RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ՄԻՋԻՆԱՍԻԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3337, Տպվել է` 185, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Կենտրոնական Ասիայում քայլեր են արվում տարածաշրջանի ամենաառանցքային հիմնախնդիրներից մեկըՙ ջրային ռեսուրսների բաժանումը կարգավորելու ուղղությամբ: Սակայն, առ այժմ, խոսքը Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ երկկողմ համաձայնություններին ուղղված կարգավորման մասին է: Եթե մոտակա ժամանակներս չհաջողվի մեկ կլոր սեղանի շուրջ նստեցնել բոլոր հինգ պետություններին (Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղազախստան) եւ հանգել ջրային կոնսենսուսի ողջ տարածաշրջանի մասշտաբով, ապա, չի բացառվում, որ Կենտրոնական Ասիայում բռնկվի հակամարտություն ջրի համար:

Կենտրոնական Ասիան համարվում է աշխարհում ջրի պակաս ունեցող տարածաշրջաններից մեկը: Ընդ որում, կենտրոնաասիական տարածաշրջանի ներսում ջրային բալանսը բաշխված է ծայրահեղ անհավասար: Երկու պետությունՙ Ղրղզստանը եւ Տաջիկստանը, գտնվելով գետերի վերին հոսանքում, հանդիսանում են ջրի ավելցուկ ունեցողներ: Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղազախստանը, որպես ջրային ռեսուրսների հիմնական սպառող, դրա պակասությունն են զգում: Սակայն, Ղրղզստանը եւ Տաջիկստանը միաժամանակ հանդիսանում են էներգոդեֆիցիտ ունեցող երկրներ:

Ջրի, էներգիայի նման բաշխումը դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում որոշված էր ջրային ռեսուրսների կառավարման համակարգովՙ վերին երկրները ստանում էին իրենց անհրաժեշտ էներգառեսուրսները, իսկ ներքին պետություններըՙ ջուրը: Համակարգը բավական պարզ էր: Տաջիկստանը եւ Ղրղզստանը ձմռանը կուտակում էին ջուրն իրենց Նուրեկի, Կայրաքքումի եւ Տոկտոգուլի ՀԷԿ-երի ջրամբարներում, ամռանն այն արտանետում էին Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի մշակվող հողատարածքները ոռոգելու համար: Դրա դիմաց ձմռանը Տաջիկստան եւ Ղրղզստան էր գալիս էլեկտրոէներգիան եւ գազը: Սակայն փոխանակման նման բարտերային համակարգը քանդվեց ԽՍՀՄ փլուզման հետ: Պետություններն անցան շուկայական հարաբերությունների եւ այդտեղ Ղրղզստանն ու Տաջիկստանը հայտնվեցին նախապես անհավասար պայմաններում: Չէ՞ որ, եթե էլեկտրոէներգիան նրանք գնում էին փողով, ապա ջուրը ստիպված էին տալ միանգամայն անվճար: Բնական է, որ Տաջիկստանի եւ Ղրղզստանի արձագանքը եղավ սեփական էներգետիկ անվտանգության ապահովման ձգտումը Վախշ գետի վրա Ռոգունի եւ Փյանջ գետի վրա Դաշտիջումի հիդրոէլեկտրոկայանների, Նարըն գետի վրա երկու Կամբարատինյան ՀԷԿ-երի շինարարության միջոցով: Դա հասկանալիորեն բուռն դժգոհություն առաջացրեց տարածաշրջանում ջրի հիմնական սպառող հանդիսացող Ուզբեկստանում: Տաշկենտը լրջորեն զգուշանում էր, որ Կամբարատինյան եւ Ռոգունի նախագծերը խախտում են միջազգային իրավունքը եւ կդառնան ջրի հասանելիության նվազման պատճառ եւ, որպես հետեւանք, կարող են պատճառել նշանակալից բնապահպանական եւ տնտեսական վնաս: Բնապահպանականՙ դա Արալյան ծովի ուզբեկական կողմից ջրի առանց այն էլ թույլ հոսքի նվազումն է: Տնտեսականՙ Ուզբեկստանի վնասները բամբակի աճեցման ոլորտում, որը երկրի հիմնական ջուր սպառող մշակաբույսն է: Սակայն կա եւս մեկ տարբերակՙ ՀԷԿ-երը, որոնք կառուցվում են Ղրղզստանում եւ, հատկապես, Տաջիկստանում, կսկսեն մրցակցել Հարավային Ասիայի մեծածավալ էներգիա սպառող շուկաներ արտահանվող ուզբեկական էլեկտրաէներգիայի հետ:

Հետաքրքրական է, որ իր ամբողջ զայրույթով հանդերձ, Տաշկենտը չի ձգտում բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ գտնել շահերի փոխադարձաբար ընդունելի բալանս: Այսուհանդերձ, եթե տարածաշրջանում այսօր նույնիսկ ընթանում են բանակցություններ, ապա դրանք ավելի շատ պետությունների միջեւ երկկողմ հիմքի վրա են: Չնայած յուրաքանչյուր պետություն հասկանում է, որ ջրային ռեսուրսների օգտագործման շահերի եւ օգուտների բաշխման բանական սխեմայի հասնելու համար բանակցային սեղանի շուրջը անհրաժեշտ է, որ գտնվեն բոլոր մասնակիցներըՙ այսինքն տարածաշրջանի բոլոր հինգ պետությունները: Կա եւս մեկ կարեւոր նրբությունՙ տարածաշրջանում ջրօգտագործման որակը: Գետերի ստորին հոսքում ջրի անբավարարության հիմնախնդրի առկայության պայմաններում պետությունները բոլորովին անմիտ են վերաբերում ջրօգտագործմանը: Կենտրոնական Ասիայի պետությունները շնչին ընկնող ցուցանիշով ավելի շատ ջուր են օգտագործում, քան երկրագնդի որեւէ այլ տարածաշրջանի բնակիչները: Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը երկու անգամ ավելի շատ ջուր են օգտագործում, քան Միացյալ Նահանգները: 700 հազար բնակչություն ունեցող Աշքաբադը ջրի օգտագործման ցուցանիշով կարող է համեմատվել Չիկագո քաղաքի հետ, որն ունի ավելի քան 3 միլիոն բնակիչ:

Ամենաբանական մոտեցումը ջրօգտագործմանն այսօր ցուցադրում է Ղազախստանը (այն գտնվում է «ջրային ուղու վերջում» եւ ստիպված է, ինչպես այստեղ ասում են, խնայելու ամեն մի կաթիլը): Չնայած տարեցտարի Ուզբեկստանի կողմից Սիրդարիա գետի պակասող հոսքին, Ղազախստանը հասել է այն բանին, որ Արալյան ծովի իր հյուսիսային կողմը վերականգնվել է: Երկրի հարավային շրջաններում այսօր ակտիվորեն ներդրվում է կաթիլային ոռոգումը: Բացի դրանից, Ղազախստանը կարողացել է պայմանավորվել Ղրղզստանի հետ «պայմանական գնով» էլեկտրաէներգիայի փոխանակության շուրջ: Օգոստոսին Ղրղզստանը Ղազախստանին էներգիա է տալիս, իսկ աշնանը այն հետ է ստանում: Ընդ որում Ուչ-Կուրգկանյան ՀԷԿ-ում ջուր է բաց թողնվում վայրկյանում 350 խոր. մ/վրկ ծավալով Ղազախստանի գյուղսպառողների համար: Այսինքն, ըստ էության, վերականգնվել է բարտերային փոխանակման համակարգըՙ ջուր էներգիայի դիմաց: Ղազախստանից էներգիայի վերադարձը ոչ միայն պահպանում է Տոկտոգուլի ջրամբարի համապատասխան բարենպաստ ծավալը աշնանային-ձմեռային շրջաններն անցնելու համար, սակայն, եւ, ինչն ամենակարեւորն է, պահպանվում է ջրային-էներգետիկ բալանսը: Հետաքրքրական է, որ Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ բանակցություններում երկրներն առաջին անգամ ոչ միայն գործարկեցին էներգետիկայի եւ ջրի հարցով առանձին բանակցողների, այլեւ քննում էին երկու հիմնախնդիրները միասնաբար: Որքան էլ որ զարմանալի է, սակայն նմանատիպ մոտեցում առ այժմ չի օգտագործվում Ուզբեկստանի եւ հարեւան պետությունների միջեւ բանակցություններում: Տաշկենտը նախընտրում է հարաբերությունները պարզել բողոքի նոտաների կամ ուժային գործողությունների միջոցով: Այնպես, ինչպես վերջերս տեղի ունեցավ Ղրղզստանի Ջալալ-Աբադի մարզի Ունգար-Տոո շրջանում, որտեղ երկու կողմերը փաստորեն ոստիկանական դեսանտ իջեցրեցին: Սահմանային լարվածությունը հարեւանների միջեւ սնվում է նաեւ Օրթո-Տոկոյան (կամ Կասանսայան, ինչպես այն անվանում են Ուզբեկստանում) ջրամբարի օգտագործման չկարգավորված իրավունքների վիճարկումով: Այդ ջրամբարը ջուր է մատակարարում երկու հանրապետություններին էլ: Խորհրդային տարիներին կառուցված այդ ջրամբարը Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ վեճի առարկա դարձավ պետական անկախության նվաճման առաջին պահից:

Չի բացառվում, որ նման հակամարտություններ են սպասում Տաշկենտին եւ Դուշամբեին, որովհետեւ Տաջիկստանում այսօր ակտիվորեն իրագործվում է Ռոգունի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը: Իսկ դա բոլորովին դուր չի գալիս Տաշկենտին: Ըստ էության, այդ բախումները մի ինդիկատոր են, որն ասում է, որ եթե պետությունները շտապ չնստեն մեկ միասնական սեղանի շուրջ բանակցությունների, բոլորը միասին, ապա մոտակա ժամանակներում տարածաշրջանին սպառնում է պատերազմ ռեսուրսների համար:

Պետությունները, վերջապես, հարկ է որ ընդունեն միմյանցից փոխկախվածությունը եւ իրենց հնարավորություններն օգտագործեն ոչ միայն իրենց օգտին, այլեւ հարեւանների, որպեսզի ապահովվի տարածաշրջանի, ամբողջությամբ վերցված, զարգացումը:

Ըստ էության դրան է միտված Կենտրոնական Ասիայի պետությունների Միության ստեղծումը, որի ստեղծման հեռանկարներն են քննարկվում վերջին մի քանի տարիներին: Այսօր այն կարող է դառնալ միակ հարթակը բոլոր երկրներին ձեռնտու կոնսեսուսի փնտրտուքի համար: Իսկ դա, վերջին քառորդ դարի իրավիճակի առումով, սկզբի համար հանգում է ջրային-էներգետիկ բալանսի խելամիտ համակարգի վերականգնմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ