RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2016-10-28 12:30:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3047, Տպվել է` 125, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԵՎ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

ԳԵՎՈՐԳ ՍԱՐՅԱՆ

Իրականության մեջ, մենք ազգովին պատրաստ չենք որեւէ սուր-ճգնաժամային իրավիճակ դիմակայելու, մանավանդ եթե ազգովինը հասկանանք 10 միլիոն հայՙ Հայաստանով, Արցախով եւ սփյուռքով: Քանի որ 100 տարիէ իվեր մեզ համար տակավին չենք հստակեցուցած, թե սփյուռքը պետք է գոյատեւէ՞, վերանա՞, թե՞ բարգավաճի, եւ 25 տարիէ ի վեր դեռ չենք հստակեցուցածՙ միայն Հայաստանն ու Արցա՞խը պետք է գոյատեւեն աշխարհաքաղաքական իրադարձություններուն հարմարելով. պետք է միանա՞նՙ արժանապատիվ կյանքի տեսլականով ու սեփական անվտանգության (ոչ գոյատեւման) շահերէ ելլելով, ամուր քայլերով բարգավաճին, թե՞ պետք է վերանան, օրինակ ամբողջ երկիրը ծախու հանելով: Ով ավելի վճարէՙ թող առնէ:

Որպեսզի մեր պատրաստ չլինելու մասին համոզմունքս հռետորական չհնչէ, Սուրիոյ օրինակով հիմնավորեմ. սուրիական ճգնաժամը վեցերորդ տարին թեւակոխեց, Սուրիայում մենք ունէինք 100,000-ի հասնող հայկական ներկայություն, եւ միլիարդավոր դոլարներու հայկական կարողությունՙ եթե գումարենք մեր եկեղեցական, միութենական եւ անհատական անշարժ ու շարժական գույքերու արժեքները: Բայց, ոչ Հնդկաստանի, ոչ Սինգապուրի, ոչ Եգիպտոսի, Եթովպիայի, Սուդանի, Իրաքի, Պարսկաստանի, Լիբանանի պարագաներում հայկական ներկայութնունն ու նյութական կարողությունները կորսնցնելու փաստերը բավարար չէին, որ մենք աշխարհաքաղաքական ճգնաժամերու համար արագ արձագանքման գործելաոճ ունենայինք: Անոր համար ալ, Հալեպի Հայոց առաջնորդը կհայտարարէ. «ով Սուրիան լքէՙ հայ չէ», մինչդեռ մտավորականներ կոչ կուղղենՙ «վայրկյան առաջ սուրիահայերը տեղահանել», Կիլիկիոյ Կաթողիկոսը «մոտիկէն կը հետեւի», Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը փոքր օգնություններով կբավարարվի, Սփյուռքի նախարարությունը իր գլուխէն մեծՙ ամենափնթի, ամենաձախող շինարարական ծրագրի մը վրա ժամանակ կվատնէ (ի միջի այլոց, ամենայն պատասխանատվությամբ, որպես շինարար հայտարարեմ. այսօր Հայաստանում 80 ք.մ. տարածքով միահարկանի տուն մը կամ տուներ կարելի է ընդամենը $25000-ով մեկ տարվա ընթացքին ավարտին հասցնել, եթե հողը եւ համապատասխան ենթակառուցվածքները ՀՀ պետությունը ապահովէ, իսկ շինարարական գործընթացը տուրքերէ ազատելու պարագայինՙ ընդամենը $20000-ով, այսինքն միայն 2 միլիոն ամերիկյան դոլարով կարելի է հայրենիքի մեջ 100 ընտանիքի տուն ապահովել), մինչդեռ սուրիահայը կշարունակէ հյուծիլ, մեռնիլ եւ Սուրիոյ հայկական կարողությունը փճանալ:

Եվ առանց վստահ ըլլալու որ ճիշդ եմ, մեր խարխափումներուն պատճառները բոլորիսՙ յուրաքանչյուր հայի մեջ արմատացած 3 գործոնի կվերագրեմ:

Մովսես Խորենացիէն սկսած բոլորս համոզված ենք, որ մենք փոքր ազգ ենք, հետեւաբար միասնաբարՙ փոքր ծրագիրներու մասին կմտածենք միայն, կամ ալ կխուսափինք մտածելէ: Բայց փաստ է, որ մենք բացարձակապես փոքր ազգ չենք: Նայինք քարտեսին եւ պիտի տեսնենք, որ մեզմե փոքր մի քանի տասնյակ երկիրներ կան, որոնք տարածքով 40000 ք.կմ.-է ավելի փոքր են, եւ մի քանի տասյակ ազգեր կան, որոնց թիվը երկրագունդի վրա 10 միլիոնէն շատ ավելի քիչ է: Հետեւաբար ընդամենը պետք է հստակեցնենք մեզի համար, որ եթե փոքր չես, չի նշանակեր, որ շատ մեծ պետք է ըլլաս: Մենք պետք է ճիշդ պատկերացում կազմենք մեր չափերից ելնելով, թե ինչ որակի ՏՈՒՆ-ՀԱՅՐԵՆԻՔ կուզենք եւ ուր բնակող ԸՆՏԱՆԻՔ-ժՈՂՈՎՈՒՐԴ կուզենք ըլլալ:

Թյուր կարծիք ունինք նաեւ ազգային գաղափարախոսության մասին, երբեմն անվանելով այն «կեղծ կատեգորիա»: Տարիներ առաջ գերմանացի փիլիսոփայի մը արաբերեն լեզվով աշխատությունը կարդացի ԱԶԳ եզրույթին մասին, որտեղ կապացուցեր, որ ԱԶԳ բառը սահմանում չունի: Եվ վկայակոչելով օրինակներ, կփաստերՙ որ ո՛չ ընդհանուր աշխարագրական տարածքը, ո՛չ միասնական լեզուն, ո՛չ նույն հավատքը եւ ոչ ալ նույն մշակույթի կրող լինելը, առանձին-առանձին եւ թեկուզ միասնաբար, ԱԶԳ բառի սահմանումը կապահովեն: Հետեւաբար կեզրակացներ նաեւ, որ ԱԶԳ հասկացողությունը բացարձակ իմաստով գոյությունը չունի (կարելի է եզրակացնել, որ նաեւ ազգային գաղափարախոսությունն ալ գոյություն չունի): Բայց այսքանով կհաստատվեր, որ ԱԶԳ բառը կը սահմանվիՙ եթե մակդիր ունենա, Ռուս ԱԶԳ, Հայ ԱԶԳ, եւայլն (փորձեցեք եւ կտեսնեք): Այսինքն, եթե ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆը «կեղծ կատեգորիա» է, ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆը կեղծ չէ, այլեւ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ:

Անընդհատ կկրկնենք, որ զորավոր սփյուռք ունենալը առավելություն է: Ես պիտի ըսեմ, որ ապահով, զորավոր ՏՈՒՆ-ՀԱՅՐԵՆԻՔ ունենալը միակ հրամայականն է: Սփյուռքը զորավոր չի կրնար ըլլալ, քանի որՙ

ա. Դասական սփյուռքը, տասնյակ տարիներէ ի վեր, ի հեճուկս սփյուռքյան կազմակերպություններու եւ եկեղեցիներու գործադրած միջոցառումներուն ու ճիգերունՙ առարկայականորեն շատ ցածր օգտակար գործողության գործակից ունենալու պատճառով կհյուծվի .

բ. Արեւմտյան երկիրներում եւ Ռուսաստանում ձեւավորված գաղութների կյանքը, համեմատականորեն կարելի է երկարաձգել միայն Միջին Արեւելքէն եւ Հայաստանէն արտագաղթողներու հաշվին: Եթե Միջին Արեւելքը սպառվող աղբյուր է, ուրեմն Սփյուռքի կյանքը կարելի է ընդամե՛նը երկարաձգել Հայաստանը դատարկելու հաշվին:

գ. Ոչ մեկ սփյուռքյան օճախ, կկրկնեմՙ ՈՉ ՄԵԿ, ապահովված է Հնդկաստանի ու Սուրիոյ հայկական գաղութներու ճակատագիրէն: Ճակատագիր, որ մերը չէ, ճակատագիրՙ որուն վրա ազդելու ոչ մեկ լծակ ունինք, քանի որ ամեն տեղ չնչին փոքրամասնություն ենք, իսկ ճակատագրային որոշումները միայն մեծամասնություններուն համար կառնվին:

Եվ որպեսզի միայն ախտորոշումներով (ըստ իս) չբավարարվիմ, եւ ապագային որեւէ գաղթօջախի սպառնացող վտանգին նախապատրաստվելուն նպաստող, միասին մտածելու եւ գործադրելու երեք առաջարկ ներկայացնեմՙ

Ժամանակն է հստակ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ մշակել, որը հստակորեն կմեկտեղէ բոլոիս պատկերացումը ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԻ եւ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔԻ մասին:

2. Անմիջապես նախաձեռնել ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, բոլոր գաղութներէ անխտիր, որը կաջակցի կամավոր սկզբունքներով հայրենադարձության:

3. ՀԱՄԱՀՐԵԱԿԱՆ ԲԱՆԿԻ օրինակով ստեղծել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ-ՇՏԵՄԱՐԱՆ, որ պետք է ունենա 2 հիմնական բաղադրիչՙ

ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ ԲԱՂԱԴՐԻՉ, ոչ ճգնաժամային իրավիճակներում միջ-գաղթօջախային եւ գաղթօջախներ-Հայաստան հարթություններու վրա ծառայություններ մատուցելու:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ, ռազմավարական ինստիտուտի նման, գաղթօջախներու եւ Հայաստանյան անշարժ գույքերու շուկաներն ուսումնասիրելու եւ ճգնաժամային պարագաներուն խնդրո առարկա գաղթօջախներէն տարհանվողներու անշարժ գույքերը, նվազագույն կորուստով, հայաստանյան անշարժ գույքերով փոխանակելու:

12.10.2016

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ