հայերը ծափահարել են, եղել են հուզվածներ, իսկ ընդհանուր առմամբ հայկական քյաբաբի հոտի մեջ, մուգ-կարմիր եւ, իհարկե հայկական վարդերիՙ գլխապտույտ առաջացնող բույրի հետ տարածված է եղել անհաս կարոտը եւ խորունկ սերըՙ առ հայրենիք:

Ռուսաստանը հայրենիք սիրելու տեղն է, կամ տեղերից մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ