RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5226, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՇԻԱՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ տարի Լոս Անջելոսում կայացած ապրիլ-քսանչորսյան տպավորիչ քայլերթն ու դրան հաջորդած բազմամարդ հանրահավաքը հույս էր ներշնչել, գոնե ինձ, որ հայերն այդ երկրում քաղաքական կարեւոր գործոն դառնալու ճանապարհին են: Մ. Նահանգներում նման բազմամարդ հավաքները- ըստ ոմանցՙ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բողոքի երթի մասնակիցների թիվը 160 հազար է եղել- սովորաբար լինում են հազվադեպ, միայն համաամերիկյան նշանակության մեծ դեպքերի ժամանակ: Հետեւաբար ենթադրելի էր, որ ամերիկահայերի նման համախմբումը անպայման տպավորած կլինի նաեւ այդ երկրի տարբեր մակարդակների ղեկավարող շրջանակներին ու լոբբիստական խմբերինՙ այս տարվա կոնգրեսական, անգամ նախագահական ընտրություններին ընդառաջ:

Մինչդեռ...

Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունից դեռ շաբաթներ առաջ ամերիկահայ մեր գաղթօջախները բոլորովին իներտ վիճակ էին պարզում: Լոբբիստական մեր գլխավոր կազմակերպությունը համարվող ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն իր հայտարարությամբ, թե հարցումով դիմել է զույգ թեկնածուներից յուրաքանչյուրին Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ իրենց դիրքորոշումը պարզելու խնդրանքով եւ ոչ մեկից չի ստացել որեւէ պատասխան, ավելի քան հուսահատեցրեց բոլորին, եւ նրա հորդորըՙ քվեարկել ըստ կամս, ավելի քան անիմաստ էր: Քանի որՙ նախագահական աթոռի զույգ թեկնածուները, պետք է խոստովանել, ընդհակառակըՙ լավ արեցին այս անգամ զերծ մնալով դատարկ խոստումներ շռայլելու գայթակղությունից, եւ երկրորդՙ իրեն սփյուռքահայությանը ներկայացնելու մենաշնորհ վերագրող ՀՅԴաշնակցությունը չէր այն միացյալ եւ համախմբող ուժը, որին պիտի սպասեին ամերիկահայերն իրենց դիրքորոշումը ճշտելու համար: Բացի այդ, Հայ դատի գրասենյակի այդ հայտարարությունը մեկ անգամ եւս ընդգծում էր, փաստորեն, այն սխալը, որը մենք ազգովին կրկնում ենք տասնամյակներ շարունակՙ արտաքին աշխարհին ներկայանալով իբրեւ օրակարգի ընդամենը մեկ հարց ունեցող հավաքականությունՙ Ցեղասպանության ճանաչում: Մինչդեռ, ինչպես ասում են Ամերիկայի նման մեծ երկրներումՙ յուրաքանչյուր քաղաքականություն տեղական է (Every Politics is local): Այլ խոսքով, եթե տեղական քաղաքականությամբ չես զբաղվում, ուրիշները շահագրգռված չեն քո օրակարգի հարցով զբաղվելու:

Եվ այսպես, ի սպառ փոշիացվեցին ամերիկահայության քվեարկու ձայները: Արեւելյան ափի գաղթօջախները մեծամասամբ իրենց ձայնը տվեցին Դոնալդ Թրամփին, Արեւմտյան ափի հայաշատ քաղաքներըՙ մասամբ Հիլարի Քլինթոնին: Մասամբՙ որովհետեւ Քալիֆորնիայում գտնվող նախկին հայաստանցիները համերաշխորեն եւ զանգվածաբար ընդհանրապես չմասնակցեցին ընտրություններին, եւ հիմա նրանցից ոմանք շտապ-շտապ փորձում են օրինականացնել իրենց կեցության փաստաթղթերըՙ առատորեն լցնելով փաստաբանների գրպանները: Վախենում են Թրամփի նախընտրական սպառնալիքներից...

Ստեղծված այս կացության մեջ ամենամտահոգիչը մնում է այն, որ մենք կորցնում ենք ամերիկահայությանըՙ որպես ազգային հավաքականություն եւ ինքնություն, այնպեսՙ ինչպես պարզվեց նաեւ հայահոծ մյուս երկրումՙ Ռուսաստանում սեպտեմբեր ամսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

Այս վիճակը չի՞ մտահոգում մեր իշխանություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ