RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5154, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ... ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բեռլինի դատարանը տուգանեց ֆեյսբուքյան երկու օգտատիրոջ

Բեռլինի Թիեգարթեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դրամական տուգանք է սահմանել ԳԴՀ երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորական, ատելություն հրահրող գրառումներ էին արել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներ Ջեմ Էոզդեմիրի եւ Սեւիմ Դագդելենի հասցեին: «Ազգ»-ի ընթերցողները տեղյակ են, որ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւիՙ վերոնշյալ ջերմ պաշտպանների հասցեին մինչ հունիսի 2- ը ու դրանից հետո սպառնալից, ատելավառ, վիրավորական ու հայհոյալից բառամթերքով բանավոր կոչեր էին արվում, նամակներ էին ուղարկվում նրանց էլեկտրոնային փոստին, նույնատիպ վերաբերմունք արձանագրելով նաեւ սոցիալական ցանցում: Բանաձեւի ընդունումից հետո Բունդեսթագի թուրք պատգամավորների հանդեպ ատելության կրակը Գերմանիայում էլ ավելի բորբոքեց Թուրքիայի իշխանական վերնախավը, հատկապես նախագահ Էրդողաննՙ իր հրահրող արտահայտություններով:

Ըստ «Բեռլիներ ցայթունգի», Բունդեսթագի Ձախ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Սեւիմ Դագդելենի հասցեին հայհոյանքի համար ֆեյսբուքի թուրք օգտատերը 600 եվրո տուգանք պիտի վճարի ( անվանել է Hure, թարգմանաբարՙ պոռնիկ, անառակ կին):

Դատարանը վճռել է 700 եվրո տուգանք սահմանել երկրորդ քաղաքացու համար, որը Կանաչների նախագահ Ջեմ Էոզդեմիրին է վիրավորանք հասցրել (անվանել է Hurensohn, թարգմ.ՙ պոռնիկի, անառակի որդի):

Բեռլինի առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ մեր հիշատակած թերթում կարծիք է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Դագդելենը:

«Լավ է, որ համացանցը օրենքից դուրս դաշտ չէ», ողջունելով վճիռը նկատել է տվել նաՙ ասելովՙ « հույս ունեմ, թե այն վախեցնող ազդեցություն կունենա»: Էոզդեմիրը դրական է գնահատել, որ նման պահվածքըՙ վիրավորանքն ու սպառնալիքը հետեւանք է ունենում, բայց Կանաչների նախագահը միաժամանակ քննադատություն է հնչեցրել դատախազությանՙ որոշ դեպքերում չափազանց զգուշավոր կեցվածքի հանդեպ:

Հունիսի 2- ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւիՙ համարյա միաձայն ընդունումից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի օրենսդիր մարմնի թուրք պատգամավորների հասցեին հրապարակավ հայտարարեցՙ նրանք ահաբեկիչների երկար ձեռքն են, կասկածի տակ դրեց նրանց թուրք ծագումըՙ խորհուրդ տալով արյան փորձաքննություն անել: Էոզդեմիրի գրասենյակի ղեկավարը խոստովանել էրՙ այսքան մեծաթիվ մահվան սպառնալիքներ դեռ չէինք տեսել: Հունիսից Կանաչների նախագահի անվտանգությունը հսկելու համար թիկնազոր էր հատկացվել:

Թուրք- գերմանական հարաբերությունների լարվածությունը չի թուլանում: Երկու երկրների դեսպաններն արդեն վերադարձել են իրենց աշխատավայր, բայց քաղաքական օրակարգի պաստառին օրավուր սուր ընդգծվող արժեքային համակարգի տարբերություններն անկարող են շտկել երկու երկրներիՙ նույնիսկ ջանադիր դիվանագիտական հաստատություններ: Փախստականների հարցը, Հայոց ցեղասպանության բանաձեւը, Ինջիռլիք մուտքը, ԵՄ հետ համաձայնագիրը... Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է, մանավանդ, երբ ընտրությունների շեմին գերմանացիներն իրենց կանցլերից պահանջում ենՙ ծունկի չգալ Թուրքիայի առաջ: Էրդողանը երեկՙ նոյեմբերի 3- ին նորից է դիմել Գերմանիային, երբ Մերկելի քննադատությունն է լսել: Գերմանիա, գիտակցո՞ւմ ես, որ ահաբեկչությունը բումերանգի նման քո դուռն է գալու, ասել է Էրդողանը: Սա զգուշացո՞ւմ է, թե՞ սպառնալիք: Մեր կարծիքովՙ վերջինը, որից հարց է բխումՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ո՞ր դատարանն է դատելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ