RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2463, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐՄԱԼԱ...

ՀԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մտորումներՙ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին

«Նորմալ ա», ասում է արցախցին անգամ ընտանիքի, կենցաղի հոգսերից, ֆինանսական դժվարություններից, աշխատանք լինել-չլինելուց խոսելիս: Քիչ-քիչ սովորում ես, ինչպես որ սովորում ես արցախցու բերանից հաճախակի հնչող «Շուշվա ուգլը», «գասծինիցին ռաչին», «քինանք պլոշաձը», «քինամըմ պռադուկտովի մագազին», «կամանդիրը քեցալա պոլկ», «պագորոդու», «քյամըմ շկոլը», կամ «ձիվյատի պառալելնին» արտահայտություններին: Եվ «նորմալա»-ն ռուսածին այլ բառերի շարքում քիչ-քիչ նորմալ է դառնում քեզ համար: Երեւի Արցախում հավատում են, որ բարձրաձայն ասված մտքերը տիեզերական մի անբացատրելի օրենքով կյանք են ստանում, իրականություն դառնում:

Ղարաբաղում ամեն ինչ մի տեսակ ուրիշ է. խոսքը, կենցաղը, օրվա ռիթմը, բանակում ծառայող զինվորի մայր լինելու զգացումը: Արցախ ոտք դնելուն պես ամեն քայլափոխի զինվորի համազգեստ ես տեսնում, ու մի տեսակ ուզում ես նմանվել իրենց, գոնե հագուստի գույնով, ասեսՙ ուզում ես արդարանալ, որ թեեւ մի քանի օրով ես եկել, բայց կիսում ես իրենց հոգսն ու դու էլ ես ջանում մի բան անել, որ արցախցին դպրոց, հիվանդանոց ունենա, մոռանա վերքերն ու խաղաղ երկնքի տակ քնի-արթնանա: Անդադար գլխումդ պտտվող միտքը, թե «չկարողացա որդուս հեռացնել երկրից ու... », ինչը ծանոթ-բարեկամից խնամքով թաքցնում ես Հայաստանի Հանրապետությունում, Արցախում մի տեսակ այլ որակ է ստանում, երբ ընտանիքից երկու-երեք տղամարդ ծառայության ուղարկած մոր կամ քրոջ բերանից լսում ես, «բա ինչ, պիտի ծառայի, նորմալա»: Արցախցու «նորմալա»-ն օգնում է քեզ ուղղել մեջքդ ու մտածել «...պիտի ծառայի, բա տղամարդ չի՞, միայն թե հեռու մնա շառից-փորձանքից»:

Ու այսպես, մեկ իջեցնում, մեկ բարձրացնում ես գլուխդ: Ասես Արշակ թագավորը լինես, որ մեկ խոնարհում էր գլուխը, մեկՙ ուղղում մեջքը, ոտքը դնելով մերթ հարեւան երկրի, մերթՙ հայոց աշխարհից բերված հողի վրա: «Նորմալա», ասում է որդիդ, ասում են ընկերներն ու Արցախում ամենուր հանդիպող զինվոր-տղաները, ասես երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Քոբուլետիի ծովափին: Ու սիրտդ փլվում է, որ դեռ տղամարդ չդարձած, արդեն տղամարդ են էս մատղաշ զինվոր-տղաները : «Բա ինչ», մտածում ես «նորմալա, տղամարդ-տղան նորմալա»: Ու դու կրկին ու կրկին ձգվում ես դեպի Արցախ, որ հանգիստ ու վստահ ասված «նորմալա»-ից ուժ ստանաս, մինչեւ կգան ծնողի համար իսկապես նորմալ ու անհոգ օրեր եւ կլցվի օջախդ ու հոգիդ:

Այսպես էր, մինչեւ ապրիլի 2-ի լույս 1-ի գիշերըՙ հաջորդող օրերով: «Նորմալ չի», տնքում էր ներքին ձայնը: «Դեպի իր երազանքները քայլող տղայի մահը նորմալ չի, զավակին հողին հանձնող ծնողի կսկիծը նորմալ չի, որդուն համբուրելու փոխարեն նրա անկենդան լուսանկարն համբուրելը նորմալ չի, Երեւանի թանկ սրճարաններում սուրճ խմելն ու ֆեյսբուքյան news-երը սառնասրտորեն քննարկելն ու ոչինչ չանելը նորմալ չի, գլուխը խլուրդի նման ավազի տակ թաքցնելը մարդ-արարածի համար նորմալ չի, ինչպես որ հայաստանյան շատ ծնունդ-կնունքներին հայ զինվորի կենացը չխմելը նորմալ չի»: Չէ՞ որ Արցախում ամեն հավաքՙ մեծ, թե փոքր, սկսվում ու ավարտվում է խաղաղ օրերի, մեր զոհված տղաների ու սահմանին կանգնած զինվորի կենացներով:

Ապրիլյան օրերի հնարավոր վերադարձի միտքը հանգիստ չի տալիս: Վերջին ամիսներին հնչող «հարաբերական հանգստի» միտքն անհանգիստ մտքեր է ծնում, բայց հանկարծ հասկանում ես, որ աշխարհը եղել ու մնում է մի եռացող կաթսա, որը չի զատում սպիտակը սեւից, ունեւորին չքավորից, ու լինի դա պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, թե հողի առուծախ, միեւնույն է, փախուստի ճանապարհը կրկին կբերի քեզ հայրենիք: Ուրեմն, ինչո՞ւ չմնանք մեր հողում, որ նեցուկ լինենք հայ զինվորին ու կառուցենք մեր օրն ու ապագան, որքան ուժներս պատի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ