RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3570, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ԽՆԴՐՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեւի ճիշտ կլիներ այս հոդվածի վերնագիրը դնելՙ «Ումի՞ց է խնդրում ժողովուրդը»: Այդպես ոմանք իրենց ավելի լավ կզգային, շոյված կզգային, չնայած ցուրտ է, բայց ջերմացած կզգային. կատակ բան չէ, մի ամբողջ ժողովուրդ, այն էլ մերի պեսՙ հազարամյա, ամեն ինչ տեսած, խնդրում է հենց իրենցից: Բայց քանի որ այս հոդվածի նպատակը եթե շոյելն էլ է, ապա ժողովրդին, եւ ոչ իշխանությանը, ապա թողնենք, որ վերնագիրն իր տեղում մնա:

Անշուշտ ժողովուրդը տիեզերքի չափ եւ պես մեծ է: Ժողովուրդը նաեւ տարբեր է: Նկատի չունեմ հայ եւ, օրինակ, իսլանդացի, նկատի ունեմ միեւնույն ժողովուրդն իր ներսում տարբեր խմբակներ ունի, անգամ աղանդներ, նախասիրություններ եւ ուրեմն ցանկություններ: Սրանից էլ ածանցյալՙ ժողովրդի մի մասը կարող է խնդրել, որ օրինակ «Նաիրիտ»-ը չփակեն, փողերն էլ տան, կամ փողերը տան, հետոՙ ինչ ուզում են անեն: Մեկ այլ հատվածը կարող է խնդրել, որ Հայաստան բերեն Դեն Բրաունիՙ «Ինֆեռնո» գրքի հիման վրա նկարահանված եւ այս տարի թողարկված համանուն ֆիլմը, մեկ այլ հատված կարող է բարձր աշխատավարձ պահանջել, մեկ ուրիշ մաս էլՙ բարձր գրականություն, հատկապես պոեզիա, ինչը մեկ այլ հատվածի կարծիքով արդեն իսկ Արարատի պես բարձր է: Չնայած այս վերջին հատվածը հենց այդ պոեզիան ստեղծողն է, բայց ամեն դեպքում նա էլ ժողովուրդ է:

Սաՙ ընդհանուր առմամբ: Կոնկրետ քաղաքականության մեջ ժողովուրդը, հասկանալի է, եւս ունի ցանկություններ ու խնդրանքներ, եւ կրկին տարբեր: Օրինակՙ խումբ կա, որ պահանջում է մյուսներիցՙ խելոք նստել տեղները, ձայն չհանել, քանի որ գործող իշխանությունը ջանք եւ եռանդ չի խնայումՙ մի կողմից դիմագրավելու արտաքին մարտահրավերներին, մյուս կողմիցՙ դարձնել դրանք հնարավորությունՙ պետության եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար: Ճիշտ է, այս խումբը որպես կանոն այս բառապաշարը չի օգտագործում, բայց իմաստը նույնն է: Ընդ որում, այս խումբը եւս բաժանված է երկու խմբակների: Առաջինը միշտ է պահանջում խելոք նստել եւ ձայն չհանելՙ անկախ նրանից, թե ով է գործող իշխանությունը, իսկ երկրորդը խելոք նստելու պահանջը ներկայացնում է միայն կոնկրետ գործող իշխանության պարագայում:

Կա ժողովրդի մի հատված էլ, որը խնդրում է գործող իշխանություններիցՙ հեռանալ: Ընդ որում, այս հատվածը երկու խմբակների չի բաժանվում, ասենք միայն կոնկրետ գործող իշխանության հեռացումը չի պահանջում, այլ պահանջում է եւ պահանջել է գործող բոլոր իշխանությունների հեռացումը: Սա մեր ժողովրդի քաղաքականացված ամենամեծ խումբն է, որի կազմում են բազմաթիվ մարդիկՙ անկախ սեռից, տարիքից, կրթության մակարդակից կամ դրա առկայությունից, եւ այլն: Ընդհանուր առմամբ, եթե նայենք վիճակագրությանը, ապա Հայաստանում ժողովրդական ամենամեծ պահանջը եղել է եւ կաՙ գործող իշխանության հեռացումը:

Եւ վերջապես կան ժողովրդի առանձին խմբեր, որպես կանոնՙ իրարամերժ, ովքեր, մեկը խնդրում էր, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա, այդ թվումՙ Վանո Սիրադեղյանը, կամ առանց մեկի վերադարձըՙ մյուսի հետ կապելու, մյուս խմբում խնդրում են, որ Քոչարյանը վերադառնա եւ շինարարությանը կրկին հուփ տա, շինարարությանը եւ Ալիեւին, ուրիշ խմբում էլ խնդրում են Գագիկ Ծառուկյանին, որ նա վերադառնա ակտիվ քաղաքականություն եւ բազկի մեկ, կամ գոնե երկու զարկով փրկի մեզ:

Հիմա, այս համատեքստում, կարելի՞ է արդյոք պնդել, որ ժողովուրդը խնդրում էր Տեր-Պետրոսյանին, որ նա վերադառնա, կամ խնդրում է Վանո Սիրադեղյանին, կամ Քոչարյանին, կամ էլ Ծառուկյանին է աղաչում: Հաշվի առնելով, որ մի խումբ մարդիկ, բոլորովին վերջերս գնացել էին պարոն Ծառուկյանի տան դիմաց կանգնել եւ խնդրում էին, որ նա տնից դուրս գա եւ մտնի ակտիվ քաղաքականություն, կարելի է գոնե Ծառուկյանի մասով ասել, որ նա, ինչպես հենց ինքն է ասումՙ պահանջարկ ունի: Բայց ամբո՞ղջ ժողովրդի: Հասկացանք «Առինջ-մոլ»-ը խնդրում է, լավ, առանց մոլ, պարզապես Առինջն է խնդրում, լավ, ողջ Կոտայքի մարզն է, գումարած ուրիշ մարզերում աշխատող առաձին գյուղատնտեսները խնդրում, ողջ մարզաշխարհը եւ անձամբՙ Ալեքսանդր Լուկաշենկոն է խնդրում, եղավ ամբողջ ժողովո՞ւրդ: Ծառուկյանին, ի դեպ, կոնկրետ հարց են տվել այս շաբաթ, հարցրել ենՙ պարոն Ծառուկյան, ո՞վ պետք է խնդրի, որ դուք վերադառնաք: Մարդն էլ պատասխանել էՙ «օրինակՙ դու»: Հետո, երբ հասկացել է, որ լրագրողը, մարդ ես, կարող է եւ խնդրել, իսկ ինքը գոնե այդ պահին հավես եւ ժամանակ չունիՙ ակտիվ քաղաքականություն մտնելու, հավելել էՙ «Բայց միայն քո խնդրելը քիչ է»: Այսինքն, Ծառուկյանին պետք է շատերը խնդրեն, մեծամասնությո՛ւնը: Մեծամասնությունն էլ, քանի որ հանրապետական է եւ խնդրելու համար ամենեւին էլ Ծառուկյանի տուն չի գնում, ուրեմն պարոն Ծառուկյանը դեռ պետք է սպասի:

Պատմությունն է տգեղ, երբ ժողովրդիցՙ այս էլ որերորդը, պահանջում է խնդել, որ ինքը վերադառնա: Նման պահանջ ուներ Տեր-Պետրոսյանը, հետո մի կերպ ձեւակերպեցին այդ խնդրանքը եւ նա վերադարձավ: Նման պահանջ ունի Քոչարյանը, բայց առայժմ այդ խնդրանքը չի ձեւակերպվում: Եվ ահա նման պահանջ է բարձրաձայնում Ծառուկյանը: Ու ամենացավալին ոչ թե այն է, որ մարդիկ կան, որոնք իսկապես խնդրում են, այլ այն, որ մարդիկ կան, որոնք իսկապես գտնում են, որ ժողովուրդն իրենց պետք է խնդրի:

Ի՞նչ է խնդրում ժողովուրդը: Այ դա՛ դժվար է ասել, եթե չասեմՙ անհնար: Մի խումբ կա, օրինակ, որը խնդրում է բոլորից, անկախ նրանից, թե վերջիններս գործո՞ղ են, թե՞ անգործ, հանգիստ թողնել իրեն, դե այսինքնՙ չխանգարել: Այս խումբը պնդում է, որ եթե իրեն չխանգարեն, պետությունն էլ ուժեղ կլինի, ժողովուրդն էլ լավ կապրի, բանակն էլՙ ոչ միայն դուխով ամուր կլինի, Ադրբեջանի դեսպանատունն էլ Ստեփանակերտում կլինի, քաղաքի ամենալավ տեղում, դիմացն էլ երկու ցայտաղբյուր. մեկըՙ նվիրված արցախյան պատերազմում հայ զոհերին, մյուսըՙ նվիրված նույն պատերազմի ադրբեջանցի զոհերին:

Հա, ու այլեւս ոչ ոք չի համարձակվի պահանջել, որ ժողովուրդն իրենից բան խնդրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ